Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Նկարիչը՝ Վաղարշապատից

«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան: Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթիռներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական»:
Այսպես է բնութագրել Եղիշե Թադեւոսյանի արվեստը մեր գեղանկարչության «քմահաճ» նահապետ Մարտիրոս Սարյանը, նրան, ով ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում՝ գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական, խճանկարային, դիմանկարչական, մանրաքանդակային:
Արվեստի վաստակավոր գործիչը ծնվել է 1870 թ. Վաղարշապատում: Սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, այնուհետեւ Մոսկվայի հանրահայտ Լազարյան ճեմարանում, գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում: Վերադառնալով ծննդավայր՝ դասավանդել է Գեւորգյան ճեմարանում:
Եղիշե Թադեւոսյանը հայ բնանկարչության ու դիմանկարչության վարպետներից էր: Ու թեեւ հարել է իմպրեսիոնիզմին ու սիմվոլիզմին, այնուամենայնիվ, նախընտրել է աշխարհի ռեալիստական ճանաչողությունը: Նրա ստեղծագործության մեջ առանձնակի տեղ ունեն հայ գյուղը, գեղջկական կերպարները, կենցաղը («Խնձոր ունեմ խածած», «Հովիվն ու ոչխարները»), իսկ բնանկարները ներառում են մեծ կամ փոքր սյուժեներ, ինչպես «Կոմիտասը՝ Էջմիածնի լճի մոտ», «Մեր փողոցը Վաղարշապատում»: Մեծ գեղագետի վարպետ վրձնի արարումներ են Կոմիտասի, Հովհ. Թումանյանի, Ալ. Շիրվանզադեի, իր կնոջ դիմանկարները:
Յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ անկարող է անտարբեր մնալ հարազատ ժողովրդի ճակատագրի հանդեպ: Մանավանդ մեր ժողովրդի, որը, մեծն Իսահակյանի բնութագրմամբ, «դժոխքի հատակը երկրի երեսին տեսավ»: Եղիշե Թադեւոսյանը նույնպես անդրադարձել է հայոց գեհենին ու պանդխտությանը: Ասվածի վկայությունն են «Կեսօրյա ճաշ», «Դեպի պանդխտություն», նույն թեմայով վրձնած այլ կտավներ: Առանձնակի նկարաշարով արարել է կտավներ՝ նվիրված իր ժողովրդի անցյալին ու ավանդույթներին: Անհնար է չսքանչանալ այս նկարաշարի «Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Արշակ եւ Փառանձեմ», «Տորք Անգեղ», «XI դարի աղջիկը» ստեղծագործություններով: Նկարչի աչքից չեն վրիպել հին հայկական հուշարձանները, բնության զմայլելի տեսարանները, որոնք նոր կյանք են ստացել նրա գործերում:
Գեղանկարչի ստեղծագործական նվաճումներից է 1909-ին վրձնած «Հանճարն ու ամբոխը» մեծադիր նկարը, որում պատկերված է առաջադեմ մտածող անհատի եւ քաղքենի, ինքնագոհ հասարակության իդեալների ու տգիտության բախման ողբերգական կոնֆլիկտը: Խելագարության հասնող հանճարը, «գլուխն առած», փախչում է ամբոխի աղաղակներից, քրքիջից ու սուլոցից, ծաղրից ու վիրավորանքից: Նույն ասելիքի անդրադարձն է նաեւ «Քրիստոսն ու փարիսեցիները» կտավը:
Եղիշե Թադեւոսյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների. 1898-ին Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում նրա «Կեսօրյա ճաշ» եւ «Քարոզ ուղղադավաններին» ստեղծագործություններն արժանացել են մրցանակների:
Միայն շուրջ 500 էտյուդների հեղինակ արվեստագետը սիրել է ճամփորդել. եղել է Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի երկրներում, Պաղեստինում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, անցել Հայաստանով մեկ: 1901-ից հաստատվել է այն ժամանակներում հայ մշակույթի կենտրոն համարվող Թիֆլիսում, այստեղ եւս մասնակցել տեղի եւ ռուսաստանյան ցուցահանդեսներին, ակտիվ մասնակցություն ունեցել հայ մշակութային անցուդարձերին ու մշակութային կյանքին: 1916-ին աջակցել է վրաց մայրաքաղաքում Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նրա նախագահ: 1921-ին Ե. Թադեւոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է նույն միության ցուցահանդեսը Երեւանում:
Լինելով Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից ու առաջին պրոֆեսորներից մեկը՝ վաստակաշատ նկարիչը մշտապես աջակցել է «Հայարտուն» մշակութային կենտրոնի աշխատանքներին՝ շարունակելով ամբողջացնել, իր խոսքերով ասած, «նկարչի բարձրագույն արժեքը»՝ իր ստեղծագործության կոլորիտը:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO