Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ուսանելի մի պատմություն

Նման մարդկանցով անուշ է դառնում կյանքն ու քաղցրանում աշխարհը

1605 թվականը ցավոտ էջ էր մեր պատմության մեջ. պարսից շահ Աբասը տեղահանեց հայ բնակչությանը Հայաստանից ու տարավ Պարսկաստանի խորքերը: Դատարկվեցին բնակավայրերը, քանդ ու քարափ եղավ երկիրը: Ո՞րն էր շահի նպատակը. որպեսզի ստեղծագործող այս ժողովուրդն ապրի եւ ծաղկեցնի իր երկիրը, այնտեղ ստեղծի արվեստ ու մշակույթ:
Շահի ուշադրությունը հատկապես սեւեռվեց Ջուղայի վրա, եւ նախկին Գողթն գավառի` արվեստների ու երգերի երկրամասի այս գողտրիկ հատվածի բնակչությանը տարավ ու բնակեցրեց իր մայրաքաղաքի` Սպահանի արվարձաններից մեկում: Նրանց ազատեց հարկերից, շնորհեց հատուկ արտոնություններ, որպեսզի ապրեն ու զարգանան, ստեղծեն ու ստեղծագործեն:
Ասում են` շահը այսպես էր պատասխանում իր այն հայրենակիցներին, ովքեր տրտնջում էին հայերին տրված արտոնությունների դեմ` «նրանք այսօր անհրաժեշտ են ինձ, իսկ վաղվա համար մի վախեցեք` կձուլվեն մեզ, կիսլամանան-կգնան»:
Սակայն մեծն շահը սխալվեց. հայերը չձուլվեցին, պահեցին իրենց ինքնությունն ու մնացին որպես հայ:
...Ջուղայից տարհանվածները հիմնականում վաճառականներ էին` խոջաներ: Նրանք առեւտուր էին անում Եվրոպայով մեկ, Հնդկաստանում, Չինաստանում: Պարսկաստանում եւս շարունակեցին նույն գործը: Կարճ ժամանակ անց երկրի` մետաքսի ողջ առեւտուրն արդեն նրանց ձեռքին էր:
Մեծ կապիտալ է կուտակվում, որը նրանք ներդնում են այս հողի վրա` իրենց հայրենակիցների կյանքի ու կենցաղի բարելավման նպատակով: Գիտակցաբար են դա անում, որովհետեւ աղքատության ճիրանների մեջ հայտնված մարդը հեշտությամբ կգնա նաեւ ուծացման:
Ծաղկում է ապրում Նոր Ջուղան. զարգանում են մշակույթն ու արվեստները, հիմնվում են ազգային-մշակութային կենտրոններ, բարձրանում են եկեղեցիներ ու ապարանքներ: Կարճ ժամանակ անց այն արդեն Սպահանի ամենազարգացած հատվածն էր: Ավելին` նաեւ քաղաքակրթական կենտրոն էր, որտեղից արվեստն ու մշակույթը տարածվում ու սփռվում էին երկրով մեկ: Այնպես որ, շահ Աբասը գիտեր` ինչ էր անում:
Հատկապես մեծ զարգացում ապրեց շինարարական գործը: Խոջաների կառուցած եկեղեցիներն ու սեփական ապարանքները ճարտարապետական հզոր խոսք էին: Դա իր հետեւից բերում ու հանգեցնում էր արհեստների ու արվեստների զարգացման. ի հայտ էին գալիս վարպետ շինարարներ, քար մշակող վարպետներ, ասպարեզ էր բացվում նաեւ նկարիչների ու նկարազարդողների համար: Փողը մտնում էր կենցաղ. մարդկանց կյանքը դառնում էր առավել բարեկեցիկ: Եվ կարճ ժամանակ անց Նոր Ջուղան արդեն մեր ամենածաղկուն ու զարգացած գաղութներից էր:
Խոջաներն իրենց ազգային-մշակութային գործունեությունը ծավալում էին նաեւ Պարսկաստանից դուրս. սփյուռքի առաջին տպարանները հիմնականում հիմնվել են նրանց կողմից: Դրանք Ամստերդամում էին, Վենետիկում, Լվովում: Հրատարակվում էին առաջին հայատառ տպագիր գրքերը, աշխատություններ էին թարգմանվում այլ լեզուներից: Իսկ այդ ամենը գալիս ու հանգրվանում էր Նոր Ջուղայում:
Խոջաները նաեւ հայր էին այս ժողովրդի համար. նրանք աֆղանական արշավանքի ժամանակ հավաքեցին ու 70 հազար թուման տվեցին առաջնորդին, որպեսզի հայերին ձեռք չտան: Այդպես փրկվեց հայության այս հատվածը: Իսկ սա հսկայական գումար էր այն ժամանակների համար:

Հետո
Ամեն ինչ սկսվեց աֆղանական արշավանքից. պարսից շահը սեփական ձեռքերով սեփական թագը դրեց աֆղանական բաշիբոզուկների առաջնորդի գլխին: Երկրում ամեն ինչ տակն ու վրա եղավ. սկսվեց անարխիայի մի տեւական շրջան, երբ ադեն անհնար էր աշխատելը: Խոջաներին այլ բան չէր մնում, քան վերցնել կապիտալը, հեռանալ ու երկրից դուրս գործունեություն ծավալել:
Կամաց-կամաց եկան գաղթավայրի ծանր օրերը: Եվ ժամանակի ընթացքում այն թուլացավ ու թուլացավ: Չկարողանալով ապրուստի միջոցներ գտնել` մարդիկ հեռանում էին իրենց բնակավայրից ու աշխատանք փնտրում թե Պարսկաստանի` հատկապես նավթային շրջաններում, թե երկրի սահմաններից դուրս: Գաղութը մարում էր, դադարում էր բաբախել բնակավայրի սիրտը:

Ավոն
Ավո Հովհաննիսյանի նախնիները Հին Ջուղայից էին, վաճառականներ: Ժամանակին նրանք էլ էին Պարսկաստան տեղահանվել շահ Աբասի կողմից: Նա ինքը վերջին շառավիղներից էր, որ դեռեւս մնացել էր արդեն քանդվող, ոչնչացվող Նոր Ջուղայում: Ընդամենը 2002-ին դուրս եկավ այնտեղից ու տեղափոխվեց Հայաստան: Իսկ մինչ այդ ի՞նչ արեց ու ինչպե՞ս վարվեց:
Նա հասկացավ, որ այլեւս հեռանկար չի մնացել այստեղ կենտրոնացած հայոց մշակութային ժառանգության համար: Այն պարզապես դատապարտված է ոչնչացման կամ յուրացման: Ուստի հարկ է ինչ-որ ձեւով, ինչ-որ ճանապարհով օր առաջ մշակութային այդ արժեքները տեղափոխել մայր երկիր` Հայաստան: Եվ անցավ գործի:
Բայց մինչ այդ` ինչպե՞ս դրանք ձեռք բերել: Ամեն կերպ էլ լինում է. երբեմն, իմանալով նրա մտադրությունը, իրենց մոտ եղած արժեքները մարդիկ կամավոր են նրան հանձնում: Երբեմն վաճառում են, աճուրդի հանում, ու Ավոն սեփական միջոցներով պարզապես դրանք գնում է: Երբեմն հայթայթում-հանում է արդեն դատարկվող տներից դուրս թափված աղբի միջից:
Հիշում է մի պատմություն. արդեն դրսում իրենց կյանքը դասավորած երիտասարդները եկել ու վաճառում են հայրական տունն ու ունեցվածքը: Մի կողմում կուտակված են ոչ անհրաժեշտը` թափելու բաները: Կարելի՞ է այս կույտից մի բան վերցնել` հարցնում է Ավոն: Իհարկե, խնդրեմ, պատրաստակամ պատասխանում է տանտերը. միայն թե «աղբը» պակասի, տեղ ազատվի: Ավոն կռանում ու միջից հանում է 1860-ականների մի ճառընտիր, որը, ի հիշատակ հանգուցյալ ծնողների, պատվիրել էր խոջա Սաֆարին: Հիշեցնենք` նա նույն այն վաճառականն է, ով ռուսական ցարին նվիրեց ադամանդակուռ գահը:
Իսկ հիմա պատկերացրեք` սովետմիություն, 1950-ական թվականներ, երկաթյա վարագույր: Դա քիչ է` հակամարտություն իրանական պետության հետ: Այն, որ ասում են օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր կարող, սրան է վերաբերում: Բայց եթե ձգտումը մեծ է, նպատակը` սուրբ, լեռները կնահանջեն քո առաջ: Այսպես է եւ այս դեպքում: Ի դեպ, Ավոն մասնագիտությամբ ավիացիայի ինժեներ էր, եւ հայկական մշակութային արժեքների փրկության գործը նրա համար ընդամենը ծառայություն էր հայրենիքին:
Ավոն նախ ուղիներ գտավ կապվելու այն ժամանակներում Իրանում ԽՍՀՄ դեսպանատան հայաստանյան ներկայացուցիչ Շավարշ Ղուկասյանի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ Ավոն քիչ քանակներով, ամենատարբեր խողովակներով նրան է հասցնում մշակութային այդ իրերը: Իսկ վերջինս էլ ինչ-որ կերպ դրանք տեղափոխում է Հայաստան:
Այդպես էլ եղավ: Պատկերացրեք` ամեն Աստծու օր ինչպիսի՞ վտանգներ էր աչքի առաջ ունենում Ավոն. հանկարծ ու պարզվի, որ կապ ունի թշնամի երկրի հետ: Դատավճիռն ակնհայտ էր` տարիների բանտարկություն:
Անկախության տարիներին մշակութային արժեքների` Հայաստան առաքման գործը փոքր-ինչ թեթեւացավ: Նրան հատկապես մեծ աջակցություն ցույց տվեց Իրանում մեր առաջին դեսպանը` Վահան Բայբուրթյանը: Ուղարկելիք նյութերի խմբաքանակներն էլ մեծացան: Բայց վտանգը բնավ չպակասեց. ի վերջո, նա իրանական երկրից պետական սեփականություն հանդիսացող նյութեր էր դուրս հանում:
Իհարկե, այսպես էլ էր պատահում. մարդկանց հետ արժեքներ էր ուղարկում, ու դրանք «կորչում էին» ճանապարհին: Հատկապես շատ է ցավում այն 1200 միավոր նամակների համար, որ ուղարկեց մի` այսօր էլ մեր հասարակությանը լավ հայտնի մարդու հետ ու տեղ չհասան. պարզապես, յուրացվեցին:

Եվ այսպես
1953 թվականից Ավո Հովհաննիսյանը զբաղված է հայկական մշակութային արժեքների հավաքման ու հայրենիք տեղափոխման գործով: Մատենադրանին է նվիրել 400 միավոր հնատիպ ու սփյուռքում տպագրված գրքեր: (Գիտակցաբար է հավաքել գրքերի սփյուռքյան հրատարակությունները. տեղյակ էր, որ դրանք Հայաստան չեն հասնում, զուգահեռ` արտերկրում էլ փոշիանում-ոչնչանում են): Հանձնել է 2000 միավոր արխիվային նյութ, որոնք ըստ էության Նոր Ջուղայի վարչական գրագրություններն են: Նաեւ` 65 միավոր ձեռագիր մատյաններ: Իսկ իր հորդորով եւ քարոզչության արդյունքում այլոց կողմից Մատենադարանին նվիրած ձեռագրերի թիվը հասնում է 70-ի:
Ավոն իր` 5000 միավոր ազգագրական նյութերի հավաքածուն է նվիրել պատմության թանգարանին: Այստեղ կային հագուստներ, ոսկերչական գործիքներ, երաժշտական գործիքներ, ձեռագործ գորգեր, արդ ու զարդի առարկաներ, անգամ` կահույք, կենցաղային տարատեսակ իրեր: Այդ թվում` նաեւ լուսանկարների հարուստ հավաքածու, որոնք գալիս են սկսած 1860-ականներից: Նա իր սեփական գրադարանի 3000 անուն գրքերն է բաժանել ու հատկացրել մշակութային մեր կազմակերպություններին:

Հիշողություն
Երբ մարում է գաղթավայրը, կանգ է առնում եւ նրա շնչառությունը, թոքերն այլեւս չեն աշխատում: Մյուս կողմից էլ սկսում են իրենց ձեւով կառուցել-վերակառուցել բնակավայրը. նոր ճանապարհներ են գցվում, նոր շենքեր են բարձրացնում, խոնարվում են նաեւ եկեղեցիները, հողին են հավասարեցվում ապարանքները, որոնց մեջ հայոց արվեստն է, մեր մշակութային նմուշներն են: Դրանց պատերին մեր որմնանկարչությունն է, արվեստի այս ճյուղի բացառիկ նմուշները: Լա՛վ, սրա՞նց հետ ինչպես վարվել. հո հայրենիք չե՞ս կարղ տեղափոխել:
Քեզ մի բան է մնում. այդ ամենը դարձնել լուսապատկերներ, նաեւ հանձնել թղթին: Եվ պահ տալ սերունդների հիշողությանը:
Ու Ավոն նաեւ այս է անում. լուսանկարում է այն, ինչը դեռ կանգուն է, դեռ չի խոնարհվել: Լուսանկարում է շինությունները, այդ շինությունների որմնանկարները, ազգային-մշակութային նյութական ամեն արժեք, որոնք վաղն արդեն ոչնչանալ-գնալու են կամ այլեւս մերը չեն դիտվելու:
Ահա` այսպիսի մարդիկ, ահա` այսպիսի հայեր:

Վերջում…
Նման մարդկանց ճանաչելով, նրանց մասին իմանալով` պարզապես անուշ է դառնում կյանքը ու քաղցր այն աշխարհը, որը ստեղծեց Արարիչն ու տվեց մարդուն. ասաց` ապրիր ու վայելիր: Նման մարդիկ են այդ վայելքը դարձնում իրական ու առարկայական:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

23-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO