Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է

Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում հայտարարել էր առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին։ Մամեդյարովի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, նշելով, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով։ «Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։
Քանի որ այս հարցը դեռեւս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից եւ հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին՝ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ։ Դեռեւս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձեւավորմանը»,–ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ ԱԺ պատգամավորներից։
«Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, այնուհետեւ Փարիզում Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը ամբողջանալու եւ հավասարակշռվելու է ԱՄՆ—ում երկու երկրների ԱԳ նախարարների հավանական հանդիպմամբ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները կարողանան պատասխանատվության իրենց բաժինը ունենալ։ Սա շատ նորմալ եւ բնական գործընթաց է։ Վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվել, թե Միացյալ Նահանգներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեծ ակտիվություն հանդես չի բերում, որովհետեւ այլ առաջնահերթություններ, աշխարհաքաղաքական նախապատվություններ ունեն, եւ շատ ողջունելի է, որ սրանով փաստորեն արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեղ է գտել ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում։ Հավասարակշռության պահպանման տեսանկյունից չափազանց կարեւոր է, որպեսզի հանդիպումը հնարավորինս շուտ կայանա»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Պատգամավորի համար անհանգստացնողն այն հայտարարությունն է, որ բանակցային սեղանին դրված է 2016 թվականի կարգավորման պլանը, որը Կազանի համաձայնագրի մոդիֆիկացված տարբերակը կարող է լինել։ Բաբաջանյանը կարծում է, որ այդ թեմայով ցանկալի է՝ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպում կազմակերպվի եւ խորհրդարանականները հնարավորություն ունենան պարզաբանումներ ստանալ, թե ինչ պլան է քննարկվում իրականում։ «Մենք չենք կարող որեւէ կերպ վերադառնալ 2016 թվականին քննարկված փաստաթղթին, որովհետեւ նախ՝ տարածաշրջանն է փոխվել դրանից հետո, ռուս—թուրքական տանդեմն ավելի ու ավելի է ամրապնդվել, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի ներքին դիմադրողականությունն է բարձրացել, եւ այսպիսի ներքին վերափոխումներից հետո մեզ նման թույլ պայմաններ թելադրելն առնվազն անընդունելի է»,–ընդգծեց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի կարծիքով, ԱՄՆ—ի առաջարկը տեղավորվում է բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, երբ այս կամ այն փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձել են հարթակ տրամադրել բանակցող կողմերին։ Մյուս կողմից՝ մթնոլորտի առողջացման այս գործընթացը հնարավորություն է ընձեռում համանախագահներին ավելի ակտիվ լինել եւ հանդես գալ նախաձեռնություններով։ «2016 թվականի ապրիլից հետո մենք որեւէ դրական քայլ չէինք նկատում բանակցային գործընթացի մթնոլորտի առողջացման հարցում, բայց չմոռանանք, որ Բաքուն վստահելի գործընկեր եւ հարեւան չէ եւ սրանով կարծես խաղաղության յուրատեսակ իմիտացիա է ստեղծում։ Այլ հարց է, թե որքան կկարողանան շարունակել այդ իմիտացիան, ինչ խնդիրների կհանդիպեն երկրի ներսում, որովհետեւ 2020—ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, եւ դա բավականին մեծ մարտահրավեր է Ալիեւի համար՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրներն արդեն այսօրվանից խոսում են այն մասին, որ այդ ընտրությունները պետք է վերջապես հնարավորություն ընձեռեն ընդդիմությանը խորհրդարան անցնելու համար։ Սա բնականաբար բոլորովին նոր գործընթացների մեկնարկ կդառնա Ադրբեջանում»,–ասաց Հայրապետյանը։
Պատգամավորը նկատեց, որ մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը մի քանի հետաքրքիր հայտարարություններ է արել, մասնավորապես հումանիտար միջոցառումների անցկացման վերաբերյալ, ինչպես օրինակ՝ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան լրագրողների փոխադարձ այցեր կազմակերպելու մասով։ «Այդ հումանիտար գործողությունների շրջանակներում տեղավորվում է նաեւ Արցախը, բնականաբար իրենց ընկալմամբ ոչ որպես երրորդ կողմ, իսկ մեր ընկալմամբ եւ ընդհանրապես բանակցային գործընթացի տրամաբանությունից ելնելով որպես երրորդ կողմ»,–ասաց նա։
Բավականին հակասական է նաեւ Ադրբեջանի փորձագիտական շրջանակների արձագանքը գործընթացի վերաբերյալ։ Մի մասը թերահավատ է, որ Բաքուն իսկապես կկատարի հումանիտար նախաձեռնությունները. քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի խոսքով՝ բազմաթիվ նման առաջարկներ Բաքվի կողմից վերջին պահին չեղարկվել են։ Փորձագետների մյուս մասը՝ հիմնականում իշխանամետ վերլուծաբանները, պնդում են, որ Հայաստանը պետք է արագորեն դուրս գա «օկուպացված տարածքներից», հակառակ դեպքում Բաքուն կգնա լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ Հետաքրքիր է, որ բնակչության շրջանում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի կողմից անցկացրած հարցմանն ի պատասխան եղել են նաեւ դրական արձագանքներ հումանիտար միջոցառումների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ գերիներին այցելությունը։ «Ընդհանուր առմամբ, սակայն, Ադրբեջանում այն կարծիքն է գերակշռում, որ նման հումանիտար միջոցառումներով այն խնդիրը, որ իրենք ունեն բանակցային գործընթացում, որեւէ կերպ չի լուծվում։ Ուստի այդ առումով թերահավատ են եւ անգամ կոչեր են հնչում չհավատալ Երեւանի՝ իրենց ընկալմամբ սուտ խաղաղասիրությանը։
Այս երկխոսությունը, քանի որ սա բանակցային գործընթաց չէ, որովհետեւ ամբողջական գործընթացը ենթադրում է նաեւ Արցախի վերադարձ, մի քանի կարեւոր բաղադրիչ ունի՝ բուն բովանդակային քննարկում, մթնոլորտի առողջացում եւ ձեւաչափի լիարժեք վերականգնում։ Այս պահի դրությամբ ակնհայտորեն խոսակցությունը մթնոլորտի առողջացման մասին է, ինչը կարեւոր նախադրյալ է հետագայում ձեւաչափի խնդիրը քննարկելու եւ նաեւ բուն բովանդակային քննարկման անցնելու համար»,–մանրամասնեց զրուցակիցս։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO