Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԱՇԽԱՐՀ


Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները

Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը պահող Ասլան Աբաշիձեի պաշտոնանկությունը

Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական գանգատի վերաբերյալ որոշումը: Այն վերաբերում էր 2008 թ. օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին:
Ռուսաստանյան մամուլը շտապեց տարածել ՌԴ արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, ըստ որի՝ ՄԻԵԴ-ն անհիմն է ճանաչել Վրաստանի բողոքը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ ՌԴ-ն չի կարող պատասխանատվության ենթարկվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայով այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել վրացական բանակի՝ 2008 թ. օգոստոսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում ռուս զինծառայողների կողմից խաղաղապահ զորակազմի եւ տեղի քաղաքացիական բնակչության վրա հարձակումը հետ մղելու ընթացքում: Ըստ ռուսական մամուլի՝ ՄԻԵԴ-ը չի աջակցել նաեւ Վրաստանի իշխանությունների հայտարարություններին, թե մինչեւ վրացական զորքի հարձակումը ռուսական զորքը ներխուժել էր Հարավային Օսեթիա:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան էլ իր հայտարարության մեջ ՄԻԵԴ-ի որոշումը հռչակեց Վրաստանի հաղթանակ: Հարեւան երկրի վարչապետի խոսքերով՝ դատարանը կիսել է Վրաստանի դիրքորոշումը եւ ընդունել Ռուսաստանի պատասխանատվությունը քաղաքացիական անձանց անվտանգությունը խախտելու եւ պատերազմի ընթացքում Վրաստանի քաղաքացիների սպանությունների վերաբերյալ հետաքննություն չանցկացնելու համար:
Նկատենք, որ 2008 թ. Օսեթիայի իրադարձությունների նախադրյալները դրվել էին դեռեւս 2004-ին, երբ ՌԴ միջնորդությամբ փաստացի անկախ Աջարիայի Հանրապետությունը հանձնվեց Սահակաշվիլիի նոր իշխանությանը: Բաթումի մեկնած ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովն Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեին համոզեց լքել հանրապետությունը՝ արյունալի բախումներից խուսափելու համար: Վերջինս որդու՝ Գեորգիի հետ, Իվանովի ուղեկցությամբ ինքնաթիռով մեկնեց Մոսկվա: Աջարիայի վերադարձը Միխայիլ Սահակաշվիլիին հիմքեր տվեց մտածելու, որ ռազմական ճանապարհով կարող է հետ բերել փաստացի անկախ համարվող Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, ինչն էլ 2008 թ. օգոստոսյան քառօրյա պատերազմի պատճառ դարձավ:
Սակայն Աջարիայից Աբաշիձեի հեռացումն ունեցավ մեկ այլ հետեւանք, որն անտեսվեց եւ որի դրսեւորումներն այսօր ավելի են իրենց զգացնել տալիս հատկապես Հայաստանի եւ հայաբնակ Ջավախքի համար: 2004-ից հետո Թուրքիան բառիս բուն իմաստով մտավ Աջարիա եւ Վրաստան: Ասլան Աբաշիձեն իրեն համարում էր հակաթուրք ղեկավար եւ այդ մասին մշտապես բարձրաձայնում էր: Երբ 1998 թ. տողերիս հեղինակը Բաթումում հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողների խմբերի հետ հանդիպեց Ասլան Աբաշիձեին, վերջինս հայտարարեց, որ իր խնդիրը Թուրքիայի հետ սահմանը պահելն է, որ եթե ինքը դա չանի, ժամանակի վրացական իշխանությունները վաղուց թուրքերին թողած կլինեին Վրաստան: Աբաշիձեն այդ մասին հայտարարում էր բաց տեքստով՝ անտեսելով, որ հանդիպմանը ներկա էր նաեւ ադրբեջանցի լրագրողների մի մեծ պատվիրակություն:
Այդ տարիներին Բաթումիի հրապարակներից մեկում տեղադրված էր Աբաշիձեի պապի հուշարձանը, ով ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զորահրամանատարի կարգավիճակով կռվել էր Թուրքիայի դեմ: Աբաշիձեի ղեկավարման տարիներին Աջարիայի սահմանապահ եւ մաքսային ուղեկալներն ավելի հզոր էին, քան Վրաստանի մյուս սահմանային անցակետերը:
Նրա հեռանալուց հետո սկսվեց թուրքական էքսպանսիան այդ հանրապետության տարածք: Ներկայում Բաթումի քաղաքում հիմնական ներդրում կատարողները թուրքերն են, որոնց է պատկանում հյուրանոցների եւ նոր զվարճանքի օբյեկտների հիմնական մասը: Բաթումիի օդանավակայանը փաստացի շահագործում է թուրքական ընկերությունը՝ Թուրքիայի քաղաքացիների համար, որոնք առանց վիզայի իրենց երկրի սահմանամերձ շրջաններից գալիս են այստեղ՝ այլ երկրներ թռչելու համար: Աջարիայի մայրաքաղաքի վաճառատները եւ սննդի օբյեկտները այսօր մեծամասամբ թուրքական անվանումներ ունեն: Կտրուկ ավելացել է տեղի մուսուլման բնակչության թիվը: Աջարիայի բնակչության մի մասը մշտապես դավանել է իսլամ, սակայն Ասլան Աբաշիձեի կառավարման տարիներին այնտեղ թափ էր հավաքել քրիստոնեություն ընդունելու գործընթացը, կառուցվում էին նոր եկեղեցիներ: Այդ հանրապետության առաջնորդի հեռանալուց հետո գործընթացները տրամագծորեն հակառակ ընթացքն ստացան, իսկ Բաթումիում վերաբնակեցված թուրքերն արդեն հայտարարում են, որ այն միշտ էլ թուրքական քաղաք է եղել:
Թուրքիան ոչ միայն փոխում է բուն Աջարիայի, այլեւ նրա հարակից շրջանների կրոնական եւ էթնիկ կազմը: Վերջինիս հովանավորությամբ վրացական այն գյուղերում, որտեղ թեկուզ փոքր թվով մուսուլմանական հավատքի բնակիչ կա, կառուցվում են մզկիթներ, եւ խրախուսվում է իսլամի դավանանքը: Դրա հետեւանքով տեղի են ունենում բախումներ քրիստոնյա եւ մուսուլման համագյուղացիների միջեւ:
Մի քանի օր առաջ Գորիի շրջանի Բուկնարի փոքր գյուղում քրիստոնեական եւ մուսուլմանական համայնքների միջեւ բախում է տեղի ունեցել, որի պատճառը այնտեղ մզկիթ կառուցելու վերջիններիս ցանկությունն էր: Մուսուլմաններին օգնության էին եկել հարեւան շրջանների հավատակիցները: Մի քանի հոգի վիրավորվել էին բախման հետեւանքով, եւ դրա ընդլայնումը հաջողվել էր կանխել միայն իրավապահ ուժերի ներգրավմամբ: Բուկնարի գյուղի մուսուլմաններին հարեւան Աջարիայից աջակցության եկած վրացի հավատակիցները Գորիի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին Վրաստանի հոգեւոր առաջնորդների հետ հանդիպում եւ հայտարարում, որ Վրաստանի ողջ տարածքում են ցանկանում ունենալ մզկիթներ աղոթելու համար:
Հատկանշական է, որ նման բախումներ սկսվեցին 2004 թ.՝ Ասլան Աբաշիձեի հեռանալուց հետո, եւ այսօր դրանք ստանում են զգալի ծավալներ: 2013-ին նման միջադեպ էր գրանցվել նաեւ Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի վրացական Չելա գյուղում: Տեղի մուսուլմաններն ընդվզել էին գյուղում 24 մետրանոց նորակառույց մինարեթի քանդման դեմ: Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ դա ապօրինի է եւ առանց թույլտվության է կառուցվել, իսկ դրա համար Թուրքիայից բերված մետաղական բոլոր կոնստրուկցիաները պատշաճ մաքսային զննության չէին ենթարկվել: Նման միջադեպեր էին տեղի ունեցել նաեւ Նիգվզիանի, Ցինցկարո եւ Սամթացկարո գյուղերում: Վրաց եկեղեցին այն ժամանակ դիմեց Վրաստանի մուսուլմանական հոգեւոր առաջնորդին՝ խնդրելով չօժանդակել եւ պայքարել նման սադրիչ գործողությունների դեմ, բայց պարզվում է՝ հորդորները տեղ չէին հասել:
Այսպիսով, Թուրքիան, բացի տնտեսական ներխուժումից, գործուն քայլեր է անում Վրաստանում մուսուլմանական հավատքը տարածելու եւ խրախուսելու համար, ինչի հետեւանքներից մեկը Հայաստանն ու հայաբնակ Ջավախքը շրջափակելն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

23-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO