Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից

Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս մշակութային թեմայով ասուլիսներից մեկին մասնակցում էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Մաեստրոյի հետ զրուցելու քիչ հնարավորություններ եմ ունեցել եւ այս մեկը ոչ մի կերպ բաց թողնել չուզեցի։ Բայց հատուկ պատրաստած հարցեր էլ չունեի. ասուլիսի վայրում էի տեղեկացել նրա մասնակցության մասին։
Վերջապես զրույցի թեման ընտրեցի։ Բայց թեման իր հետ մտավախություն «ծնեց»՝ իսկ եթե հանկարծ չուզի՞ խոսել դրա մասին, իսկ եթե հանկարծ հերթն ինձ չհասնի՞ (հասարակական շրջանակներում կոմպոզիտորին առանց զրուցակցի տեսնելը հազվադեպ երեւույթ է)… Ինչեւէ, փորձել էր պետք։
–Մաեստրո՛, կցանկանա՞ք զրուցել Ձեր մանկության Ամանորի հուշերի, Ամանորի Ձեր հեքիաթի մասին։
Մանսուրյանը մի պահ լռեց։ Հավանաբար, մտովի անցյալ «տեղափոխվեց», որտեղ հուշերն էր «կարգի բերում»։ Բայց կարճատեւ լռությունը հերթական հարցովս խախտեցի։
—Միացնե՞մ ձայնագրիչը, կցանկանա՞ք խոսել այդ մասին։
—Այո՜, այո՜։
—Ինչպիսի՞ն էր Ձեր մանկության տարիների Ամանորը, ինչպե՞ս էիք տոնում։
(Հարցրեցի ու, միացնելով ձայնագրիչը, հաջորդ մտավախությունը ծնունդ առավ. սարքի մարտկոցի լիցքը գրեթե վերջանում էր։ Եվ որքան կձայնագրի այդպես՝ մե՞կ րոպե, հի՞նգ, տա՞սը… գուցե մինչեւ վե՞րջ)։
—Ընտանիքում 6—ն ենք եղել՝ հայրս, մայրս եւ մենք՝ չորս երեխա։ Շատ սիրով ընտանիք ենք եղել։ Տոնական օրերի մեջ Նոր տարին առավել ընտանեկան է եղել մեզ համար։ Մենք տանը սովորություն ենք ունեցել երգելու հայկական ժողովրդական երգեր՝ բոլորով։ Նոր տարվա օրը երգել ենք սիրով։ Հետո երեխաներով պետք է գնայինք մեր ընկերների տները։ Ես սիրով եմ հիշում այդ տարիները՝ մանկության տարիների Նոր տարին, շատ սիրով եմ հիշում։ Անպայման ավանդական ճաշեր կային։ Աղանձը… ի՛նչ համով էր։ Գիտե՞ք՝ համեստ սեղան էր, համեստ ուտեստ էր, բայց ամեն մեկն այնքա՛ն սիրով ես հիշում։ Եվ դրանք տան ուտելիքներ էին՝ ավանդական։
—Հավատը Ձմեռ պապի հանդեպ, նվերներ… ի՞նչ կհիշեք։
—Ես 1947 թվից հետո այդ բաներին շատ չեմ հավատացել։ Ըստ երեւույթին՝ տարիքս արդեն հասել էր։ Բայց Նոր տարվա տոնական նվերներ իմ մանկության տարիներին ավելի շատ եղել են Բեյրութում։ Այստեղ չեղավ, ցավոք սրտի։ Եվ չեմ էլ կարծում, որ մենք նվերներ էինք անում իրար։ Դա մի տեսակ չափազանց մեծ շռայլություն էր։ Մերը սեղանն էր եւ երգելը։
–Մաեստրո՛, ասում են՝ երբ արդեն սկսում ես հիշել մանկությունդ, նշանակում է՝ այլեւս մանուկ չես, մանկությունդ վերջացել է։ Համամի՞տ եք։ Երբվանի՞ց սկսեցիք հիշել Ձեր մանկությունը։
–Գիտե՞ք ինչ, ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ՝ եթե հիշում ես, ուրեմն կնշանակի մանուկ չես, չէ՜։ Ես երեկվա այն օրերի իմ ամբողջ ապրումները, իմ կյանքն ամբողջությամբ… դա ոնց որ մեկ շաբաթ առաջ էր՝ իմ ընկերները, իմ ուսուցիչները, ծնողներս։ Երեկ էր։ Եվ արթնացել ես քնից՝ մեկ շաբաթվա քնից, չես հասկանում՝ այս ինչո՞ւ այսպես եղավ, ո՞ւր է, այս ի՞նչ է, այն աստիճան մոտ է այդ ամենը ինձ։ Ես շատ հաճախ եմ տանը «լինում» մտքով, որովհետեւ երբ երաժշտություն եմ գրում… երաժշտությունը տուն մտնել է նախ եւ առաջ, տան սրբության հետ հաղորդակցվել է։ Տան սրբությունը ի՞նչ է՝ հարազատությունն է, մեր սերերն են իրար ուղղված, մեր կյանքն է՝ իր բոլոր գույներով, ամբողջությամբ։ Հետեւաբար, ես շատ հաճախ եմ ապրում իմ մանկության հետ, իմ անցյալի հետ, իմ տան հետ։ Չեմ կարծում, թե հեռացել եմ եւ եթե հեռանամ, կնշանակի՝ շատ եմ հոգնել կամ ծերացել, չէ՜։ Ես այնտեղ եմ դեռ, միայն արտաքին տվյալներն են փոխվել։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չկա մայրս, ինչո՞ւ չկա հայրս, ինչո՞ւ այն տունը չկա։
–Իսկ այս տանը տոնը տոնելու ավանդույթների հետ կապված էակա՞ն փոփոխություններ կան, ավանդույթները շարունակվո՞ւմ են։
–Ես չեմ ուզում նվնվան լինել, բայց պետք է նկատի ունենալ, որ ես մենակ եմ ապրում։ Եվ, հետեւաբար, ես ամեն Նոր տարուն մի ուղղությամբ եմ կողմնորոշվում։ Իմ Նոր տարին ըստ իմ կողմնորոշման է։ Բայց մեծ մասամբ ես սիրում եմ Նոր տարուն անպայման թղթի հետ, հնչյունների հետ գործ ունենալ, անպայման։ Սա, ինչ էլ լինի, ինչ էլ փոխվի, մշտապես նույնն է։
–Ինչպես տարին դիմավորում ենք, այդպես էլ շարունակվու՞մ է։
–Ես հենց դրա համար եմ հենց այդ գիշերն անպայման դաշնամուրի հետ։ Դաշնամուրի առջեւ նստել ու նվագել, նոտագրել, որպեսզի դա ամբողջ տարին լինի։ Ես հավատում եմ, որ դա անպայման այդպես է։ Պետք է տարին առաջին պահերից գոյացնել, տարվա ծրագիրը դնել հենց առաջին պահերից։ Բայց՝ նախ եւ առաջ մասնակցել մեծ ուրախությանը, համընդհանուր ուրախությանը։ Լսել մաղթանքները, գեղեցիկ երաժշտություն, որը հնչելու է այստեղից—այնտեղից։ Ես սիրում եմ մասնակից լինել, ինձ համար կարեւոր է լսել, թե ինչպես է հրապարակում «հնչում» երիտասարդների ուրախությունը, ինչպես են երգում, բայց նաեւ անմիջապես ունենալ անձնական կարեւոր պահերը, երբ նոտայի հնգագծի հետ գործ ունես։
–Իսկ երազանքնե՞րը։
–Անշուշտ, հավատում եմ։ Այն, ինչը որ կարող է քեզ վաղվա օրվա ուղղությամբ տանել, լուսավոր վաղվա ուղղությամբ, դրան պետք է հավատալ։ Չի կարելի մտնել մութ տարածք, մտնել գետնահարկ ու այնտեղի հետ կապել քո վաղվա օրը։ Չի կարելի դա, չի կարելի անել։ Ինչ էլ լինի, պետք է լուսավոր ուժերին հավատաս եւ վաղվա օրվան հավատաս՝ ինչ էլ լինի։ Վահան Տերյանը 1912 թ. ասում էր. «Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի, Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ Պատել, պայծա՜ռ Նաիրի»։ 1912 թ., մինչեւ եղեռնը դեռ։ Այնուամենայնիվ, եղավ իր շատ գեղեցիկ կյանքը, եւ նրանից հետո եկած բանաստեղծները եղան, եւ այսօր էլ շարունակվում են։ Պետք է հավատալ։ Ինչպիսի մռայլ հարց էլ արծարծի մեծ բանաստեղծը, միեւնույն է, պետք է հավատալ վաղվա օրվան, անպայման հավատալ։
–Հավատում ու վստահո՞ւմ եք այսօրվա երիտասարդ սերնդին։
–Շա՛տ եմ հավատում, միայն թե պետք է ընդունել, որ սերնդին բաժին են հասել գոյության նոր ձեւեր։ Հարյուր տարի առաջ, երբ մեկը գնում էր, ասում էին՝ գնաց, այսօր գնալ—գալը ոչինչ չի նշանակում, աշխարհագրական դիրքը փոխելը բոլորովին չի նշանակում, որ անպայման մարդը կփոխվի։ Մարդը, եթե իր հետ տանում եւ բերում է հայոց լեզուն, ընտանիքի ավանդույթներն է տանում դուրս եւ հետ բերում նորից… Այդ շարժումները շատ սովորական բան են բոլոր ազգերի համար։ Ինտեգրացիան հիմա համաշխարհային մեծ ուժ է։ Պատկերացրեք՝ մեր գլխավերեւում քանի ինքնաթիռ, որքան մարդ այստեղից այնտեղ է գնում։ Ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում. կյանքն է այդպես։ Հիմա շարժումը շատ մեծ է, մենք անվերջ շարժման մեջ ենք։ Եթե մեկ հատ «Մոնա Լիզա» կա Փարիզում, պետք է գնալ «Մոնա Լիզա»—ին տեսնելու (բարձրաձայն ծիծաղում է)։
–Շնորհակալ եմ, մաեստրո՛։
—Սիրով։
Զրուցեց՝ Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Հ. Գ. Իսկ ձայնագրիչն ուշադրությամբ «լսեց» մինչեւ վերջ։ Մարտկոցն էլ կարծես «լիցքավորվում» էր մանսուրյանական խոսքով ու մտքով։
«Հայաստանի Հանրապետություն», 26.12.2015թ.

14-12-2019





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO