Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»

Լեւոն Ներսիսյան՝ հատված դասախոսությունից

…Մենք՝ փոքրիկ, ցրված հայ ժողովուրդ, իր մի փոքրիկ մասով, այն ժամանակ Հնդկաստանում՝ «Ազդարար» թերթում մի երկու տող տպագրեցինք... Ամբողջ Արեւելքի պատմության մեջ միակ փոքրիկ, ցավոտ հիշատակությունը ֆրանսիական հեղափոխության մասին։ Բա ո՞նց կլինի, ասում եք, այսպիսի մեծ իրադարձություն է եղել։
Այո՛, նայած որտեղից դիտած։ Չինաստանից դիտած՝ ողորմելի իրադարձություն է։ Այնտեղ մի քանի մարդ իրար սպանեցին, մի քանի մարդ ասացին. «Կորչի՛ թագավորը, գլխատե՛նք թագավորին։ Կեցցե՛ ֆրանսիական հեղափոխությունը»։ Պատկերացրեք, որ հանձնարարված է գրել ընդհանուր պատմություն մի քանի պրոֆեսորների՝ ինձ, մի չինացու եւ մի ֆրանսիացու։ Այդ չինացին, եթե մտածելու լինի չինական տեսակետով, ուրեմն, Չինաստանի պատմության 19—րդ հատորի 3—րդ տողատակի երկրորդ ստորակետից հետո կարող է մի փոքրիկ հիշատակություն անել ֆրանսիական հեղափոխության մասին։ Եվ դա իր չինական հայացքով դիտած։
Ուրեմն, նախքան ինձ նետելը այդ ծովի մեջ, այդ գետի մեջ, որը օվկիանոս պետք է դուրս գա՝ մտքի օվկիանոս, ես պետք է ասեմ ձեզ, թե ես որտեղից եմ դիտում այդ համընդհանուր գրականությունը։ Ասեմ ձեզ, որ մի ժամանակ այս իմ հայտարարության համար ամենաչնչին պատիժը դասախոսական աշխատանքից հեռացումն էր, հետո եւ բանտը…
Ես եկել եմ ձեզ մոտ, որպեսզի համընդհանուր գրականության մասին զրույցներ վարեմ եվրոպակենտրոն տեսանկյունից։ Անշուշտ, այսպիսի եվրոպակենտրոն տեսակետն ունի իր բացերը, թերությունները եւ իր սկզբունքային սխալները։ Բայց հավատացեք ինձ՝ ուրիշ ելք չկա։ Հավատացե՛ք, որ բոլոր հնարավոր կենտրոններից, ես ինչ գիտեմ՝ չինակենտրոն, ճապոնակենտրոն, աֆրիկակենտրոն… այս բոլորը եղել են, եւ ես առիթ կունենամ խոսելու այդ ամենից։
Այս բոլորից նախընտրելին, ուղղակին, ճշմարիտը եւ բացի դրանից, ինչու չէ, ամենահայկականը՝ ասածս եվրոպակենտրոն հայացքն է։ Ինչպես եղել է մեր նախնիների մոտ, ինչպես եղել է Մովսես Խորենացու մոտ, որը հայերեն ամենամեծ գիրքն է գրել։ Անշուշտ, հենց որ ասացի եվրոպակենտրոն, մեր նախորդ զրույցները իրենց իմաստը կորցնում են։ Բառակապակցության անիմաստությունը փոխարինվում է մի միությամբ, որը, այո՛, սահմանափակ է, այո՛, տարածելի չէ շատ ուրիշ ժողովուրդների վրա, բայց միակ արդար ճանապարհն է։
Ուստի եւ, արտասահմանյան գրականության փոխարեն ընդհանուր գրականություն՝ արեւմտաեվրոպական գրականության պատմությունը իր հետագա ճյուղավորումներով։ Սա է լինելու մեր առարկան։ Ի դեպ, երբ ես ընդունվեցի համալսարան, մեր առարկան այդպես էլ կոչվում էր՝ արեւմտաեվրոպական գրականության պատմություն։ Բայց արդեն այդ ժամանակ, իմ ուսանողության տարիներին՝ կռիվը, քաղաքական կռիվը եկավ եւ կործանեց։ Քաղաքական կռիվը բացեցին, այսպես կոչված, նորաստեղծ սոցիալիստական ճամբարի երկրները՝ լեհերը։ Լեհերն ասացին, թե՝ ամոթ ձեզ, մենք բարեկամ, եղբայր ժողովուրդներ ենք, իսկ դուք բաժին ունեք եւ դասավանդում եք արեւմտաեվրոպական գրականություն, այսինքն՝ մեր մասին ոչինչ չեք ասում։ Ամո՛թ ձեզ։ Պրոլետարնե՛ր բոլոր երկրների, միացե՛ք։ Ի՞նչ պիտի պատասխանեին։ Արեւմտաեվրոպական բառը անմիջապես մեջտեղից հանեցին, որովհետեւ լեհերին միացան չեխերը, եւ, գիտե՞ք, իրավունք ունեին, որովհետեւ Միցկեւիչի նման բանաստեղծը բոլորի բանաստեղծն է։ Որովհետեւ 17—րդ դարում, իմիջիայլոց, ասեմ ձեզ՝ 14—17—րդ դարերում Լեհաստանում կար չորս մեծ բանաստեղծ, եւ չորսն էլ հայ էին։ Սիրում եք այդպիսի բաներ, չէ՞։ Դարձի եկած կաթոլիկներ։ Ուրեմն այստեղ էլ, կարծես թե, սկսեցի խաղաղ, հանդարտ, էլի կոտրվեց…
Եվ երկար ժամանակ, մինչեւ այսօր պահպանվում է այդ տձեւ անվանումը՝ արտասահմանյան գրականություն։
Թողնենք էդ բոլորը, բոլոր կռիվները։ Մեր առարկան արեւմտաեվրոպական գրականությունն է՝ իր ճյուղավորումներով նոր աշխարհում, այսինքն, ամերիկյան եւ լատինամերիկյան գրականությունները, այսինքն, եվրոպական ծառից՝ անգլերենից եւ իսպաներենից… Սա է մեր առարկան։ Մնում է մի հարց էլ։ Տեսակետը քննեցինք։ Երբվանի՞ց սկսենք, երբվանի՞ց եւ ո՞ւմից սկսենք ընդհանուր գրականության պատմությունը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, թվում է թե, ամենապարզ պատասխանը՝ երբվանից ո՞րն է՝ սկզբից։ Ո՞րն է սկիզբը։
Հիմա գնամ, թողնելով ձեզ այս հարցը՝ եվրոպակենտրոն հայացքով դիտված գրականության պատմությունը երբվանի՞ց սկսենք։ «Ինչը» պարզեցինք, մնաց պարզենք «երբը»։
Մեր հարցադրումների մեջ հասանք այն պահին, որ պիտի պարզենք, թե ընդհանուր գրականությունը պատմական ո՛ր պահից պետք է դառնա մեր ուսուցման առարկան։ Առաջին ամենապարզ եւ բանական պատասխանը, բնականաբար՝ ընդհանուր գրականության սկզբից։ Այսինքն, նախ մենք պետք է պարզենք, թե այդպիսի սկիզբ կա՞, իսկ եթե կա (անշուշտ կա), պիտի որ լինի, մի բան, որ ընթացքի մեջ է, պետք է սկիզբ ունենա, ապա ե՞րբ է այդ սկիզբը եղել։ Այսինքն, ե՞րբ եւ որտե՞ղ։ Արդյո՞ք մի ինչ—որ տեղում, ինչպես ասված է Աստվածաշնչում։ Այսինքն՝ առաջին մարդ, հետո իր տոհմը՝ Ադամի եւ Եվայի սերունդը։ Դրա՞նք են։ Աստվածաշնչային բանաստեղծական միստիկ միջավայրից եթե հանենք եւ շատ մանրացնենք, այդպիսի մի բան կստացվի։ Ինչ որ մի ժողովուրդ կլինի՞, ինչ որ համայնք կլինի՞, որը առաջինը հոգեւոր ստեղծագործության այս ասպարեզը մտավ, թե՞ այս թե—ի խնդիրը առկախ ենք թողնում։ Պիտի ենթադրել, ինչպես ասում են, ժամանակակից գիտության տվյալներով, որ մարդ արարածը՝ Homo Sapiens—ը, առաջացել է ոչ թե որոշակի մի վայրում՝ առաջին զույգից, այլ տարածված, սփռված է եղել այս երկրագնդի վրա տարբեր զույգերից։ Բուն հեղափոխական պատասխանը եկեք այսօր չտանք։ Ընդունենք, որ ամենահարմարը մեր մտածողական ապարատի՝ մեր գանգի համար… ուրեմն, եթե մենք որոշենք կանգ առնել այդ բանական պատասխանի վրա, որ մարդը, մարդ արարածը մարդկային կերպարանք ստացել է բազմաթիվ կետերում այս երկրագնդի, ուրիշ մի անլուծելի հարցի առաջ պետք է կանգնենք, դրա համար չեմ ուզում վերջնական պատասխան տալ։ Այդ անլուծելի հարցն այն է, թե այսինքն, պիտի կարողանանք պարզել… ասում եմ անլուծելի խնդիր է, պիտի կարողանա՞նք պարզել, թե մարդ որ ասում ենք, ի՞նչ ենք հասկանում։ Ի՞նչ է մարդը։ Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած։ Հիմա հարց նետեմ ձեզ՝ իսկ ապուշները, ապուշները ի՞նչ է, մարդ չե՞ն։ Մա՛րդ են։ Ուրեմն… եւ այլն։ Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է։ Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով։ Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի։ Մինչդեռ, ինչ սեր, երբ մարդիկ հազարամյակներով իրար կոտորել են, իրար դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք, որոնք երբե՛ք ոչինչ իրար չեն արել։ Մեկն ասում է, մեր դարի հանճարեղ գրողներից մեկը, ասում է, հիշելով 17—րդ դարի մեծ փիլիսոփա Ռենե Դեկարտին, որ ասել էր. «Cogito ergo sum»՝ «Մտածում եմ, ուրեմն՝ կամ»։ Այսինքն, այս տեսակ՝ մտածելով կամ… Փոխելով Դեկարտի «Cogito ergo sum»—ը, Սեմյուել Բեքեթը իր երկերից մեկում այսպես էր ասում. «Ի՞նչ է անում այս մարդը։ Լաց է լինում։ Ուրեմն՝ կա՛»։ «Լալիս եմ, ուրեմն, կա՛մ»։ Որովհետեւ, ասում էին, ի դեպ, թե գազանները լաց չեն լինում, ինչպես նաեւ, չեն ժպտում։ Բայց վերջին տասնամյակների ընթացքում, երբ հատուկ գիտությունը սկսեց զբաղվել կենդանական աշխարհի, գազանների եւ իրենց միջավայրում ապրած կյանքով… Օրինակ, Կոնրադ Լորենցը՝ այդպիսի մեծ գերմանացի կար, ով սկսեց այդ բոլոր հետազոտությունները, ասաց, որ ո՛չ, սա էլ կա՝ լալիս է, լալիս է։
Պատրաստել է Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO