Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր

Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Որքան կարոտ ու սեր ծնվեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի աչքերում, երբ խոսվեց իր երիտասարդ տարիների հին Երեւանի մասին։ Շատ է կարոտում։ Կարոտում է երեւանյան այն «տաք» ու մարդաշատ փողոցներն ու թաղամասերը, որոնցում խոր ընկած բակեր կային, մի ամբողջ հարեւանություն, լիքը ժողովուրդ եւ անպայման մի քանի թթի ծառ։ Հիշում է մաեստրոն՝ մեկը, որ անցնում էր մայթով՝ «Համեցե՜ք թութ ուտենք»,–կանչում էին։
«Ի՜նչ ձայներ էին։ Հիմա այլեւս չկան այդ բակերը։ Դրանց տեղը մեծ շենքեր են բարձրանում։ Այդ բակերն իրենց հմայքն ունեին»,–հիշում է կոմպոզիտորն ու պատմում, թե ինչպես ծնվեց «Երեւան» ստեղծագործությունը։ Երգը, որի պրեմիերան եղավ բոլորովին վերջերս, գրվել է հատուկ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար։ Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է, ռեժիսորը՝ Հրանտ Մովսիսյանը. «Քաղաքապետարանից զանգեցին՝ հանդիպում էին ուզում։ Ժամանակս միշտ քիչ է, դժվար է ստացվում։ Հանդիպեցի Գոշին՝ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի աշխատակիցներից է։ Տիգրանին ճանաչում եմ դեռ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից։
«Հարսանիք թիկունքում» ներկայացումը դիտելու համար Տիգրանը խնդրեց, որ գնամ Գյումրի, այն ժամանակ դեռ թատրոնի տնօրենն էր։ Գնացի Կոմանդոսի հետ։ Մեզ համար ներկայացում արեցին։ Արտակարգ հետաքրքիր, գեղեցիկ։ Տիգրանը չխնդրեց երգի համար, Գոշը խնդրեց։ Կանեմ՝ ասացի, Գո՛շ։ Տեսա, որ խելացի տղա է, բաներ գիտի։ Ես շատ բծախնդիր եմ երաժշտության մեջ՝ հայերենի շեշտադրումները ճիշտ համընկեցնելուն։ Շատ կարեւոր է։ Կարենը լավ արեց այդ ամբողջը։ Շեշտադրական ամբողջ համակարգը ճշգրիտ է։ Հիմա ամբողջ համացանցը լցված է այդ երգով։ Ես ուրախանում եմ»։
Մասսայական երաժշտություն, ասում է, չի գրել երբեւէ։ Մի անգամ արեց՝ մասնակցելով պետական հիմնի մրցույթին, չանցավ, դրանով վերջացավ. «Կուզեի, որ ձայնագրվեր, մարդիկ լսեին, չեղավ։ Իմ հետքերին ու թողածներին հետեւողը չեմ»։ Տեղյակ լինելով, որ «Երեւան» ստեղծագործությունը պիտի երգեն երեխաները, մաքսիմալ հեշտացրել է, որպեսզի ինտոնացիաների հարցում բարդություն չունենան փոքրիկները. «Գիտեի, որ երեխաները պիտի երգեն, այդ մտքով արեցի։ Ուզում էի, որ հեշտ լինի նրանց համար սովորել, բարդություն չլինի ինտոնացիաների մեջ, հստակ լինի, արտահայտիչ։ Կարեւորում եմ նաեւ, որ հայեցի լինի, ոչ թե անդեմ։ Շատ հաճախ եվրոպական տարրեր են ներմուծում։ Ես այդ տարբերությունները շատ լավ գիտեմ»։ «Երեւանը», մասետրոյի խոսքով, ամբողջությամբ արված է հայկական ձայնաշարի վրա, հայկական դասական ձայնաշարի։ «Շատ եմ սիրում նոր սերնդի գրականության մարդկանց, իմ հարազատ երեխաներն են նրանք։ Բոլորը։ Ինչքան տաղանդավոր, այնքան ավելի սիրելի։ Կարեն Անտաշյանը դրանց մեջ եզակի է»,—այսպես գնահատեց երգի խոսքերի հեղինակին։
Մաեստրոն կարոտով է հիշում նաեւ իր ընկերներին՝ Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին։ Ասում է. «Սոսը մեծ մարդ էր։ Մենք շատ ենք աշխատել միասին։ Սոսի հետ մեր մտերմությունը խորքեր ուներ»։ Ոչ միայն ֆիլմերում է աշխատել դերասանի հետ, այլեւ թատրոնում։ Անկեղծանում է՝ շատ շուտ է մտել կինոյի մեծերի միջավայր։ Ներկայացում է արել Վարդան Աճեմյանի հետ, Խորեն Աբրահամյանի… «Սոսը «Ջոն արքա» խաղաց...»,–ժպիտով պատմում է մաեստրոն։
Հիշում է նաեւ «Գիքորի» ստեղծման պատմությունը։ Ասում է՝ Մալյանը դերասան ճանաչել գիտեր մի ուրիշ տեսակ. «Երբ «Գիքորը» պիտի նկարեին, Սերիկը (նկատի ունի ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին.—խմբ.) անհանգիստ էր, Գիքոր էր ուզում գտնել։ Հայտարարություն տվեց։ Մալյանն ասաց՝ «Դե՜, հանգիստ մնա, էլի, կգտնեմ, մի օրում կգտնեմ»։ Չէր հանգստանում։ Կինոստուդիա տանող ճանապարհին ամբողջությամբ մեքենաներ էին։ Ծնողները «Գիքոր» էին բերում, ուզում էին իրենց երեխաները նկարվեին։ Ոչ մեկը դուրս չեկավ նրանցից, անընդհատ Մալյանն ասում էր Սերիկին՝ «Դե հանգիստ մնա»։ Մի օր էլ գնացել են Լոռի, մտել գյուղի դպրոց, Մալյանը մատն ուղղել է ինչ—որ տղայի ուղղությամբ ու ասել. «Այն է քո Գիքորը»։ Միանգամից, առանց երկմտելու։ Հիմա էրեխու ծնողները չեն թողնում նկարահանվի. «Էդ քաղաք եք տանելու, ինչ եք անելու էրեխին»։ Մի կերպ, բարեկամների միջնորդությամբ թույլ տվեցին, որ նկարվի։ Եվ ծնվեց անկրկնելի «Գիքորը» ֆիլմը»։
Անհերքելի է՝ բոլոր այն ֆիլմերը, որոնցում հնչում է մանսուրյանական մեղեդին, անչափ սիրված են ու հոգեհարազատ։ Ֆիլմերի եւ երաժշտության համադրման մեխանիզմն է ներկայացնում։ Չորրորդ կուրսի ուսանող էր։ Մի տարեց ռեժիսոր կար, ասում է, ուզեց, որ ֆիլմի համար երաժշտություն գրի։ Մանսուրյանը, որ երբեք ֆիլմի համար դա չէր արել, դժվարացավ, բայց գրեց։ Հիմա անկեղծորեն նշում է, որ գոհ է իր այդ աշխատանքից. «Ինչպես երեւում է՝ լավ եմ աշխատել»։ Ամեն ինչ սկսվեց փաստագրական այս փոքրիկ ֆիլմից։ Հետո՝ եկա՜ն ու եկա՜ն։ 1969 թ. եկավ «Նռան գույնը»։ Այդ տարիներին հաշիվը կորցրեց, հարյուրը վաղուց արդեն անցել էր։
Ասում է՝ շատ է աշխատել, իսկ ինչ—որ հիմա մնացել է՝ աշխատածի մի մասն է միայն եւ հաջողվածը. «Բայց շատ աշխատանքներ եմ արել, որոնք գոյություն չունեն այլեւս, չեն ապրում»։ Հարցնում եմ՝ կյանքի ամենանվիրական երազա՞նքը, մաեստրո, ասում է. «Էլ երազանք չունեմ։ Հիմա ձեռքիս գործ ունեմ, գործը վերջացնեմ, հետո մի հատ էլ ունեմ, այդ էլ վերջացնեմ, երրորդի մասին էլ է խոսվում հիմա։ Այս ամենը, որ ավարտեմ, ուզում եմ, որ առավոտ արթնանամ, անկողնում մի քիչ երկար պառկեմ, ինձ հանցավոր չզգամ։ Արդեն մեկ—մեկ առավոտյան ներսից մեկը հրում է՝ «շուտ, շուտ ել»։ Իսկ ելնելուն պես օրը սկսում է ամերիկյան զինվորականի խորհրդով՝ «Ամեն առավոտ անկողինդ հավաքիր»։ «Ես ամեն օր անկողին հավաքելով եմ սկսում՝ հիշելով ամերիկացի հրամանատարին»,–նշում է մաեստրոն ու ընդգծում՝ զինվորական կյանքով է ապրում արդեն շատ վաղուց։ Երբեք չի եղել ռեժիմից դուրս, ազատ մարդ երբեք չի եղել։ Հիմա անկողինը բացված է արդեն, որովհետեւ ուշ է գնալու տուն, թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր...

14-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO