Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Անհնար է լռեցնել սիրտը, որը երգում է

Շառլը ծնեց Շառլին, եւ աշխարհն ընդունեց այդ ծնունդը հիացմունքով

Նա աչքի չէր ընկնում արտաքինով, եւ ամբոխի մեջ հազիվ թե մատնացույց անեին նրան. փող չուներ, որ դաշնամուր գներ, բայց երգում էր, ու ձայնն էլ բանի նման չէր։ Երազում էր դաշնամուր ունենալու մասին. առանց դրա՝ ի՜նչ երգ, իսկ առանց երգի՝ ի՜նչ սեր... Փարիզը քմահաճ էր, բայց ոչ այնքան, որ ապրեր առանց երգի... Հացը կարեւոր էր, բայց առանց երգի՝ անիմաստ... Շառլը մենակ էր՝ իր սրտի ու երգի հետ...Կարող էր, իհարկե, ինքն իր համար երգել, սակայն մի՞թե պատահականություն էր իր տեսակը այս աշխարհում, այնտեղ, ուր այնքան եռուզեռ էր, ուր ամեն տեսակ մարդ կար, ուր երգում էր Էդիթ Պիաֆը՝ ամենեւին աչքի չընկնելով ցնցող արտաքինով, ինչպես ինքը, նույնպես՝ ձայնով խռպոտ, Ժիլբեր Բեկոն, որ նույնպես չէր կարող պարծենալ Իվ Մոնտանի ձայնով... Ուրեմն՝ ինչ՝ նահանջե՞լ, թե՞ ապացուցել. ապացուցել, որ հենց այնպես չի ծնվել, որ սիրտը չի կարող երգել հենց այնպես, իսկ նա երգում է, ավելին՝ զգում ու ապրում եւ հրամայում, հրամայում լինել կատարյալ, քամել ինքդ քեզ ու ստիպել, որ աշխարհն ընդունի սրտի ձայնը...
Իսկ սրտի ձայնը պոեզիան էր, կյանքի ռիթմը, ապրելու տակտը, սիրո մեղեդին, որ անհնար է մատնել մենակության, քանզի այն մենակի՛ զգացմունք չէ, այն պետք է կիսվի, կիսվի, որ կայանա... Պոեզիան, որ ծնվում է չորս պատի մեջ՝ մենակի տիրույթում, պոեզիան, որ ընթերցվում է մենակ՝ դարձյալ չորս պատի մեջ՝ մենակի տիրույթում, հանկարծ դառնում է երգ ու այլեւս չի կարող պարփակվել այդ նույն՝ մենակի տիրույթում. այն թռչում, սավառնում է՝ գրավելով տարածություններ ու աշխարհամասեր, անցնում բոլոր սահմանները, կտրում ծով ու ցամաք ու ապրեցնում, ոգեշնչում, թույլ տալիս թեւածել երազանքների հետ ու հավատալ, հավատալ կյանքին...
Շառլը հավատում էր, հավատում՝ անկախ այն բանից, որ հազիվ էր ընտանիքը փրկվել թրքական սրից ու կրում էր այն արյունալի ու դաժան հիշողությունը, որ պարտադրվել էր հայ ազգին, հավատում այն թշվառության մեջ, երբ ապրում էին Լատինական թաղամասում՝ Մսյո լե Պրենս փողոցի վրա, ուր փող հայթայթելը գոյատեւման համար հաճախ այնքան անհույս էր դառնում, որ արտիստներն ստիպված էին համաձայնել մասնագիտության հետ կապ չունեցող տարատեսակ աշխատանքների, միայն թե կարողանային ընտանիք պահել։
Շառլը տպավորվող էր ու զգացմունքային, եւ կյանքը, ինչպիսին էլ լիներ, թափանցում էր նրա պոեզիա, ու, ասես, գրի առնելով, հաղթահարում ծանր բեռը, որ վիճակվել էր ապրել.
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն—դե—Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր՝
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր։
Մենք հիշում էինք անցավորներին՝ Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչեւ լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,—
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին—հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը եւ գինին։
Մանկությունն անցկացնել մի թաղամասում, ուր ապրում էին երգիչներ ու դերասաններ, ովքեր խոսում էին զուտ հայերեն ու ռուսերեն, ովքեր մի կերպ էին հայթայթում օրվա հացը, ովքեր ունեին ներկա, բայց ոչ երբեք ապագա, չքնաղ, աննման մարդիկ, որ ապրում էին լոկ երազանքներով, գինու մեջ խեղդում թշվառությունն ու կենացը խմում սիրո, լինել նրանցից մեկը ու հավատալ ապագային, ծնել ինքն իրեն ու մարտահրավեր նետել ճակատագրին, կամքի հսկայական ներուժ է պահանջում մեկից, ով այլ նեցուկ ու հենարան չունի, բացի այն, ինչ ինքն է։
Շառլը նվաճեց աշխարհը սիրով ու մեծ սրտով, Ֆրանսիայում ապրող «փոքրիկ» հայը աշխարհը նվաճեց մարդկանց սրտերի հետ խոսող երգի ուժով. նա արեց այն, ինչ չհաջողվեց Նապոլեոնին՝ զենքի՛ ուժով։
Շառլը բազմազան է ապրումներով ու հույզերով՝ բոհեմական ու խոհուն, հեգնական ու կատակային, զգայուն ու ողբերգական, սակայն միշտ լավատես ու բարի։ Նա կարող է դուրս գալ ընդունված շրջանակներից, բայց ոչ երբեք կոռեկտության ու բարոյականության սահմաններից. նրա ազատությունը ցնծագին է, վարակիչ, բայց ոչ երբեք նսեմացնող, ոչ երբեք այլոց արժանիքները ծաղրող։ Բանաստեղծություններով պատմում է սովորական, առօրյա կյանքի մասին, այնպես, առանց պաթոսի, առանց շեշտադրման, պարզապես զրուցում, կարծես, ինչ—որ մեկի հետ, կիսվում է հենց այնպես՝ ոտքի վրա կամ սեղանի շուրջ, բայց եւ ընթերցողի համար դառնում հայտնություն՝ ինչպե՞ս, ո՞նց... Դե, արի ու մտածի քիմիական տարրերով լի «բժշկական» մի սիրո մասին, որ եւ հաճույք է պատճառում, եւ սիրողին դարձնում ակամա «խաչակիր»։ Շառլի հումորն այստեղ, թվում է, գերազանցում է անգամ իր իսկ սպասածին ու բացվում ինքն իրեն, ջրի պես հոսելով. կինը, որ երազում է բժիշկ դառնալ, սիրո անկողնում՝ կես—լուրջ, կես—կատակ, թվարկում է այն բոլոր քիմիական տարրերը, որ իր մատների տակ են։ Մինչդեռ հերոսը «տանջվում» է դրանից, ընկերները նախանձում են նրա «բժշկական» սիրուն, որոնց կարծիքով բժիշկն անկողնում պետք է որոնի հանճարեղ բաներ, այնինչ՝
Հանճարեղն այն է, որ մթան մեջ ես
Դասընթացներին ներկա եմ կարծես,
ՈՒ ապրում եմ լոկ բժշկական սեր։
Ես ձեզ երդվում եմ (դա մեր մեջ ասած),
Տանջվում եմ սիրո իմ բարդույթներով,
Քանզի զգում եմ՝ մինչեւ լուսաբաց,
Նա ինձ կհերձի իր այդ խոսքերով։
Տանջանքը՝ տանջանք, բայց տանջանքի քաղցրությունը մատնվում է հենց այն կատակով ու լրջությամբ, որ նրբորեն միահյուսված են անկեղծ զգացմունքների «խայթոցներով», այնպես, որպես հատուկ է սիրողին՝ սերը այլոց չմատնելու համար.
Պատում է գիշերն ինձ մի զգացում.
Մարմնամարզության դասեր եմ առնում։
Տեսնու՞մ եք, որ նա խելքից պակաս է.
ՈՒրիշներն ունեն քնարաշունչ սեր,
Խենթուխելառ կամ գաղտնաշշունջ սեր,
Բժշկական սեր իմ խաչն էլ սա է։
Ազնավուրը հախուռն ու նվիրյալ է ոչ միայն արվեստում, այլեւ հասարակական—քաղաքական կյանքում. նա իրեն չբացառեց որեւէ այլ ասպարեզում, ուր սիրո, նվիրումի ու բարության, մարդկայնության կարիք կար, եւ հասցրեց լինել ամենուր ու ամենքի հետ, այնպես՝ որպես թե մի բժիշկ, որի խաչը ուսին է հավիտյան։
(Բանաստեղծությունների թարգմանությունները՝ Սամվել Գասպարյանի)։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

22-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO