Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Առաքիչի մեքենան

Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ դեղին բեռնատարը կջրի փողոցները»- շարադրության հենց վերնագիրն էր գրավել ակնոցավոր ծյոծյաների ու թղթապանակով ձյաձյաների ուշադրությունը, իսկ ես պատմում էի ջրի մեքենայի մասին։ Այո, այո, այն մեքենայի, որի արձակած ջրի շիթը մեկին զովություն էր պարգեւում, մյուսի տրամադրությունը գցում՝ կարեւոր, գործնական հանդիպումից առաջ ջրելով նրան մինչեւ ոսկորները... Իսկ նրանք անողոք էին ու փնթփնթան... Չէ, դեռ ուղեղս չեն ջրել, մեքենայի մասին չեմ, այլ՝ վարորդի, ով փնփնթում էր մայթեզրին կայանած ամեն մի մեքենայի տիրոջ վրա, որովհետեւ էդ մասը լավ չէր մաքրվելու, քաղաքի սիրուն զգեստի մի կտորն էդքան հատվածով կեղտաբիծ էր ունենալու։
Ինչքան «մեքենաներ» կային... Բա «Հացի ավտոն» հիշո՞ւմ եք։ Մեեե՜ծ, քառակուսի թափքով «ԶԻԼ» էր, մետաղյա թափքի վրա էլ ցորենի հատիկներ էին նկարած ու վրան գրված՝ «ՀԱՑ»։ Էս մեքենան էն հերթերի ժամանակ ավելի սպասված էր լինում, քան, օրինակ, շտապօգնության մեքենան հիվանդին դարման հասցնելիս։ Երբ «հացի մեքենան» գալիս էր, աժիոտաժ էր, հրմշտոց... Դարակներին մնացած ու մի քիչ էլ չորացած հացերը մի կողմ էին մղվում՝ իրենց տեղը զիջելու թարմ թխված անուշաբույր «մատնաքաշին», «Հրազդանին», «բուխանկին»... Հացի խանութն էլ էր առանձին։ Հիմիկվա մեծ սուպերմարկետում մի անկյունում ծվարած, արեւմտյան ապրանքատեսականու գույնզգույն փաթեթավորումներից շլացած մի փոքրիկ բաժին չէր, խանութ էր, մեծ խանութ, որտեղից միշտ բուրում էր անուշաբույր թարմ թխված հացը... Ու հաստատ հացի ավտոյի վարորդն էլ գիտեր, թե ինչքան են իրեն սպասում, ինչքան կարեւոր է այն ապրանքը, որ նա տանում է իր թափքում։
Էսքանը հասցրեցի տեսնել հուշերումս, կարմիր լույսն էլ ճիշտ էդքան վառվեց ու դեռ չէր հասցրել վառվել դեղինը, երբ «Բոշ Լյովիկի» հերթական գլուխգործոցը ռենտգենի ապարատի նման պատռելով ականջաթաղանթս՝ մտավ բոլոր մկանային հյուսվածքներիս մեջ ու.. Լավ, ուղղակի ասեմ՝ «արթնացրեց»։ Դեռ դիդիիիիիթը չէր մարել, երբ տակից. «Արա, իիիիիինչ ես քնել ռուլին, քշի՛, արա, դեմիցս յան տուր, արաաաա, ով ա քեզի պռավա ծախե, արա...», ու դեռ չէի հասցրել պատուհանս իջեցնեմ, որ բարեհամբույր ժպիտով նրան բարի լույս մաղթեմ, ոտքը դրեց գազին ու ինձ վազանցելով, խլացուցիչը պատառոտելով՝ հեռացավ...
Մի քանի օր որոշել էի մեր ընկերության առաքանին ինքս տեղ հասցնել։ Այնպես ստացվեց, որ օնլայն խանութից, որ հիմնել ենք ընտանիքով, սկսեցին օգտվել ընկերներս. ցրտերն արդեն ընկել էին, ու մենք էլ տաքացուցիչների համար լավ գներ էինք առաջարկում։ Ես էլ, օգտակարը հաճելիի հետ համատեղելու հաստատակամ որոշմամբ, համ որոշեցի ինքս առաքել, որ տեսնեմ, թե ինչ գործընթացներով է անցնում յուրաքանչյուր աշխատակից, համ էլ պատվիրատու ընկերներիս ժպիտը կտեսնեմ, մեկ—երկու բառ կփոխանակեմ, կշփվենք, մինչեւ տաքացուցիչը փորձարկման ռեժիմում կսկսի ջերմացնել նրանց բնակարանը, գրասենյակը...
Պատվեր, մատակարար, մեքենա, երթեւեկություն, խցանում, զանգ, պատվիրատու, անհանգստություն, ինձ տեսնող ու զարմացող ժպիտ, բացատրություն, մեքենա, խցանում գրասենյակ... վերջում հայելի։ Նայեցի ու հասկացա, որ կարեւոր գործ եմ անում։ Որ մարդիկ ամիսներով խնայած գումարով ինչ—որ մեծ բան են գնում, ու դու նրանց պիտի հասցնես իրենց ապրանքը։ Ու թե ժամանակին պաղպաղակ առաքող տրիցիկլի վարորդը 20 կոպեկով երեխայի ժպիտով էր «Պարգեւատրվում», ես էլ ուրախանում էի իմ պատվիրատուների ժպիտներից ու շնորհակալական խոսքերից, հիշում նրանցից յուրաքանչյուրին, նրանց բողոքները, մտածում ծառայությունը լավացնելու մասին։
Տիդի՛թ։ Կարճ էր, բայց ծանոթ։ Բայց դեռ լուսացույցին էլ չենք հասել... Դրա համար զարմացա։ Բայց, ախր, շատ ծանոթ էր։ Էլի մի կարճ տիդիթ ու սեւ ջիպի բաց պատուհանից անհասկանալի ծամածռությամբ, կարմիր թշերով ու տոլմա քթով մի կլոր դեմք Շրեկի կատվի հայտնի հայացքով վրաս նայելով՝ «Ախպերս, մտնեմ էլի, ցավդ տանեմ, վռազ եմ... Թույլ կտա՞ս»։
Բայց էս ձայնը, ախր, հիշեցի, հաաաա, բոշ Լ—ի «լիգիրովկա» արած սիգնալն էլ էր տպավորվել, ու թեկուզ կարճ տիդիթից միանգամից ճանաչեցի... Համարներն էլ, չգիտես ինչու, մտապահել էի։
Ասացի. «Խնդրեմ, մտեք, վարորդական իրավունքի վկայականս քննությամբ եմ ստացել։ Մի 20 տարի առաջ»։ Դեմքի ծամածռությունները, որ փորձում էին մեղավոր ժպիտ պատկերել, հիմա էլ բութ շատակերի գլխավոր դերը ստանձնեցին. «Էտի որն ա... Պռավե՞ն, հա, բայց ընչի ասացիր, ախպերս։ Դու մի քիչ որ յան տաս ու ոտդ կախ քցես, ես կմտնեմ, էսի լավ ռազվառոտ ունի, էսի յաշիկ ա»... (Դեմքը հիմա էլ «Հպարտ ինքնահավանություն» էր խաղում)։ Ասաց ու ոտքը ինքնամոռաց դրեց գազի սեղմակին, մտավ... Ու նորից՝ խլացուցիչի ձայնը։
Բայց զգացի՞ք։ «Մեր ախպերը» մեր աչքի առաջ մի քանի ժամվա մեջ մի քանի կերպար ունեցավ, մի քանի դեր խաղաց։ Շատակեր հաստլիկից մինչեւ հպարտ բթության տիպար...  Բայց, ախր, նա չէր փոխվել, այլ՝ ես, ուղղակի «Առաքիչի մեքենան» արդեն աշխատավայրի պարկինգում էր, իսկ ես մտքերով ընկած տուն էի բարձրանում մեր տան ընտանեկան ամենագնացով։ Կամ «մեր ախպոր» լեզվով ասած՝ ջփով...
Վաղն էլ եմ քշելու ու էլի առաքելու եմ, թե էլի մեր ճանապարհները խաչվեն, էլի նույն կերպ ասելու եմ՝ անցե՛ք, խնդրեմ, երեւի ձեր ճանապարհն ու ժամանակն ավելի կարեւոր են, ձեզ սպասող «ախպերներ» կան, իսկ ինձ՝ ընդամենը իր պատվերին սրտատրոփ սպասող հաճախորդ։

Էրիկ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

21-11-2019





06-12-2019
«Բանակցություննե՞ր», թե՞ «կոնսուլտացիաներ»
Որքանով են իրատեսական ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




06-12-2019
Մարդը՝ որպես Աստծու շնորհած պարգեւ
Տիգրան Մանսուրյանը մարդկային այն աստղաբույլի մեջ է, որի ...


06-12-2019
Դատարանի որոշումը պետք է լինի վստահության հիմք
Միայն այս դեպքում դատական ճյուղը կկարողանա իրացնել իր ...


06-12-2019
Քաղաքացին ահազանգում է
Աբովյան քաղաքում կանաչապատ տարածք է ոչնչացվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




06-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

…ՀՀԳ—ում աշխատանքի ընդունվելուցս մոտ ...


06-12-2019
Ինչո՞վ կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ ...


06-12-2019
Ներմուծողներն էլ կդառնան պետական պահուստի ձեւավորման մասնակից
Խոսքը ավտոբենզին, դիզվառելիք, ցորեն, շաքարավազ ներկրողների մասին է

Արմենուհի ...



06-12-2019
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրում
Կարծիքներն ու կանխատեսումներն առայժմ ...

06-12-2019
ՏՏ ոլորտում աճը կկազմի 30 տոկոս
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ավելի ...

06-12-2019
Իրան-4+1-ը դատապարտվա՞ծ է
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին սպառնացել է ...

06-12-2019
Հայ շախմատիստներն առաջատար են Եվրոպայի առաջնությունում
Նախատոնական օրերին շախմատային կյանքն ավանդաբար ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO