Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Օնկոլոգիական ոչ մի հիվանդ առանց բուժօգնության չի մնա

ԱՆ-ից պարզաբանում են, թե որ ծառայություններն են անվճար

Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին նախարարության կողմից արդեն գործող որոշումը բազմաթիվ ուռուցքաբանների կողմից քննադատության է արժանացել։
Վերջիններս այս քայլը դիտարկում են ոչ արդյունավետ եւ համարում, որ հիվանդների առատության պարագայում պետությունը չի կարողանա իր վրա վերցնել անվճար վիրահատությունների ողջ ծավալը։
Վերջերս մամուլում եղան նաեւ հրապարակումներ այն մասին, թե անվճար բուժօգնություն ասելով նախարարը նկատի է ունեցել ոչ միայն վիրահատությունների, այլ նաեւ բուժման ողջ ընթացքը՝ ներառյալ ճառագայթային բուժումն ու քիմիաթերապիան, ինչին նախարարն արձագանքեց, որ դա թյուրըմբռնում է։
Հասկանալու համար իրականում քաղցկեղի բուժման որ հատվածն է իր վրա կրելու պետությունը եւ ինչու են օնկովիրաբույժների շրջանում նման դժգոհություններ առաջացել, կամ ինչպես է այս տարաձայնությունը կլինիկաների միջեւ կարգավորելու պատկան կառույցը, պարզաբանումներ խնդրեցինք առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք—Նուբարյանից։
Նա ընդգծեց, որ նախարար Արսեն Թորոսյանը երբեւէ չի հայտարարել, որ պետբյուջեով ծածկվելու են քաղցկեղի բուժման բոլոր ծախսերը։
«Նախարարի հետ այս թեմայի շուրջ քննարկումներ են եղել, եւ նա հստակ հասկանում է, թե ինչ ասել է՝ անվճար բուժօգնություն։ Անվճար են դարձել օնկոլոգիական բոլոր վիրաբուժական միջամտությունները եւ սոցիալապես անապահով խավի համար նաեւ ճառագայթային թերապիան, ընդ որում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Խոսքը չի վերաբերում քիմիաթերապիային՝ հաշվի առնելով, որ այն թանկարժեք բուժում է ամբողջ աշխարհում։ Քիմիաթերապիայի դեպքում գործում է նախորդ եւ առայժմ միակ մեխանիզմը՝ համավճարի սկզբունքը։ Ինչպես եւ նշել էր նախարարը, հետագայում անելու ենք այնպես, որ քաղցկեղով հիվանդանալու դեպքում հիվանդը եւ իր ընտանիքը ֆինանսական բեռ չկրեն, մենք ձգտելու ենք նրան, որ պետությունը հնարավորինս քաղցկեղով հիվանդ պացիենտի կողքին լինի, հաշվի առնելով հիվանդության ծանրության աստիճանը»,–նշեց Դավիթ Մելիք—Նուբարյանը։
Ինչ վերաբերում է կլինիկաների աշխատակիցների կողմից հնչող դժգոհություններին, ապա այն համարեց օրինաչափ՝ հաշվի առնելով, որ ցանկացած բժիշկ ցանկանում է իր կատարած վիրահատության համար արժանապատիվ վարձրատրվել, եւ իրենք բարձր են դասում նաեւ բժշկի շահը։
«Մենք ապրում ենք մի երկրում, որը երկու կողմից շրջապատված է ոչ բարյացակամ տրամադրված հարեւաններով, եւ երկիրը ստիպված է ռեսուրսների մի մասը ուղղել սահմանների պաշտպանությանը, եւ առողջապահության ոլորտին ուղղորդվող գումարները բնականաբար նվազում են, արդյունքում ունենք աղքատ բնակիչներ, որոնց պետությունը պետք է օգնության ձեռք մեկնի։ Մյուս կողմից՝ ունենք բուժհաստատություններ, որոնք բնական է, հնարավորինս փորձում են ապահովել իրենց բնականոն գործունեությունը եւ ստանալ իրենց մատուցած ծառայությունների համար արժանապատիվ վարձրատրություն։ Մենք այս հարցը պետք է դիտարկենք՝ հաշվի առնելով այս երեք բաղադրիչները»,–նշեց գերատեսչության ներկայացուցիչը։
Օնկոլոգիական վիրահատությունների համար ներդրված գներն այսօր համարժեք են սոցփաթեթի շրջանակներում մատուցվող ծառայությունների գներին, որոնք շուկայական մցունակ գներ են։ Եղել են քննարկումներ նախարարի տեղակալի մասնակցությամբ, եւ առաջարկ է հնչել վերանայել վիրահատությունների գները։ Դավիթ Մելիք—Նուբարյանը հավաստիացրեց, որ այժմ գործընթացը վերանայման փուլում է, եւ այն օրինաչափ պրոցես է, պիտի համաձայնեցնեն գործընկեր կլինիկաների հետ։
Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բյուջեն ամբողջապես չի կարողանա փոխհատուցել տարեկան կտրվածքով բոլոր հիվանդների վիրահատությունների ծավալը, ապա զրուցակիցս հայտարարեց, որ ՀՀ քաղաքացի համարվող որեւէ քաղցկեղով հիվանդ, որին ցուցված կլինի վիրահատություն, առանց անվճար բուժօգնության չի մնա։ Տարեկան մոտավոր 8 հազար քաղցկեղով հիվանդացության նոր դեպք է երկրում արձանագրվում։ Իրենք հստակ հաշվարկել են։ Այդ թվաքանակից սովորաբար 50—70 տոկոսին է ցուցված լինում վիրահատվել։ Ուստի ծավալը գումարային մասով, իրենց համար արդեն կանխատեսելի է։ Իսկ եթե գումարները վաղաժամ սպառվեն, ապա, ըստ զրուցակցիս, մեծ հավանականությամբ ֆինանսի վերաբաշխում կլինի։ Ի դեպ, անվճար կվիրահատվեն նաեւ հիվանդության ռեցիդիվ արձանագրած հիվանդները եւս։
Այս տարվա հունվար ամսից անվճար բուժօգնություն են ստացել մի շարք պացիենտներ։ Բուժհաստատությունն ընտրում է հիվանդը։ Ծրագիրն ընդգրկում է ՀՀ առաջատար 11 բուժհաստատություններ։
«Մենք խստագույն հետեւում ենք, որ ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունները լինեն լավագույնը։ Մեր առաջնահերթություններից է այն, որ պետպատվերով բուժվող հիվանդը լինի պահանջված, խնդրված տվյալ կլինիկայի կողմից։ Պիտի բացառենք այն իրավիճակները, որ պետպատվերում գտնվող հիվանդների հանդեպ անբարյացակամ վերաբերմունք լինի»,–Դավիթ Մելիք—Նուբարյանը հարկ համարեց տեղեկացնել նաեւ, որ նախարարության կողմից ներդրվելու է եւս մեկ նորարարություն՝ ի շահ քաղցկեղով հիվանդ պացիենտների։
Ամբողջապես փոխվելու է քաղցկեղով հիվանդի հիվանդության, վարման, կառավարման գաղափարախոսությունը։ Շուտով կստորագրվի նախարարի հրամանը, ներկայումս օրինագիծը քննարկվում է առաջնային օղակների բժիշկների հետ։ Խնդրի բուն էությունն այն է, որ այսօր քաղցկեղով հիվանդի հիվանդության, վարման, կառավարման վարվելակարգ որպես այդպիսին գործում է միայն որոշ կլինիկաներում, ինչը պետք է այսուհետ ներդրվի անխտիր բոլոր բուժհաստատություններում։ Ի՞նչ է նախատեսում օրինագիծը։ Ըստ զրուցակցիս պարզաբանման, սա վերաբերում է այն իրավիճակին, երբ պացիենտը քաղցկեղի կասկածով տվյալ կլինիկա դիմելու դեպքում, անհապաղ մասնագիտական խմբի կողմից ստանա նրան բուժելու համալիր պլան։ Այսինքն՝ հիվանդությունը պահանջելով երկարատեւ բուժում, ինքնին ենթադրում է համալիր թիմային միասնական մոտեցում, միասնական վարվելակարգ, որը նախարարությունը պատրաստվում է ներդնել ապրիլի 1—ից։ ԱՆ ներկայացուցչի խոսքով, իրենք ամեն ինչ անելու են, որ քաղցկեղով հիվանդի հանդեպ ուշադրությունը իրենց կողմից հետզհետե ավելի մեծանա։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

15-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO