Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Քաղցկեղի բուժման ծառայությունները՝ բարեփոխման փուլում

«Ժպիտների քաղաքն» արդեն հասցրել է օգնել մոտ 120 երեխայի եւ երիտասարդի

«Ժպիտների քաղաք» (City of smile) բարեգործական հիմնադրամը, չնայած գործունեության կարճ ժամանակին, արդեն հասցրել է մոտ 250 մլն դրամի աջակցություն ցուցաբերել քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու երիտասարդների։ Հիմնադրամը, ձգտելով ընդլայնել նվիրատվությունների ցանկը, նպատակ ունի քաղցկեղի բուժման ծառայությունները Հայաստանում դարձնել եվրոպական ստանդարտներին մոտ։ Հիմնադրամի գործունեության եւ արդեն արձանագրված արդյունքների մասին զրուցել ենք «Ժպիտների քաղաքի» տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ։
–Տիկին Դեմիրճյան, գործունեության օրից մինչեւ հիմա հիմնադրամի հաշվին որքա՞ն գումար է հանգանակվել եւ այդ գումարը քանի՞ երեխայի է տրամադրվել։
–«Ժպիտների քաղաք» հիմնադրամն իր հիմնադրման մասին հայտարարել է հուլիսին, սակայն մեր հիմնական գործունությունը սկսել ենք 2018թ. սեպտեմբերից։ Այդ ընթացքում մոտավորապես 250 մլն դրամի կարգի նվիրատվություն է եղել, սակայն սա միջին ցուցանիշն է։ Այսօրվա դրությամբ արդեն ունենք մոտ 120 շահառու։ Շահառու են 0—25 տարեկան երեխաներ եւ երիտասարդներ, որոնք ունեն քաղցկեղի կամ արյան հիվանդության ախտորոշում։ Միջինում յուրաքանչյուր ամիս մենք աջակցում ենք 45—50 շահառուի։ Բուժումը երկարաժամկետ է, եւ հետեւաբար մեկ անգամվա օժանդակությամբ չենք ավարտում։ Օգնությունը տրվում է բուժման հետ կապված բոլոր ծախսերի համար։ Եթե երեխային կամ երիտասարդին ցուցված են դեղեր, հետազոտություններ, վիրահատական միջամտություն, հիմնադրամը ամբողջովին հոգում է։ Հիմնադրամը, բացի բուժման ծախսերից, ապահովում է նաեւ հիվանդանոցում երեխաների 4—անգամյա սնունդը, որպեսզի այս խնդիրն էլ թեթեւացնենք ծնողների համար, որ իրենց հոգսը լինի միայն երեխաների մասին հոգ տանելը։ Ապահովում ենք նաեւ սոցիալ—հոգեբանական ծառայություն, ինչը երեխաների, նրանց ընտանիքի համար իսկապես շատ կարեւոր է։
–Հիմնադրամի շահառու դառնալու կարգն ինչպե՞ս է, իրե՞նք են ձեզ դիմում, թե՞ դուք եք գտնում երեխաներին ու երիտասարդներին։ Շա՞տ են դիմում։
–Սովորաբար իրենք են դիմում մեզ։ Քանի որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու «Մուրացանի» մանկական ուռուցքաբանական եւ արյունաբանական ծառայությունները միացան, մենք գործում ենք Արյունաբանական կենտրոնում՝ հեշտացնելով ծնողների խնդիրը, որ մեզ երկար չփնտրեն։ Մեր՝ արյունաբանական կենտրոնում գտնվելու նպատակն է, որ ծնողներին հնարավորինս մատչելի լինենք։ Բժիշկներն էլ միշտ հուշում են մեր տեղը։ Նրանք դիմում են մեզ, մեր էքսպերտներն այն դիտարկում են, եւ եթե հաստատվում է, երեխան դառնում է մեր շահառու։ Ունենք միայն տարիքային չափանիշ։ Ամեն օր մենք ունենք 2—3 նոր դիմում։ Բավականին շատ են դիմումները։ Շատ մեծ կարեւորություն ենք տալիս այս երեխաների հետ աշխատելուն, բազմաթիվ միջոցառումներ ենք փորձում կազմակերպել, որ նրանց ներգրավենք մեր սոցիալական կյանք։ Հաճախ նրանք փորձում են փակվել, մեկուսանալ։ Սա վարակիչ չէ, ամոթ ու դատավճիռ չէ, եւ եթե երեխան ունի քաղցկեղ, դա դեռ չի նշանակում, թե ավարտն է։ Մանկական քաղցկեղի պարագայում բուժելիության ցուցանիշը բավականին բարձր է՝ 70—75 տոկոս։
–Բոլոր բուժհիմնարկներում քաղցկեղ կամ արյան հիվանդություն ունեցող երեխաներին կարողանո՞ւմ եք արդյոք հավասարաչափ օգնություն տրամադրել։
–Իհարկե։ Մենք օգնություն ենք տրամադրում, եթե ծնողը դիմում է մեզ։ Հիմնականում այս խնդրով երեխաների 90 տոկոսը գտնվում է արյունաբանական կենտրոնում, սակայն ունենք շահառուներ, որոնք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում են, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում եւ այլ հիվանդանոցներում։ Բոլորը հավասարապես մեր շահառուներն են։
–Տիկին Դեմիրճյան, ձեր ամենափոքր շահառուն քանի՞ տարեկան է։
–6—8 ամսական երեխաներ էլ ունենք։
–Հիմնադրամի շահառուներից արդեն լիարժեք բուժված երեխաներ կամ երիտասարդներ եղե՞լ են։
–Այնպես չէ, որ միայն մեզնով սկսել են եւ մեզնով ավարտել են։ Մեր գործունեության ժամկետը շատ կարճ է։ Սակայն ունենք երեխաներ, որոնք նախկինում այլ տեղերից են աջակցություն ստացել, իսկ հետո դարձել են մեր շահառու։ Եվ այո, մենք ունենք մի քանի դեպքեր, որ երեխաներն առողջացել են։ Այդ դեպքերը մեզ շատ ուժ ու եռանդ են տալիս։ Երբ արդյունք ենք տեսնում, հասկանում ենք, որ մեր պայքարն իսկապես արժե։
–Տիկին Դեմիրճյան, խոսեցիք այլ հիմնադրամներից աջակցություն ստացած երեխաներից, «Նվիրիր կյանքն» այլեւս չի շարունակում իր գործունեությունը, այդ հիմնադրամի արդյոք բոլո՞ր շահառու երեխաներն են հիմա ստանում ձեր աջակցությունը, դուրս մնացածներ կա՞ն։
–Ես չեմ կարող ասել՝ բոլորն են, թե ոչ, քանի որ ես չգիտեմ այդ հիմնադրամի բոլոր շահառուներին։ Այնուամենայնիվ, ունենք շատ—շատ շահառուներ, որոնք եկել են այդ հիմնադրամից, բնականաբար այն հիմնական մասը, որը վաղուց է բուժվում եւ ժամանակին եղել է «Նվիրիր կյանքի» շահառու, փակվելուց հետո փորձել է գտնել այլ ուղի։ Ծնողներն ու բժիշկները միմյանց հետ շփվում են, եւ կարծում եմ՝ չկա մեկը, ով օգնության կարիք ունի եւ մեր մասին չգիտի։
–Տիկին Դեմիրճյան, տեղյակ եմ, որ ծխախոտ արտադրող 3 ընկերությունների հետ հանդիպում եք ունեցել։ Ինչպես ավելի վաղ նշել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ դրանցից մեկը մերժել է, մյուսը սիմվոլիկ գումար է փոխանցել, մյուսի հետ բանակցություններն ի՞նչ փուլում են։
–Այո, մեկը մերժեց, մյուսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մեկի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որոշակի գումար կփոխանցի հիմնադրամին։
–Այս առումով որոշակի հակասական կարծիքներ հնչեցին, որպես տնօրեն ի՞նչ եք կարծում՝ հիմնադրամի անվանը չի վնասի՞ արդյոք այն փաստը, որ քաղցկեղով հիվանդ անձանց բուժման համար գումար է տրամադրվում քաղցկեղ առաջացնող ապրանքի՝ ծխախոտի վաճառքից։
–Անկեղծ ասած, ես հակառակ կողմից եմ դրան նայում։ Իմ անձնական կարծիքով, եթե որեւէ կազմակերպության արտադրանքի արդյունքում կարող է քաղցկեղ առաջանալ, ապա աջակցություն ցուցաբերելն առավել եւս իր առաջնային պարտականությունը պետք է լինի։ Կարծում եմ, որ սա ինչ—որ առումով իրենց սոցիալական պատասխանատվությունն է։ Օրենսդրությունը ուսումնասիրել ենք, այս առումով որեւէ սահմանափակում չունենք։ Փորձում ենք ընդլայնել եւ մարդկանց տարբեր տեսակի հնարավորություններ տալ՝ մեզ աջակցելու համար։ Ունենք բջջային հաղորդագրությամբ աջակցելու հնարավորություն, խանութներում նվիրատվության արկղեր ունենք։
–Տիկին Հակոբյանը նաեւ տեղեկացրել էր, որ լայն սպառման ապրանք արտադրողների հետ եք հանդիպումներ ունենալու՝ աջակցության ակնկալիքով։ Արդեն հանդիպումներ եղե՞լ են եւ ո՞ւմ հետ։
–Հանդիպումներ նախատեսում ենք մյուս ամսվա համար։ Սակայն մենք համագործակցություն ունենք նաեւ որոշ ռեստորանների հետ։ Ցանկացած ռեստորան կամ սրճարան կարող է ունենալ մեկ ճաշատեսակ կամ սուրճի տեսակ, որի անունը դնելով «City of smile», դրա վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցում է հիմնադրամին։ «Ոսկեվազ» ռեստորանում այդպիսի աղցան ունենք, «Գարուն» սրճարանում՝ սենդվիչ։ Իսկ «Կարաս» սննդի ցանցից ամեն երկուշաբթի առաքված սննդի գումարի 5 տոկոսը եւս փոխանցվում է հիմնադրամին։ «Սաս» սուպերմարկետներում «City of smile» խմորեղենի վաճառքի ողջ հասույթը եւս փոխանցվում է հիմնադրամին։ Կարծում եմ, որ շատ գեղեցիկ ձեւ է, որ մարդիկ, վայելելով իրենց ժամանցը, միաժամանակ գիտակցում են, որ ինչ—որ բարի գործ են անում։
–Տիկին Դեմիրճյան, հիմնադրամի խոշոր բարերարների թիվը որքա՞ն է։ Սուպերմարկետներում հիմնադրամի՝ նվիրատվության համար նախատեսված արկղերից ինչպիսի՞ աջակցություն է ստացվում։
–Ցանկացած մարդ, որը տարբեր սուպերմարկետներում տեղադրված արկղի մեջ գցում է անգամ 10 դրամ, եւ նա, ով տալիս է 10 մլն դրամ, հավասար են մեզ համար։ Կարեւորն աջակցելու ցանկությունն է։ Եթե մարդն ունի այդ կարեկցանքն ու ինչ—որ մեկին աջակցելու ցանկություն, դա մեզ համար չափազանց կարեւոր է։ Բնականաբար, մեծ գումարները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ ամսական մոտ 15—20 մլն դրամի կարգի հատկացնում ենք միայն բուժման ծախսերին։ Սակայն դրանից բացի, հիմնադրամը նաեւ այլ նպատակներ ունի, երբեմն հիվանդանոցներին շատ սարքավորումներ են անհրաժեշտ լինում, որոնց գնման համար հիմնադրամը եւս աջակցություն է տրամադրում։ Քաղցկեղի բուժման ծառայությունն ուզում ենք բարեփոխել, բարելավել եւ դարձնել եվրոպական, ամերիկյան փորձին գոնե մոտ եւ կոմպլեքսային ծառայության առումով կարողանանք ապահովել մի փաթեթ, որը ներառում է բավականին շատ կոմպոնենտներ։ Այդ իսկ պատճառով ցանկացած նվիրատվություն մեզ համար շատ կարեւոր է։ Խոշոր նվիրատուները՝ անհատները, կազմակերպությունները, կարծում եմ, որ 100—ի կարգի են։ Իսկ սուպերմարկետներում արկղերը սկսել ենք տեղադրել դեկտեմբերի կեսերից, որոշները փետրվարին են տեղադրվել։ Մինչ օրս դատարկել ենք երկու սուպերմարկետների արկղեր։ Նույն սուպերմարկետի երկու մասնաճյուղերից համատեղ 800 հազար դրամի չափ գումար էր հավաքվել, իսկ մյուս սուպերմարկետների ցանցերի արկղերում հավաքվել էր մոտ 1 մլն 50 հազար դրամ գումար։ Դա կարծում եմ, որ վատ թիվ չէ, քանի որ այդ 1 մլն դրամը մի երեխայի քիմիաթերապիայի մեկ կուրսի գումարն է։ Յուրաքանչյուր փոքր գումար մեզ համար կարեւոր է, քանի որ դրանք հավաքվելով լուրջ արդյունք են տալիս։
–Եվ վերջում ի՞նչ նոր ծրագրեր, առաջիկա անելիքներ ունեք։
–Մենք ուզում ենք մաքսիմալ բարձրացնել ծառայությունը՝ ամբողջական կոմպլեքսով։ Այս տարի արդեն մեծ հավանականությամբ կունենանք մանկական պալիատիվ ծառայության բաժանմունքը արյունաբանական կենտրոնում։ Այն լինելու է երեխաների համար մնալու վայր։ Մենք արդեն սկսել ենք նախագծային աշխատանքները, փորձում ենք համագործակցել արտասահմանի մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք մանրուքները, յուրահատկությունները, որոնք կարեւոր են նման բաժանմունքների համար։ Մենք այս պահին ունենք դեռ շատ նախնական նախագիծ, որում դեռ պետք է շտկումներ լինեն։ Դա բավականին ծախսատար է։ Արդեն նախնական հաշվարկի վրա նվիրատվություն ունենք։ Սակայն դա մեզ, միգուցե, բավարար չլինի։ Կարծում եմ, որ կլինեն այլ կազմակերպություններ, որոնք մեզ չեն մերժի։
Հարցազրույցը՝
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

27-03-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO