Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է

Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային զարգացման ծրագիր

«ՀՀ»-ի հարցազրույցի շարունակությունը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
–Իսկ ինչ եք կարծում, կա՞ անհրաժեշտություն Հայաստանի կրթության զարգացման ծրագրի հիմքում դնել ինչ-որ մի երկրի հաջողված կրթական մոդելը։
–Այլ երկրի մոդել ներդնել պետք չէ։ Այսօր Հայաստանում շատ են խոսում, որ եկեք դնենք Սինգապուրի կրթական մոդելը կամ Ֆինլանդիայինը, ԱՄՆ—ինը, Չինաստանինը։ Բայց վերոհիշյալ երկրներից ոչ մեկը Հայաստանին նման չէ, որովհետեւ այդ երկրներից ոչ մեկում չկան այն խնդիրները, որոնք մեզ մոտ են։ Օրինակ, այսօր շատ է խոսվում զինված ուժերում արձանագրված վերջին դեպքերի մասին։ Մեր կրթական փաստաթղթերում առաջին կարեւոր հարցը պետք է լինի հետեւյալը՝ ինչպիսի՞ն պետք է լինի այն երկրի կրթական համակարգը, որում զինվորական ծառայությունը տղաների համար պարտադիր է։ Այս հարցը պետք է դնենք, եւ պետական փաստաթղթերում դրա պատասխանը պետք է լինի։ Ֆինլանդիայի կրթական փաստաթղթերում այդ հարցը չի կարող լինել, իրենց դպրոցը խնդիր չունի տղաներին պատրաստելու զինվորական ծառայության, բայց մենք ունենք այդ խնդիրը։ Արդյոք մեր դպրոցի առաջ այդ հարցը դրվե՞լ է։ Ռազմագիտության առարկայի դասավանդումը կամ հայրենասիրական միջոցառումների անցկացումը բավարա՞ր են։ Իմ կարծիքով, ոչ, որովհետեւ մեր երկիրը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային զարգացման ծրագիր։ Արդյոք մենք ունե՞նք էմոցիոնալ կրթություն, որը շատ կարեւոր է բանակում արձանագրվող կոնֆլիկտները մեղմելու համար։
–Զարգացած երկրների կրթական համակարգերի առանձին բաղադրիչների՞ց էլ օգտվելու կարիք չունենք։
–Մենք կրթական մոդելները պետք է գրենք Հայաստանի համար։ Կարելի է օգտվել այլ երկրների մոդելների առանձին բաղադրիչներից։ Օրինակ, Ֆինլանդիայում շատ լավ է դրված դպրոցից դուրս երեխաներին աջակցելու մոդելը։ Կարող ենք այդ մի բաղադրիչը վերցնել այդ երկրից։ Սինգապուրից կարելի է վերցնել կրթության արժեքային բաղադրիչը։ Այդ երկրում արժեքներն են կարեւորում։ Տարբեր երկրներից առանձին բաղադրիչներ վերցնելու դեպքում էլ, միեւնույն է, մեր մոդելը պետք է լինի ինքնատիպ։ Կրկնում եմ, ունենք բանակի հարցը, աղքատության հարցը։ Չենք կարող վերցնել Ֆինլանդիայի մոդելը, քանի որ այն հարուստ երկրի մոդել է։ Սինգապուրի մոդելն էլ չենք կարող ներդնել, քանի որ այն ավտորիտար երկիր է։ Եթե որոշել ենք ժողովրդավարական մոդելով գնալ, իսկ ես գիտեմ, որ չենք որոշել ավտորիտարի անցնել, նշանակում է, Սինգապուրի մոդելը մեզ մոտ չի աշխատի։ Միշտ պետք է հայաստանակենտրոնի տեսանկյունից մտածենք, որովհետեւ կրթությունը, վերջին հաշվով, ինչի համար է՝ մեր խնդիրները լուծելու։ Եթե առաջիկա տարիներին կրթության շնորհիվ չկարողանանք բանակի բարոյահոգեբանական վիճակը բարելավել, ուրեմն մեր այդ համակարգը լավը չէ։ Կրթության համակարգը ժամանցի վայր կամ աննպատակ 12 տարի անցկացնելու տեղ չէ։ Եթե այս պահին առաջնային է բանակի հարցը, ուրեմն կրթական համակարգը պետք է ստրատեգիական հարց դնի, թե ի՞նչ է արվում, որպեսզի բանակի հետ կապված բարոյահոգեբանական հարցերի լուծմանը նպաստի, կամ ի՞նչ պետք է անել, որ այս երկրում աղքատությունը նվազի։ Ի՞նչ պետք է սովորեցվի դպրոցում, որպեսզի այսօրվա աշակերտը վաղը խույս տա աղքատությունից։ Շատ հաճախ բողոքում են, թե երիտասարդները տանն են նստել եւ չունեն աշխատանք։ Բայց մենք, արդյոք, սովորեցրե՞լ ենք աշխատասիրություն։ Երեխաների զգալի մասն ինչո՞ւ են ծույլ, որովհետեւ նրանք 12 տարի դպրոցում ոչ մի բան չեն անում։
–Ինչպե՞ս եք պատկերացնում ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը։
–Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչ, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների մեջ ձեւավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ։ Հիմա դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք՝ էգոիզմի հետ կապված։ Այս դարաշրջանում, երբ ամեն ինչ անհատական է դառնում, ասենք, հեռախոսը, ավտոմեքենան, հեռուստացույցը, երեխաների մեջ ուժեղանում է էգոիզմը։ Մարդիկ արդեն դժվարությամբ են միմյանց մեջ ինչ—որ բան կիսում։ Երբ այդ տղան գնում է զինված ուժերում ծառայելու, արդեն նրա մեջ ձեւավորված է էգոիզմը, կողքինի հետ չկիսվելը դառնում է կոնֆլիկտների հիմնական պատճառ։ Օրինակ, վերջերս վարչապետն էլ էր կոնֆլիկտի պատճառի օրինակ բերել, երբ մի զինվորը մյուսին ասել էր՝ ինչո^ւ պետք է իմ վարտիքը լվացվի քո վարտիքի հետ, եւ այդ խոսակցությունն ավարտվել էր սպանությամբ։ Իհարկե, մեզ ռազմահայրենասիրական կրթություն պետք է, բայց դեմ եմ, որ դա արվի հին քարոզչական մեթոդներով, ինչն արդյունավետ չի լինի։ Պետք է դպրոցականը հասկանա, թե ինչ երկրում է, եւ միմյանց հանդեպ լցված լինեն կարեկցողի ու մարդկային այլ որակներով։ Հասկանա, որ երկու տարվա ծառայության ընթացքում պետք է աջակցեն իրար, այլ ոչ թե միմյանց դեմ դուրս գան։ Դպրոցում պետք է սերմանել այս գաղափարները։ Պետք է սերմանել, որ գուցե տանը իրենց կարող են թույլ տալ էգոիզմ, բայց բանակը պետական անվտանգության լուրջ կառույց է, եւ անթույլատրելի է, որ ինչ—որ մեկն իր շահն առաջ տանի ու ոտնատակ անի ծառայակիցների շահերը։
Հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ։ Հայաստանն արդեն 7—8 տարի մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի պատրաստմանը, որն անցկացնում է Արաբկիրի դեռահասների առողջության ինստիտուտը։ Այդ զեկույցով արդեն մի քանի տարի ահազանգվում է, որ Հայաստանում 13—15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են։ Հարց է ծագում այս խնդիրը ո՞վ պետք է լուծի, եթե կրթությունն այս հարցը չի դնում իր օրակարգում եւ չի հավաքում տնօրեններին, դաստիարակության հարցերով փոխտնօրեններին։ Դպրոցը, իհարկե, չի կարող շատ հարցեր լուծել, շատ բան կախված է ընտանիքից, երկրի վիճակից, բայց մենք էլ մեր մասով փորձենք վիճակը լավացնել։ Եթե կրթությունը քայլեր անի, ընտանիքը քայլեր անի՝ այդ ամենը կբերի ավելի լավ վիճակի։
–Փորձագետների շրջանում կարծիք է շրջանառվում, որ շատ ցածր է դիմորդների գիտելիքների մակարդակը։ Ինչպե՞ս կգնահատեք դպրոց—բուհ անցման գործընթացը։
–Այսօր այդ հարցը շատ սուր դրված չէ, քանի որ բուհ ընդունվելը շատ է հեշտացել։ Եթե նախկինում 19 հազար դիմորդ 12 հազար տեղի համար մրցակցում էին, ապա հիմա նույն տեղերի համար կա 11 հազար դիմորդ։ Այս դեպքում դպրոց—բուհ խնդիրը մի փոքր այլ ձեւով է դրվում։ Նախկինում հարցն այն էր, թե ինչպե՞ս անել, որ երեխաները դպրոցից հեշտ անցնեն բուհ՝ առանց մասնավորի մոտ պարապելու։ Հիմա կարող են դա հեշտությամբ անել։ Այսօրվա խնդիրն այն է, թե ինչպես անել, որ 7 կամ 8 բալով ընդունված երեխաները կարողանան բուհերում սովորել, քանի որ, օրինակ, ԵՊՀ—ի ծրագիրը գրված է այն ուսանողների համար, ովքեր ունեն 13—14 միավորի գիտելիքներ։ Եթե դու ֆիզիկայի ֆակուլտետ ես ընդունվել ու ստացել ես 7,5 բալ, ապա չես կարող այդ ֆակուլտետում սովորել, քանի որ ֆիզիկա չգիտես։
–Ինչն է այդ մակարդակի պատճառը՝ ոչ արդյունավետ ավագ դպրո՞ցը։
–Շատ սուր է այն հարցը, թե դպրոցականը ի՞նչ է անում 11—12—րդ դասարաններում։ Մեզանում կրթության տեւողությունը երկարացվեց՝ 10—ից դարձնելով 12—ամյա, բայց բովանդակությունը մնաց նույնը։ Մյուս կողմից էլ դպրոցներում ունենք 18 տարեկան երեխաներ, ովքեր 10—15 տարի առաջվա 20 տարեկանի հասունություն ունեն, քանի որ տեղի է ունեցել աքսելերացիա, որից հետո երեխաներն ավելի արագ են հասունացել։ Հետեւաբար, ուսուցիչներն էլ ունեն խնդիր՝ աշխատելու այդ երեխաների հետ։ Նրանց մի մասը կարողանում է աշխատել, մյուս՝ զգալի մասը՝ ոչ։ Խնդրի լուծում կարող է լինել ավագ դպրոցում ուսուցումն ավելի պրակտիկ ու հետաքրքիր դարձնելը։ Պետք է մեխանիզմներ մշակվի, որպեսզի ավագ դպրոցներում պատրաստված մասնագետներ գնան դասավանդման, որովհետեւ այդ տարիքի երեխաներն ամեն ուսուցչից չէ, որ կարող են սովորել։ Եթե ուզում ենք ավագ դպրոցում այդ խնդիրը չունենալ, լուծումը կրկին պետք է ներքեւից տանք։ Այսինքն՝ մշակված կրթական ռազմավարությամբ երեխային սովորող պետք է դարձնել մինչեւ 10 տարեկանը։ Ցածր տարիքում կարող ես երեխայի մեջ սեր առաջացնել սովորելու նկատմամբ, եթե այդ տարիքը բաց թողնվեց, ապա ավագ դպրոցում 17 տարեկանին ուսուցիչը չի կարող սովորեցնել։ Ոչ ավագ դպրոցը, ոչ էլ համալսարանը չեն կարող լուծել այս հարցերը։ Կրթության համակարգը պետք է երկրի կրթական խնդիրներին լուծում տա։ Այն չպետք է լինի պահպանման սենյակ՝ երեխաներին 12 տարի այնտեղ պահելու համար։ Եթե կրթությունն այս հարցերը չլուծի, նշանակում է՝ կրթական համակարգ չկա։ Այսօր կարող են մի քանի շնորհալի աշակերտ միջազգային մրցույթներից մեդալներ բերել, բայց դա կրթություն չի։ Այդ մեդալ բերողներն իրենց անհատական ունակություններով են բերում եւ կարող են առանց դպրոցի՝ մասնավոր պարապմունքների միջոցով էլ բերել։ Կրթությունը վարժեցումից տարբերվում է այնքանով, որ դպրոցականները ստանում են ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ սոցիալական գիտելիքներ այն մասին, թե ինչպես իրար հետ հարաբերվեն։
Հարցազրույցը վարեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

20-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO