Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»

Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն զրուցում է մեր ժողովրդի պատմության եւ այն փիլիսոփայության մասին, որն ընկած է այդ պատմության հիմքում՝ ո՞րն է մեր գոյատեւման բանալին։
–Դուք մաթեմատիկայի դասախոս էիք եւ հանկարծ որոշում եք զբաղվել պատմությամբ։ Դա ինչպե՞ս տեղի ունեցավ։
–Երբ 1977 թ. գնացի Թուրքիա՝ ծնողներիս ծննդավայր այցի (նրանք ծնվել են Սեւ ծովի ափին՝ Սամսոն քաղաքում), շատ տպավորվեցի այդ երկրով, զինվորի պես կանգնած նրա բերդերով։ Որոշումս կայացավ դրանից հետո։
–Կարելի է ասել՝ մաթեմատիկան Ձեր հոգու կանչը չէր։
–Այո, կարելի է եւ այդպես ասել։ Շատերն ինձ ասում են՝ ինչո՞ւ չես թողնում մաթեմատիկան։ Բայց ես շատ հարմար տարբերակ եմ գտել. այն, ինչ վաստակում եմ մաթեմատիկայի շնորհիվ, դրանով ապահովում եմ կյանքս եւ ծախսում եմ պատմությունն ուսումնասիրելու վրա։
–Որպես պատմաբան՝ ի՞նչ օրինաչափություն եք նկատել մեր ժողովրդի կյանքում։ Կամ՝ այսպես ձեւակերպեմ՝ մենք կարողացե՞լ ենք պրագմատիկ քաղաքականություն վարել։
–Անկասկած։ Հակառակ դեպքում հայ մշակույթը գոյություն չէր ունենա։
–Մշակույթը։ Իսկ պետականությո՞ւնը...
–Պետականությունը, ճիշտ է, երկար դարեր կորցրել էինք, բայց նորից կարողացանք վերագտնել։ Շատ ժողովուրդներ կային մեր տարիքի, իսկ ու՞ր մնացին նրանք։
–Կան եւ մեզ տարեկից ազգեր, որոնք ոչ միայն իրենց պետականությունը պահեցին, այլեւ մնացին ուժեղ եւ հզոր։ Օրինակ՝ Պարսկաստանը։
–Պարսկաստանը մեծ եւ հարուստ հնարավորությունների երկիր է, իսկ Հայաստանը փոքր է թե ժողովրդի քանակով, թե տարածքով։ Եվ կարողացավ հզոր հարեւանների արանքում իր մշակույթը պահպանել։
–Իսկ ես կարծում եմ, որ եթե ճիշտ քաղաքականություն վարած լինեինք, կունենայինք հզոր եւ ուժեղ պետություն։ Գտնվելով արեւելք—արեւմուտք առանցքի մեջ՝ մեր աշխարհագրական դիրքը կօգտագործեինք հօգուտ մեզ։
–Ես միշտ ասում եմ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստավոր էր մշակույթի զարգացման համար, բայց վտանգավոր էր քաղաքական տեսակետից։ Հայաստանը այնպիսի դիրք ուներ, որ կարողացավ շփվել գրեթե բոլոր մեծ մշակույթների հետ։ Եվ ո՞րն էր մեր մշակույթի հանճարը՝ փոխանակ ենթարկվելու դրանց, այդ մշակույթների լավագույնը վերցրեց եւ հայացրեց։
–Որպես պատմաբան, Ձեր հետաքրքրությունների առանցքում Կիլիկյան թագավորության շրջանն է։ Պատահակա՞ն է ընտրությունը։
–Ես մեր պատմության մեջ առավել գնահատում եմ այդ ժամանակահատվածը՝ 12—14—րդ դարերը։ Դա մեծ դիվանագիտության շրջան էր, երբ ասպարեզ իջան հանճարեղ քաղաքագետներ։ Օրինակ՝ ինձ համար միշտ հիացմունքի առարկա է եղել Հեթում առաջին թագավորը։ Տեսեք՝ այն ժամանակ, երբ աշխարհին սպառնում էին մոնղոլ—թաթարական հրոսակները, Միջին Արեւելքում եւ Արեւմտյան Եվրոպայում միակ գործիչն էր, որ հասկացավ, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարել։ Հասկացավ, որ «իմ թշնամիների թշնամին իմ բարեկամն է»։ Իսկ այդ ժամանակ մեզ համար վտանգը գալիս էր սելջուկ թուրքերից։ Եվ նա՝ թագավորը, որը ոտքով, որը ձիով հազարավոր կիլոմետրեր կտրեց անցավ, հասավ Մոնղոլիա ու դաշինք կնքեց կայսեր հետ։ Սա հանճարեղ լուծում էր։
–Իսկ ինչպե՞ս կգնահատեք հետագա շրջաններում մեր երկրում վարվող քաղաքականությունը։
–Բանն այն է, որ 1375—ից սկսած մենք պետություն չենք ունեցել։ Ընդամենը պայքարել ենք գոյատեւելու համար։ Առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ։ Խորհրդային Հայաստանն էլ անկախ կյանքի գաղափարներ մեր մեջ չսերմանեց։ Ուստի երբ վերջնականապես անկախացանք, մեր ժողովրդի համար մեծ պետականության իմաստը ըմբռնելի չէր, այդ ավանդույթը բացակայում էր։ Բնականաբար, այդ առումով կացությունը շատ դժվար էր։ Հիմա էլ հեշտ չէ։ Դամոկլյան սրի պես կախված է ղարաբաղյան հարցը, տնտեսական առումով երկիրը ոչ այնքան լավ վիճակում է։ Բայց ոգի կա։ Ես լավատես եմ, ես միշտ լավատես եմ։
–Ըստ Ձեզ, հայրենիքի եւ սփյուռքի դերաբաշխումը ճի՞շտ է կատարված մեր ազգային նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին։
–Միայն մեկ ոլորտում եմ տեսնում հստակ բաշխում։ Դա ցեղասպանության ճանաչման հարցն է։ Հայաստանը պետություն է, այն չի կարող ազատ գործել, ուստի ցեղասպանության հարցի արծարծումը առավելապես դառնում է սփյուռքի գործը։ Մյուս ոլորտների համար շատ դժվար է ընդհանուր հայտարարի գալը, որովհետեւ սփյուռքի մեջ միասնություն չկա, նույնիսկ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ են տարբեր։ Անգամ ձուլվելու խնդրին են տարբեր հայացքով նայում, անգամ տարաձայնություն կա նույն ընտանիքի անդամների մեջ։
–Երբեմն ինձ թվում է՝ մենք գերագնահատում ենք սփյուռքի հնարավորությունը։
–Այո, շատ ճիշտ է։ Բայց պատճառն էլ է հասկանալի. մարդիկ մոտիկից չեն ճանաչում սփյուռքը։ Պետք չէ գերագնահատել, բայց պետք չէ նաեւ թերագնահատել։
–Գավառականություն չկա՞ մեր մեջ, հայաստանցու՝ նկատի ունեմ, մեր մշակույթի, մեր հոգեբանության, մեր կողմից վարվող քաղաքականության մեջ՝ համեմատած մեծ աշխարհի հետ։
–Նման մտածողությունը ինքնարհամարհանք է։ Թեկուզ հյուրասիրության, մարդասիրության առումով ֆրանսիացին ի՞նչ է հայի համեմատ։ Շատ հաճախ, առանց հարցերի մեջ խորանալու, հայը ձգտում է դեպի Արեւմուտք։ Ես դա համարում եմ հայաստանյան բարդույթ։
–Դա, գուցե, ստրկամտության հետեւա՞նք է։
–Հարկավ։ Եվ հեշտությամբ մոռանում ենք, որ այն երկրները, որոնցով այսօր հիանում ենք, ժամանակին դավաճանեցին մեզ։ Նույն Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, բոլորը։ Հենց Ֆրանսիան թուրքերին ծախեց Կիլիկիան, երբ այն իր հովանավորության տակ էր։
–Արեւմուտքը մեզ դավաճանեց, Ռուսաստանը դավաճանեց՝ Կարս—Արդահանը հանձնեց թուրքերին, հույսներս ինչի՞ վրա դնենք։
–Գոյատեւելու համար նախեւառաջ պետք է փորձենք մեր երկիրը լավագույնս ղեկավարել։ Մաքուր, ազգանվեր ղեկավարության պարագայում միայն կարող ենք բարգավաճել։ Տեսեք՝ հենց Կիպրոսի օրինակը. ավելի փոքր երկիր է, մեկ երրորդ մասը գրավված է, բայց կարողանում է ապրել ապագայի համար, զարգանալ։ Ցանկացած երկիր պետք է բարեկամներ ունենա, բայց չպետք է իրեն ստորադասի նրանց եւ ծունկի գա առաջները։ Եվ ասեմ՝ Հայաստանը մեկ հզոր զենք ունի աշխարհի առաջ. դա իր մշակույթն է։ Այն պետք է ներկայացնենք առանց բարդույթի։ Ասենք՝ սա մե՛նք ենք։
–Դուք ինչպիսի՞ ապագա եք տեսնում Հայաստանի համար։
–Քանի Ղարաբաղի հարցը լուծված չէ, դժվար է խոսել ապագայի մասին։ Բայց ասեմ՝ մենք առավելություն ունենք Ադրբեջանի նկատմամբ. ունենք հզոր մշակույթ, եւ մեզ մոտ ավանդույթ դարձած կլանային համակարգ չկա։
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա ասեմ՝ տարիներ առաջ ես Մարսելում կազմակերպեցի «Հայ գրերի մոգությունը» ցուցահանդեսը, ցույց տվեցի, որ հայի համար գիրը միայն հաղորդակցության միջոց չէ։ Այն օգտագործվում է որպես զարդ, նաեւ հիշողություն է։ Ամեն տեղ հայը հիշատակարաններ է թողել փայտի վրա, քարի վրա, պատի վրա, մետաղի վրա, թղթի վրա, մագաղաթի վրա, ուր պատահի։ Եվ, ընդհանրապես, մշակույթի առումով ուզում եմ շեշտել սփյուռքի դերը։ Ցանկացած մշակույթ վերանում է, եթե ժողովուրդը 500 տարի պետություն չի ունենում։ Մեր մշակույթը պահպանվեց, որովհետեւ սփյուռքը կար։ Որովհետեւ միջնադարյան սփյուռքը մշակութային սփյուռք էր։ Տեսեք՝ առաջին տպագիր գիրքը ստեղծվեց սփյուռքում՝ Վենետիկում, 260 տարի հետո՝ նոր միայն Հայաստանում։
–Ներկա սփյուռքը նույն արժեքն ունի՞։
–Դժբախտաբար՝ ոչ, որովհետեւ նախկինը ձեւավորվեց փախստականների հաշվին, եւ նպատակը նախ եւ առաջ վերապրելն էր։
–Ըստ Ձեզ, ո՞րն է մեր ազգի առաքելությունը։
–Ինձ համար ցանկացած ազգային հարցի բանալին մշակույթն է։ Մենք միակ ժողովուրդն ենք, որի ազգային գիրը եւ ազգային կրոնը միայն իրենն են։ Դրանք զուտ ազգային երեւույթներ են։ Այս հանգամանքը ե՛ւ իր առավելությունն ունի, ե՛ւ իր թերությունը։ Առավելությունն այն է, որ մեզ միասնականության է պարտադրում։ Թերությունն այն է, որ փակ ենք մնում։ Եվ ինչո՞ւ ինձ հետաքրքրեց հենց կիլիկյան շրջանը։ Որովհետեւ այդ ժամանակ էր, որ մեր ժողովուրդը բաց դարձավ աշխարհի համար, շփվեց Արեւմտյան Եվրոպայի հետ, Մոնղոլիայի հետ, արաբների հետ եւ կարողացավ վերցնել նրանց լավագույնը ու հայկականացնել։ Մենք շատ բան ունենք սովորելու մեր պատմության հենց այդ ժամանակահատվածից։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

30-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO