Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Գերակա շահը մարդու առողջության պահպանումն է

Առողջապահության նախարարը պատասխանել է հանրային քննարկում անցած հարցերի

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում հրավիրվել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Քննարկվեցին առողջապահության ոլորտում վերջին շրջանում արված բարեփոխումները, առաջարկվող նոր փոփոխություններն ու հանրային լայն հնչեղություն ստացած թեմաները. ծխախոտի գնի բարձրացում, նարգիլեի արգելում, էլեկտրոնային ծխախոտի հարկում, քաղցկեղի եւ տուբերկուլյոզի բուժում, թմրանյութերի օրինականացում եւ այլ հարակից հարցեր։

Քաղցկեղը կբուժեն առանց քաղաքացու տված համավճարի

Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին լուրը, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, խիստ քննադատության է արժանացել մասնագետների կողմից, բազմաթիվ օնկոլոգներ համարել են այն պոպուլիստական քայլ՝ նշելով, որ հնարավոր չէ ունեցած բյուջեի պայմաններում նման ծանրաբեռնվածություն վերցնել։ Զոհրաբյանն ասաց, որ անձամբ խոսել է տարբեր հաստատությունների բժիշկների հետ, որոնք ընդգծել են, որ քաղցկեղի որակյալ բուժումը շատ թանկ ծառայություն է, եւ Հայաստանի բյուջեն նման բեռ իր ուսերին վերցնել չի կարող։ Այս քննարկումներին ի պատասխան նախարարն ասաց, որ երբեւէ «քաղցկեղի անվճար բուժում» արտահայտություն չի արել, ասել է՝ քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում։ «Հայաստանի բյուջեում միշտ հայտարարվել է, որ քաղցկեղ ունեցող մարդկանց բուժումը պետպատվերով է։ Դա ենթադրում է՝ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա։ Պետպատվերի հրահանգների մեջ գրված է, որ քաղաքացին վճարում է բուժման 80 տոկոսը, պետությունը՝ 20, այսինքն՝ 100 հազար պետությունն է վճարում, 300 հազար քաղաքացին։ Մենք ընդամենը համավճարի մասը, որը առաջ վճարում էր քաղաքացին, վերցրել ենք մեզ վրա՝ ունենալով հաշվարկ, թե տարեկան քանի նման վիրահատություն է արվում Հայաստանում գործող բուժհաստատություններում, եւ թե որքան բյուջետային աճ ունենք 2019—ի համար։ Ամեն ինչ շատ պարզ է՝ խոսքը քաղաքացու կողմից վճարվող վիրահատության գումարի 20 տոկոս համավճարի մասին է։ Մենք ոչ մի վատթարացնող բան չենք արել, ընդամենը քաղաքացիների վրա դրված օրինական բեռը հանել ենք»,–պարզաբանեց նախարարը։ Քաղաքացիները կշարունակեն դեռ համավճարով կատարել մնացած ծախսերը քիմիայի, ճառագայթային թերապիայի, այլ դեղորայքային բուժումների դեպքում, որոնց բեռն, ըստ նախարարի, ավելի ծանր է, եւ պետությունն այս պահին այն չի կարող վերցնել իր վրա։ Թորոսյանն ասաց, որ եկող տարի կանդրադառնան նաեւ քիմիա ու ճառագայթային բուժումներին։ Նախարարը նշեց, որ այս տարի 200 միլիոն դրամ լրացուցիչ գումար էլ նորագույն ճառագայթային բուժմանն են հատկացրել։ Նորագույն գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը Հայաստանում երբեք անվճար չի եղել։ Լրացուցիչ գումարը մոտավորապես կբավականացնի բուժում ստացող 200—300 հոգու համար։ «Սա դեռեւս սկիզբն է, մյուս տարի կապահովենք 400 հոգու համար, այնուհետեւ 500, եւ այսպես շարունակ։ Այս քայլով կկատարենք հասարակությանը տված մեր խոստումները»,–նշեց նա։
Թորոսյանն անդրադառնալով նաեւ մանկական քաղցկեղին՝ ասաց, որ պետությունն իր վրա է վերցնում ստացիոնար բուժման ծառայությունների մասը, որը մոտավոր հաշվարկով լրացուցիչ 50 մլն դրամի անհրաժեշտություն է առաջացնում։ «Հայաստանում գրանցվում է սոլիտ՝ հյուսվածքային ուռուցքների 100 դեպք։ 70—ը բուժվում է մեզ մոտ, մնացած 30 դեպքը՝ արտասահմանում, քանի որ այստեղ չեն կարողանում բուժել։ 70 քիմիաթերապիայի դեպքում, որպեսզի հիվանդանոցային բուժման բոլոր ծախսերը փակվեն՝ բացառությամբ դեղերի, հավելյալ գումար է անհրաժեշտ։ Մենք տալիս էինք ամեն քիմիայի կուրսի համար, առանց դեղերի, մոտավորապես 150 հազար դրամ գումար եւ գիտենք, որ դա քիչ է, չի բավականացնում։ Որոշել ենք նշված գումարը դարձնել 250 հազար դրամ՝ քիմիայի ամեն կուրսի համար։ Քանի որ երեխաների թիվը փոքր է, հաշվել ենք, որ մոտավորապես 50 մլն դրամ գումար է պետք, որպեսզի առնվազն հիվանդի ծնողից չուզեն ինչ—ինչ պարագաներ, պալատի գումար եւ այլն»,–ասաց նա։

Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է

Հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հարցրեց, թե ինչո՞ւ է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ—ում գնացուցակ փակցվել այն դեպքում, երբ Հայաստանում բուժումն իրականացվում է անվճար։ Թորոսյանը պատասխանեց, որ բարեբախտաբար Հայաստանում տուբերկուլյոզը վերանում է, եւ ամեն բան արվելու է այն վերջնականապես հաղթահարելու համար։ «Այն վերանում է շնորհիվ այդ ՊՈԱԿ—ի, մենք խնդիր ունենք առկա առողջապահական հզորություններն օգտագործել նաեւ այլ նպատակներով։ Ուզում ենք այդ կենտրոնը վերապրոֆիլավորել, դարձնել թոքաբանության ազգային կենտրոն, որ կզբաղվի ոչ միայն տուբերկուլյոզով, այլ նաեւ թոքաբանական հիվանդություններով, որովհետեւ շատ լավ բժիշկներ եւ լավ ենթակառուցվածքներ ունի։ Ճիշտ չի լինի կորցնել այն»,–ասաց նախարարը։ Գնացուցակը ներդնելու նպատակներից մեկը՝ նրա խոսքով, այլ հիվանդներ ներգրավելն ու հիվանդանոցի ֆինանսական վիճակը բարելավելն է։ Բայց սա չի նշանակում, որ տուբերկուլյոզի բուժումը դադարում է լինել պետպատվեր։ Ասում է՝ տարեկան 1 միլիարդ դրամ են ծախսում բուժման վրա ու շարունակելու են ծախսել, քանի որ դրական արդյունք են արձանագրում։ Թորոսյանի խոսքով՝ շուտով պոլիկլինիկաներում տուբերկուլյոզի բուժման կաբինետների կարիք չի լինելու. «Քանի որ կան պոլիկլինիկաներ, որոնք տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետներում ունեն 4 բուժաշխատող եւ ընդամենը մեկ հիվանդ»։
Կրկին վերադառնալով «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ—ի գնացուցակին, նախարարն ընդգծեց՝ ներդրվել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում. «Մարդիկ գալիս են ռենտգեն անելու, գումարը դնում էին բժշկի գրպանը, օրինակ՝ Աբովյանի տարածաշրջանի բնակիչները։ Մենք խնդիր ենք դրել այդ շրջանառությունը «սպիտակեցնել», որը կենթադրի սպիտակ աշխատավարձ, սպիտակ եկամտահարկ եւ այլն»։

Թմրանյութերի օրինականացման մասին խոսք չի կարող լինել

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քաղաքացիներից մեկը մտահոգություն է հայտնել այն մասին, թե առողջապահության նախարարության կողմից մի նախագիծ է առաջարկվել, որով թմրանյութերի օրինականացման միտում է նկատվում։ Թորոսյանը հորդորեց նախագծերն ուշադիր կարդալ՝ հասկանալու համար, թե ինչ միտում է նկատվում։ Ըստ նրա՝ խոսքը գիտահետազոտական նպատակներով որոշակի նյութերի օգտագործման մասին է։ Հայաստանում հոգեմետ եւ թմրանյութ պարունակող միջոցների նկատմամբ հատուկ վերահսկողություն է իրականացվում ոչ միայն առողջապահության նախարարության կողմից, այլ նաեւ կառավարության եւ ոստիկանության, եւ այդ վերահսկողությունը, Թորոսյանի տեղեկացմամբ, շարունակական է լինելու. «Ես իմ կարծիքը թմրամիջոցների, շրջանառության ազատականացման մասին արդեն հայտնել եմ»։

Սահմանափակվում են ծխելու վայրերը

ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ շրջանառության մեջ է դրել հանրային վայրերում ծխելը սահմանափակող օրենսդրական նախաձեռնություն։ Անդրադառնալով այս թեմային, Թորոսյանը շեշտեց՝ նախարարության համար գերակա շահը մարդու առողջության պահպանումն է, սակայն, եթե կան այլ շահեր, իրենք պատրաստ են համադրել։ Փակ վայրերում ծխելու մասին օրենքի վերաբերյալ պատրաստ են քննարկումներ անել, հետաձգել ուժի մեջ մտնելու ժամկետը։ Թորոսյանի խոսքով՝ ոչ մի բիզնես գործունեություն չեն պատրաստվում արգելել։ Միայն կա օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բոլոր հանրային փակ վայրերում արգելել ծխելը։ Այս ճանապարհով փորձում են նվազեցնել ծխախոտի հասցրած վնասը։ «Մենք ընդամենը սահմանափակում ենք ծխելու վայրերը, այլ ոչ թե արգելում»,–ասաց նախարարը։ Պատրաստ են քննարկել քաղաքացու բիզնես շահերը, համադրել, սակայն առողջ մնալու եւ առողջության պահպանման իրավունքը, նախարարի խոսքով, երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքի։ Սրտամկանի ինֆարկտի, քաղցկեղի, ինսուլտի հիմնական ռիսկի գործոնը ծխելն է, սրտանոթային հիվանդություններով մահացության պատճառի մոտ 50 տոկոսը, ուռուցքային հիվանդությունների՝ 25—30 տոկոսի պատճառը ծխելն է, նկատեց Թորոսյանը եւ ընդգծեց՝ իրենց նպատակն է պայքարել այդ ռիսկի գործոնների դեմ, եւ ծխախոտի գինը համարում է դրա օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը։ Նրա կարծիքով՝ ակցիզային հարկերի ավելացումը, ծխախոտի վաճառքի գնի ավելացումը կնպաստեն Հայաստանում ծխախոտի օգտագործելիության զգալի նվազեցմանը։ «Ծխախոտի հարկի բարձրացումը 45 տոկոսով կկանխարգելի 88 հազար վաղաժամ մահ։ Դա ուսումնասիրություն է, որն արվել է Հարվարդի համալսարանի հետազոտողների կողմից։ Մեզ մոտ վաղաժամ մահացությունն ահագնացող թվերի է հասնում։ Դրա «առյուծի բաժինը» պայմանավորված է տարբեր գործոններով, որոնցից առաջինը ծխախոտն է։ Սխալ են այն կարծիքները, թե ծխախոտի գնի բարձրացումը չի հանգեցնելու դրա օգտագործման նվազեցմանը, քանի որ գինն է օգտագործման վրա ազդող ամենամեծ գործոնը»,–նշեց նախարարը՝ հավելելով՝ հինգ տարվա մեջ կարող ենք ծխախոտի օգտագործման քսան տոկոս անկում ունենալ՝ գնի բարձրացման պարագայում։ Թորոսյանի տվյալներով՝ մեծահասակ ազգաբնակչության կողմից օգտագործելիությունը 52 տոկոս է, եթե 5 տարվա ընթացքում գինը դառնա 2000 դրամ՝ 500—ի փոխարեն, ապա հինգ տարուց 32 տոկոս օգտագործելիություն կունենանք. «Դա ապացուցված է, ես չեմ հորինում»։ Ըստ նրա՝ օգտագործելիության վրա ազդող ռիսկի մյուս գործոններն են որոշակի վայրերում սահմանափակումը, ծխախոտի տուփին վատ նկարներ փակցնելն ու սոցիալական գովազդները։

Նարգիլե ծխելը նույնքան ռիսկային է, որքան ծխախոտը

Ավելի վաղ նարգիլե ծխելու համար մասնագիտացված ժամանցի կենտրոնների ներկայացուցիչները բողոքել էին օրենքի նախագծից։ Նիստին ներկա գործարարներից մեկն իր դժգոհությունն արտահայտեց առողջապահության նախարարության նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը։ Թորոսյանն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր համակարգեր կան։ Օրինակ՝ Ղազախստանը մտածում է նարգիլեների օգտագործումն արգելելու մասին։ «Մենք չենք արգելում, այլ սահմանափակում ենք, որ փակ տարածքներում չծխեն եւ մյուսների առողջությանը չվնասեն։ Պատրաստ ենք քննարկել ուժի մեջ մտնելու ժամկետը, եթե դա ինչ—որ մեկի բիզնես շահերին վնաս է, օրինակ, ներդրումների հետգնման տեսանկյունից։ Օրենքը կարող է քննարկվել գարնանային նստաշրջանին, սակայն ուժի մեջ մտնել մեկ տարի հետո։ Կամ մի հաստատության համար կարող է ուժի մեջ մտնել մեկ տարուց, մյուսի համար՝ կես տարի հետո»,–մանրամասնեց Թորոսյանը՝ շեշտելով, որ իրենց համար կա հանրային գերակա շահ, այն է՝ մարդու առողջությունը։ Ի պատասխան նախարարի՝ գործարարն ասաց, որ եթե ծխախոտ ծխողներին տրվում է այլընտրանք՝ փակ տարածքից դուրս գալ եւ ծխել, ապա նարգիլեի սիրահարներն այդ այլընտրանքից զրկվում են։ Գործարարի խոսքով 700 մարդ անգործ է մնում, եթե նախագիծն օրենք դառնա, եւ փակվեն մասնագիտացված ժամանցի կենտրոնները։ Թորոսյանն էլ ասաց, որ հնարավոր է նարգիլեի գործով զբաղվող մարդկանց ժամանակ տալ, որպեսզի նրանք վերապրոֆիլավորվեն այլ գործում։ «Ես չեմ կարող ընդունել ստորադասումը՝ մարդու առողջ մնալու իրավունքն այլ իրավունքներին։ Կարող ենք քննարկել, որպեսզի ոչ մեկը չտուժի, այդ թվում նաեւ Դուք»,–ընդգծեց Թորոսյանը։ Նախարարի պնդմամբ՝ նարգիլե ծխելը կրում է նույն ռիսկերը, ինչ դասական ծխախոտ ծխելը, քանի որ նարգիլեն նույնպես նիկոտինի՝ բարձր կախվածություն առաջացնող քիմիական միացության աղբյուր է, որը առկա է բոլոր ծխախոտային արտադրանքներում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

12-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO