Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները

Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ազատությունը մարդկային աշխարհում ամենամեծ, բայց եւ ամենավտանգավոր բարիքն է, քանի որ շատ հեշտ է թյուրիմացաբար իբրեւ ազատություն ընկալել բազում այլ բաներ՝ հոգու բիրտ կամայականությունից մինչեւ չարդարացված զիջողականությունն ու հարմարվողականությունը կամ սեփական քմահաճույքի չարաշահումներից մինչեւ նույնքան ինքնահիացական, որքան եւ անհեռատես—վտանգաբեր զոհաբերականությունը։ Մասնավոր անձանց, նրանց ոչ պաշտոնական ու պաշտոնական խմբակցությունների, ողջ պետական ու ազգային կազմավորումների, մշակութային ուղղությունների՝ ազատությունից կատարվող հենց այս կամ այն շեղումներն են, որ բնորոշված են որպես ներքին անազատություն։ Այդ ներքին (սուբյեկտիվ) անազատության կամ «ինքնակախվածության» տարբերությունը արտաքին (օբյեկտիվ) անազատությունից՝ «այլակախվածությունից» այն է, որ երկրորդը, մարդուն պարտադրված լինելով արտաքուստ՝ ոչ միշտ է հաղթահարելի նրա անձնական կամ խմբային ջանքերով (օրինակ՝ կախվածությունը որոշ հասարակական կամ բնական աղետներից), մինչդեռ առաջինի հաղթահարումը, ըստ էության, տեղի է ունենում սուբյեկտի գիտակցության, նրա ներաշխարհի շրջանում, ուստի ամբողջովին կախված է նրա ներկա հնարավորություններից ու պատրաստակամությունից։ Մարդը, որպես ինքնին բանական ու բարոյական էակ, սկզբունքորեն ընդունակ է ներքնորեն ազատ լինել, այսպես ասած, սկզբունքորեն ազատ է սեփական անազատությունից, ի զորու է կյանքում իրագործել այդ վեհ բարոյական—բանական ազատությունը, եթե միայն հաջողի հաղթահարել ինքնակախվածության երեւույթը։ Իսկ դա նշանակում է արմատախիլ անել հոգու երբեմն ամենահեռավոր անկյուններում ապաստանած՝ ուրիշների (մարդկանց, կենդանիների, նաեւ իրերի եւ նրանց ընթացքի) նկատմամբ սեփական ուժը ցուցադրելու եւ սեփական կամքը նրանց պարտադրելու ցանկությունը (երբեմն սադականության հասնող ներգործական տարբերակ՝ ստրկատիրոջ բարդույթ) եւ կամ այդ ուժը սեփական անձի նկատմամբ կիրառելու, սեփական կամազրկության հանդեպ զանցաթող լինելու նույնանման ցանկությունը (մազոխականության հասնող կրավորական տարբերակ՝ ստրուկի բարդույթ)։ Ավելին, բնազանցական—մետաֆիզիկական առումով դա կնշանակի վեր բարձրանալ սեփական սահմանափակությունից, ինչն էլ մարդուն բնորոշ գերագույն բնազանցական հատկությունն է։
Եթե մենք ներքնորեն ազատ չենք ինքներս մեզնից, իսկ մեր միջոցով՝ նաեւ ուրիշներից ու արտաքին հանգամանքներից, այսինքն՝ եթե այն հոգեվիճակում չենք, որն արտահայտված է Հեգելի հայտնի ասույթում («Իր ստրկությունը գիտակցած ստրուկն արդեն ստրուկ չէ»), ապա միակ պատճառն այն է, որ մենք չունենք դրա ցանկությունը։ (Հիշենք նաեւ Ֆիխտեի պարտադրող խոսքերը. «Մարդ կարող է անել միայն այն, ինչ պարտավոր է, եւ երբ ասում է, թե չի կարող, նշանակում է՝ չի ուզում»)։ Իհարկե, սրան կարելի է առարկել, որ մենք հաճախ չենք գիտակցում մեր անազատությունը, ազատություն ենք կարծում, ասենք, կեղծ կամայական ինքնարտահայտությունը։ Սակայն այստեղ էլ հնարավոր է այն հակափաստարկը, որ նման պահերին մենք չենք էլ ցանկանում գիտակցել մեր անազատությունը, մասնավորապես, այն պատճառով, որ սիրում եւ կապված ենք նրան՝ այն դիտելով մեր գերագույն «անդրանցական» Ես—ի անկապտելի հատկությունը, մինչդեռ դա մեր սովորական «էմպիրիկ» Ես—ի դրսեւորումն է միայն, իսկ մարդու ընդգծված հիվանդագին «խտակամությունը» եւ «նոսրակամությունը» ճիշտ հակադիր, հիրավի՝ վեհագույն, բուն կամ խորքային կամքի խեղակերպն են լոկ։ Կարծրացած սովորույթը, հոգեկան ծուլությունն ու անտարբերությունը, ֆիզիկական ու վերֆիզիկական ոլորտներում գործող եւ հոգին կուրացնող մոլուցքները այն գլխավոր պատնեշն են, որ խոչընդոտում են ներքին կապանքներից ազատ արձակվելու գործընթացը։
Արտաքին անազատության արձանագրումը սկզբունքորեն ավելի դյուրին է այն իմաստով, որ նրա առկայությունը սովորաբար միանգամայն շոշափելի է, եւ այն բոլորովին չգիտակցել, թերեւս, կարող են միայն նրանք, ում այդ անազատությունը հույժ ձեռնտու է։ Այս չընկալման առավել զարմանահարույց դեպքն այն է, երբ գիտակցականության ու սկզբունքայնության բարձունքին գտնվող մեկը, բնազդի ոլորտ իջնելով, ի հայտ է բերում անխորտակելի ստրկական բարդույթ։ Դա մասնավորապես բնորոշ է ազգայնամոլության բնազդի հարձակողական տարբերակին։
Անշուշտ, անազատության բարդույթի ակունքը մենք հակված ենք փնտրել ամենուր (իհարկե, ոչ մեր մեջ), մասնավորապես, անցյալ ժամանակներում կատարվածի համար պատասխանատվությունը մեր ուսերից փոխադրել Կ. Մարքսի եւ, ինչպես հիմա են ասում, նրա թիմի ուսերին. դա էլ ներքին անազատության պատճառով բուն իսկ անհատի կամ ժողովրդի պատասխանատվությունից խույս տալու ձեւ է... Բայց չէ՞ որ այդպես վարվելու դեպքում մենք անտեսում ենք այն պարզ հանգամանքը, որ ամեն ժողովուրդ արժանի է սեփական կառավարությանը։
Կասկածից վեր է, օրինակ, որ Ստալինի պաշտամունքն ու նրա կազմակերպած քաղաքական ջարդերը մեծ չափով պայմանավորված են եղել հենց նրա հպատակների ստրկամտությամբ եւ դրանից անանջատելի վախով (կարեւոր է նաեւ անսպասելիության եւ միամիտ նվիրվածության գործոնը՝ այն փաստը, որ «պատմությունը երբեք ոչ ոքի ոչինչ չի սովորեցրել»)։ Իսկ երբ վախը դարձավ սարսափի համաճարակ, հնարավոր փրկության պահն արդեն բաց էր թողնված։ Այժմ, երբ ոչ հանձնարարելի է դարձել մարքսիզմի դասականների վկայակոչումը, կարելի է հարկ եղած դեպքում՝ չխուսափելով նաեւ դրականի մատնանշումից, հավասարակշռված անդրադառնալ նրանց ասածին ու արածին՝ հանուն արդարության (թեկուզ, նրանց բնորոշ անհանդուրժողականության մեղքը չկրկնելու համար)՝ փորձելով տալ ավելի զգուշավոր ու առարկայական գնահատական։ Նրանց ուսմունքը բուն գիտական առումով սահմանափակ եւ բարոյապես ստորացուցիչ է՝ իբրեւ մարդու մեջ եղած բարձրագույնը ցածրագույնի (տվյալ դեպքում՝ տնտեսական հարաբերությունների) անմնացորդ վերածելու փորձ։ Բայց այս տեսակետից որեւէ տարբերություն չկա Մարքսի եւ, ասենք, Դարվինի կամ Ֆրոյդի ուսմունքների միջեւ։ Փիլիսոփայորեն մարքսիզմը, սկզբնական շրջանում պահպանելով հանդերձ հեգելյան դիալեկտիկայի արտաքին հանդերձանքը, պատմական տեսակետից գուցե եւ անհրաժեշտ, բայց, ի վերջո, անարդյունավետ անցում էր անցյալի փիլիսոփայության ինքնաբավ տեսականությունից նույնքան ինքնաբավ գործնականության, այսպես ասած՝ անգործ մտքից անմիտ գործի (որը պսակվեց 70—ամյա ողբերգական անմտությամբ), եւ այդ միակողմանիության համար պատժվեց այն խեղությամբ, որ դիալեկտիկական մատերիալիզմի փոխարեն իրականում եղավ գռեհիկ իդեալիզմ՝ իդիոլոգիզմ (գաղափարապաշտություն)։ Երբ հեղափոխությունից հետո երկրում վերացավ հագուստը, Անդրեյ Բելին նկատեց. «Մատերիալիզմի հաղթանակից հետո խանութներից վերացավ մատերիան (կտորեղենը)»։ Այդուհանդերձ, պետք չէ մոռանալ, որ, ասենք, Լենինի ազդարարած նոր տնտեսական քաղաքականությունը, որ նախատեսված էր մի քանի տասնամյակների համար, եթե շուտափույթ չդադարեցվեր ամենահավատարիմ լենինյանի՝ Ստալինի կողմից, մարդկությունը, հնարավոր է, ձեռքից բաց թողած չէր լինի պետական ընկերվարության եւ նախաձեռնողականության մասնավոր դրամատիրության՝ մարդկային առումով առավել կենսալի ու արդյունավետ զուգակցման, թերեւս, լավագույն հնարավորությունը։ Չմոռանանք նաեւ՝ Մարքսին են պատկանում քաղաքական եւ ազգային ազատությանը վերաբերող հետեւյալ սեղմ ու դիպուկ բանաձեւումները. բոլորի ազատության նախապայմանը պետք է լինի ամեն մեկի ազատությունը, չի կարող ազատ լինել մի ժողովուրդ, որը ճնշում է մի այլ ժողովրդի։
Պատրաստել է Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
t.khachatryan@hhpress.am

20-11-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO