Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հայաստանը պետք է զարգանա, եւ այլընտրանք չկա

Վարչապետն իր գործողությունները համարում է քաղաքական կամքի դրսեւորում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր՝ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ (արդեն՝ 5—րդ անգամ) ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին» (տե՛ս առանձին)։
Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը բազմաթիվ ու բազմապիսի էին՝ սուպերվարչապետական համակարգից սկսած մինչեւ կադրային քաղաքականություն, Արցախի հարցից մինչեւ գազի գին, Ադրբեջան—ԵՄ համաձայնագրից մինչեւ դատաիրավական խնդիրներ, բանակի վիճակ եւ այլն։

Պետք է առավել հավակնոտ լինենք

«ՀՀ»—ի հարցը արտաքին քաղաքական ոլորտից էր. «Պարոն Փաշինյան, Ձեր կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Վրաստանի, Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն կա՞, որպեսզի դրանք բոլորովին նոր տեմպով եւ, ասենք, այլ ձեւաչափով զարգանան՝ մեր երկրի աշխարհատնտեսական կարեւոր դիրքը հաշվի առնելով»։
Ի պատասխան վարչապետը նշեց. «Վերանայումը մի քիչ լավ տերմին չէ, բայց մենք պետք է առավել հավակնոտ լինենք այդ հարաբերություններում։ Բայց պետք է ասեմ, որ առաջիկայում պատրաստվում եմ այց կատարել Չինաստան։ Նախատեսվում է հանդիպում Չինաստանի ղեկավարության հետ. Չինաստանի նախագահի ու վարչապետի հետ հանդիպում կունենանք։ Կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին։ Եվ, կարծում եմ, այս այցը շատ լավ առիթ է, որպեսզի մենք նոր խթան հաղորդենք հայ—չինական հարաբերություններին»։

Ընկերապետություն չի՛ լինի

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են այս պահին) շուրջ ստեղծվածը արդյո՞ք վկայում է, որ իշխանությունում տարբեր թեւեր կան։
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ, եւ այդ իշխանության ներսում հնարավոր լինեն տարբեր թեւեր»,—զարմացած նկատեց Փաշինյանը։ Հետո հավելեց, որ գործադիր իշխանության ներսում չեն կարող լինել թեւեր, որովհետեւ «կառավարությունը եւ գործադիր իշխանությունը միասնական մարմին են, եւ այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից»։
Լավ՝ չկան, իսկ եթե ի հայտ գա՞ն։ «Եթե թեւեր ի հայտ գան, ես այդ թեւերը կկտրեմ»,—կտրեց վարչապետը։ Ու շեշտեց, որ դա կանի ոչ թե նրա համար, որ իր քմահաճույքն է, այլ որովհետեւ այդպես է օրենքը, տրամաբանությունն ու պետական կառավարումը պահանջում. «Բացառվում է, որ որեւէ պայմաններում ես թույլ տամ երկրում անկառավարելիություն, քաոս, վակխանալիաներ, պալատական ինտրիգներ։ Դա բացառված բան է։ Եվ կտրելուն չի հասնի, որովհետեւ այդ թեւերը չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կչորանան։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»։
Այնուհետեւ վարչապետը այլ հարցերին ի պատասխան ՊՎԾ պետ Սանասարյանի գործի հետ կապված որոշ նախապատմություն տվեց։ Բանն այն է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ սկզբից, երբ պարզ էր, թե Դավիթ Սանասարյանի գործն ինչ ուղղությամբ է գնում, երկու—երեք անգամ գնացել է վարչապետի մոտ, խնդրել է գործը փոխանցել ՀՔԾ—ին, որովհետեւ ԱԱԾ—ում էլ նեղվում են այն կասկածներից, որ գործը ոչ օբյեկտիվ կքննվի։ Վարչապետը պատասխանել է, որ դեմ է դրան, որովհետեւ կստացվի, որ իրենք կառավարության ներսում ի վիճակի չեն քննել իրենց վերաբերյալ գործերը։ «Այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի ինքներս մեզ հետ կապված գործերը քննենք եւ այսպես տալիս ենք ուրիշին, եւ ուրիշն է, որ մեզ հետ կապված քրեական գործերը պետք է քննի»,–շարունակեց Փաշինյանը։ Այնուհետ ասաց, որ եթե օբյեկտիվության համար պետք է, որ այդ գործը գնա ՀՔԾ, ինքը բացարձակ խնդիր չի տեսնում այդտեղ։ Բայց չի կարող այնպես լինել, որ գործը ոչ օբյեկտիվ քննվի։
Հետո, որպեսզի թյուրըմբռնումների տեղիք չտա, հստակեցրեց. «Էլի եմ ասում՝ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես նաեւ ինձ համար շատ ցավալի արձանագրումներ եմ անում. հեղափոխությունն ինչի՞ համար է եղել ՀՀ—ում, որ մենք մեր ընկերների եւ ոչ ընկերների նկատմամբ տարբե՞ր վերաբերմունք ունենանք։ Հայտնի խոսք կա՝ ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք։ Որ ասում են՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է... Էհ, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է, ու ի՞նչ։ Ես ԱԺ ամբիոնից ասել եմ, որ եթե նույնիսկ իմ ընտանիքի անդամը լինի, ինձ համար որեւէ նշանակություն չունի։ Հիմա էն տեղն է, որ դա ես պետք է ապացուցե՞մ, թե՞ չապացուցեմ»։
Ու քանի որ որոշել է ապացուցել, մեկ անգամ եւս, ի զգուշացումն բոլորի, ընդգծեց. ՀՀ—ում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չեն կարող լինել տարբեր այլ պետություններ. «Չի կարող քննությունը օբյեկտիվ չլինել, եթե պարզվի, որ օբյեկտիվ չէ, դաժան պատժի կենթարկվեն այն մարդիկ, որոնք այդպիսի բան են արել։ Իմ՝ գործի վերաբերյալ այս պահին ունեցած տվյալները միակողմանի չեն, իմ աղբյուրը միայն ԱԱԾ—ն չէ, որ ասում են՝ հին «քյոհնա» ԱԱԾ—ականները խաբում են վարչապետին, իմ աղբյուրը նաեւ մեր թիմի անդամներն են, իմ աղբյուրը նաեւ Դավիթ Սանասարյանն է։ Ինչի՞ է թվում, որ բոլորն այդ նրբությունները հասկանում են, ես չեմ հասկանում»։
Իսկ ԱԱԾ—ին ո՞վ պիտի հսկի, ո՞վ ստուգի։ Վարչապետի խոսքերով, ԱԱԾ—ում էլ ստուգումներ կլինեն անհրաժեշտության դեպքում եւ ստուգողը ՊՎԾ—ն է լինելու։ Ու, ի դեպ, ՊՎԾ—ն Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանը չէ։ Փաշինյանը վստահ է՝ Լյուդովիկոսի ժամանակներն անցել են։ Վստահ է ու գաղտնիք բացեց. «ԱԱԾ—ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները հեղափոխությունից մի քանի ամիս առաջ ԱԱԾ—ում նյութեր են ոչնչացրել։ Ես չեմ ուզում ասել, թե ինչ արդյունք կբերի, ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ—ում։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, դա իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են»։

Սուպերվարչապետական համակարգը վերացված է

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ—ում վերացվա՞ծ է. այս հարցն ուղղվեց այն համապատկերում, որ Փաշինյանն ինքը նախկինում չէր ընդունում դա։ «Այո, այլեւս վերացված է,–ասաց վարչապետը,–եւ վերացված է, որովհետեւ ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։ Ես ասում եմ, որ ՀՀ—ում իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի կարող լինել սուպերվարչապետություն։ Մեկ տարվա իմ գործունեության ամենակարեւոր արդյունքն այն է, որ ՀՀ—ում չկա սուպերվարչապետ ու չկա այդ համակարգը։ Դուք՝ լրագրողներդ եք նաեւ դրա ապացուցը, որ կարող ենք ցանկացած հարց ինձ տալ, քանի որ չկա ՀՀ—ում այնպիսի հարց, որ ասեմ՝ կարո՞ղ եք այդ հարցը էնպես անեք՝ ինձ չտան»։
Ու Նիկոլ Փաշինյանը որոշեց հենց տեղում ապացուցել, թե ինչու ինքը սուպերվարչապետ չէ։ «Կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետն ինչո՞ւ է 5 ասուլիս տալիս։ Ձեզ որեւէ մեկն ինստրուկտրաժ արե՞լ է, թե ինչ հարց պետք է տաք»։
Ու շարունակեց. «Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, սալյարկի գործն էլ քեզ։ Էստեղ ես եմ 50 տոկոս փայ, էստեղ՝ էն մյուսը։ Էս մեկն իմն է լրիվ, այստեղ պետք է գյուղապետ ընտրվիր այսինչը, այնտեղ պետք է գյուղապետ ընտրվի այնինչը, էս մեկի նկատմամբ գործ հարուցեք, մյուսի նկատմամբ՝ կարճեք։ Դատավորները թող իրենց որոշումները քննարկեն ինձ հետ, նոր կայացնեն։ Բաղրամյան 26—ն ինչի՞ ենք վերադարձրել նախագահականին, ինչո՞ւ է Բաղրամյան 26—ի ու ԱԺ—ի դռները բաց, ինչի՞ են քվոտաներ առաջարկվում ՀԾԿՀ—ում եւ ՏՄՊՊՀ—ում»։
Փաշինյանը չթաքցրեց, այո, իր գործողությունները ոմանք շոու են որակում, սակայն ինքը դա համարում է քաղաքական կամքի դրսեւորում։ Ինքը գնում, դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ «Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է»,—կրկնեց։ Կարող է ասուլիս էլ չանել չէ՞, բայց սա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ «Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է»,–մեկ անգամ էլ կրկնեց։

Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մոտեցումը չի փոխվելու

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակին էլ ասուլիսում անդրադարձ եղավ։
Փաշինյանը նախ ասաց, որ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին նրանց խորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան, որովհետեւ գործն ուղարկվել է դատարան, այն գլխավոր դատախազի տիրույթում չէ։ Եթե գլխավոր դատախազը նույնիսկ շատ ուզի էլ, չի կարող այս հարցը լուծել. «Ճիշտ չէ Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ» (մեջբերումը բառացի է,—Ա.Մ.)։
Հետո էլ Փաշինյանը հավելեց, թե անկեղծորեն հասկանում է, «ընկերական հարաբերություններ կան, Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի առաջին նախագահը, ու կա մարդկային գործոն, բայց հարցեր ծագում են»։ «Սկզբունքները պետք է ճշգրտվեն,–շարունակեց նա,–օրինակ, բանտում է նաեւ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։ Ինչո՞ւ միջնորդության մեջ իր համար էլ չեն դիմել։ Արցախի հերոս է, չէ՞։ Իրենք են շնորհել Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչում։ Ինչի՞ իր համար չեն դիմել։ Կամ՝ եթե որեւէ մեկին թվում է, թե Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան՝ Քոչարյանին մեղսագրվողը, սխալվում է։ Ուստի պետք է հասկանալ սկզբունքը։ Դավիթ Սանասարյանի դեպքում ասում եմ՝ ցավում եմ, որ մարդիկ հարցն ընկալում են ախպերական տրամաբանության մեջ։ Նա իմ ընկերն է, բայց իմ ընկերը օրենքից վեր չի կարող լինել, այդպես մենք պետություն չենք կառուցի։ Եթե իմ ընկերն օրենքից վեր չէ, ուրիշ որեւէ մեկի ընկերն էլ չի կարող օրենքից վեր լինել»։
«Reuters» գործակալությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, եւ որ ինքը մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին։ «Է, թող միանա, ո՞ւմ է ուզում միանալ»,–սա եղավ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։
Դա չի՞ հուզում վարչապետ Փաշինյանին։ Վարչապետի արձագանքը հետեւյալն էր. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ այլք, նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում այլեւս երբեք իշխանություն չեն լինի, անհատների մասով էլ չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավելի տոկոս հավանականությամբ։ Իշխանությունը ժողովրդինն է, եւ ինքն իր իշխանության պահպանման համար չի պայքարելու, ժողովուրդն է որոշելու։
Վերջին շրջանում սահմանային լարվածության աճին ու Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու հնարավորությանն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը վերջին ուղիղ 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. «Եթե կրակոցներ են հնչում ամեն օր, նշանակում է, որ մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք։ Վերջին օրերին լարում է զգացվում, բայց, ընդհանուր առմամբ, կայունությունը եւ հանդարտությունը, որ կար, պահպանվում է»։ Իր իսկ խոսքերով, այո, հաղորդակցության ուղիներ են հաստատվել իր եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Իրենք ինֆորմացիաներ, մտահոգություններ են փոխանակում, եւ այդտեղ իհարկե կան նաեւ փոխադարձ մեղադրանքներ։ Քանի դեռ հարցը կարգավորված չէ, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու մոտեցումը չի փոխվելու։ «Մենք նաեւ կարծում ենք,–ասաց վարչապետը,–որ Վիեննայի հայտարարությանը բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան։ Իսկ այնտեղ մենք ամրագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի ու ամրապնդվի։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է տեղի ունենում։ Արդյոք կողմերից որեւէ մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապակայունանում իրավիճակը։ Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, ես դա կանվանեի որոշակի օրերին որոշակի միջադեպերի արձանագրում։ Ադրբեջանական կողմը եւս մեզ որոշակի ինֆորմացիա է փոխանցում, որ իրենք էլ որոշակի մտահոգություններ ունեն, եւ դեպքեր են արձանագրվում։ Փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է հասկանանք։ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով փորձում ենք այդ կոմունիկացիաները ապահովել եւ արդյունքում կանենք մեր եզրակացությունները»։

ԵՄ-ն չի բացահայտում

ԵՄ—Ադրբեջան նոր համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումների վերաբերյալ մտահոգիչ լուրեր են շրջանառվում։ Դիտարկում հնչեց, թե ՀՀ ԱԳՆ—ն էլ հստակ պատասխաններ չի տալիս։ Ըստ Սահմանադրության, արտաքին քաղաքականության պատասխանատուն վարչապետն է։ Ինչպե՞ս նա կմեկնաբանի այդ լուրերը։
«Եվրամիություն—Ադրբեջան բանակցությունները, իհարկե, առնչություն ունեն մեզ հետ, բայց դա ուղիղ առնչություն չէ։ Իմ շփումներում ԵՄ մեր գործընկերների հետ նաեւ ասել եմ, որ ճիշտ կլինի, որ այդ բանակցային գործընթացները տարածաշրջանային իրավիճակների հետ որդեգրված սկզբունքները չաղավաղեն, չայլակերպեն տարբեր իրավիճակներում, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի»,–նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը հույս ունի, որ այդտեղ սկզբունքային մոտեցում կլինի։
Իսկ եվրոպական կողմը հավաստե՞լ է, որ սկզբունքները չեն աղավաղվի։
«Իրենք, բնականաբար, չեն բացահայտում իրենց բանակցությունների, քննարկումների բովանդակությունը, ինչպես մենք ուրիշների առաջ չենք բացահայտում մեր բանակցությունների տեքստերը։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կլինի, պրոբլեմ չի լինի։ Չի հասկացվի, եթե այլ կերպ լինի»,—պատասխանեց վարչապետը։

Զինվորին՝ որակյալ հագուստ ու լավ սնունդ

Կրկին արծարծվեց զինվորին հագուստով եւ անհրաժեշտ պարագաներով ապահովելուն առնչվող հարցեր։ Վարչապետը ընթացքից գոհ է, թեեւ չի հերքում, որ խնդիրներ դեռ կան. «Մենք պետք է լուծեինք վարտիքների խնդիրը եւ պետք է լուծեինք շապիկների եւ վարտիքների խնդիրն այնպես, որ դա կոռուպցիոն համակարգի տեղիք չտար։ Մենք ի՞նչ ենք արել։ Ես հանձնարարել եմ հրավիրել բոլոր ընկերություններին, նրանց հետ զրույց ունենալ միաժամանակ տեսախցիկների ներքո, եւ արվել են տարբեր առաջարկներ։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր զինվորներն ապահովվում են բարձրորակ վարտիքներով եւ շապիկներով։ Հիմա փորձարկման շրջանում է նոր կոշիկը։ Կոշիկից առաջին տպավորությունը դրական էր, բայց դրա հետ կապված բողոքներ էլ կային։ Հիմա ԳՇ—ն ու ՊՆ—ն աշխատում են, որ այդ խնդիրը լուծեն։ Մենք խնդիր ունենք հագուստի հետ, հիմնականում՝ նեյլոնի ու բամբակի պարունակության մասով։ Բամբակը հագուստի մեջ կավելանա»։
Փաշինյանը տեղեկացրեց, որ հագուստի սեզոնայնության հարցն էլ կլուծվի։ Քայլեր են ձեռնարկվում, որ շոգ տարածքներում ծառայող զինվորները կարճաթեւ համազգեստ ունենան։
Ինչ վերաբերում է սննդին։ Պետությունը զինվորին տալու է խոզի ճարպ, կարտոֆիլ, մակարոն, ձեթ, լավաշ է մտել, որ նախկինում չկար, մեղր է լինելու, սեզոնին՝ վարունգ եւ լոլիկ։ «Մենք զինվորի ամբողջ սննդի համակարգն ենք ուզում փոխել,–ասաց Փաշինյանը,–եւ դա պատվիրակել մասնավոր ընկերություններին»։
Նա հույս հայտնեց, որ այս տարի առաջին փորձնական ծրագիրն արդեն կլինի։

Տուրքը շատ է, էլեկտրամոբիլ բերեք

Հնարավո՞ր է գազի գնանկում։ Այս հարցը հնչեց գազի միասնական շուկա ստեղծելու (քննարկվում է մինչեւ 2030թ. գազի մատակարարման նոր սխեմայի նախագծում) համապատկերում։ «Քննարկումները եւ բանակցությունները շարունակվում են հարցի շուրջ,–ի պատասխան հնչեցրեց Փաշինյանը,–մեր դիրքորոշումները մենք հստակ արտահայտել ենք։ Հույս ունենք, որ Ռուսաստանի մեր գործընկերների հետ կկարողանանք հասնել համաձայնության»։
2020 թ. հունվարի 1—ից ԵԱՏՄ դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրանալու են, հատկապես շատ է քննարկվում ավտոմեքենաների դրույքաչափերի 4,5—6 անգամ բարձրացումը՝ կախված մեքենաների տարիքից։ Քննարկումներ չե՞ն լինելու Հայաստանի համար արտոնությունները երկարաձգելու հարցով։ Փաշինյանը միանգամից պարզաբանեց. «ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում դա շատ բարդ հարց է, որովհետեւ արդեն պայմանավորվածությունները կայացել են, եւ տուրքը պետք է բարձրանա»։
Այնուհետ շեշտակի նկատեց. տուրքը բարձրանում է, էլեկտրամոբիլ թող բերեն, քանզի էլեկտրամոբիլների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չկա։ Ու պետք է ի վերջո հասկանալ՝ մենք մեր երկիրը պատկերացնում ենք հին մեքենաների գերեզմանո՞ց, թե՞ պատկերացնում ենք մի երկիր, որտեղ սկսում են ի հայտ գալ էլեկտրամոբիլներ, էլեկտրական ավտոբուսներ եւ այդպես շարունակ։

Կիրագործվի, նոր կխոսվի

Ի՞նչ կա ներդրումային ծրագրերից։ Վարչապետը մեկ տարի առաջ նշել էր սփյուռքի հետ հարաբերություններում մեծ հայրենադարձության անհրաժեշտության մասին, ինչը նաեւ կապիտալի ներհոսք էր ենթադրում։ Կա՞ այդ ներհոսքը։ «Ներդրումային ծրագրերը ես ԱԺ—ում էլ եմ հրապարակել,–հնչեց պատասխանը,–ասել եմ, թե ինչ նրբություններ կան։ Ես հիմա դիտավորյալ մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետեւ այդ ներդրումային ծրագրերն այդ գործարարներն են իրականացնում, կառավարությունը չի իրականացնում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ աջակցենք նրանց։ Այդ պրոցեսը կա, դա ակնհայտ է։ Արարատի մարզում համատեղ տեքստիլի ձեռնարկություն է ստեղծվում սփյուռքի ներկայացուցչի մասնակցությամբ, այդպիսի բազմաթիվ ծրագրեր կան ե՛ւ Տավուշի, ե՛ւ Լոռու մարզում։ Այսինքն՝ այդ պրոցեսը կա, եւ մենք այդ ազդակները ստանում ենք... Իսկ այն ներդրումային ծրագրերը, որոնք մենք հաստատել ենք, դրանք այն ներդրումային ծրագրերն են, որոնք հիմա եկել են եւ կառավարությունից արտոնություն են խնդրել։ Այդ արտոնությունը մենք տվել ենք։ Ինձ հետ եկել, քննարկել են կոնկրետ ծրագրեր, բայց ես դրանք հիմա չեմ բարձրաձայնում, որովհետեւ ուզում եմ իրագործվեն, նոր բարձրաձայնեմ»։
Իսկ որ «ներգաղթային միտումներ» կան, վարչապետի խոսքով, վիճակագրական տվյալներն են ցույց տալիս։ ԿԲ—ն նաեւ կառավարության հետ քննարկում է մատչելի բնակարանի հիփոթեքային ծրագիր ներգաղթյալների համար։

Թեղուտի փակվելու պատճառով

Մեր արտահանման եւ ներկրման ծավալները կրճատվել են։ Խնդրեցինք վարչապետի մեկնաբանությամբ՝ պատճառների պարզաբանումը։
«Թեղուտի հանքավայրը փակվելու հիմքով է արտահանման թվերն ակնում ապրել։ Սա անվանում եմ տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց։ Փոխարենն այս տարի աճել է կոնյակի արտահանումը։ Անցած տարի աճել է պատրաստի արտադրանքի արտահանումը, գյուղմթերքի արտահանումը։ Հույս ունենք՝ այս տարի մշակված գյուղմթերքի արտահանումը կաճի։ Բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն»,–շարունակեց։
Հետո խոսելով արտահանման ու ներկրման ծավալների փոփոխման ժամկետներից՝ հնչեցրեց. «Այնպես չէ, որ կառավարությունն ամեն մեկի ձեռքից բռնած այստեղից այնտեղ է տեղափոխում։ Ախր, երկրում 129 մլն դոլարի բյուջեի կատարման ցուցանիշ է փոխվել, 51 հազար աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ժամկետների մասին եք խոսում, բայց սա միայն մեկ տարվա արդյունք է, այն էլ այն դեպքում, երբ մեկ տարվա կեսն անցումային է եղել»։
Վարչապետը հանգիստ է՝ «քայլ առ քայլ առաջ ենք գնում»։

Ղարիբյա՞նը, թե՞ Օրբելյանը

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է ՊՈԱԿ—ների մասին օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ—ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Օրբելյանը թատրոնի տնօրենից զատ նաեւ գեղարվեստական ղեկավարն էր։ Նախարարի որոշումից, սակայն, թատրոնի անձնակազմը դժգոհ մնաց։ Նրանք սկսեցին բողոքել, եւ նրանց ընդունեց Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր եղել, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, մինչեւ կուսումնասիրվեն անձնակազմի ներկայացրած հակափաստարկները։
Տեղեկացնենք, որ Փաշինյանն էլ մշակույթի նախարարության փաստարկներն ուղարկել է արդարադատության նախարարություն իրավական փորձաքննության։ Ի՞նչ ընթացքում է գործը։ Պարզվում է, ըստ Փաշինյանի, արդարադատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասն ընդունել է, մի մասը՝ ոչ։ «Բայց իրենց զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի»,–երեկ ասաց նա՝ լրացնելով, թե նախարարության հիմնավորումն այն է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնում, նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել։
Վարչապետը ասաց, թե հիշում է իր պայմանավորվածությունը օպերային թատրոնի ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում կհանդիպեն, կքննարկեն իրավիճակից դուրս գալու ելքերը։
Վարչապետին հիշեցրին, որ ինքն ասել է, որ եթե մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի ներկայացրած՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հիմնավորումներում որեւէ կետ չհամապատասխանի իրականությանը, ապա նրան կհեռացնի։ Ու քանի որ այժմ էլ ասում է, թե «դրանց կեսը չի համապատասխանում», ի՞նչ է անելու։
«Ես ասացի, որ արդարադատության նախարարությունը փաստարկների մի մասն ընդունել է, մի մասը չի ընդունել։ Ինչ որ ասել եմ, ուժի մեջ է»,–ընդգծեց նա։
Ասուլիսի ընթացքում այլ հարցեր էլ եղան, շատերն էլ չհնչեցին. վարչապետը ԱԺ էր շտապում։ Բայց ասաց, որ ասուլիսներ մարզերում էլ է անելու։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO