Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


6.5 տոկոս ակտիվություն, աճ ու հետաճ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը պարզաբանում է ինչն ինչոց է

2019թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվել է 15 ընկերություն։ Ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակներում նախատեսված է շուրջ 153,5 մլն դոլարի ներդրում եւ 960 նոր աշխատատեղի ստեղծում։
Տրամադրվել է 4 թույլտվություն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ—ի գումարների վճարման ժամկետի երկարաձգման։ Հավանության արժանացած ծրագրերի շրջանակներում 3 տարվա ընթացքում նախատեսվում է կատարել ընդհանուր առմամբ 15.87 մլրդ դրամի ներդրում եւ ստեղծել 282 աշխատատեղ։
Կառավարության ներդրումային եւ արդյունաբերական քաղաքականությունների վերանայման գործընթացի շրջանակներում կվերհանվեն այն 3—5 ոլորտները, որոնցից յուրաքանչյուրն ունի մինչեւ 1 մլրդ դոլարի արտահանման հասնելու ներուժ։ Պետական կառավարման համակարգի մարմինների հավաքած ներդրումային առաջարկները կենտրոնանում են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, որտեղ գույքագրվում են դրանց վերաբերյալ կարիքները, իրականացման ընթացքը, բացահայտվում են խոչընդոտները։ Ներդրումային ծրագրերը ներկայացված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից։ Ներկայումս առկա է 57 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ դոլարի ներդրումներով, որոնցից 38—ը իրատեսական կամ կարճաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերն են (շուրջ 1.2 մլրդ դոլար արժողությամբ), իսկ 19—ը՝ նախնական կամ երկարաժամկետ կտրվածքով ներդրումների իրականացման հնարավորություն ունեցող ծրագրերը (շուրջ 1.5 մլրդ դոլար արժողությամբ)։
Ծրագրերը հիմնականում էներգետիկայի (6 ծրագիր՝ շուրջ 396 մլն դոլար արժողությամբ), մշակող արդյունաբերության (12 ծրագիր՝ շուրջ 1022.4 մլրդ դոլար արժողությամբ), ենթակառուցվածքների (4 ծրագիր՝ շուրջ 170 մլն դոլար արժողությամբ), կառուցապատման (14 ծրագիր՝ շուրջ 699 մլն դոլար արժողությամբ), զբոսաշրջության (4 ծրագիր՝ շուրջ 192 մլն դոլար արժողությամբ), տեղեկատվական տեխնոլոգիաների (4 ծրագիր՝ շուրջ 54 մլն դոլար արժողությամբ) եւ այլ ոլորտներում են։

Այստեղ շարժ կա

Եթե հակիրճ, ապա երեկ հրավիրած մամլո ասուլիսում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ընթացիկ տարվա հունվար—ապրիլի հաշվետվությունը ներկայացնելիս մեզ հիմնականում այս տվյալները տրամադրեց։
Իսկ եթե մի փոքր ավելի մանրամասն (կրկին նախարարի ներկայացրածով), ապա պատկերը հետեւյալն է։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն (ապրիլին հրապարակած), 3 ամսում ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական ակտիվություն, որը միջին հաշվով համադրելի է նաեւ նախորդ 3 տարվա ցուցանիշների հետ։ Բանախոսը նշեց, որ նախորդ 3 տարիների համեմատ՝ ոլորտներ կան, որտեղ անկում կա, ոլորտներ էլ կան՝ շեշտակի աճ կա։ Իսկ 6.5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի աճը՝ 2 տոկոսով, որը համեմատաբար ցածր է նախորդ 3 տարիների միջին ցուցանիշներից։ Դա նախարարը բացատրեց այն հանգամանքով, որ արդյունաբերական արտադրանքում ունենք լեռնահանքային ոլորտի արտադրանք, ինչը վերջին 2 ամսում նվազել է 20 տոկոս անվանական արժեքով։ «Սակայն այս անկումն էլ ունի իր պատճառները,–շարունակեց նա,–որոնցից առաջինն այն է, որ մետաղների գինը համաշխարհային շուկայում ավելի ցածր է, քան 2018 թ. առաջին եռամսյակում՝ 12—15 տոկոսի չափով։ Ալյումինը շեշտում եմ, որովհետեւ արտահանվող ապրանքների մեջ մեծ դեր ունի ալյումինի փայլաթիթեղը, որի գնագոյացման վրա բորսայական գինն ազդում է»։
Սա ասելուց հետո նախարարը փորձեց լավ ազդակ հաղորդել. մշակող արդյունաբերությունը լավ տեմպով աճում է։ Այս ոլորտում առնվազն 7.5—8 տոկոս աճ կա։ Այն է (ըստ Խաչատրյանի բացատրության)՝ մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքային ռեսուրսների վրա, այսինքն՝ վերջնական սպառման արտադրանք են ներկայացնում, «լավ տեմպերով աճում են»։
17.3 տոկոս աճ կա ծառայությունների ցուցանիշում, ինչը բարձր է նախորդ բոլոր տարիների ցուցանիշներից։ Աճ արձանագրած ոլորտների շարքում է ներքին առեւտրային շրջանառությունը. 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն է եղել։ Շինարարության ծավալի աճ էլ է արձանագրվել. նախորդ տարվա առաջին 3 ամիսների նկատմամբ կազմել է 10.8 տոկոս։ Գյուղատնտեսությունն էլ ունեցել է մոտավորապես նույն ծավալը, ինչ 2018թ. էր։

Իսկ այստեղ՝ հետշարժ

ՀՀ—ից արտահանման ծավալը կրճատվել է 8.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3.2 տոկոսով։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, թե ինչ է տեղի ունենում արտահանման գործընթացում։ «Մեր դիտարկմամբ,–ասաց նա,–խոշոր նվազում արձանագրած ուղղություններից մի քանիսը վերաբերում են հատկապես լեռնահանքային ոլորտին։ Խտանյութերի արտահանման ոլորտում, ընդհանուր առմամբ, ունենք հիմնականում նվազում։ Բանն այն է, որ այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ խտանյութերի արտահանումը նվազած է եղել 51 մլն դոլարից ավելի չափով»։
Կա որոշակի նվազում արտադրողների արտադրանքի գծով, ինչն, ըստ նրա, սեզոնային նշանակություն ունի։ Բանն այն է, որ լեռնահանքային ոլորտի խոշոր կազմակերպությունները տարվա ընթացքում որոշակի պլանային կանգառներ են ունենում, որոնք արտադրական նշանակություն ունեն։ Որոշակի տեխնոլոգիական հանգույցներ, սարքավորումներ նորոգվում են, դրանք այդ ամսվա ընթացքում մոտ տասնհինգ օր չեն աշխատում։ Եվ մեր խոշոր ձեռնարկություններից երկուսն ունեցել են այդպիսի ժամանակավոր կանգառներ, ինչն էլ ազդել է առաջին եռամսյակի ցուցանիշների վրա։ «Տարվա մնացած ամիսների ընթացքում նվազեցումը ֆիզիկական ծավալների տեսանկյունից վերականգնված կլինի»,–վստահեցրեց նախարարը։
Ի դեպ, 1-ին եռամսյակում որոշակիորեն նվազել է էլեկտրաէներգիայի արտահանումը, բայց Տիգրան Խաչատրյանը հավաստեց, որ դա էլ է պայմանավորված սեզոնային բնույթով. «Մենք գազ ենք ներկրում, դրանից արտադրում ենք էլեկտրաէներգիա, արտահանում։ Սակայն դա միշտ տարվա ընթացքում կախված է լինում տվյալ ժամանակահատվածում պահանջարկից, իսկ առաջին ամիսների ընթացքում այդպիսի անհրաժեշտություն չի եղել։ Մեր գործընկերները վստահեցնում են, որ տարվա մնացած ամիսների ընթացքում այդ բացը կվերականգնվի, կլրացվի»։
Նվազում կա ծխախոտի արտադրության եւ արտահանման ոլորտում։ Թեպետ արտահանման ծավալները կրճատվել են, միեւնույն է, տարին կամփոփվի որոշակի աճով։ «Տարեկան ծրագրում դրված է 7—8 տոկոս արտահանման աճ, գուցե այն լինի հենց այդ շրջանակում։ Էական մտահոգությունների պատճառ այս փուլում չենք տեսնում»,–ամփոփեց նախարարը։

Գործի դնենք չօգտագործվա՛ծ ներուժը

Երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրացնելու խնդիրը չշոշափվել չէր կարող։
Ի պատասխան նախարարը հիշեցրեց, որ ՀՀ—ն ԵԱՏՄ անդամակցությամբ բազմաթիվ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման համար վերցրել էր անցումային ժամանակահատված, բայց դրանք, հասկանալի է, մի օր ավարտվելու են։ Դրա համար ՀՀ—ն ԵԱՏՄ տարածքում պետք է օգտվի արտահանման չօգտագործված հնարավորություններից։ «Եվ տնտեսությունը դա պետք է հաշվի առնի ու վերադասավորվի,—բառացի ասաց նախարարը,— մենք ունենք արտահանման չօգտագործված շատ մեծ հնարավորություն հենց ԵԱՏՄ—ի տարածքներում։ Դրա օգուտն այն է, որ Հայաստանն այդ տարածքի երկրներ ապրանքներ է արտահանում առանց մաքսատուրքերի կիրառության։ Այսինքն՝ մենք պետք է օգտագործենք ինտեգրման եղած հնարավորությունները, սա չափազանց կարեւոր հարց է»։
Բանախոսն, իհարկե, չթաքցրեց, որ մեր երկրի տնտեսությունը նաեւ որոշակիորեն կարող է տուժել, քանի որ կան բարձր դրույքաչափերով ներկրվող ապրանքներ։ Այնուամենայնիվ, ՀՀ—ն հնարավորություններ ունի առաջ գնալու ոչ միայն ԵԱՏՄ տարածքում։ Չմոռանանք ազատ առեւտրի հանգամանքը. մենք հնարավորթյուններ կունենանք ազատ առեւտրի համաձայնագրերի կիրառության արդյունքում, որոնք բանակցվում ու ստորագրվում են։ Օրինակ՝ ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի հետ ժամանակավոր առեւտրի համաձայնագրով ապրանքների արտահանման դրույքաչափերն են նվազեցվել։ Այլ կերպ՝ օրինակ միսն Իրան արտահանելու համար կա բարձր դրույքաչափ, բայց դա այդ համաձայնագրով իջեցվում է։ «Հետագայում պետք է կարողանանք ապրանքները դեպի Իրան արտահանել առանց որեւէ մաքսատուրքի դրույքաչափ կիրառելու։ Այս կերպ կարող է լինել նաեւ այլ երկրների հետ, որտեղ ԵԱՏՄ—ի միասնական ուժն առեւտրի նպաստավոր պայմանների հասնելու համար ավելի մեծ է, քան կունենար Հայաստանը, եթե առանձին բանակցեր այդ տնտեսություններից որեւէ մեկի հետ»,–շեշտեց Տիգրան Խաչատրյանը։
Համապատկերում տեղեկացնենք, որ 2019թ. ապրիլի 3—ին Հայաստանը վավերացրել է ԵԱՏՄ—Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը։ Փաստաթուղթն Իրանի եւ ԵԱՏՄ—ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։ Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առեւտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում։ Իսկ ժամանակավոր համաձայնագիրը սահմանափակ ապրանքային անվանացանկով եւ ազատականացման մակարդակով համաձայնագիր է։ Վերջինիս նպատակը կողմերի համար փոխշահավետ առեւտուրն է։ Համաձայնագրում նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչեւ գործող մաքսատուրքերի 75 տոկոսի չափով։ Համաձայնագրում ներառված՝ ՀՀ—ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են իրենց համապատասխան նվազեցումներով (տոկոսներով)՝ տավարի միս (26—10), հանքային եւ գազավորված ջրեր (55—14), հանքային եւ գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (55—14), ոչ ոգելից խմիչքներ (55—14), շոկոլադ եւ կակաո պարունակող սննդամթերք (55—20), դեղամիջոցներ (25—12.5), տրիկոտաժե արտադրանք (55—38.5)։
Իրանից զատ. 2019թ. մարտին ավարտվել են ԵԱՏՄ—ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ տարվող բանակցությունները։ Հաշվի առնելով, որ Սերբիայի հետ ԵԱՏՄ երեք երկրների (ՌԴ, Բելառուս, Ղազախստան) կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրեր, այս համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի եւ Ղրղզստանի համար նոր առեւտրային հնարավորությունների ստեղծումը։ Համաձայնագրի կնքմամբ կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը։ Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ երկրների սակագնային քվոտայի տրամադրում ծխախոտային արտադրանքի եւ ոգելից խմիչքների մասով, որի շրջանակներում նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում (24.1—0)։
Մարտին ավարտվել է նաեւ ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ տարվող բանակցային 7—րդ փուլը։

Ներդրումների բարդ ճանապարհը

Ի՞նչ կա ներդրումային միջավայրից։
Ի պատասխան նախարարն անկեղծացավ. «Ներդրումների ոլորտում մենք ունենք շատ բարդ ճանապարհ։ Ներդրումների մասին խոսելիս չպետք է մոռանալ այն հարցը, թե մենք՝ որպես քաղաքացի, որքանով ենք պատրաստ ստեղծել խնայողություններ եւ դրանք ուղղել ներդրումներին։ Որովհետեւ ներդրումային ոլորտը կախված չէ միայն արտաքին ներդրումների համար համապատասխան միջավայր ստեղծելուց։ Մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, որպեսզի 5 տարի հետո մեր հիմնական նպատակին հասած լինենք։ Ներկայումս կան երեւույթներ, որոնք մտահոգիչ են։ Մենք կարծում ենք, որ դեռեւս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լինեին։ Անում ենք մեզանից կախված ամեն բան, որ ներդրումներն ավելանան։ Այն հանգամանքը, որ մենք յուրաքանչյուր ներդրողի ու ներդրումային ծրագրի նախաձեռնության հեղինակի հետ ամենօրյա ռեժիմով քննարկում ենք այն հարցերը, թե ինչ պետք է լուծվի, որ իրենք իրենց որոշումները կայացնեն, այդ աշխատանքի մի մասն է»։
Այնուհետեւ տեսակետ հայտնեց, թե ներդրողը վստահության երաշխիք կտա այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտվեն ու իրականացվող ծրագրի արդյունքում ստանա ակնկալվող շահը։ Ներդրումային ոլորտում շեշտակի փոփոխություններ ապահովելը համբերություն ու երկարատեւ աշխատանք է պահանջում։
Նախարարն ընդգծեց՝ հավատում է, որ աշխատանքն արդյունքներ կտա. «Կտա այն արդյունքները, որ կառավարության ծրագրով նախատեսված են»։

Չենք դանդաղում, կհասցնենք

«ՀՀ»—ին հետաքրքրող հարցը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մասով էր։ Նախկինում մեր երկրի տարբեր կառավարություններ պարբերաբար մեղադրվել են նախաձեռնողական քաղաքականություն ցույց չտալու եւ նաեւ դրա հետեւանքով Հայաստանը տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ծրագրերից դուրս թողնելու համար։ Հիմա, երբ Չինաստանում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացումն էր (ապրիլի 25—27), որին 100 երկրներից եւ 90 միջազգային կազմակերպություններից տարբեր մակարդակի պատվիրակություններ էին մասնակցում ու 37 երկրի ղեկավար, երբ ՀՀ—ն նախաձեռնողականություն ցուցաբերելու կարիք անգամ չունի, քանզի Չինաստանը պատրաստակամություն հայտնել է Հայաստանի հետ ամուր գործակցության, ինչու՞ ենք պասիվ, ինչո՞ւ ենք դանդաղում։ Մանավանդ այն պարագայում, երբ Չինաստանում երկրների ղեկավարներ են եղել, որոնք ընդհանրապես կապ չունեն «Մետաքսի ճանապարհի» հետ։
Դիտարկմանս ի պատասխան տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց. «Այս նախաձեռնությունը («Մեկ գոտի, մեկ ճանապարհ») կյանքի է կոչվում կոնկրետ նպատակներով, բայց դա հնարավորություն է մեզ համար։ Երբ ասում եք, որ չենք մասնակցում, դանդաղում ենք, այդպես չէ։ Այն, որ մենք բազմաթիվ չինական ընկերությունների հետ քննարկում ենք տնտեսական ծրագրեր, որոնք իրենց հետաքրքրությունների դաշտում են եւ կարող են իրականացվել Հայաստանում, ստացվում է, որ մենք մասնակցում ենք այդ երկխոսությանը։ Մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում, եւ դա արդյունք կտա ժամանակին»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

04-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO