Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի հետ բարեկամության մասին ուշագրավ փաստեր են պահպանվել թումանյանական վավերագրերում բանաստեղծի եւ նրա մասին հոդվածներում, գրած եւ ստացած նամակներում, հուշերում, լուսանկարի ընծայագրում, բանաստեղծի ընտանիքի անդամների արխիվներում, հուշերում, պարբերական մամուլի էջերում եւ այլուր։
«ՀՀ»—ի հետ զրույցում բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանն առանձնացնում է բանաստեղծի գնահատականները եւ երգահանի կենսապատումը լրացնող որոշ մանրամասներ։ Կոմիտասին տրված թումանյանական գնահատականները, ըստ նրա, պահպանվել են «Արեւելքից արեւմուտք», «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հոդվածներում։ Հայտնի է, որ Մխիթարյանները «սերունդներ զարմացրած վարդապետներ» էին։ Երկար ժամանակ Էջմիածինը զիջում էր Մխիթարյաններին։ Թումանյանը 1911 թ. հոդվածներից մեկում Կոմիտասին անվանում է Էջմիածնին նախատինքից փրկող, Էջմիածնի պարծանք հոգեւորականներից մեկը, իսկ նրա գործը՝ «նշանավոր» եւ «մեծարժեք», որը կարող է առաջնության պատիվը խլել Մխիթարյաններից. «Բանաստեղծն ասես արձանագրեց, որ ծնվել է նոր «սերունդներ զարմացնող վարդապետ»՝ մի Կոմիտաս, ով միշտ շարունակելու է զարմացնել։
1913 թ. Աճառյանի «Հայերեն գավառական բառարան» գրախոսականում Կոմիտասի գործունեությունը Թումանյանը դիտում է ազգային «ունեցվածքը հավաքելու, կարգի դնելու, ինքնուրույնանալու, ազգայնանալու» ժամանակի հրամայականի համատեքստում։ Կոմիտասն իր գործով զուգահեռվում է ոչ միայն Մառի, Թորոմանյանի, Սարյանի ու հենց Թումանյանի, այլեւ Հրաչյա Աճառյանի ու Սահակ Ամատունու հետ։ Նրանցից յուրաքանչյուրն իր ասպարեզում անում էր նույն գործը, ինչ որ Կոմիտասը՝ երաժշտության մեջ։ Թումանյանը Կոմիտասին նույնացնում է ազգին՝ ասելով, որ հայ ազգը «Հավաքում է իր ժողովրդական երգերն ու եղանակները, որ գտնի իր հարազատ ձայները, իր ազգային երաժշտությունն ու զարգացնի»»։ Ս. Հովհաննիսյանի հիշատակմամբ՝ «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հոդվածում նույնպես Կոմիտասը ներկա է իբրեւ ազգային մեծություն։ Այստեղ Կոմիտասի թումանյանական բնորոշումներն են՝ ժողովրդի «ամենանվիրական ստացվածք», ազգային ոգու արտահայտություն եւ հզորացման երաշխիք։
Թումանյանը գրում է. «Կոմիտաս վարդապետի պես մի անձնավորություն նույնիսկ Եվրոպայում հիացմունք առաջ բերելուց հետո էլ չի կարողանում իր հայրենիքում մի դաշնամուր ձեռք բերի կամ հնարավորություն՝ գավառները ճանապարհորդելու եւ կատարելու մի գործ, որ միայն ինքը կարող է կատարել, եւ որն էնքան պատիվ է բերում ամբողջ ազգին»։ Իշխանուհի Մարիամ Թումանյանին Կոմիտասը դժգոհում էր. «Մեծ չարիքն այն է, որ երաժշտական գործիքներ չունեմ… խուցումս մի շատ փոքրիկ (4 ութնյակ) երգեհոն ունեմ (Harmonium). ի՜նչ արած, անճարը կերել է բանջարը»։ Իսկ դաշնամուրը նվեր ստանալուց հետո Կոմիտասը Մ. Բաբայանին գրում է. «Այժմ տանս «Schreder» ֆիրմայի մեծ դաշնամուր ունեմ։ Դու կզգաս իմ ուրախության չափը… Աչքերիս չէի հավատում, որ վերջապես ես էլ մարդու հաշիվ եմ դառնում…Ուրախությունիցս քարացել էի մի վայրկյան, ապա արտասուքի հեղեղը սկսավ գլորվել աչքերիցս… Ես էլ, սիրտս էլ, միտքս էլ, կյանքս էլ հանգստացան»։ Կոմիտասի կյանքի մասին թումանյանական մյուս վավերագրերը, գրականագետի խոսքով, բանաստեղծի գրած ու ստացած նամակներն են։
«Կոմիտասին հասցեագրված Թումանյանի նամակները չեն պահպանվել։ Պահպանվել է միայն Կոմիտասին նվիրած լուսանկարի շրջերեսին բանաստեղծի 1904 թ. մայիսի 5—ի մակագրություն—ընծայականը՝ «Կոմիտաս հայր սուրբին իր բարեկամը՝ Հ.Թումանյան»։ Իշխանուհու եւ Կոմիտասի 1903—1904 թթ. նամակագրությունը հավաստում է «Անուշը» օպերայի վերածելու մասին իշխանուհու առաջարկն ու Կոմիտասի համաձայնությունն ու խոստումը։ Հենց իշխանուհուն ուղղված 1904 թ. փետրվարի 22—ի նամակում է Կոմիտասը գրել. «Ուրախությամբ կարդացի պ. Հովհ. Թումանյանի «Անուշը» եւ շա՜տ անուշ գտա»։ Իշխանուհուն, ավելի ուշ նաեւ Թումանյանին ուղղված Կոմիտասի 5 նամակներում են պահպանվել նաեւ «Անուշ» օպերայի լիբրետոյի հետ կապված՝ Կոմիտասի մոտեցումները»,—նշեց Ս. Հովհաննիսյանը՝ շեշտելով՝ Կոմիտասի նամակները Թումանյանին ու նաեւ իշխանուհուն ամենացայտուն վկայությունն են երկու մեծերի մտերմության ու բարեկամության։
1908 թ. մայիսի 24—ին Կոմիտաս վարդապետը Էջմիածնից բանաստեղծին գրում է. «Սիրելի Յովհաննէս, ափսոս, որ Տփխիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացայ. պէտք է մի լավ ծեծէի։ Ա՜յ աղբէր, քեզ սպասելով՝ աչքս ջուր դառավ, չէ՞ որ դու ասել էիր, թէ Զատկի տօներից յետոյ կգաս մի քանի օրով։ Էսա Համբարձումն էլ անցաւ, դեռ դու չերեւացիր, եւ ես ստիպված, հույսս էլ կտրած, առա գրիչս, որ քեզ լավ հայհոյեմ, բայց ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»։ Այս նամակից մեկ ամիս անց Կոմիտասը 1908 թ. հունիսի 8—ին գրում է. «Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանիցն վախենայ. ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել…»։ Իսկ երբ Թումանյանը Մետեխի բանտում էր, 1909 թ. մարտի 4—ին իշխանուհուն ուղղված նամակում Կոմիտասը գրում էր. «Մեր Հովհաննեսի չարձակվելը շատ վատ տպավորություն թողեց վրաս, որքա՜ն զրկվում է մեր գրական բանաստեղծական կյանքը նորա՝ անգործ բանտում ընկած լինելովը»։
Կոմիտասի կյանքի մասին որոշ տեղեկություններ է պարունակում նաեւ Թումանյանի ընտանիքի նամականին։ Բանաստեղծի որդին՝ Համլիկը, 1912 թ. փետրվարի 23—ին բանտում գտնվող հորը գրում է, որ Պետերբուրգում լուրեր են շրջում, թե «Հայր Կոմիտաս վարդապետը թողել է հոգեւոր կոչումը եւ սիրել երաժշտություն»։ Իհարկե, Կոմիտասին նույնպես հասել են այդ լուրերը, եւ նա հրապարակայնորեն հերքել է։
Շարունակելի

07-12-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO