Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բանականության սահմանից այն կողմ

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բժիշկ (ծնվել է 15 փետրվարի 1885 թ. Սիլիվրիում՝ Ստամբուլի մարզ, Թուրքիա, սպանվել է 26 օգոստոսի 1915 թ. Չանկիրիում՝ աքսորի ճանապարհին)
«Վաղուց, շա՜տ վաղուց, մի ներկայացման հոգեթով պահին, ամբոխի մեջ հանկարծ հայտնվեց սեւահոն, սեւակ, թեեւ պատանի, բայց մի բանաստեղծ... եւ ճանապարհի փոշին դեռ վրան, հայաշունչ թատրոնի շուրջ հավուր պատշաճի ճառ արտասանեց,–գրում է Փափազյանը իր հուշերում ու շարունակում.–Այնքան սիրեցի ես այդ տղեկին, եւ արտասանած նրա խոսքերը մտքիս ծալքերում մեխվեցին այնպես, եւ որ հետագա օրերիս հոլովման մեջ, թեեւ իմ ճամփին այլեւս չհանդիպեց, բայց հոգուս խորքում պահեցի նրան անանց, անմոռաց, այնպես հարազատ... որ այսօր անգամ, այո, չեմ կարող եւ չեմ էլ ուզում պոետի ձայնը... պոետի տավղիցը զանազանել»։
Տաղանդներ շատ կան աշխարհում, հանճարների պակաս էլ, կարծես, չկա, սակայն թե՛ մեկի, թե՛ մյուսի մեջ փնտրված բան է, որ տաղանդավոր ու հանճարեղ մտածողը նաեւ մարդ լինելու տաղանդը կամ հանճարն ունենա, եւ, կարծես, սա է պատճառը Սեւակի հետ՝ այդ ոչ այնքան մերձ հանդիպման զորեղ տպավորությունը մարդկային հոգիների այնպիսի քննողի վրա, ինչպիսին Փափազյանն է։
Միամիտ բանաստեղծ չէր Սեւակը, որ չհասկանար, թե ինչ է կատարվում Թուրքիայում այդ դժնդակ տարիներին, եւ դարձյալ միամիտ չէր այնքան, որ հույս դներ սոսկ բանաստեղծական խոսքի պոռթկումի ու բողոքի վրա, սոսկ խոսքի ուժի վրա։ Նա համատեղում էր քաղաքական գործչի, բժշկի ու մտածողի ներդաշնակ միասնությունը, որն ընդհանուր հայտարարի էր գալիս նրա մարդ տեսակի հետ. ոչ միայն խոսել, այլեւ գործել, գործել հնարավոր բոլոր միջոցներով, ձայն տալ ոչ միայն յուրայիններին, այլեւ աշխարհին կոչել սթափության։
Նա զգում էր կոտորածի ահասարսուռ մոտալուտ լինելը եւ կոչ էր անում «մարդկօրէն կատղիլ», ապստամբել, զենք վերցնել, եւ 1908 թ. օգոստոսի 8—ին համարձակ ելույթ է ունենում հրապարակայնորեն. «Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչեւ ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձեւացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կÕուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չÔըլլար ու մեր բնական յարմարութիւնը՝ դերասանութիւնը»։
Ամեն տեսակ պատկերացումներից վեր է հոգեկան այն վիճակը կամ կաշվից դուրս գալու կերպը, որին տիրապետում էր այդքան երիտասարդ ու կյանքին սիրահարված բանաստեղծը, ում համար կյանքը սոսկ սեր է ու սիրո երազանք, այդպես կամային ու հասուն՝ անձը նվիրաբերել քաղաքական ու ազգանվեր այնպիսի պայքարի, մի միջավայրում, ուր արյան հոտն առավել էր, քան սիրուց գինովնալու անուրջը կարող էր լինել.
Եկո՜ւր, եկո՜ւր, եկուր սիրե՜նք կաթոգին,
Ով չի սիրեր պիտի մեռնի առհավետ.
Սերը պե՛տքն է, երազն է կյանքը կյանքին.
Սերը մահվան մեջ անուրջն է արփավետ.
Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին։
Սիրո եւ ատելության, կյանքի ու մահվան, լույսի ու խավարի տեսանելի ու անտես միջանցքներում մարդ մնալու տաղանդը երբեք չլքեց Սեւակին, այն աստիճան, որ սարսուռ է անցնում մարմնով, ով փորձում է թափանցել այդ վեհանձն ու ըմբոստ մարդու ներաշխարհը, փորձում ապարդյուն կերպով բացատրել անբացատրելին։
Թուրքերի դեմ զենք վերցնելու, ապստամբելու կոչ անող քաղաքական գործիչ Սեւակը՝ հավատարիմ հիպոկրատի երդմանը, որ աքսորված էր Չանղըրում, բուժում է թուրք ավազակապետ Իսմայիլի աղջկան, սակայն կտրականապես հրաժարվում է ընդունել Իսմայիլի խորհուրդը՝ ամուսնանալ աղջկա հետ եւ, իսլամություն ընդունելով, փրկել կյանքը սպառնացող վտանգից։ Չանղըրի չերքեզ փոխկառավարիչը, որ Իսմայիլի բարեկամն էր, անզոր պատասխանել է. «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել»։ Փոխկառավարիչն ինչ... աշխարհը թքած ուներ այն ամենի վրա, ինչ կատարվում էր օսմանյան Թուրքիայում. Ռուբեն Սեւակին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի եւ Սոֆիայի նրա դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Կ. Պոլսում դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկել նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապել—Չիլինկիրյանը... Ապարդյուն։
1915 թ. օգոստոսի 25—ին Ռուբենը հեռագրել է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ գտնվում է Այաշի բանտում, իսկ հաջորդ օրը չորս բախտակիցների հետ գազանաբար սպանվել թուրք չեթեների կողմից՝ քարերով ու յաթաղաններով, անասելի խոշտանգումների ենթարկվելով, միաժամանակ ականատես լինելով իրենից առաջ սպանվող բախտակիցների անմարդկային տանջանքներին. ահա սա եղավ թուրքական ոհմակի պատասխանը բազում կյանքեր փրկած բժշկի մարդկային անխարդախ վերաբերմունքին...
Խոշտանգո՞ւմ. մի՞թե մարմինն է սոսկ խոշտանգվում եւ նա, ով խոշտանգվում է իրապես, իսկ նա, ով հիշում է, ով ցավում ու բեկբեկվում է անզորությունից, ով ցասումնալից՝ որպես Սիամանթոն, առ երկինք է նետում բառեր, որ տիեզերքը պիտի ճեղքեին, խավարն իսկ ոչ մի շողով չեն ցնցում, ի՞նչ անել այդ դեպքում, ինչքա՞ն գոռալ կոկորդով մեկ. «Ով մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ», քանզի հիշողությունը հավիտյան վերքը քանդելու բնույթով է օժտված, ինչպես որ խոստովանում է Ռուբեն Սեւակին կյանքում ընդամենը մեկ անգամ տեսած եւ երբեք մտքից չհանած մեծ արտիստը՝ Վահրամ Փափազյանը. «Եվ ծանր գիշերներիս մղձավանջի մեջ, երբեմն ընդոստ զարթնում ու լսում եմ աղեգալար յոթնաղի տավղի խզված լարերի ողբակոծ ճիչը, որոնց թրթռումը մշտնջենական բողոքի նման, տավիղ կործանող սրիկաների սեւ հիշատակին հրո խարազանն եղավ, քանի կան օրեր, հավիտենական ու անհողդողդ տիեզերքի մեջ»։
Քանի կան օրեր, մեկ առ մեկ պիտի հիշենք մեր ազնվացեղ մեծերին, նրանց, ովքեր աշխատանքն ու կյանքն էին փառաբանում, բայց զոհ դարձան նախճիրների դժոխային խրախճանքի զոհասեղանին, որոնց թվում էր եւ Երուխանը։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

10-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO