Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ծանի՛ր զքեզ

Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման եւ արարման միասնություն

Ժամանակակից մարդաբանական փիլիսոփայության շրջանակներում «բանական արարածի» աստիճանական ռոբոտացման (ավելի ստույգ՝ «ինքնառոբոտացման») մասին արտահայտվող անհանգստությունը, պարզվում է, հանճարեղորեն սեղմ ձեւակերպել է... Հակոբ Պարոնյանը. «Մարդիկ կան, որոնք կապրին եւ կը շարժին առանց ամենեւին տեղեկություն մը ունենալու այն աշխարհին վրա, զոր աղմուկով կը լեցնեն, ինչպես ճանճերը կը թռչին եւ կը բզզան առանց կենդանաբանություն գիտնալու»։
Արդ, ռոբոտակերպ կամ ճանճակերպ, առանց բանական մարդուն բնորոշ խոհերի եւ խորհրդածության գոյատեւման, «միաչափ» մտածելակերպի ու գործելակերպի սարսափեցնող հեռանկարի իրականացման դեմ կա մի «հակաթույն», որի անունը սույն հոդվածի վերնագիրն է դարձել։
«Ծանի՛ր զքեզ» ասույթը փորագրված եղել Հին Հունաստանի Դելփիք քաղաքի Ապոլոն աստծուն նվիրված տաճարի մուտքի պատին։ Սա ամենահայտնին է 147 մակագրությունից։ Մյուսները նույնպես ամփոփում են համամարդկային իմաստությունը. «Պարզ խոսիր», «Ուշադրությամբ ունկնդրիր», «Գործիր առանց ափսոսանքի», «Ոչ մեկին մի նախանձիր», «Արդարադատ եղիր», «Պատշաճ խորհուրդ տուր», «Մի՛ դժգոհիր ճակատագրիցդ», «Հարգիր ինքդ քեզ», «Անխոնջ սովորիր» եւ այլն։
Պատմության ընթացքում ասույթի հեղինակությունը տարբեր մտածողների է վերագրվել, սակայն, ամենայն հավանականությամբ, դա հավաքական մտքի արգասիք է։ Առավել էականն այն է, որ փիլիսոփայության եւ փիլիսոփայելու ի՛նչ տեսակ էլ քննարկենք, մարդու բնույթի մասին ի՛նչ դատողություններ էլ անենք՝ ի վերջո հանգելու ենք ինքնաճանաչման այդ պատգամին։
Իհարկե, չփիլիսոփայող («փիլիսոփայելու» շիտակ ըմբռնմամբ, ոչ թե կենցաղային—գռեհկացված) մարդու համար ամեն ինչ թվում է պարզ ու հասարակ։ Կենսափիլիսոփայության հիմնարար հարցադրումը՝ «Լինե՞լ, թե՞ չլինել» շեքսպիրյան տանջալից ձեւակերպմամբ, այսօր վերածվել է «Լինե՞լ, թե՞ ունենալ» (Էրիխ Ֆրոմի ստույգ ախտորոշմամբ)՝ դյուրին լուծելի մի բանաձեւի եւ առավելապես էլ լուծվում է հօգուտ ունենալու կենսակերպի։ Զարմանալի չէ, որ սպառողական ապրելակերպին գերի եւ տեխնիկական ձեռնածությանը գրեթե կամովին տրված մարդուն ավելի ու ավելի խորթ է դառնում «Ծանի՛ր զքեզ» հորդորի խորությունը։
Մինչդեռ աշխարհում երբեւէ ապրած իմաստուններից մեծագույնը՝ Սոկրատեսը, որ քննարկվող ասույթը որակում է որպես «իմաստության սաղմ», իրեն եւ զրուցակցին շարունակ հարցնում էր. «Իսկ հե՞շտ է արդյոք ինքն իրեն ճանաչելը. չէ՞ որ պատահական մի մարդ չի եղել Պիթիայի տաճարին դա գրողը։ Իսկ միգուցե, ընդհակառակը, դա դժվա՞ր է եւ ո՛չ ամեն մեկին է հասու... Բայց, ի սեր աստվածների, հասկանո՞ւմ ենք մենք արդյոք դելփյան այդ չքնաղ գրառման նշանակությունը»։
Մեկ այլ անգամ Սոկրատեսը բացատրում է, որ «դելփյան գրվածքի հորդորին» հակառակվող վարքը չգիտություն է, ուստի չարիքի տեսակ, կարող ենք անգամ անվանել «հիմարություն». «Չէ՞ որ մակագրությունը չի ասում՝ «Մի՛ ծանիր զքեզ»»։ Իր՝ Սոկրատեսի համար «Ծանի՛ր զքեզ» պատգամի խորհուրդն առաքինության ձգտումն է, հոգեւոր հարստացումը, «հնարավորինս ավելի լավը դառնալը»։ Հույն մեծ փիլիսոփայի կյանքը պատմության մեջ մնացել է, թերեւս, լավագույն օրինակը անդադար ինքնաճանաչմանը ձգտող եւ դրա շնորհիվ հոգեւոր հարատեւ կատարելությանը կողմնորոշված անհատի։
Հայկական մշակույթի շրջանակներում եւ հայ մտածողների դատողություններում «Ծանիր զքեզ» պատգամի բազում անդրադարձներ կան՝ երբեմն հպանցիկ, երբեմն էլ՝ շատ խոր, փիլիսոփայական լայն ընդգրկմամբ։ Լավագույնը, ըստ իս, Ղազարոս Աղայանի մեկնաբանությունն է. «Ծանիր զքեզ» ասել են իմաստուն մարդիկ եւ ինքնածանոթությունը համարել են իմաստության վերին ծայրը... «Ծանիր զքեզ» առածը մի իդեալ է, որին ամեն ոք պարտավոր է ձգտիլ, թեեւ հասնել կարող չէ»։
Այս մեծ մտածողը (որ շատերիս տպավորությամբ լոկ հեքիաթագիր է) հատկապես տվյալ ասույթին հետեւելն է հռչակում որպես գրչի մարդկանց հավատամք, նաեւ գրի միջոցով այլոց ծառայելու գլխավոր առաքելություն. «Գրականության էլ միակ ջանքը պետք է լինի ուրեմն իր ընթերցողներին ինքնածանոթության ճանապարհի վրա կանգնեցնել, որ նրանք իմանան իրանց շրջապատող երեւույթների բացատրելը՝ որոշել չարը բարուց, լույսը՝ խավարից, լավը՝ վատից, կենդանին՝ մեռածից, օգտակարը՝ վնասակարից, բարեկամը՝ թշնամուց, կյանքը՝ մահից եւ այլն»։
Արդ, չմոռանանք, որ անհատի ինքնաճանաչումը միշտ էլ միջնորդավորված է լինում մշակութային վիթխարի ժառանգությամբ, այդ թվում՝ մինչեւ մեր աշխարհ գալն ապրած մարդկանց դատողություններով, կարծիքներով, խորհուրդներով, պատգամներով, սեփական փորձի նկարագրությամբ եւ այլն։ Ահա թե ինչու «Ծանի՛ր զքեզ» պատգամը ենթադրում է երկակի խնդրի լուծում. նախ՝ ծանոթանալ (ամեն ոք՝ ըստ իր հնարավորությունների) արդեն իսկ եղած հոգեւոր հարստությանը, ապա՝ որոնել եւ գտնել ինքնաճանաչման սեփական ուղին։
Այստեղ շատ կարեւոր է «ոսկի միջինի» պահպանումը երկու ծայրահեղ դիրքորոշումների միջեւ։ Մեկը ինքնահավան բավարարվածության վիճակն է, երբ մարդն առհասարակ մերժում է նախորդների խելացի դատողութուններից օգտվելու եւ սեփական միտքը հարստացնելու հնարավորությունը։ Արթուր Շոպենհաուերն էր այդպես անվերապահորեն պնդում, թե «ուրիշից կարդացած մտքերը ուրիշի խնջույքի մնացորդն են, ուրիշի դեն նետած հագուստը»։ Մյուսը Ժան դը Լաբրյուերի կարծիքն է, թե «ամեն ինչ վաղուց ասված է, եւ մենք ուշ ենք ծնվել, քանի որ արդեն ավելի քան յոթ հազար տարի երկրագնդի վրա մարդիկ են ապրում ու խորհում»։
Իսկ «ոսկի միջինի» տարբերակը մեզ, թերեւս, հուշի Ֆրենսիս Բեկոնի մի սրամիտ համեմատությունը։ Ինքնաճանաչման ճանապարհին, աշխարհի մասին ամբողջական պատկեր կազմելիս՝ մարդ կա, որ նման է մրջյունին. ինչպես վերջինս է ճանապարհին հանդիպած ամեն ինչ քարշ տալիս, տանում բույնը (իհարկե, սա մարդակենտրոն ընկալում է. մրջյունն այլ բացատրություն «կտար»), այդպես էլ այդ մարդը կարդում է ամեն ինչ, ինչ պատահի, առանց որոշակի ուղղորդման, ավելին՝ կարդացածին ոչինչ սեփական չի ավելացնում։ Մարդ էլ կա, որ նման է սարդի՝ ինքնաճանաչման մեջ կարիք չունի այլոց կարծիքներն իմանալու, համեմատելու, դրանց շուրջ խորհելու. նա սարդի նման ինքն իրենից իր սարդոստայնն է հյուսում։ Բեկոնի համակրանքը մեղվի կողմն է. իրոք, մեղուն ամեն ծաղկից նեկտար չի քաղում (գրքասերն էլ կարդում է ընտրողաբար), դրանից բացի՝ հավաքածը նույնությամբ չի ամբարում, այլ մշակում է, մեղր է արտադրում (գրքասերն էլ իր աշխարհն է արտադրում, ունի որոշակի հետաքրքրություն, հակվածություն, ճաշակ, հավատամք)։
«Ծանի՛ր զքեզ» պատգամի կատարումը, այսպիսով, հասուն անհատից պահանջում է յուրացման եւ արարման միասնություն, մեղվի պես՝ արտաքին տեղեկատվության զտում, դասդասում, եւ դարձյալ մեղվի պես՝ հում նյութի նպատակասլաց մշակում, նոր որակի ստացում։ Ինչ խոսք, յուրացումը դյուրին է, մանավանդ մեր օրերում, երբ կրթահամակարգում, համացանցում, լրատվամիջոցներով մատուցվող նյութերը շարունակ պարզեցվում են՝ պարզունակացման աստիճանի։ Բայց մի՞թե դրանով ապահովվում է անհատի ինքնաճանաչումը, եւ մի՞թե դա է սույն պատգամի խորհուրդը։ Ավա՜ղ, դյուրին (իսկն ասած՝ մակերեսային) յուրացման հետեւանքը Հերբերտ Մարկուզեի նկարագրած «միաչափ» մարդն է՝ միօրինակ մտածելակերպով եւ գործելակերպով, ըստ էության, վերածված առավելապես «սպառող էակի» (Homo Consumens)։ Մարդու այդպիսի տեսակը շուտով հեշտորեն կփոխարինվի «արհեստական ինտելեկտով», իսկ միգուցե նույնիսկ արդյունաբերական ռոբոտներով։
Արդ, «Ծանի՛ր զքեզ» պատգամի խորհուրդը միայն բանական մարդուն է հասու, իսկ դրանից բխող հրամայական պահանջի ըմբռնումը միայն բանականությանն է հատուկ. «արհեստական ինտելեկտը» չունի դրա կարիքը եւ չի տանջվելու կյանքի իմաստին առնչվող հարցադրումներից (ահա թե ինչու, ի դեպ, «ինտելեկտի» փոխարեն «արհեստական բանականություն» բառակապակցությունը գործածողները լեզվատրամաբանական կոպիտ սխալ են կատարում)։
Չմոռանանք նաեւ, որ ինքնաճանաչման ուղու սկզբում անհատը մտավոր զարգացման առաջնորդ է ունենում՝ մեր ծնողները, ուսուցիչները, խորհրդատուները, կարդացած գրքերի հեղինակները, հանրային կարծիքը, զանգվածային լրատվամիջոցներով մեզ մատուցվող տեսակետները։ Վերջիններս դարձյալ երկակի դեր են խաղում. մի կողմից՝ դյուրացնում են մեր աշխարհաճանաչումը, մյուս կողմից՝ իրենց կարծրատիպերը կամա—ակամա մեզ են փոխանցում, այդկերպ փակելով մեր սեփական ինքնաճանաչման ճանապարհը։
Այնպես որ, «Ծանի՛ր զքեզ» պատգամին հետեւելիս միջնորդ—ուղեկցի դերը, իրոք, բախտորոշ է լինում։ Բայց արդյոք ամեն ոք իրավունք ունի՞ նման առաքելություն ստանձնելու։ Չէ՞ որ եղել են եւ կան նաեւ ընթերցողին (նաեւ ունկնդրին եւ ակնդրին) մոլորեցնողներ, որ մարդուն ճշմարիտ ինքնաճանաչմանը ուղղորդելու փոխարեն կեղծիք են մատուցում, խճճում սոփեստաբանության ճիրաններում, թունավորում հոգին, հուսահատեցնում մարդուն, կոտրում նրա կամքը, վերածում հլու—հնազանդ խամաճիկի։ Այս առումով դժվար է չհամաձայնել Ղազարոս Աղայանի արդարացի գնահատականին. «Այդ պաշտոնը կատարել կարող չէ այն գրագետը, որ «թեպետ երգ շատ գիտե, բայց ձայն չունի», թեպետ գիտե, թե ո՛րն է սուտ եւ ո՛րը ճշմարիտ, բայց ասելու չափ քաջություն եւ առաքինություն չունի...»։
Եվ, ընդհակառակը, ինքնաճանաչման սկզբում մեծագույն բախտավորություն է իմաստուն եւ առաքինի այնպիսի մի խորհդատու ունենալը, ինչպիսին Գարեգին Նժդեհն է։ Երեցս մեծ (փիլիսոփա, զորավար, պետական այր) հայի համար հինավուրց այդ պատգամին հետեւելը անհատի անձնային եւ ազգային ինքնաճանաչման ուղին է, «հաղթանակի զորույթը», երջանկության «ամենաստույգ ճանապարհը»։ Եվ ասույթի նժդեհյան մեկնաբանությունը, թերեւս, առավել քան խորացնում է դրա վարքակարգավորիչ ներուժը. «Ծանի՛ր զքեզ։ Գիտցի՛ր, ասում է դելփեան այդ պատգամը, գիտցի՛ր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ»։
Ինքնաճանաչման ճանապարհով անհատի ինքնահսկայացումը, ըստ Նժդեհի հայացքների, հիմք պիտի դառնա համազգային ինքնաճանաչման։ Սա կենսական հրամայական է դառնում հատկապես մարդկանց համակեցության շրջադարձային պահերին, բարոյահոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար։ Ահա թե ինչու Նժդեհը կրկնում է՝ պահանջելու պես. «Ծանի՛ր զքեզ։ Կուզէի, որ իմաստասիրական այս հրամայականը քանդակւած լինէր մեր դպրոցական շէնքերի, ապա եւ մեր աշակերտութեան ուղեղին մէջ»։
Նժդեհյան հայեցակարգով՝ ինքնաճանաչ երիտասարդ սերունդը («որդիները») կարող է վերափոխել անինքնաճանաչ, այդ իսկ պատճառով հուսալքված ավագ սերնդին («հայրերին»)։ Նորովի կրթությունը հիմք է մտածելակերպի եւ գործելակերպի արմատական վերափոխման, ինչն էլ որ հիմնարար աշխարհայացքային հեղափոխություն է ապահովում ազգային—պետական բովանդակ կյանքում։
Այս գաղափարը շարադրվել է գրեթե հարյուր տարի առաջ, բայց միանգամայն արդիական է։ «Մտածելակերպի փոփոխություն ինքնաճանաչում ինքնահսկայացում» պատճառահետեւանքային կապն այսօր էլ գործում է եւ զարգացման ամենազորեղ ազդակն է։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO