Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.11.2017
ՄԱՐԶԵՐ


Վարդենուտի դղյակ—ամրոցը

Պատմական մեծարժեք հնավայրն սպասում է իր «աստեղային» ժամին

Վարդենուտը սովորական գյուղական բնակավայր է Ապարանի տարածաշրջանում (Արագածոտնի մարզ), սովորական՝ իր մարդկանցով, նիստուկացով, առօրյա հոգսերով։ Արագածի հարավային լանջին է, Արայի լեռան դիմաց։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից 16 կմ հյուսիս է, Ապարանից՝ 9 կմ հարավ։ Բարձրությունը (ծովի մակերեւույթից) անցնում է 1900 մետրից։
Արագածի փեշերի սար ու քարին «միաձուլված» սովորական այս գյուղը ոչ այնքան սովորական անցյալ ու պատմական հարուստ ժառանգություն ունի։ Ի դեպ, քոչվոր զավթիչների տիրապետության ժամանակաշրջանում գյուղը կրել է Շիրաղալա օտար անվանումը, որը պահպանվել է նաեւ հետագայում։ Մատենադարանում պահվող 1641թ. ձեռագրում Ապարանի որոշ գյուղերի թվում հիշատակվում է նաեւ Վարդենուտը, ինչն ամենեւին չի նշանակում, թե նրա պատմությունն սկսվում է հենց այդ դարից։
Ասվածի ամենաակնառու վկայությունը հնամենի դղյակ—ամրոցն է, որն իշխանանիստ հզոր կառույց է եղել, թագավորական ամառանոց։
Նրա ծաղկուն ժամանակաշրջանը, ըստ պահպանված փաստաթղթերի, 12—14—րդ դարերն են։ Պատմագիտական աղբյուրների վկայակոչմամբ, Վաչուտյան իշխաններն իրենց ոստանը դարձրել են Վարդենուտը՝ հաշվի առնելով գյուղի դիրքը, եղած շինությունները եւ այլ նպաստավոր հանգամանքներ։ Հենց դրանով կարելի է բացատրել այն, որ 1254թ. կիլիկյան Հայաստանի Հեթում Ա թագավորը (1226—1270) հեռավոր Կարակորում՝ թաթարների Մանգու խանի հետ հանդիպման մեկնելիս որպես հանգրվան ընտրել է Քուրդ Ա Վաչուտյանի ապարանքը պատմական Վարդենուտ բնակավայրում։
Գյուղն իր կարեւոր դիրքը շարունակել է պահպանել նաեւ հետագայում։ Այդ մասին է վկայում, օրինակ, հետեւյալ փաստը։ 1735թ. մայիսի 28—29—ին իր զորքով այստեղ է եղել պարսից Թահմազ Ղուլի խանը, ում էլ այցելել է Աբրահամ Գ կաթողիկոսը։ Հնավայրը չի վրիպել Ղեւոնդ Ալիշանի ուշադրությունից, իսկ այն հանգամանորեն նկարագրել է Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» (1842թ.) պատմաաշխարհագրական աշխատության մեջ։
1986—89թթ. դղյակ—ամրոցում ՀՍՍՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը Գրիգոր Կարախանյանի գլխավորությամբ կատարել է պեղումներ։ Ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Հուսիկ Մելքոնյանը, ով անմիջական մասնակից է եղել պեղումներին, «ՀՀ»—ին տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները ժամանակին ներկայացրել են «ՀՍՍՀ—ում 1985—86թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված զեկուցումների» շրջանակում, ինչն առայսօր, ցավոք, այնքան էլ հայտնի չէ հասարակության լայն շրջանում։
Դղյակը Արագած լեռան հարավ—արեւելյան լանջին է, շրջապատի վրա իշխող դիրք ունեցող բլրի վրա։ Արեւմտյան կողմում մոտ 70 մ երկարության պարսպապատը երբեմնի հզոր բերդի հատվածներից մեկն է։ Շարվածքի համար օգտագործված են տեղական անմշակ որձաքարեր։ Պահպանված պատի արեւելյան եզրին եղել է բավականին հաստ պատերով աշտարակ, որը հետագայում վերածվել է ցորենի պահեստի։ Շուրջը 19—րդ դարի գերեզմանատունն է, որտեղ պահպանվել են դղյակից տեղահան արված մեծաթիվ ճարտարապետական մանրամասներ, անգամ՝ դղյակի մուտքի վերնամասի քար, որոնք օգտագործվել են որպես տապանաքար։
—1986թ. կարճատեւ պեղումներով,–նշեց հնագետը,–արտաքուստ բացվեցին զանգվածեղ բազալտե քարով, կրաշաղախով կառուցապատված դղյակի պատերը։ Դղյակն ունի ուղղանկյուն հատակագիծ. չորս անկյուններն օժտված են զանգվածեղ կլոր աշտարակներով։ Որմերի պահպանված մասերի բարձրությունը ավելի քան 1,5 մետր է։ Դղյակի կանգուն պատերը եւ արեւելյան միակ մուտքը տարիների ընթացքում ավերվել են բնակիչների կողմից, տարվել, օգտագործվել որպես շինաքար եւ գերեզմանաքար։
Պեղումների միջոցին հայտնաբերվեցին մ.թ.ա. եւ մ.թ. առաջին դարերի, 4—14—րդ դարերի նյութեր, մասնավորապես, խեցեղենի բազմապիսի նմուշներ, որոնք հավաստում են հնավայրի բազմաշերտ լինելու իրողությունը։ Հնավայրում գանձ որոնողները տասնամյակներ առաջ ավերել են դղյակի ներսի կողմի հարավ—արեւելյան մի փոքր մասը։ Հետագայում հողով է ծածկվել այդ հատվածը։ Այս հատվածում պեղումներով բացվեց բազալտե սրբատաշ եւ կոպտատաշ քարերով շարված, անջրթափանց դարձնելու նպատակով կրաշաղախով սվաղած ոչ մեծ չափերի մի ջրամբար։
Հնագիտական արշավախումբը, շարունակելով դղյակի պեղումները, պարզել է, որ ուղղանկյուն քառանկյունի հատակագծով, չորս կլոր աշտարակներով օժտված դղյակն զբաղեցնում է ավելի քան 380 քմ ընդհանուր մակերես։ Վաղ միջնադարին վերաբերող թեեւ սակավաթիվ, սակայն հետաքրքիր հնագիտական գտածոները հավաստում են ուսումնասիրվող միջնադարյան դղյակի հիմնադրվելը մ.թ. 4—րդ դարում… Կառույցի կենտրոնում բացվել են երկայնական արեւելք—արեւմուտք առանցքով երկու հզոր մույթերի (նեցուկ, հենարան) հիմքեր (1,4x1,4), որոնցով երկու հավասար մասերի է բաժանվում ներքին տարածությունը։ Մույթերը կրել են առաջին հարկի ծածկը։ Դղյակի երկհարկանի լինելու կռվան են պեղումներով բացված կառույցի մինչեւ 3,5 մետր լայնություն ունեցող պատերը, կամարների, քիվերի, պատուհանների, որմնասյուների բազալտե եւ տուֆե սրբատաշ քարերը։
—1988—ին ներքուստ ամբողջովին մաքրվեցին դղյակի աշտարակները,–շարունակեց Հ. Մելքոնյանը։–Հայտնաբերվեցին մ. թ. 1—ին դարերի տեղական եւ ներմուծված խեցեղեն, պարթեւական արծաթե մեկ դրամ (մ.թ.ա. 1—ին դար)։ Գտնվեցին 10—13—րդ դդ. մեծ թիվ կազմող երկաթե իրեր, առարկաներ, աշխատանքային գործիքներ, երկրագործական գործիքներից գութանի խոփ, ինչպես նաեւ մուրճ, մկրատ, դանակներ, կողպեքի մասեր, գեղարվեստական մետաղի նմուշներ՝ ճարմանդներ, օղեր, պղնձե զանգեր, այլ առարկաներ։ Գտածոները, մասնավորապես՝ խեցեղենը, հիմնականում կրկնում են նախկինում հայտնաբերվածը (հասարակ, դրոշմազարդ եւ ջնարակած անոթների եւ հախճապակու նմուշներով թասեր, աղամաններ, ձիթաճրագներ, սնդկամաններ, սելադոնի բեկորներ)։ Ապակեղենը առավելապես սրվակների, գավաթների մասեր են, ուլունքներ, ապարանջաններ, արաբատառ արձանագրությամբ անոթների բեկորներ։ Աննշան քանակ են կազմում ոսկրե առարկաները։ Հայտնաբերված հնագիտական նյութերի շարքում իրենց կարեւորությամբ, մասնավորապես, աչքի են ընկնում 11—13—րդ դարերի բյուզանդական եւ վրացական պղնձե դրամները, որոնք փաստական արժանահավատությամբ արտացոլում են Վարդենուտի դղյակի եւ շրջակա բնակավայրի տնտեսական տեսակարար կշիռն ուսումնասիրվող ժամանակաշրջանի Հայաստանի առեւտրական ու դրամական շրջանառության ոլորտներում։
Ցավով պետք է նշել, որ դղյակ—ամրոցն իր շրջակա տարածքով, իրավամբ այս բնակավայրի, տարածաշրջանի հնագիտական կարեւոր ու անգնահատելի արժեք ներկայացնող անձնագիրը (այցեքարտ) լինելով, առայսօր պատշաճ ուշադրության չի արժանացել եւ, ըստ էության, հիմա էլ անտեսված ու մոռացված է։ Վերոնշյալ պեղումներն այդպես էլ անավարտ են մնացել, հնավայրը քարտեզներում ու այլ փաստաթղթերում ներառված չէ, ոչ մի ցուցանակ կամ գրություն որեւէ տեղ փակցված չէ, տարածքն առանձնացված չէ եւ այլն, եւ այլն։
Մինչդեռ այստեղ ամեն քար ու խիճ եւ անգամ աննշան մանրուք՝ միաձուլված միջավայրի ներդաշնակ համայնապատկերին, պատմահնագիտական եզակի նշանակություն ունի, լուրջ ուսումնասիրության կարիք եւ, անկասկած, կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել յուրաքանչյուրի եւ հատկապես զբոսաշրջիկների համար։
Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ բերդի անմիջական հարեւանությամբ պահպանվել են գետնափոր հյուղակներ, զանազան իրեր, հին գյուղի կոլորիտը ներկայացնող բնապատկերներ, որոնք կրում են հեռավոր ժամանակների շունչն ու ոգին։
Իսկ եթե այդ ամենին գումարենք բնակավայրի նպաստավոր դիրքն ու բնաշխարհի հարուստ բազմազանությունը, սքանչելի զով եղանակն ու գյուղական հետաքրքիր կենցաղավարությունը, տեղացիների անմիջական ու հյուրընկալ վերաբերմունքը, ապա, կարծում ենք, պարզ կդառնա, թե Հայաստան աշխարհի ինչպիսի դիտարժան ու յուրահատուկ անկյուններից է Վարդենուտը, զբոսաշրջային ինչպիսի երթուղի կարող է դառնալ այն։ Չէ՞ որ ամբողջ աշխարհում հնագիտական հուշարձանները զբոսաշրջիկների նախընտրած այցելությունների վայրերից են։
Իսկ որ Վարդենուտի դղյակ—ամրոցը, որպես մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգության մաս, կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն տվյալ տարածաշրջանում, դրանում որեւէ կասկած չի կարող լինել։ Մնում է, որ հեռավոր դարերից մեզ ժառանգվածն այսօր հնարավորինս պահպանվի, եղածը կարգի բերվի եւ հավուր պատշաճի ներկայացված լինի։
Այս առումով հուսադրող ու անչափ գնահատելի է դղյակ—ամրոցի պարսպով շրջապատված տարածության ներսում, ամենաբարձր կետում գտնվող կիսավեր՝ Սուրբ Մերկերիոս եկեղեցու (13—րդ դար) վերակառուցումը, ինչը շուտով կավարտվի։ Այսինքն, հիմնանորոգված, նոր կյանք առնող եկեղեցու առկայությունն այն կարեւոր նախադրյալներից մեկը կարող է դառնալ, ինչն իր հերթին կնպաստի, որպեսզի հնամենի ու առանձնահատուկ կարեւորության այս հուշարձանն, ի վերջո, գտնի իր «աստղային» ժամը…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

14-09-2017





24-11-2017
Պատուհան դեպի միջազգային շուկա
Երեւանում մեկնարկեց գինու առաջին միջազգային համաժողովը

Հայաստանի ճանաչելիության ...


 
24-11-2017
Երկխոսության եւ համագործակցության կամուրջ
Միանշանակ է, որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի լավ հարաբերություններից ...


 
24-11-2017
Միջուկային էներգետիկայի զարգացմանը զուգահեռ
Կարդիականացվի հեղուկ ՌԹ—ների վերամշակման տեղակայանքը

Երբ պարբերաբար անդրադառնում ...


24-11-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ»—ի պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր ...


24-11-2017
Քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


24-11-2017
Խորհրդակցություն կառավարությունում
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ...


24-11-2017
«Հայաստանի թվային օրակարգ 2030»
Ավարտին են մոտենում ռազմավարության մշակման աշխատանքները

Երեկ տեղի ...



 
24-11-2017
Նախ՝ Բաքուն պետք է մեզ ընդառաջ քայլեր անի
Այդ դեպքում Հայաստանը կողջունի ...

24-11-2017
Արցախ այցելողների թիվն աճում է
Որ երթուղիներն են առավել նախընտրում ...

24-11-2017
Դեկտեմբերի 2—ին Աստվածամուխ ս. գեղարդը կդրվի մայր տաճարում
2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք ...

24-11-2017
Երկխոսության կոնգրեսը՝ կարեւոր քայլ
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO