Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.03.2020
ԼՂՀ


Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում

Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ

–Ո՞րն է արցախյան շարժման էությունը, եւ ի՞նչ նշանակություն ունեցավ այն հայ ժողովրդի եւ Հայաստանի համար։
–Արցախը ժամանակակից հանգրվանն է, որտեղ մղել ենք մեր ազգային ազատագրական պայքարը եւ, ի տարբերություն 19-րդ դարի, 20-րդ դարի սկզբին հաղթանակ ենք ունեցել։ Այն ոչ թե պատերազմի ավարտ է, այլ մենք հաղթել ենք հերոսամարտում։ Կարծում ենք, որ վեճն Ադրբեջանի հետ դեռ չի ավարտվել, որովհետեւ այսօրվա Արցախի Հանրապետության տարածքները նույնիսկ կեսն էլ չեն այն տարածքների, որոնք 1919 թ. Ազգերի լիգան անվանել է վիճելի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Որը Արցախի՝ միջազգային իրավունքով վերջին կոռեկտ կարգավիճակն է։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ Արցախի ազատագրական պայքարը տեղի է ունենում այն տարածքների վրա, որոնք միջազգային իրավունքի կոռեկտ իմաստով չեն պատկանում եւ երբեւիցե չեն պատկանել Ադրբեջանին։
Ազգերի լիգան, երբ 1918 թ. իրեն դիմել էր Ադրբեջանը, շատ հետաքրքիր բայ է օգտագործել։ Ազգերի լիգայի փաստաթղթում ասվում էր, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվել է (appear) այնպիսի տարածքների վրա, որոնք դրանից առաջ պատկանում էին այլ կայսրությունների։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի մասին նրանք այդ բայը չեն օգտագործում։ Մենք պետք է հասկանանք, որ Ազգերի լիգայի համար հասկանալի էր, որ այն ամբողջովին ի հայտ եկած կամ կազմավորված, ինքնահռչակված է։ Այդ պետությունը չի եղել երբեւիցե մարդկության պատմության մեջ քաղաքական քարտեզի վրա։ Ես կոչ եմ անում չխառնել դա էթնոսի, ցեղի հետ։ Այո՛, մենք բոլորս Ադամից ու Եվայից ենք սերում եւ չենք ասում, թե ով որտեղ եւ երբ է հայտնվել, այն դուրս է միջազգային լեզվից։ Շատ պետություններ չեն եղել մինչեւ ինչ—որ ժամանակ, հետո հայտնվել են։ Դրանով պետք է ոչ թե ասենք, որ չի եղել այդ ժողովուրդը, ցեղը եւ այլն, այլ շեշտենք, որ պետություն չեն ունեցել, եւ պետությունը ստեղծվել է այն տարածքների վրա, որոնք ժամանակին եւ բնակեցվել են, եւ ստեղծագործ ժողովուրդներ են ապրել իրենց պատմական հողի վրա։ Այս մասին խոսում էր Ազգերի լիգան, որն ունի այն գործառույթը, որը ՄԱԿ—ը չունի։ Լիգան ուներ լիազորություն՝ ճանաչել պետությունները սահմաններով։ Երբ լիգան տեսել է երեք ինքնահռչակված պետությունների ներկայացրած քարտեզները, համեմատել է ու տեսել, որ կան վիճելի տարածքներ։ Այն հարցը, որը մեզ է հետաքրքրում, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքներին, որը զբաղեցրել է գրեթե 2.5 անգամ մեծ տարածք, քան այսօր Արցախի Հանրապետությունն է։ Նման տարածքներից են եղել նաեւ Զանգեզուրն ու Նախիջեւանը։ Դրանք կոչվել են վիճելի տարածք, եւ այս առումով մենք պետք է հստակեցնենք, որ այսպես անվանվող Արցախի հիմնահարցը Ադրբեջանի նկրտումների հարցն է, բացի Հայաստանից, նաեւ առ բոլոր պետությունների, ում հետ ուներ ընդհանուր սահման։ Նա ուներ նկրտումներ Ռուսաստանի նկատմամբ՝ Դերբենդը, ուներ նկրտումներ Վրաստանի հանդեպ, քանի որ Բաթումն էր ներկայացրել իրենց քարտեզում։ Նա ուներ նկրտումներ նաեւ Թուրքիայի եւ, իհարկե, Հայաստանի ու Իրանի հանդեպ։ Սա է խնդիրը, եւ մենք պետք է հասկանանք, որ արցախյան հիմնահարցը  1988 թվականին չի ծագել եւ չի ծագել մարզային խորհրդի հայտնի որոշման ընդունման հետեւանքով։ Այդ որոշումը եղել է ի պատասխան ցեղասպանական քաղաքականության, որը որդեգրվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից, շարունակվել է սովետական ժամանակաշրջանում, ուղղակի ձեւերն են տարբեր եղել, եւ տեսնելով, որ նախիջեւանացումն է Արցախին սպառնում, ընդամենն արձագանքել է դրան։ Սա շատ կարեւոր կոնցեպտ է՝ ոչ թե արցախյան շարժումը սկսվել է նրանից, որ ընդունվել է որոշում, այլ որոշումը ընդունվել է, որովհետեւ վտանգն այլեւս կախված է, որ ամբողջովին կհայաթափվի նաեւ Արցախը՝ Նախիջեւանի օրինակով։ Դրա համար մենք մեզ պետք է զգանք ժառանգորդն այդ ամբողջ դեպքերի, եւ 88—ից սկսած՝ մեր սերունդն արդեն մտել է այդ պայքարի մեջ։ 89—ից ավելի, քան 88—ից, սկսվեց օգտագործվել ժողովրդավարացումը եւ Խորհրդային Միությունից դուրս գալու գործընթաց։ Խորհրդային Միության բոլոր տարածքներում, բացի Կենտրոնական Ասիայից, ստեղծվել են ճակատներ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում։ Արցախում ու Հայաստանում, որոնք սկսել են ղարաբաղյան շարժումից, ճակատն ստացավ Հայոց համազգային շարժում անվանումը։ Պետք է հասկանալ, որ այլափոխվել կամ ձեւափոխվել է այն շարժումը, որն սկսվել է հանուն ադրբեջանական լծից ազատվելու՝ լինի սահմանադրական ճանապարհով, լինի պատասխանը Ադրբեջանի կոշտ դիմադրության։ Հետագայում, երբ հանդիպեցինք կոշտ դիմադրության Ադրբեջանի կողմից, իրականացրինք ինքնորոշման գործընթաց։ Դա ինքնորոշում էլ չի եղել, այլ ինքնորոշված մարզը փորձում էր մի հանրապետությունից տեղափոխվել մեկ ուրիշի կազմ։ Մինչ այդ ԽՍՀՄ—ում 35 այդպիսի դեպք էր եղել։ Օրինակ՝ Ղրիմը։ Չէ՞ որ Ղրիմը պատկանում էր Ռուսաստանին, հետո տեղափոխեցին Ուկրաինա։ Արցախի հիմնահարցը ծագել է ոչ թե հակասահմանադրական կամ ոչ օրինական պահանջով, այլ հետեւել է այդ օրինակներին։ Մենք ասել ենք, քանի որ ունեցել ենք ընդհանուր լեզու, գրականություն, կրոն, սոցիալական սովորույթներ եւ պատմականորեն եղել ենք մեկ Հայաստան, դիմում ենք ձեզ, որ դա արվի։ Իրականացված սահմանադրական ճանապարհը եղել է մանրակրկիտ, այսինքն՝ ժողովներ են անցկացվել տարբեր գործարաներրում, հետո շրջկոմներում, խորհուրդներում, եւ Ադրբեջանն այդ ամբողջը դիտարկում էր։ Բոլորին հայտնի է, որ երբ փետրվարի 20—ին ընդունվում էր այդ որոշումը, արդեն հաջորդ օրը՝ 21—ի առավոտ ծեգին «Պրավդա» թերթում այն բնութագրվել է որպես էքստրեմիստական շարժում։ Արդյոք դա մի գիշերվա ընթացքո՞ւմ են վերլուծել։ Ողջ խորհրդային մեքենան սկսեց ճնշել, փնովել եւ աղավաղել այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Մենք այդ սերունդն ենք, որ ստացել ենք մեզ համար կարծես թե անսպասելի իրավիճակ, բայց շարունակել ենք սահմանադրական ճանապարհը, մինչեւ որ Ադրբեջանը հստակորեն չի դիմել բռնի ձեւով այդ սահմանադրական պահանջին դիմադրելու ուղուն։ Այդ ժամանակ արդեն ինքնորոշման խնդիր չի եղել։ Կրկնում եմ՝ արդեն ինքնորոշված մարզ է եղել խորհրդային ֆեդերացիայի մեջ։ Այստեղ է, որ մենք պետք է հստակեցնենք, որ Ադրբեջանը սկսել է բռնություններով դիմադրել դրան։
–Մեկ անգամ եւս ամրագրենք, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Էլ ի՞նչ պատմական փաստեր կբերեիք այս իրողության օգտին։
–1918—20 թթ., երբ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը իրեն ինքնահռչակել է, եւ որոշ պետություններ ճանաչել են, միեւնույն է, դա ճանաչում չի համարվում։ Ճանաչել՝ նշանակում է միայն Ազգերի լիգայի կողմից սահմաններով ճանաչելը։ Դա տեղի չի ունեցել, եւ Ազգերի լիգայի փաստաթղթում շատ հստակ գրված է, որ ճանաչման խնդրանքով դիմել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որը ի հայտ է եկել, հայտնվել այն տարածքների վրա, որի վրա երբեք չի եղել, եւ այդ տարածքները նախորդ ժամանակներում պատկանել են այս կամ այն կայսրությանը՝ Պարսկաստանին ու Ռուսաստանին։ Այդ ժամանակ՝ 1918—1920 թթ., Արցախի ժողովուրդը, զենքը ձեռքին, ղեկավարվելով Ազգային խորհրդի կողմից, չի ենթարկվել Ադրբեջանին։ Մինչեւ անգամ Անգլիան է միջամտել, ուղարկել իր ներկայացուցչին, որովհետեւ Ազգերի լիգան Առաջին համաշխարհային պատերազմից հետո որոշել էր այն պետություններում կամ տարածքներում, որոնք դուրս են եկել փլուզված կայսրությունից, ներկայացուցիչներ ունենալ։ Անգամ դա չի ստացվել։ Այդպես էլ Արցախի ժողովուրդը իր Ազգային խորհրդի 9 հավաքով չի համաձայնել Ադրբեջանի ենթակայության տակ լինել, այլ փաթեթ է ուղարկել Ազգերի լիգա, որ ինքն ինքնորոշվում է 1918—20 թվերին,  ներկայացրել է բոլոր փաստարկները՝ պատմական, քաղաքական, տնտեսական։ Այս հարցը պետք է դիտարկվեր 1920 թ. Ազգերի լիգայի փարիզյան կոնֆերանսում, սակայն մինչեւ կոնֆերանսի սկսվելը Կարմիր բանակն է մտել Արցախ։ Բայց Ռուսաստանը հստակ ասել է, որ ժամանակավոր մտնում է այդ տարածքներ, որոնք պատկանում են միայն Հայաստանին, եւ միայն հետո նրա կարգավիճակի հարցը կլուծվի։
Զրույցը վարեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

20-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO