Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից

Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ժողովրդի խնդրանքով են թուրքական զորքերը գտնվում այդ երկրում

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիան Սիրիայում իր ծավալապաշտական, նեոօսմանական նպատակներն իրականացնելու ուղղությամբ ջանք չի խնայում՝ համագործակցություն ու աջակցություն ակնկալելով միջազգային ու տարածաշրջանային գերտերություններից։ Անկարան դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում տեղի ունցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լուրջ ջանքեր է գործադրել իր դաշնակիցներին համոզելու, որ Սիրիայի քրդերին ահաբեկչական խմբեր համարեն։ Սակայն, ինչպես ենթադրվում էր, որեւէ ձեռքբերում չունեցավ, մանավանդ որ ԱՄՆ—ն եւս Սիրիայի քրդերի հետ կրկին ջերմացրել է հարաբերությունները, թեեւ Թուրքայի առջեւ կանաչ լույս էր վառել՝ Սիրիա ներխուժելու եւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողություններով «անվտանգության գոտի ստեղծելու» այդ երկրի հյուսիսային հատվածում։
Այլ կերպ ասած՝ Լոնդոնից Անկարան ձեռնունայն վերադարձավ եւ քննադատություններ է հնչեցնում ՆԱՏՕ—ի անդամ երկրների հասցեին՝ պահանջելով հովանավորել Սիրիայի հյուսիս իր ներխուժումը։ Այս առնչությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեկտեմբերի 7—ին հայտարարել է, թե ՆԱՏՕ—ի որոշ անդամներ, քննադատելով «Խաղաղության ակունք» գործողությունները, ինչպես եւ Ռուսաստանից C–400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը, որոնք կոչված են Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելուն, ներկայացնում են իբրեւ կազմակերպության քաղաքականությանը հակասող քայլեր, ինչը լիովին անտրամաբանական է։ Նա շեշտել է, որ Անկարան, որպես ՆԱՏՕ—ի 70—ամյա անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած պարտավորություններին՝ դաշնակիցների հետ համագործակցել է ահաբեկչությունը վերացնելու հարցում, սակայն, ի հեճուկս այս հարցում համաձայնության, նրանք Թուրքիային ահաբեկչության դեմ մենակ են թողել։ Իսկ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չիլիքը մամուլի ասուլիսում շեշտել է, որ թեեւ ՆԱՏՕ—ի անդամները քննադատում են Թուրքիային, սակայն բոլորն էլ գիտակցում են, թե Անկարայի մտահղացումները, նախաձեռնություններն իր ազգային անվտանգության ուղղությամբ համընթաց են կազմակերպության անդամ երկրների շահերին։
Ինչպես հայտնի է, Թուրքիան նպատակամղված է «անվտանգության գոտին» բնակեցնել թուրքամետ տարրերով, առաջին հերթին՝ Սիրիայի թուրքմեններով (Ադրբեջանի թուրքերի ցեղակիցներ) եւ մասամբ էլ սունի արաբ ծայրահեղականներով։ Այս առնչությամբ հատկանշական է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) հրամանատար Մազլում Աբդիի դեկտեմբերի 11—ի հայտարարությունը, որտեղ նա Թուրքիայի նախագահ Էրդողանի ծրագիրը՝ Թելաբիդում եւ Ռաս—էլ—Այնում մեկ միլիոն փախստականներ բնակեցնելը, խիստ վտանգավոր է համարել։ Նա նշել է, որ դա խիստ վտանգավոր է, քանի որ Էրդողանը ցանկանում է այդ քաղաքներում բնակեցնել ոչ բնիկ փախստականների եւ փոխել դրանց ժողովրդագրական պատկերը, ինչի համար պատասխանատու է համարել Ռուսաստանին ու ԱՄՆ—ին։
Մյուս կողմից՝ դեկտեմբերի 10—11—ը Նուրսուլթանում տեղի է ունեցել Աստանայի գործընթացի 14—րդ նիստը, որին մասնակցել են Սիրիայում խաղաղության երաշխավոր երկրների, Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպեսեւ Սիրիայի հարցով ՄԱԿ—ի հանձնակատար Պեդերսոնը։ Դռնփակ բանակցությունների ավարտին հրապարակված հայտարարության մեջ շեշտվել է Սիրիայի հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունը, ընդգծվել Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կարեւորումը, դեմ է արտահայտվել որեւէ պատրվակով ինքնավարության ձեւավորմանը (խոսքը քրդական ինքնավարության մասին է)։ Հայտարարությունում կարեւորվել է նաեւ փախստականների կամավոր վերադարձին աջակցելը։ Բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թ. մարտին։
Թեեւ հայտարարությունում ակնարկվել է նաեւ Իդլիբում «Ալ Նոսրայի» վտանգավորության մասին, սակայն բանակցություններում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, որ միաժամանակ այդ երկրի ներկայացուցիչն է ՄԱԿ—ում, նախօրեին, խիստ քննադատելով Թուրքիայի քայլերն Իդլիբում՝ շեշտել է, թե Անկարան ահաբեկիչներին Իդլիբից Լիբիա է տեղափոխում եւ ընդհակառակը՝ հավելելով, որ Իդլիբի ապագան կախված է Սիրիայի ապագայից։ Բացի այդ, Ջաֆարին, թերեւս, պաշտոնական մակարդակով առաջին անգամ անդրադարձել է սիրիական տարածքների «թուրքացման» հարցին։ Նա նշել է, որ Նուրսուլթանի նիստում մանրակրկիտ ներկայացվել եւ քննարկվել են «թուրքացման գործընթացի» հարցերը։ Միաժամանակ Ջաֆարին շեշտել է, որ քրդական համայնքը Սիրիայի պատմության մաս է կազմում՝ նշելով, որ այդ երկրում քրդական հարց գոյություն չունի։
Թեեւ Դամասկոսը բազմիցս Թուրքիայի ներխուժումը գնահատել է զավթողական քայլ, պահանջել անհապաղ զորքերը դուրս բերել այդ երկրից, սակայն Էրդողանը նախօրեին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավաքին հայտարարել է, թե Սիրիայի ժողովրդի խնդրանքով են թուրքական զորքերը գտնվում այդ երկրում՝ ըստ Ադանայի համաձայնության։ Նա, անդրադառնալով զորքերի դուրս բերման հարցին, շեշտել է, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Սիրիայի ժողովուրդը երախտագիտություն հայտնելով՝ կպահանջի թուրքական զորքերի դուրս բերումը։ Ադանայի Դամասկոս—Անկարա համաձայնագիրը կնքվել է 1998 թ. հոկտեմբերի 20—ին Իրանի եւ Եգիպտոսի մեջնորդությամբ, երբ երկու երկրների փոխհարաբերությունները ճգնաժամային էին։ Տարաձայնությունները սրվել էին Եփրատի ջրերի բաշխման, Հաթա նահանգի եւ PKK—ի քաղաքական գործունեության առնչությամբ։
Ըստ Ադանայի համաձայնության՝ կողմերը պարտավորվել են փոխադարձաբար թույլ չտալ ահաբեկչական խմբերի ներթափանցում, իսկ Թուրքիայի բանակին իրավունք տրվեց, հետապնդելով ահաբեկիչներին, 5 կմ խորանալ Սիրիայի տարածքում։ Նշենք, որ 2019 թ. հոկտեմբերին Պուտին—Էրդողան 10 կետից բաղկացած համաձայնությամբ եւս կարեւորվել է Ադանայի համաձայնագիրը։ Դրանից առաջ էլ Պուտինը կարեւորել էր հարցի լուծման այդ ձեւաչափը, ինչին կողմ է նաեւ Իրանը, սակայն առայսօր Անկարան անտեսում էր դա։ Ինչ վերաբերում է սիրիական կողմին, ապա նախագահ Բաշար Ասադն էրդողանի հետ հնարավոր հանդիպման առիթով շեշտել է՝ եթե երբեւէ հարկադրված լինի նման հանդիպման, ապա դրանով չի պարծենալու, քանի որ խիստ ատում է այդօրինակ պատեհապաշտ իսլամամետի հետ հանդիպումը՝ հավելելով, որ իսլամամետ լինել չի նշանակում մահմեդական լինել, դա լոկ քաղաքական տերմին է։

14-12-2019





21-01-2020
Առաջին անհրաժեշտության ապրանքների ԱԱՀ-ն 20-ից 7 տոկոսի կիջնի
Էկոնոմիկայի նախարարությունը ագրոպարենային արտադրանքի շրջանառության ծավալն ավելացնելու առաջարկ ...


21-01-2020
«Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանի, քան միեւնույն կնոջը»
Կինոաշխարհը տոնում է Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am




 
21-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես կըսեմ, ես կը լսեմ»

Անօգուտ, անարդյունավետ, միակողմանի ...


21-01-2020
Սպանվել են... հայ լինելու համար
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի ջարդերին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ադրբեջանում տեղի ունեցած ...


21-01-2020
«Հաղթանակը մեր արյան մեջ է...»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հիմնադրման 45-ամյակի ...


21-01-2020
Հրանտ Դինքի հիշատակին
Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված պատարագից հետո Նահատակաց պուրակում՝ ...


21-01-2020
Նվիրվածությամբ եւ հուսալիորեն
3 անգամ իրականացվել է հայտնաբերված զինամթերքի պայթեցում անվտանգ ...



21-01-2020
«Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»
13 տարի առաջ, հունվարի 19-ին հայկական ...

21-01-2020
Չեմպիոնուհին նույնն է, չեմպիոնը՝ նոր
Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի ...

21-01-2020
Բեռլինյան համաժողովը եւս խաղաղություն չբերեց Լիբիային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO