Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նա ապրում էր իր զարմանալի խոհերով…

Մեծանուն հայագետ Ղեւոնդ Ալիշանի 200-ամյակի (1820-1901) առթիվ

Իրականությունը նրա գրչի տակ երազ է դարձել, երազը՝ իրականություն։
90-ական թվականների՝ մեր սերնդի համար նա ամենահմայիչ անունն էր, նրա՝ Նահապետի սքանչելի բանաստեղծությունները... Մենք անգիր գիտենք, մեր դասագրքերի զարդն էին։
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Վաղ առավոտից նա ոտքի վրա է եւ երերալով եկեղեցի է գնում՝ մրմնջալով Շնորհալու «Զարթիքը» եւ ուշ գիշերին անկողին է մտնում՝ մրմնջալով իր այրված սրտի զեղմունքը.
«Ով դու ի վաղուց մոռացված հայրենիք,
Ով դու իմ սրտիս անմոռաց տեղիք...»։
Նա Վենետիկի բնակիչ չէ, այլ Ս. Ղազարի, ուր ապրում է իր երեւակայական հայրենիքում, իր կարմրիկ Ավարայրում, ուր, ավա՜ղ, դարերը անընդհատ թարմացնում են արյունը, իր Տղմուտի ափերում, որ հազար հինգ հարյուր տարի է՝ էլ վճիտ չի հոսում։ Նա ապրում է իր զարմանալի խոհերով, որոնք թանձրանում, ծնունդ են տալիս «Այրարատին», «Սիսուանին», «Շիրակին», ուր ավերակների ծուխն ավելի է, քան ջրաշատ Հայաստանի աղբյուրների ջրերը։ Կարդալով Ավետիս Ահարոնյանի՝ Ղեւոնդ Ալիշանի մասին արված այս հիշատակությունը, մտովի հայտնվում ես ալիշանական աշխարհում, մտապատկերում տեսնում մեծանուն հայագետին՝ երկարավուն սպիտակ մորուսով, լայն խորհրդավոր ճակատով, խոշոր իմաստուն աչքերով։ Ղեւոնդ Ալիշանը Մխիթար Սեբաստացու աստվածապարգեւ լուսավորչական առաքելության հանճարեղ շարունակողն էր։ Նա պատմաբան—հայագետ էր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասեր, բանագետ—աստվածաբան, աշխարհագրագետ։ 1849 թվականից մինչեւ 1851 թ. Մխիթարյան միաբանության կարեւորագույն պարբերականի՝ «Բազմավէպի» գլխավոր խմբագիրն էր։
Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը։ Ալիշանն իր կենդանության օրոք, գրականագետի խոսքով, բազմաթիվ կոթողային աշխատությունների համար արժանացել էր միջազգային ճանաչման։ Ֆրանսիայի ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր էր, Իտալիայի, Մոսկվայի, Ս. Պետերբուրգի հնագիտական ընկերությունների, Վենետիկի ու Ենայի փիլիսոփայական ակադեմիաների անդամ։ Տիրապետում էր դասական ու եվրոպական հիմնական լեզուներին։ Հայկական ձեռագրերի գանձերի հարստությունը նրա ջանքերի շնորհիվ հարստացրել է հայագիտությունը եւ համընդհանուր գիտությունը։
«Պարզապես անհնար է, որ որեւէ մեկն ըստ ամենայնի հետազոտի ու ներկայացնի Ալիշանի թողած ողջ մատենագրական ժառանգությունը, որի համառոտ մատենագիտությունը առանձին գրքույկով տպագրել են Մխիթարյանները՝ իրավացիորեն այն խորագրելով որպես «Ալիշանեան մատենադարան»։ Ալիշանը բազմագիտակ էր՝ բառի ճշգրիտ նշանակությամբ։ Նա խորքով ծանոթ էր համաշխարհային պատմությանն ու գրականությանը, մարդկության դարավոր ընթացքին։ Թեպետ երբեք չի եղել Հայաստանում, սակայն իր երկերում ամենատես աչքով ներկայացնում է Մեծ Հայքի գլխավոր նահանգները, ինչպես նաեւ Կիլիկյան Հայաստանը։ Ապշեցուցիչ են պատմական բնակավայրերի նրա ճշգրիտ նկարագրերը»,–ընդգծում է գրականագետը։
Մեծ հայրենասերն ու մարդասերը, Ա. Դոլուխանյանի ձեւակերպմամբ՝ դեռ շատ երիտասարդ, ուներ իմաստուն տարեցի գիտելիքներ ու որպես հավերժ ուսուցիչ հիշեցնում է եկող հայ սերունդներին, որ նրանք սերում են Նոյից, քաջ Վարդանից ու պետք է միշտ հիշեն, որ շառավիղներն են Տիգրան Մեծի ու Տրդատ Մեծի՝ արքաներ, որոնց ժամանակ Հայաստանն ապրում էր բարեկեցիկ կյանքով ու հզոր էր։ Նա նաեւ առանձին ուսումնասիրություն ունի նվիրված Արցախին։ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնավորապես հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը Արցախի պետական համալսարանի հետ կազմակերպում են միացյալ գիտաժողով, որը տեղի է ունենալու Ալիշանի համար այնքան սիրելի Գանձասարի վանքի մատենադարանում։ Կազմվող ժողովածուն ներառում է երկու բուհի դասախոսների հոդվածները, որոնք ներկայացնում են Ալիշանի ծով ժառանգության փոքրիկ, սակայն կարեւոր կաթիլները։ Ժողովածուն երախտագիտության համեստ արտահայտություն է՝ նվիրված հանճարեղ Ալիշանին եւ նրա ծննդյան 200—ամյա հոբելյանին»,–տեղեկացրեց գրականագետը՝ հավելելով, որ Ալիշանի օրհնանքը եւ Գանձասարի՝ հերոսական գործեր տեսած վանքը օրհնություն կբերեն Հայաստանի ու Արցախի գիտական կյանքը մշտապես ծաղկուն տեսնելու սրբազան առաքելությանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Հ. Գ. Արշակ Չոպանյան. «Ալիշան սիրտ մըն էր, բայց շատ մեծ սիրտ մը։
Այդ սիրտը ամբողջապես լեցված էր երկու պարզ ու մեծ զգացումներով՝ Աստծո սերն ու ազգին սերը»։
Դանիել Վարուժան. «Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ։ Այս կնշանակե, թե գիտությունը կժողովրդականացներ։ Իր թանգարանին, իր մագաղաթներու մատենադարանին եւ առհասարակ հայրենի բոլոր ավերակներուն մենությանը վերեւ կախված էր իր հսկայական տավիղը, եւ ահա Խորենացիին խոսքը երգի կը փոխվեր, Եղիշեի աղաղակը՝ դյուցազներգության, Եզնիկի մտածումը՝ երեւակայության, Շնորհալիի աղոթքը՝ օրհներգության, ավերակների տրտմությունը՝ արցունքի, անցյալ նշույլը՝ հրդեհի»։
Ղազարոս Աղայան. «Հայր Ղեւոնդ Ալիշանը դարուս հայկական հանճարի ներկայացուցիչն է։ Իբրեւ բանաստեղծ՝ բոլոր բանաստեղծների նահապետն է, իբրեւ եկեղեցական՝ մի Շնորհալի է, իբրեւ գիտնական՝ մի հանրագետ է»։

09-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO