Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը

Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ «Ամենատխուր մարդը»

«Մարդը մահկանացու է,–հանգիստ եւ արձանի պես անշարժ պատասխանեց Ստրաուդը։–Բայց նա երբեք ստրուկ չի դառնա։ Այդ բառի ոչ մի իմաստով։ Եթե ինքը կամավոր չընդունի ստրկությունը»։
Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակի ամենաժամանակակից գրողներից է, ժամանակակից ոչ միայն մտածողության, նյութի իմաստով, այլեւ նյութը ներկայացնելու, մատուցելու կերպով։ Նրա կերպարները բախման մեջ են ոչ այնքան արտաքին աշխարհի ու արտաքին հարաբերությունների հետ, որքան սեփական ներաշխարհի կայացման ուղիներ են որոնում՝ փորձելով կյանքի խնդիրները լուծել փիլիսոփայական եւ հոգեբանական ճանապարհով. ո՞վ են, ի՞նչ են, ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ ինքը եւ ոչ մի ուրիշը...
Կյանքը մարդուն դնում է տարբեր կացությունների մեջ. նա ստիպված է անընդհատ փոփոխվել, հարմարվել, լուծել ոչ միայն իրեն վերաբերող, այլեւ առհասարակ իր առջեւ ծառացած, անկանխատեսելի խնդիրներ, շատ դեպքերում՝ իր ուժերից ու կարողություններից վեր, հայտնվում այնպիսի վիճակում, որ իրենը չէ, իր ծրագրածը չէ եւ սկսում ապրել այն կյանքով, որ պարտադրվում է իրեն։ Նա՝ այդ նույն մարդը, կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում եւ տարբեր դերերում. այդ դեպքում կարո՞ղ է, արդյոք, պահպանել բուն էությունը, իր տեսակը, այն սկզբնականը, որ պայմանավորված է ծնունդով ու գեներով, պահպանել արյան հարազատությունը եւ հաշտությունը, ներդաշնակությունը զարկերակային տրոփին համաչափ, այնպես, որ չխաթարվի անհատականության մեխանիզմը, որ չդառնա ուրիշ, օտար՝ ինքն իրեն, իր մտածողությանը, զգացմունքներին, համոզմունքներին։ Ինչպե՞ս ապրել ուրիշի մաշկի մեջ, վերափոխել արյան շրջանառության հունը, ինչպե՞ս դառնալ ուրիշ եւ միեւնույն ժամանակ չուրանալ իրեն, լինել արդար ու ճիշտ, լինել ազատ...
Դրամատուրգիական երկն առավել ուղղված է հանդիսատեսին, քան ընթերցողին, այսինքն՝ ընթերցողի համար այն միջնորդավորված ընկալում է, տվյալ դեպքում՝բեմադրիչի եւ ներկայացման կոլեկտիվ աշխատանքի պրիզմայով թելադրված, թեեւ որեւէ խոչընդոտ չկա դրամատուրգիական երկն ընթերցել ինքնուրույն, սակայն այն ընթերցողները սակավաթիվ են, հիմնականում՝ թատերական աշխարհով հետաքրքրվողները։ Բացի այդ, դրամատուրգիական երկը ի սկզբանե նախատեսված է բեմադրության համար եւ հենց այդ կանոններով էլ գրվում է։ Այդ պատճառով կարեւորվում է ոչ միայն բուն երկը, այլեւ նրա մատուցումը՝ գաղափարի ճշմարտացիությունը, խորությունը, նրբությունները, ոչ միայն գրողական, այլեւ թատերական մատուցման գեղարվեստական որակը։ Լավագույն բեմադրիչներն ու ռեժիսորները ոչ միայն լավագույնս «թարգմանում», այլեւ սեփական ստեղծագործական ներդրումով կարողանում են հասնել առավելագույն արդյունքի՝ հարստացնելով նյութն ու թափանցելով էության խորքերը։ Ցավոք, միշտ չի հաջողվում գրողին հանդիպել հոգեհարազատ բեմադրիչի ու ռեժիսորի, մեկնաբանի, այնպես, որ իր համար էլ սեփական ստեղծագործությունը գյուտ դառնա, քանզի նա աշխատում է ինտուիտիվ եւ վերլուծություններ չի անում հընթացս, եւ երկի վրա աշխատանքն ավարտվում է գրիչը վայր դնելուն պես՝ մի այլ մտահղացմանը կենդանություն տալու տրամադրվածությամբ։ Իսկ ստեղծագործության մեկնաբանությունը չափազանց կարեւոր է՝ թե՛ այն ըմբռնելու, թե՛ գնահատելու, թե՛ իմաստը հասկանալու տեսակետից, այն, ինչ խորհելու առիթ է տալիս եւ, գուցե, լուծումներ փնտրում կյանքում։ Մշակույթը կայանում է հենց այս փոխհարաբերության շնորհիվ։ Թատրոնի անկումն սկսվեց գրականությունից կտրվելով, երբ թվաց՝ գրական գործը կարելի է խաղացնել կամայականորեն, ինչ—որ նոր բաներ ներմուծել եւ արհամարհել գրական նյութի բուն ասելիքը, երբ Շեքսպիրի մեջ սկսեցին փնտրել իրենց հարեւան Մարտիրոսին, եւ իշխան Համլետը դարձավ բակային հարցեր լուծող տղա։
Այդպես էլ, թեեւ բեմադրվեց, բայց իր արժանի բեմադրությունը չունեցավ Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը»։ Հեղինակն իր ուղղակի եւ անուղղակի տեքստով հուշում է մարդու այն ներքին դրամատիզմը, ինչը՝ իրավիճակի թելադրանքով, բախում է առաջացնում մարդու բնական տիպարի եւ հանգամանքայինի միջեւ, երբ, ճակատագրի բերումով, մարդը կանգնում է ինքն իր դիմաց, ու եթե ինքը թագավոր է, պիտի պահի իրեն ոնց թագավոր, որքան էլ ազատամիտ լինի ներքուստ, եւ պիտի բանտապետ մնա, որքան էլ իր սրտով չլինի բանտապետի գործը եւ հակասի հասարակության տրամադրություններին, իսկ կալանավոր լինելու դեպքում՝ ամեն ինչ անի ազատության հասնելու համար, անգամ գիտնական դառնա։ Այս հուշումը, եթե ոչ կռահելի, ապա ուշադրության արժանի է ի սկզբանե, երբ հեղինակը ներկայացնում է գլխավոր անձանց՝ նրանց համար նշելով միեւնույն տարիքը՝ 25։ Այդքան է թագավորը, բանտապետն ու կալանավորը, կալանավորի մայրն ու սիրած կինը, այսինքն՝ միեւնույն մարդը՝ կյանքի տարբեր իրավիճակներում... Կարծես բոլորն ազատության մեջ են, բացի կալանավորից, սակայն նրանցից յուրաքանչյուրը՝ իր գործունեության սահմաններում, նույնքան անազատ է, որքան կալանավորը, բայց ազատության համար միակ պայքարողը կալանավորն է, քանի որ մյուսները՝ իրենց անազատությամբ հանդերձ, առավելություն ունեն կալանավորի համեմատ եւ նրա հանդեպ։
Ցմահ բանտարկյալ կալանավորը տասնամյակների ընթացքում ազատություն է ձեռք բերում մենավոր խցում՝ կատարելագործվելով ու նվիրվելով գիտությանը, անգամ գյուտեր ու հայտնագործություններ անում, բուժում հիվանդ թռչուններին եւ հայտնի դառնում աշխարհով մեկ, եւ արդեն նրա հանդեպ անարդարության փաստը դառնում է սպառնալիք երկրի տիրակալի՝ թագավորի համար, եւ նա սկսում է կալանավորից ազատվելու ուղիներ փնտրել՝ տարիներ շարունակ կրկնելով նույն խնդիրը. «Եթե ստեղծագործում է բանտում, ուրեմն ազատ է։ Եթե ազատ է, ուրեմն պետք է ոչնչացնել։ Եթե անհնար է ոչնչացնել, եթե աշխարհն էլ գիտե նրա մասին, ուրեմն ազգային հպարտություն է, պետք է ազատել։ Եթե անհնար է ազատել…»։ Այստեղ թագավորը որոշում է գնալ կալանավորի ճանապարհով եւ գրքեր թերթել, ուր եւ գտնում է հիսուն տարի առաջ թույլ տրված մի աներեւակայելի սխալ, այն, որ Ստրաուդին իրավունք չունեին մենավոր խցում բանտարկել։ Նա այդ կասի Ստրաուդի երեսին։ Ստրաուդը չի դիմանա ու կմեռնի։ Սակայն Ստրաուդը նվաճել էր իր ազատությունը տարիների տքնաջան աշխատանքով, եւ այլեւս ուշ էր նրան որեւէ կերպ զինաթափել, անգամ իր հանդեպ անարդարության փաստով։ Այդպես էլ ասում է պատանի Ստրաուդին, որի հետ կապը պաշտպանում է մտապատկերների մեջ, այն, որ մարդը երբեք ստրուկ չի դառնա, եթե կամովին չընդունի դա։ Այո, բանտապետը խոստացել էր երբեւէ չխոնարհվել նրա առաջ, թեեւ կռահել էր, որ «նա գիտնական է դառնալու։ Այս անգրագետ, թշվառ մարդը։ Տեսե՛ք, թե բանտը ինչ հրաշքներ կարող է գործել», սակայն, միեւնույն է, գիտնականը՝ գիտնական, բայց նրա տերը բանտապետն է, եւ թեկուզ ողջ աշխարհը խոնարհվի նրա առջեւ, բանտապետն իր գործն է անելու...
Այո, Ստրաուդը հայտնվեց բանտում, եւ փոխվեց նրա ճակատագիրը. նա կերտեց իրեն ու իր ազատությունը անազատության մեջ, այն, ինչ հազիվ թե պատահեր ընդամենը տառաճանաչ մարդու հետ ազատության պայմաններում, ուր հոգսն այնքան էլ մեծ չէ նման պայքարի ու գիտակցության համար։ Պատմություն, որ երբ ասես, ուր ասես՝ կարող է լինել, անգամ այնպիսի մի երկրում, ինչպիսին Ալկատրասն է։ Պատմություն՝ ծնված երեւակայության մեջ, որ, սակայն, հավաստում է ամեն տեսակ իրականության անժխտելիությունը...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

01-08-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO