Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ-ի սիլիկոնային հովիտը

Այդ կարծիքին է ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը

Հայաստանում ապրող ռուսական համայնքը շատ հաճախ ասոցացվում է մոլոկանների հետ։ Վերջիններս կազմում են համայնքի 70—80 տոկոսը, իսկ մնացածը՝ հիմնականում խառնամուսնություններից, նաեւ խորհրդային տարիներից այստեղ ապրող ռուս ընտանիքներն են։ Մոլոկան համայնքի առջեւ խորքային կամ գլոբալ լուծում պահանջող խնդիրներ որպես այդպիսին երբեք չեն եղել։ Հայերի հետ միշտ ապրել են համերաշխ, իսկ հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի վրա։ Այդ մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։
Սկսած 1840—ական թվականներից, երբ Հայաստանում հայտնվեցին առաջին մոլոկանները, համայնքն իր գոյության ընթացքում ձեւավորվեց որպես բրենդ՝ զուգահեռվելով պարկեշտության, ազնվության, աշխատասիրության հետ։ «Եթե այսօր մոլոկանների համայնքը, որը հատկապես շինարարության ոլորտում վստահելի գործընկերոջ համբավ է ձեռք բերել, կարող է նաեւ այդ անձնական հատկանիշների շնորհիվ ինքնադրսեւորվել նաեւ գիտության, քաղաքականության ոլորտներում։ Մեծ հույս ունեմ, որ կարդարացնեմ ինձ որպես քաղաքական գործիչ եւ դրանով մեկ անգամ եւս կապացուցեմ, որ լավ շինարար, լավ քաղաքական գործիչ կամ լավ բժիշկ լինելը պայմանավորված է ազգային արժեհամակարգով։ Այսինքն՝ եթե ձեւավորում ես ազգային մտածելակերպ, ազգային փիլիսոփայություն եւ դա դարձնում բրենդ եւ աշխատելաոճ, ապա դա իր հետեւից տանում է մնացած բոլոր ոլորտները»,–մեկնաբանեց պատգամավորը։
Վերջին 10—15 տարում Սանդիկովն այս կամ այն կերպ առնչվել է համայնքային խնդիրներին, բայց դա եղել է ոչ ինստիտուցիոնալ մակարդակով։ Դրա հետ մեկտեղ զբաղվել է նաեւ համայնքի ծագումնաբանությամբ, կազմել է իր ընտանիքի տոհմածառը մինչեւ 1840—ականները։ «Երբ կազմում ես ընտանիքիդ տոհմածառը, միանշանակ առնչվում ես նաեւ այլ ընտանիքների պատմությանը, եւ այդպես՝ ամբողջ համայնքին»,–նշեց նա։
Սանդիկովը կարծում է, որ մեկ հոգին բավարար է համայնքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, որովհետեւ կարեւորը ոչ թե պատգամավորների թիվն է, որքան այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են ԱԺ պատգամավորին՝ համայնքի խնդիրներին առնչվող հարցերը քաղաքական թիվ մեկ ամբիոնից բարձրաձայնելու համար։ «Պատգամավորի աշխատանքը միայն օրենք գրելով կամ կոճակ սեղմելով չի սահմանափակվում։ Շատ անգամ համայնքի կողմից բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք օրենքի շրջանակներում կարելի է լուծել ընդամենը մեկ զանգով կամ մեկ այցելությամբ։ Միշտ չէ, որ պետք է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ»,– ասաց զրուցակիցս։
Որպես ռուսական համայնքի ներկայացուցիչ, աշխատանքային ուղղվածություններից մեկը ռուսաց լեզվի տարածվածության պահպանումն է՝ հաշվի առնելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ինչպես նաեւ այն, որ հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է, եւ այս երկրի հետ է, որ ունենք ամենամեծ առեւտրաշրջանառությունը։ Սանդիկովի գնահատմամբ, ռուսաց լեզվի իմացության առումով անկումը նկատելի է հատկապես նոր սերնդի շրջանում, որի ներկայացուցիչները նախապատվությունը տալիս են անգլերենին։ Պատգամավորի կարծիքով, բարձր մակարդակի վրա պետք է գտնվի ոչ միայն հայերեն եւ ռուսերեն լեզուների, այլեւ երրորդ եւ անգամ չորրորդ լեզուների իմացությունը, մանավանդ փոքր տարիքում երեխաներն ավելի արագ եւ հեշտ են ընկալում եւ յուրացնում նոր գիտելիքները։
Համայնքի համար լեզվի պահպանության առումով որեւէ խոչընդոտ չկա, ինչը թերեւս պայմանավորված է հայ—ռուսական դարավոր հարաբերություններով եւ ռուսերենի ունեցած բարենպաստ դիրքով։ Ինչ վերաբերում է հեռուստաեթերում ազգային փոքրամասնություններին նվիրված հաղորդումների քանակի պակասելուն, ապա այստեղ եւս ռուսերենի առումով խնդիր չկա, որովհետեւ բազմաթիվ ռուսական հեռուստաալիքներ հասանելի են Հայաստանում։ «Որպես մի մարդ, որը ծնվել եւ մեծացել է ոչ ինտերնետային դարաշրջանում, նկատում եմ, որ հեռուստացույց դիտողների եւ դասական թերթ կարդացողների թիվը շատ է պակասել։ Այսօր մարդիկ իրենց հետաքրքրող թե՛ տեղեկատվությունը, թե՛ ֆիլմերը, թե՛ հաղորդումները կարող են գտնել սմարթֆոններում։ Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս լրացնել այդ բացը, նաեւ ինտերնետային դիտարկիչը հնարավորություն է տալիս ցանկացած հոդված թարգմանել եւ գաղափար կազմել դրա մասին։ Տեղեկատվական հոսքը եւ արագությունն այնքան մեծ է, որ դասական մեթոդները որպես այդպիսին կարծես սպառել են իրենց»,–ասաց ռուսական համայնքի ներկայացուցիչը։
Սանդիկովի համար, որը ավելի քան մեկ տարի եղել է «Dasaran.am» կրթական ծրագրի փոխտնօրենը, կրթությունը գերակա արժեքներից մեկն է։ Նա ափսոսանք հայտնեց, որ համայնքը դեռեւս բավարար չափով ներգրավված չէ կրթական եւ գիտական ոլորտներում, ներկա դրությամբ համայնքի համար առաջարկը գերազանցում է պահանջարկը։ Հայ—ռուսական համալսարանի, Ռուսաստանի եւ Ռուսաստանի գործընկեր մի շարք բուհերի կողմից ռուսական համայնքի երեխաների համար անվճար ուսուցման հնարավորություններ կան։ «Մեր համայնքն անցել է բավականին դժվար ճանապարհ. այստեղ գաղթելուց հետո ստիպված ենք եղել առանց ապրուստի նվազագույն միջոցների նախեւառաջ լուծել կենցաղային առօրյա խնդիրներ եւ դրա համար ծանր ֆիզիկական աշխատանքի ենք դիմել։ Որպես կանոն՝ ընտանիքներում երեխան 14—15 տարեկանի հասնելուց հետո իր ծնողների հետ աշխատանքի է գնում, իսկ ուսմանը երկրորդական նշանակություն են տալիս։ Այս վիճակը հիմա փոխվում է կենսամակարդակի բարելավմանը եւ կայունացմանը զուգահեռ»,–մանրամասնեց պատգամավորը՝ հիշելով, որ 20 տարի առաջ, երբ ավարտում էր դպրոցը, իր հասակակիցների շրջանում ընդամենը երկու—երեք հոգի էին, որոնք բարձրագույն կրթություն ունեին։ Այսօր արդեն շատերն են նախընտրում բուհ գնալ, բայց այստեղ եւս շուկայական գործոնը բացասաբար է ազդում, քանի որ համայնքի ներկայացուցիչներից շատերը բավականին բարձր վարձատրվող աշխատանքներ են կատարում, եւ շատ դժվար է համոզել երիտասարդին, որպեսզի, օրինակ, շինարարության ոլորտում բարձր վարձատրվող աշխատանքը փոխարինի ցածր վարձատրվող մեկ այլ աշխատանքով։
Պատգամավորն ընդգրկված է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում եւ իր համար արդեն նախանշել է այն ոլորտը, որտեղ կարող է առավելագույնս արդյունավետ լինել։ Դա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերաբրենդավորման, վերադիրքավորման խնդիրն է, որովհետեւ կարծում է, որ Հայաստանն ավանդապես եղել է ինժեներական միտքը գեներացնող, ճշգրիտ գիտություններում բարձրորակ կադրեր ունեցող երկիր։ «Խորհրդային շրջանում մեր լավագույն տարիները նրանք էին, երբ գործում էին Մերգելյան ինստիտուտը եւ մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ։ Դրանց մեծ մասը ներգրավված էր ռազմարդյունաբերական ոլորտում, բայց դա վերջիվերջո մեր հայկական ինժեներական մտքի կոնսոլիդացման ամենաբարձր ներուժի ժամանակաշրջանն էր։ Եթե հիմա շարքային քաղաքացու հայացքով նայենք ԵԱՏՄ—ում մեր դիրքին, ստացվում է, որ մենք լավն ենք գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ոլորտում, լավ շինարարներ ենք տալիս, վարորդներ, բայց ոչ ոք չի խոսում, որ մենք եղել ենք Խորհրդային Միության սիլիկոնային հովիտը։ ԵԱՏՄ շուկայում մենք կարող ենք կոնսոլիդացնել շատ մեծ գիտահետազոտական ներուժ եւ բարձր վարձատրվող նախագծերը բերել Հայաստան»,– նշեց Սանդիկովը։ Պատգամավոր դառնալուց առաջ չորս տարի եղել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» TSD ընկերության փոխտնօրենը։ Ընկերության «Մերգելյան ակումբի» շրջանակներում կրթական աշխատանքներ է իրականացրել երեխաների հետ, հաճախ է հետաքրքրվել փոքրիկ այցելուներից, թե տեղյա՞կ են արդյոք՝ ով էր Սերգեյ Մերգելյանը, գիտնական, ով ընդամենը 23 տարեկան հասակում Խորհրդային Միությունում դարձել էր գիտությունների դոկտոր։ «Պատկերացնո՞ւմ եք այդ մարդու զարգացածության մակարդակը։ Իսկ մենք այդ տարիքում հազիվ ինստիտուտն ենք ավարտում։ Այդ կերպ փորձել եմ երեխաների մեջ սեր եւ հետաքրքրություն սերմանել գիտության եւ ինժեներական մտքի հանդեպ»,–անթաքույց հիացմունքով ասաց զրուցակիցս՝ նշելով, որ կառավարության ծրագրում մեծ դերակատարություն է վերապահված ոլորտին, եւ փորձելու է ՏՏ ոլորտում մեր ունեցած ներուժը տարածել նաեւ ԵԱՏՄ-ում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

04-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO