Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Խոսքի ազատությո՞ւն, թե՞ անպատժելիության հետեւանք

Ինչպիսի պատասխանատվություն պետք է լինի վիրավորանքի համար

Համացանցային տիրույթում անպատժելիությունը եւ անանուն հանդես գալու հնարավորությունն առիթ են, որպեսզի մարդիկ իրենց կարծիքն ու վերաբերմունքն արտահայտելիս ավելի անպատասխանատու գտնվեն։ Դրա հետեւանքն այն է, որ առարկայական քննարկումների եւ քննադատության փոխարեն հնչում է անձնական վիրավորանք։ Նման վերաբերմունք առավել հաճախ դրսեւորվում է հասարակական, քաղաքական գործիչների եւ այլ հանրային ճանաչում ունեցող անձանց հասցեին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ երբ պատգամավորն օգտվում է իր կարծիքն ազատորեն արտահայտելու, ինչպես նաեւ խղճով եւ համոզմունքներով ղեկավարվելու սահմանադրական իր իրավունքից, ապա հանդիպում է քաղաքացու բացահայտ վիրավորանքին։ «Սրանից մենք պաշտպանված չենք, ինչը խոսքի ազատությունը ճնշելու միջոց է։ Երբ որպես պատգամավոր ելույթ ունենալիս ժողովրդին հուզող մասնագիտական հարցեր եմ բարձրացնում, ապա դրան հետեւում է վիրավորանքների եւ հայհոյախոսության տարափը՝ անկախ այն բանից, թե ինչ ես ասում։ Դա ինձ նման մարդկանց համար կարող է զսպաշապիկ լինել, որովհետեւ մտահոգություն կա, որ երեխաներդ երեկոյան քո մասին վատ բաներ կկարդան։ Սա խոսքի ազատությունը գնդակահարելու տեխնոլոգիա է, որը հաստատ խորհուրդ չէի տա զարգացնել նոր Հայաստանում»,–ասում է պատգամավորը՝ ընդգծելով, որ արտահայտած կարծիքի արձագանքը հաճախ լինում է ոչ թե մասնագիտական քննարկումը կամ քննադատությունը, այլ պարզապես անձնական վիրավորանքը ոչ միայն պատգամավորի, այլեւ նրա ընտանիքի անդամների հասցեին։
Պատգամավորի կարծիքով, սոցիալական ցանցերում շփումը նույնպես հասարակական հարաբերություններ են, հետեւաբար ի լուր ամենքի եւ ի տես ամենքի որեւէ գործչի հասցեին հնչած վիրավորանքը պետք է դիտարկել հասարակական կարգի կոպիտ խախտում դրանից բխող իրավական հետեւանքներով, որը դրսեւորվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այսինքն՝ այն, ինչ ուղղակիորեն գրված է քրեական օրենսգրքի 258—րդ հոդվածում։ Պարտադիր չէ, որ նման վարքագծի համար քրեական պատասխանատվություն մտցվի, սակայն իշխանության ներկայացուցչին կամ իր գործառույթներն իրականացնելիս իշխանության ներկայացուցչին հրապարակավ վիրավորանք հասցնելու համար Պետրոսյանն առնվազն վարչական իրավախախտումների օրենսգրքում համապատասխան հանցակազմ ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում։ «Տուգանել կամ այլ վարչական տույժի ենթարկել պետք է։ Դա կարող է զսպաշապիկ լինել։ Եթե մեկ—երկու դեպքում համացանցային խուլիգանները պատժվեն, ապա հաջորդ անգամ նման բան կարող է չանեն։ Պետական պաշտոնյան իր գործառույթներն իրականացնելիս չպետք է կաշկանդված լինի, իսկ թե ինչպիսի մեխանիզմ կմտածենք, դա արդեն մասնագետների կողմից քննարկելիք հարց է»,–ասաց նա։
Արդյոք անհրաժե՞շտ է քրեական պատասխանատվություն մտցնել վիրավորանքի համար, թե՞ խնդիրը քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում է։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի գնահատմամբ, այս ոլորտում ցանկացած կարգավորում պետք է չափազանց զգուշորեն իրականացվի։ «Սահմանը շատ նուրբ է, որովհետեւ մենք գործ ունենք վիրավորանք հասկացության հետ։ Նախկինում այն քրեականացված էր, հետո դարձավ քաղաքացիական դելիկտ (իրավախախտում), այսինքն՝ այն առաջացնում է պատասխանատվություն, բայց քաղաքացիական ոլորտում։ Եթե նորից հետ գնանք քրեաիրավական ոլորտ, ապա պետք է զգուշորեն արվի, որովհետեւ այն վիրավորանքները, որոնք, ըստ էության, սպառնալիքի մակարդակի են հասնում, բնականաբար արդեն քրեաիրավաբանական ոլորտում են։ Այն վիրավորանքները, որոնք արտաքուստ պարզապես անձին վիրավորելու նպատակ ունեն եւ ոչ ավելին, սա պակաս քրեաիրավական է, իսկ երբ վիրավորանքն իր հիմքում խուլիգանական դրսեւորումներ ունի եւ նպատակը հակահասարակական վարքագիծ դրսեւորելն է, ապա արդեն քրեաիրավական ոլորտի հետ գործ ունենք։ Սոցիալական ցանցերն ըստ էության հասարակական տիրույթ են, այստեղ կարելի է աշխատացնել պատասխանատվության ենթարկելու քրեական մեխանիզմները»,–մեկնաբանեց Սիմոնյանը։
Եթե պետական, քաղաքական գործիչը իր կարգավիճակից ելենելով հանդես է գալիս հայտարարությամբ կամ կարծիք է արտահայտում, ապա նրա հասցեին հնչող հրապարակային վիրավորանքները զուտ միջանձնային հարթությունում չեն, այլ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում կարող են դիտարկվել իր ներկայացրած պետական կառույցի հանդեպ։ Սիմոնյանի խոսքով, քրեական օրենսգրքում չենք գտնի հոդված, որն ուղղակիորեն պատասխանատվություն կսահմանի դրա համար, սակայն կան հոդվածներ, որոնք որոշակի պատասխանատվություն են առաջացնում արդարադատության, մասնավորապես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքում։
Եվրադատարանն իր նախադեպային իրավունքում որոշակի բացառություններ թվում է, թե որ դեպքում է վիրավորանքը քրեական, որ դեպքում՝ ոչ, բայց միեւնույն ժամանակ Եվրոպական խորհրդի իրավունքը ընդգծում է, որ քաղաքական գործիչները, պետական աշխատողներն ավելի քիչ են պաշտպանված լինելու այդ վիրավորանքներից, քան սովորական քաղաքացիները, որովհետեւ նրանք հանրային դեմքեր են, իսկ վերջիններս քննադատության համար ավելի մեծ թիրախ են դառնում։ Այս համատեքստում Եվրոպական խորհրդի իրավունքը ավելի պակաս պաշտպանվածություն է տրամադրում քաղաքական, հասարակական գործիչներին։
Թե որն է ազատ արտահայտման խոսքի եւ վիրավորանքի ու սանձարձակության միջեւ սահմանը, դեռ պետք է պարզել, սակայն պատգամավորը համոզված է, որ այսօր դրա հրամայականն ակնհայտ է։ «Սոցիալական ցանցերում քաղաքացիները անպատասխանատվության զգացում ունեն։ Դրանում բոլորս ենք մեղավոր՝ ե՛ւ քաղաքական գործիչները, ովքեր այդ միջավայրն իրենց գործողություններով ստեղծել են, ե՛ւ քաղաքացիները, որոնք պատրաստ են սոցիալական ցանցերում անձին վիրավորանքով դիմել, բայց պատրաստ չեն հասարակական կյանքում այդպիսի վարքագիծ դրսեւորել։ Դա նշանակում է, որ նրանք այդպիսի քայլի դիմում են, որովհետեւ պատասխանատվություն չկա։ Այստեղ է, որ պետք է մեխանիզմներ մշակենք այդ պատասխանատվությունը սահմանելու համար»,– ընդգծեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ապատեղեկատվության եւ «ֆեյք նյուզերի» դեմ պայքարին, ապա պատգամավորի կարծիքով, հնարավորինս շատ քննարկումներ են պետք, որպեսզի կարողանան թիրախավորել եւ որոշակիացնել այս ոլորտում առկա խնդիրները։ «Տեղեկատվական անվտանգությունը հասարակական եւ պետական անվտանգության բաղկացուցիչ մասերից մեկն է։ Միգուցե հետո զղջանք, եթե չլուծենք առկա մարտահրավերները, որովհետեւ տեղեկատվական անվտանգության դերը սկսում է մեծանալ ընդհանուր անվտանգության համակարգում, եւ մենք նախապես պետք է պատրաստ լինենք դրանց լուծմանը»,–ասաց զրուցակիցս։ Այսօր տեղեկատվական անվտանգության շրջանակը շատ ավելի լայն է, քան նախկինում, երբ կիբերանվտանգություն ասելով հասկանում էինք պետական կայքերի կամ էլեկտրոնային համակարգերի նկատմամբ օտար պետություններից հարձակումները։ Ներկայումս տեղեկատվական հարթակն ավելի է մեծացել եւ հասարակության մասնակցությունը տեղեկատվական հարթակներում շատացել է, եւ, բնականաբար, որքան ավելանում է մարդկանց քանակը, այնքան ավելանում են այդ հարթակի ոչ նպատակային օգտագործման դեպքերը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանի համոզմամբ, խոսքի ազատությունը չի նշանակում խոսքի սանձարձակություն, հետեւաբար ցանկացած մարդ պետք է հասկանա, որ հայհոյանքը երբեւէ խոսքի ազատության տիրույթում չէ։ «Կարող ես կարծիքդ ազատորեն հայտնել, չենթարկվել որեւէ մեկի կամքին եւ ցանկությանը, բայց ընդունելի չէ հայհոյախառն խոսքը, անկախ այն բանից՝ ուղղված է քաղաքական գործչին, թե սովորական քաղաքացուն։ Դա մարդու պատվի եւ արժանապատվության հարց է։ Թեեւ վիրավորանքի համար պատասխանատվությունն ապաքրեականացվեց, բայց գործում է վարչական տույժը, երբ վիրավորողը կարող է հրապարակային ներողություն խնդրել կամ գումար պահանջել որպես բարոյական վնասի փոխհատուցում»,–ասաց Հովսեփյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ մենք սովոր չենք հարգանքով վերաբերվել այլոց կարծիքին, եւ քննադատությունն ուղղված է լինում անձին, այլ ոչ նրա գործողություններին։ Պատգամավորը զուգահեռ անցկացրեց ծնող—երեխա հարաբերություններում, երբ ծնողը քննադատում, գնահատական է տալիս ոչ թե երեխայի վարքին, տվյալ պահին կատարած գործողությանը, այլ անձին եւ նրա անձնային որակներին։
«Համացանցում անպատժելիությունը նպաստում է, որպեսզի մարդիկ ավելի անզուսպ լինեն։ Հոգեբանորեն հեշտ է տանը համակարգչի առջեւ նստել եւ համացանցում վիրավորանքներ հնչեցնել, մինչդեռ դեմ առ դեմ մարդու աչքերի մեջ նայելով վիրավորելը դյուրին չէ։ Այս երեւույթը, ցավոք, զանգվածային է դարձել։ Մեկ խոսքը կարող է ձնագնդի նման մեծանալ՝ հաճախ վերածվելով ցեխագնդի»,–նկատեց Հովսեփյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

07-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO