Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ծանր լույսը

Նեղվելով իր անհատականության հնարավորության եւ կատարյալն իրագործելու երազանքի արանքում

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Խոսքարվեստը առանց խոսքի պաշտամունքի անտանելի ցինիկություն է։ Ցինիզմի հակվածությունը հաճախ միայն գրամոլությունը չէ, որ օրավուր առաջադիմում է իսկական գրագիտությունը խեղդող անգրագիտության համատարած վերացման մեր ժամանակներում, այլ տեղի—անտեղի իրեն կեղեքող մանրիկ—մտերմիկ մեր հոգսերի ձմեռը օր առաջ արեւերես դուրս բերելու շուտափույթ մարմաջը։
«... զի թեպէտ անհմուտ էի, այլ ժամանակս ձմեռ էր եւ տունս նսեմ» տողը կարող էր բացել Վանո Սիրադեղյանի գիրքը եւ փակել նրա իմաստի ամբողջ բովանդակությունը։ «Հնարավոր է, համաշխարհային պատմությունը մի քանի փոխաբերությունների պատմություն է»,–ասում է Խորխե Լուիս Բորխեսը։ Մարդկության արշալույսից, նախաքրիստոնեական եւ քրիստոսադավան միջնադարի ժամանակներից լույս զվարթը՝ Օվիդիուսի կերպարանափոխություններին պատշաճ, ինչ փոխակերպումներով պիտի անցներ, որ հասներ «ծանր լույս» փշաքաշող պատկերին, այսինքն, նույնն է, թե աննյութը ինչպես կարող էր նյութանալ ալքիմիկոսների սեւ մոգության քուրաներում, անէն՝ էանալ, անեղծը՝ եղծվել։ «Չենք ստեղծագործում, իշի զավակներ,— մղկտացել ես քո ապուշ ժպիտից դենը, որովհետեւ այդ բառից գլխիդ որդերը ժաժ են գալիս,— չենք ստեղծագործում, մեր երեխեքին զրկում ենք հացից… Չենք ստեղծագործում, եզի նման ջլատվում ենք. ուզում ենք տեսնենք՝ պարտադի՞ր է, որ մարդ գրելիս սուտը ասի, իմանանք, տեսնենք՝ դա գրելո՞ւց է, ապուշությունի՞ց, դժվար կյանքի՞ց, թե՞ հեշտ կյանքից, սովորական գրչակ լինելո՞ւց, թե՞ տոհմական տականք ծնվելուց...»։ Սա արդեն գրական արհեստի գիտակցման ուղին է՝ գրողի սոցիալական ջլատող դրության («տունս նսեմ») եւ մտավորական կոչման միջեւ տրոհված՝ «Ճակատագրի խնդիրը հեշտ էր, քան փողինը»։
Զրկվելով պատմությունը իդեալին ծառայեցնելու կամ պատմությունից իդեալ սերտելու հնարավորություններից՝ այսուհետ նա դատապարտված է կամ ինքնակենսագրության մատույցներում համակարգել կյանքի մասին իր պատկերացումները անկեղծ խոստովանության ինքնեկ բորբոքումով, կամ՝ կոչվածության բեւեռմամբ իրեն մղել ինքնաաքսորի՝ ոճի որոնման մենախցում. «Մի կյանք տեւած վերջին չորս—հինգ տարիներին քո գրասեղան—ուղղանկյունին չորս պատ անելու ամենօրյա ջանք ես թափել...»։
«... Նահատակների ստեղծած գրականություն է մեր գրականությունը, եւ մեզ վիճակված չէ ունենալ մաքուր պոեզիայից բավականություն ստացող գեղագետի երանելի հոգեվիճակը», ապա կարելի է հաստատել, որ ոճը հաստատում է սեփական դեմքը՝ մշտապես մատնացույց անելով կյանքի ու իրականության դիմակը։ Դեմքի ու դիմակի հակադարձելի խաղը՝ իրականությունից մարդ եւ մարդուց իրականություն, ամեն անգամ որոշում է, թե ո՛րն է մյուսի արտահայտության կերպը։ Եթե գրականության մեջ տիրապետող է դառնում դիմակ—իրականությունը, ապա պատկերների խորհրդանշական հոսքը անկասելի է, եթե մարդն է դիմակավորված, ապա կրկնակի արժեքավորվում է գրողի թափած աշխատանքը՝ իրականության խորհրդանշանային արժեքից զրկելու եւ փոխաբերությամբ այլաձեւելու, ապա ոճի մակարդակում իր գոյությունը հաստատելու խնդիրը։ Եվ այս պարագայում լրագրային, ժողովրդախոսակցական, ինչ—որ չափով մշակված ու կանոնակարգված գրական լեզվի բազմազան ոճային ներհյուսումը կյանքի է կոչվում՝ լուծելու միանգամից երկու խնդիր՝ գրականության ժամանակակից ձեւի խնդիրը՝ մի կողմից, գրողի լինելիության խնդիրը՝ մյուս կողմից։ Մեծ գրականության մեջ գրողը արժեքավորվում է ոչ այնքան այն բանով, թե պատմությունից գրարվեստի ո՛ր կողմերն է ժառանգել եւ բովանդակության ի՛նչ ավանդներ է բերում (սա այլ խնդիր է), այլ՝ թե այդ գրարվեստն ու բովանդակությունը ինչպիսի փոխակերպումներով են մատուցվում։
Վանո Սիրադեղյանը հրապարակ իջավ արձակի համար բարվոք, եթե կարելի է ասել, արձակունակ ժամանակներում։ Սա իր հանգամանքով միայն տեղական երեւույթ չէր, այլ համամիութենական, եթե չասենք համաշխարհային, եւ իր պատճառաբանությամբ միանգամայն օրինական. կան ժամանակներ, երբ խոսքարվեստը կարող է միայն բանաստեղծություն ծնել՝ ուշադրության կենտրոնում պահելով բառի, խոսքի զարդաքանդակային կողմը, եւ կան ժամանակներ, երբ բարձրանում է թանձր առարկայնությունը պատկերելու կերպը, որում անհրաժեշտ է ոչ միայն լեզվի քերականության իմացություն, այլեւ բանականության քերականության։ Հենց այս բանական իմացությունն է իշխել նաեւ 1970—ական թվականների քնարերգության վրա (խոսքը արժեքի մասին չէ)։ Վերաձեւելով Բուալոյի «Envin vint Malherbe» արտահայտությունը՝ կարող ենք ասել՝ եկավ Սեւակը, եւ բանաստեղծություն գրելը հնար դարձավ, սպառված են բանաստեղծության բոլոր հնարանքները. ծաղրուծանակի է ենթարկված հանգը՝ բառախաղի աստիճանի, անօրինական են հայտարարված ամեն կարգի պաթետիզմ ու հուզասքանչացում, տաղանդի ամբողջ հզորությամբ ոչնչանում է ռոմանտիկական ամեն մի նախապաշարում, եւ թվում է, ուր որ է, բանաստեղծության քնքուշ կողից պիտի դուրս սպրդի արձակի կենսունակությունն ապահովող հերոսը՝ իրական մարդը։ Մաթեւոսյանի վերսլաց արձակը ավելի անհնարին դարձրեց քնարերգությունը. այլ չափանիշ չկա բանաստեղծության անկման, քան երբ չափազանց շատ են գեղեցիկ բանաստեղծությունները, երբ ամեն ոք գրիչ է վերցնում բանաստեղծություն գրելու, եւ հեշտ ու լավ է գրվում։
Մեր գրականության մեջ ռոմանտիզմն ավարտվում է. Մաթեւոսյանի «Տաշքենդը» անհնար է պատկերացնել պոեմի կամ բանաստեղծության շագրենի կաշի, «Գոմեշը» կամ «Սկիզբը»՝ չափաբերական խրախճանք պահանջող փոխաբերության մեջ։ Արձակի ընդհանուր հոսքի մեջ Վ. Սիրադեղյանին ամենից հարազատը Մաթեւոսյանն է։ Խոսքը ազդեցության մասին չէ, այդպես ասելը հեշտ է, հետեւաբար, անապացուցելի։ Սա հարուստի եւ իր աղքատ ազգականի հարաբերությունը չէ, Սիրադեղյանը հարուստ ժառանգորդն է շնորհյալի տոկոսաբերությամբ։
Մաթեւոսյանի արձակը հաստատումից հետո ելք է պահանջում, եւ միայն իրենով բացատրել անհնարին է։ Հայ նոր ու նորագույն գրականության մեջ ցավալի ու ճակատագրական օրինաչափություն էր դարձել գրող՝ առանց դպրոցի, առանց ոճային ընդարձակման միտումների։ Այսինքն՝ կան Աբովյան, Չարենց, Մաթեւոսյան գրողները, բայց չկան «Վերք Հայաստանի», «Երկիր Նաիրի», «Տաշքենդ» մշակույթը որոշարկող հատկանիշները։ Առերեւույթ նույնական են գիտակցությունը ղեկավարող արքետիպերը՝ ազգ, հայրենիք, լեզու գերխնդիրներով, սակայն խորքում նրանցից յուրաքանչյուրը փակվում է մի անըմբռնելի էութենականության մեջ (սուբստանց), դառնում են յուրատեսակ ունիկումներ, կարծես մի վերին նախախնամությամբ հաստատում մեր էպոսի Փոքր Մհերի՝ Ագռավաքարում փակվելու վախճանաբանական իրողությունը։ Մինչդեռ պարզից պարզ է, որ դպրոցն է հաստատում մշակույթը, դպրոցն է նվաճում ու կանոնակարգում միջավայրը եւ կռում ազգ ու հայրենիք։
Հ. Մաթեւոսյանի դպրոցի այլակեցությունը Վ. Սիրադեղյանի ոճն է՝ դպրոցի հնարավորությունների ընդարձակում արձակի համեմատաբար փոքր ձեւում՝ պատմվածքում։ Անգամ որոշակի սյուժեի մեջ հերոսին տրվող գնահատականը կարող է պատահական լինել, ինչպես որ պատահական են նրան տրվող բնութագրումները։ Վ. Սիրադեղյանի դեպքում դառնալով ստեղծագործական տիրապետող սկզբունք՝ պատահականը վերաճում է օրինաչափության։ Պոետիկայի այս առանձնահատկությամբ Սիրադեղյանը մասամբ հիշեցնում է Չեխովին, որի դեպքում նույնպես պատահական դետալը ներհյուսվում է ստեղծագործության ընդհանուր կառույցին՝ հերոսի բնութագրման եւ սյուժեի զարգացման վրա ոչ մի ազդեցություն չթողնելով։ Սիրադեղյանի հերոսները իրենց մի այլ կողմով հիշեցնում են ռոմանտիզմի մի շարք հերոսների, որոնք նույնպես «բաց» են, անկատար, բայց հակառակ դրանց, նրա կերպարները չեն տեղավորվում գաղափարի եւ իդեալի պրոկրուստյան մահիճներում. գաղափար կամ իդեալ նրանց համար գոյություն չունի, եւ եթե երբեմն—երբեմն ինքնաբերաբար հայտնվում են, ապա անպայմանորեն առանձնանում են՝ որպես հեղինակային միջամտություն, որպես տեսանելի նախշ։
Ասքի մատույցներում Սիրադեղյանը համարյա թե գտնում է արարչի ազատությունը. «... Աղջիկների մոր երիտասարդությունը ոչ ոք չգիտեր, նա հարս էր եկել ուշ տարիքում հեռու տեղից, եկել էր գիշերը նստած—առավոտը հայտնաբերված ձյան նման, որ մինչեւ կեսօր պիտի տրորվեր գյուղի՝ ցեխ սարքող անցուդարձից, բայց մինչեւ գյուղի ցեխից լլկվելը նա չորս ճերմակ ուլեր էր ծնել, խառնել գյուղի քոսոտ հոտին, տենչացել ու չէր կարողացել ամուսնու հլու խառնվածքից իր ընդերքում հոգի տալ ու աշխարհ բերել մի կապուտաչյա, չճաքող մաշկով, ձիգ մի տղա՝ այս գյուղին նախագահացու, մեծ ժողովների պատգամավոր, գյուղի անլվա դեմքը պարզ անող ներկայացուցիչ...»։ Այդպես երկփեղկված համապարփակ տեսողության եւ ընդգծված «ես»—ի միջեւ, Վանո Սիրադեղյանը հայ գրականության մեջ իր տեսակով, թերեւս, միակն է, որ պիտի մնա մեծ գործ ստեղծելու ձգտումը պահած փոքր ծավալի մեջ՝ նեղվելով իր անհատականության հնարավորության եւ կատարյալն իրագործելու երազանքի արանքում։
Ուիլյամ Ֆոլկները մեծագույն գրողներին դասակարգում էր ըստ նրանց «հրաշալի պարտության», որ նրանք կրում էին անհնարինն անելու ցանկության հետ չափվելով։ Վանո Սիրադեղյանը հրապարակ մտավ, այսպես ասած, իրեն գտած, դասականության տափանով տափանված պատմվածքներով, նշանակում է՝ իրեն հաղթահարել թեկուզեւ պարտության գնով. այդպիսի «հրաշալի պարտություն» են նրա պատմվածքները։

14-11-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO