Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…

Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն նախ եւ առաջ հարգեն որպես մարդու, հետո միայն որպես արվեստագետի

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Գրասենյակ է գալիս երիտասարդ լրագրող՝ հարցազրույց ունենալու խնդրանքով։ Երկու բառից հասկացավ՝ աղջիկը երաժշտության հետ կապ չունի բոլորովին։ Խոսեց՝ քաղաքավարությունից ելնելով։ Ամբողջ զրույցի ընթացքում մի երեք անգամ Տիգրան կոչվելուց զայրացած՝ չդիմացավ. «Աղջիկ ջան, իմ անունը Հովհաննես է, Դուք ո՞ւմ մոտ եք եկել»։ Վերջինս՝ համառորեն. «Ոչ, Դուք Տիգրանն եք, եւ ես դա Ձեզ կապացուցեմ»։ Վերցրեց քաղաքային հեռախոսն ու զանգեց տեղեկատվական բյուրո։ Հարցնում է՝ «Պուշկինի 60 հասցեի Չեքիջյանի անունն ինչ է», լսափողից այն կողմ պատասխանում են՝ Տիգրան։ Ինքնագոհ շրջվում ու ասում է. «Տեսա՛ք, որ Տիգրանն եք»։
«Ժամանակին ինձ մոտ եկողները ուսումնասիրում էին իմ անցած ուղին, ակնածանք կար, հիմա երիտասարդներից շատերի համար մեկ է։ Այդ աղջիկն այդպես էլ չհասկացավ՝ ես դիրիժոր եմ, թե ռեժիսոր»,–կատակով պատմում է Հովհաննես Չեքիջյանը։ Ասվածն, իհարկե, ինձ չէր վերաբերում։ Ինչպես մաեստրոն է կատակով ասում իմ մասին. «Ինձնից շատ գիտի իմ մասին, կարող է պատահի՝ իմ չիմացածն էլ գիտի»։ Եթե չլիներ երաժշտության մարդ, կլիներ նավապետ։ «Մուրազը մնաց սրտումս»,–կատակում է Չեքիջյանը։
—Շատ մեծ ցանկություն ունեի դառնալ նավապետ, մեծ նավի նավավար։ Ցավոք, այն մնաց որպես երազանք։ Այդ տարիներին հնարավոր չէր դրան հասնել։ Իմ ծննդավայրում այդպիսի կրթություն ստանալը վիճակված էր միայն թուրքերին, որքան էլ ուզենայի, չէի կարող։ Ձգտում ունեի մաքառել ալիքների հետ։ Բայց հնարավոր չեղավ, որովհետեւ նավապետ դառնալու համար պետք է առաջին հերթին լինեի նրանց ազգակիցը, հայ նավապետ չի եղել երբեք։ Փակ ճանապարհ էր։ Ուսանողական տարիներին գնացի Փարիզ։ Հորս պատգամն էր, որ դառնայի քիմիկոս, կաշեգործությամբ զբաղվեի։ Ծանր մարդ էր հայրս, նրա խոսքին խոսք հնարավոր չէր տալ։ «Գլուխ ջարդեցի», դիպլոմը ստացա, եկա։ Սակայն մինչ գալս մասնակցեցի դիրիժորների մրցույթի՝ 88 դիմում կար, 89—րդն էի։ Անհույս էի, հինգ հոգի պիտի ընդունվեր։ Հինգի մեջ հայտնվեցի եւ ես։ Հույն կար, ես էի ու երեք ֆրանսիացի։ Զուգահեռ սկսեցի աշխատել եւ ուսանել։ Այդ գործս չսիրեցի, որովհետեւ ամբողջ կյանքս պիտի անցներ հոտերի եւ ջրերի մեջ։ Իհարկե, զղջացել եմ, լավ փող կաշխատեի։ Հիմա, այս գործում կյանքի ալիքների հետ եմ մաքառում...
—Ինչու՞ նավապետ։
—Չգիտեմ, հավանաբար՝ բնազդաբար։
—Միգուցե, ծո՞վն էր Ձեր տարերքը։
—Այո, նրա ալիքների հետ պայքարը։
—Հիմա ունե՞ք անկատար երազանքներ։
—Իհարկե, բազում։ Ինչպես Վահան Տերյանն էր ասում՝ ափսոսում եմ չարածներիս համար։
—Ո՞րն է բեմական կյանքի հմայքը, որ շարունակում եք այս տարիքում մնալ եւ ղեկավարել երգչախումբը։
—Բեմական կյանքը խորհրդավոր է շատ, իսկ հմայքը կապված է ունկնդրի հետ։ Եթե նա քեզ լավ է ընդունում, հմայք ունես։ Ես աշխատում եմ կատարել ոչ միայն գրված նոտաները, այլեւ դրանց միջոցով՝ ստեղծել նոր երաժշտություն։ Հմայքը գալիս է հաջողությունից։ Իմ կյանքում ես այդ հմայքը միշտ ունեցել եմ։ Աշխատել եմ նոտաների միջոցով, «իմ ակնոցի» տեսածով թափանցել հեղինակի հորինած մտքի մեջ։ Կոնսերվատորիայում սովորեցնում են նոտաներ կարդալ, բայց երաժշտություն մատուցելու գաղտնիքները եւ այն հիմնական նպատակը, որ պետք է իր առջեւ դնի դիրիժորը, չի դասավանդվում։ Պետք է մտնել կոմպոզիտորի կյանքի մեջ եւ հասկանալ, թե ի՞նչ է ցանկացել ասել։
—«91 տարեկան երեխա եմ»՝ այս արտահայտությունը հաճախ եք կրկնում, մաեստրո՛…
—Ով էլ լինի այդ տարիքում, պիտի ասի, որ, այոÕ, ապրել է։ Բայց նայած, թե ոնց է ապրել։ Իմ տարիները շատ արագ անցան. նոր քաղաքներ, նոր ճանապարհներ, նոր մարդիկ։ Մի կողմից էլ այնպիսի բնավորության տեր եմ, որ գիշերները շատ քիչ եմ քնում, դեռ փոքր հասակից այդպես է։ Նույնիսկ քնած ժամանակ մտածում եմ, թե վաղը ինչ պետք է անեմ։ Չզգացի, թե այդ տարիներն ինչպես անցան։ Զառամյալ ծերունու հասակում եմ, բայց այդպես չեմ զգում բոլորովին։ Ինձ ճանաչողներն ուզում են Չեքիջյանին 100 տարեկան տեսնել։ Ես լավատես եմ, գուցե եւ լինի այդ բանը, բայց առայժմ մնում եմ 90 տարեկան երեխա։ Չեմ կորցրել իմ պատանեկան հումորն ու աշխուժությունը, որով հայտնի եմ ու սիրելի շատերին։ Նրանք, ովքեր ինձ միայն բեմից գիտեն, կարծում են, թե ես այնպիսի բարձունքի հասած մարդ եմ, որ հետս խոսել չի լինի։ Կյանքում ճիշտ հակառակն է։ Իմ մտերիմները կվկայեն՝ հասարակ մարդ եմ։ Շատերն անգամ ասում են, թե ես երեխայի նման պարզ եմ, եւ շատ հեշտ է ինձ խաբել։ Շատ անհանդուրժողներ կան, բայց ոչ մեկը մինչ օրս չի ասել, որ ես չար մարդ եմ։ Չար չեմ եղել երբեւէ։ Սուտ խոսել էլ չեմ սիրում։ Ստախոսներին արհամարհում եմ։
—Իսկ երաժշտության ասպարեզում շա՞տ են ստախոսները։
—Ասեմ Ձեզ։ Շատ անգամ համերգի եմ գնում, լսում եմ, լսում, համերգն ավարտվում է, իսկ երաժշտությունը դեռեւս չի սկսվել։ Կատարվում են միայն նոտաները։ Իսկական երաժշտությունը պիտի ժողովրդի սրտին հասնի, գրավի հանդիսատեսին։ Մարդիկ ծափահարում են, բայց դրանք քաղաքավարության ծափեր են լինում։ Նոտաները չեն փոխվում, փոխել է պետք կատարման եղանակները։ Օրինակ՝ Բեթհովենի սիմֆոնիաները կարող ենք տարբեր դիրիժորների միջոցով լսել բոլորովին տարբեր մոտեցումներով։
—Բազմագույն է եղել Ձեր ստեղծագործական կյանքը։ Պարգեւների ու կոչումների ցանկն անվերջ կարելի է թվարկել։ Սակայն ո՞րն է եղել արվեստում ունեցած հաջողություններից ամենանվիրականը, ամենանշանակալիցը։
—Երբ ինձ ոչ միայն իբրեւ արվեստի մարդու, այլեւ որպես քաղաքացու գնահատեցին։ Կուսակցական չեմ եղել կյանքում, բայց ինձ ընտրեցին Սովետական Միության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Կարծում եմ, որ դրանից ավելի մեծ գնահատանք չի եղել։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ, որ ինձ նախ եւ առաջ հարգեն որպես մարդու, հետո նոր միայն արվեստագետի։ Արվեստում փառքի հասածներ կան, որոնց հետ խոսել չի լինում։ Ես մեծամիտ չեմ, գիտեմ իմ չափը եւ շփացած չեմ եղել երբեք։ Բայցեւայնպես, չեմ կարող ուրանալ, որ արվեստի ասպարեզում շատ հաջողություններ եւ հպարտանալու առիթներ ունեցել եմ։ Այսքա՜ն ծանրություն, որ իմ ուսերին է։ Հասկանո՞ւմ եք, պատասխանատու կոչումներ տանելը հեշտ չէ, փառքին դիմանալը նույնպես դժվար է։ Փառքին տիրանալը ավելի հեշտ է, քան այն պահելը։ Դրան հասնում ես կամաց—կամաց, կաթիլ—կաթիլ, ընկնելը մեկ քայլ է։ Այս նկատի ունենալով՝ պետք է այնպես անենք, որ մնանք այդ բարձունքին, դժվար է։ Իմ երգչախումբը ուրիշների նման չէ, որ տարիներ հետո խամրի՝ գնա։ Այն արդեն մոտ 60 տարի է՝ հայ արվեստի պատմության մեջ է։ Մենք մեր անելիքն ունենք եւ գիտակցում ենք, որ կատարելությունը սահման չունի։ Ամեն օր նոր հաջողությունների ենք ձգտում։ Սա է ինձ երիտասարդ պահում։ Ինչ վերաբերում է կոչումներից ամենանշանակալիցին, ապա դա Սովետական Միության պետական մրցանակն է, որը ոչ մի դիրիժոր 70 տարի չունեցավ։ Միայն ես էի, որ արժանացա, եւ այն ինձ համար ամենաբարձր կոչումն է։
—Ձեր ստեղծագործական գործունեությամբ տասնամյակներ շարունակ ջանասիրաբար փորձել եք «առաջնագծում» պահել հայկական մշակութային արժեքները, մասնավորապես՝ դասական երաժշտությունը։ Ինչ մակարդակի վրա է այն այսօր, Ձեզ գոհացնու՞մ է սերունդների վերաբերմունքը։
—Մենք ունեցել ենք «լեռնաշղթայի» բարձունքները նվաճող մարդիկ, որոնց տեղն այժմ թափուր է։ Երբ զուգահեռաբար նաեւ օպերային թատրոնի գլխավոր տնօրենն էի, այնտեղ էին Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Նար Հովհաննիսյանը, Արշավիր Կարապետյանը, Գեղամ Գրիգորյանը... Ունենք, իհարկե, շնորհալի երիտասարդներ, որոնց հետ հույս ենք կապել, բայց «գագաթներն» աննվաճ են։ Դասական երաժշտությունը շատ լավը պետք է լինի, որ ժողովուրդը գնահատի։ Փառք Աստծո, մեզ գնահատում են։ Մեր առջեւ կա խնդիր՝ ավելի լավը լինելու։ Որքան մարդ հասունանում է, այնքան հասկանում է, որ այդ կատարելությունը նրանից փախչում է հեռու։ Մեր փորձասենյակում կա ստեղծագործական առողջ մթնոլորտ։ Ձգտում ենք, գոնե, մոտենալ այդ կատարելություն ասվածին։
—Իսկ ո՞վ է Ձեզ համար կատարելության չափանիշ։
—Մռավինսկին։ Մեծ դիրիժոր էր։ Էլ չեմ խոսում ֆոն Կարայանի մասին։ Բայց Կոմիտասն է իմ պաշտամունքը։ Սիրում եմ նաեւ Բեռլիոզի, Մոցարտի, Վերդիի գործերը։ Այս կոմպոզիտորներն ունեն իրենց խորհրդավոր աշխարհը։ Թափանցել նրանց մեջ եւ ծանոթանալ՝ մեծ հարստություն է։ Ես կարծում եմ, որ աղքատ է այն մարդու հոգին, ով այդ աշխարհներին ծանոթ չէ։
—Ո՞վ է եղել այսքան տարի Ձեր կողքին բարձունքներ նվաճելիս։
—Ոչ ոք։ Ինձ ոչ ոք չի օգնել։ Ինչ ունեմ այսօր, իմ «քրտինքով» եմ վաստակել։ Թեեւ՝ մուսա է հարկավոր։
—Մուսա՞։
—Այո, առանց մուսա համերգը շատ դժգույն կանցնի։ Նրա հետ անտեսանելի կապ կա, խոսքերով չեմ կարող բացատրել։ Գիտե՞ք, բեմում ուրիշ մարդ եմ։ Ստեղծագործությունները կատարում եմ ըստ այդ օրվա ունկնդրի։ Այլ դահլիճում, այլ ունկնդրի առջեւ նույն երաժշտությունը բոլորովին այլ կերպ եմ մատուցում, նույնությամբ չի լինի։ Ասածս այն է, որ նույն նոտաներն ենք հնչեցնում, բայց եթե հինգ հարյուր անգամ ձայնագրենք, դրանցից ոչ մեկը սինխրոն չի լինի, եթե եղավ, նշանակում է՝ կրկնություն է։ Այդ դեպքում կստացվի, որ ես բեմում այլեւս անելիք չունեմ։ Կթողնեմ կգնամ։ Մուսան շատ բաների հետ է կապված՝ օրվա եղանակի, դահլիճի լուսավորության, աթոռների գույնի։
—Ժամանակի հանճարներից մեկն ասել է՝ երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջեւ։ Իսկ ի՞նչ է երաժշտությունը Ձեր ձեւակերպմամբ։
—Երաժշտությունը հոգեկան վայելք է, որ պետք է մատուցեմ մարդկանց սրտերին։ Այն ընկալելու ընդունակ լինելն է չափից կարեւոր։ Ես այն դիրիժորներից եմ, ով միայն բեմի վրա կատարվածով չի բավարարվում։ Փորձում եմ լսել 20—րդ շարքում նստած ունկնդրի ականջով։ Ինչ անում եմ բեմում, հանդիսատեսի համար եմ անում, եւ նա երբեք իմ մտքից դուրս չի գալիս։ Ես ջանում եմ, որ ունկնդրիս սրտերը ջերմանան։ Հենց այնպես բեմ չեմ ելնի, հենց այնպես ոչինչ չեմ կատարի։ Մարդ կա՝ երաժշտություն չի սիրում, չես հասկանում՝ ինչ մարդ է։
—Նավավար, դիրիժոր։ Բոլորովին տարբեր նախասիրություններ են։ Ի վերջո, ինչպե՞ս հասկացաք, որ Ձեր ուղին երաժշտությունն է։
—Փոքր էի՝ 5 տարեկան։ Հայրս ինձ տարավ դաշնամուրի դասընթացների։ 14 տարեկանում, երբ արդեն երգչախմբում երգում էի, մի օր դիրիժորը չեկավ եւ ինձ ասացին՝ Հովհաննես, դու չափ տուր։ Երբ սկսեցի ձեռքերս շարժել, տեսա, որ մարդիկ հետեւում են։ Այդժամ հասկացա, որ դժվար գործ է, բայց իմ գործն է, պետք է անեմ։
—Ի՞նչ զավեշտալի դեպքեր կհիշեք Ձեր գործունեությունից։
—Ես մի օդաչու ընկեր ունեի, նա չէր վախենում անսարքությունից, վախենում էր միայն, որ ուղեւորների մեջ մի գիժ կպատահի։ Հետեւապես, մեր կյանքում էլ նման բան կա։ Բեմում զավեշտալի դեպքեր շատ են եղել։ Հիշում եմ՝ մի անգամ չղջիկ մտավ երգչախմբի կանանց մազերի մեջ։ Եղել է դեպք, երբ համերգի ընթացքում մկան հետեւից կատու է վազել։ Շատ է պատահել, երբ երգչախմբի անդամները լուսարձակների տակ չեն դիմացել, մեկ—երկու հոգի ընկել են։ Նման իրավիճակներում ոչ մի անգամ չեմ դադարեցրել համերգը, թեեւ դժվար էր, բայց ճիշտը չկանգնելն է։
Մի ժամանակ Կենտկոմի հրամանով գնում էինք շրջանները սպասարկելու։ Առաջին անգամ ուղարկեցին մի գյուղ, անունը չեմ նշում։ Ինձ մտահոգում է՝ կտեղավորվե՞նք բոլորս, ռոյալ կա՞, թե՞ չկա։ Հասանք։ Ղեկավարությունը կանգնած մեզ է սպասում՝ վեց հոգով։ Նրանցից մեկը մոտեցավ, բաժնի վարիչ ներկայացավ։ Անմիջապես հարցրի՝ ռոյալ կա՞, լրջախոհ դեմքով ասաց՝ հետներդ չե՞ք բերել։ Քիչ անց կրկին մոտեցա։ Այս անգամ հարցրի՝ դաշնամուր կա՞։ Ինչ ասի, որ լավ լինի, թե բա՝ «ընկեր Չեքիջյան, զուռնան կա, կլարնետը կա, դաշնամուրն էլ թող պակաս լինի»։ Ծիծաղում եմ։ Հետո մեզ համար, իհարկե, դաշնամուր բերեցին։

18-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO