Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը օրակարգային է

Այդ խնդրին պետք է ուղղվի դիվանագիտական ամբողջ զինանոցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը բուռն արձագանքներ առաջացրեց ինչպես մեր երկրում, այնպես էլ Ադրբեջանում։ Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, պարզելու համար, թե մարտի 29—ին Ժնեւում կայացած Փաշինյան–Ալիեւ պաշտոնական առաջին հանդիպումից հետո, ինչպես նաեւ Մոսկվայում Մնացականյան—Մամեդյարով հանդիպումից հետո ինչպիսի զարգացումներ կան այդ ուղղությամբ, եւ արդյոք պահպանվել է թեմայի հրատապությունը երկրի արտաքին քաղաքական օրակարգում։
Ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի տվյալ փուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխսությունն ունի երեք հիմնական բաղադրիչ, առաջինը՝ մթնոլորտի առողջացումն է, որին ծառայեցվում են հումանիտար նախաձեռնությունների մասին հայտարարություններն ու առաջարկները, հաջորդը՝ ձեւաչափն է, իսկ երրորդը՝ բուն բովանդակային փաստաթղթի ձեւակերպումը կամ այլ կերպ ասած՝ լուծման հայտնաբերումը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի դիտարկմամբ, հատկապես Մնացականյան—Մամեդյարով մոսկովյան հանդիպումից հետո ակնհայտորեն խոսքը հումանիտար նախաձեռնությունների մասին է։ Այստեղ շատ հետաքրքրական է դրան հաջորդող Մամեդյարովի հայտարարությունը, որտեղ նա խոսում է Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան լրագրողական խմբեր ուղարկելու պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Դրանով փաստորեն շեշտվում է նաեւ Արցախի գործոնը, ինչը բուռն արձագանք գտավ Ադրբեջանում, որից հետո ներկայումս փորձ է արվում այդ թեման առանձնապես չարծարծել։ «Բնականաբար Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելը չի կարող դուրս գալ մեր օրակարգից. այն ՀՀ կառավարության ծրագրային դրույթներից է, եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել այն կյանքի կոչելու համար։ Թեեւ շարունակում ենք դրա շուրջ պնդումը, բայց վերջին շրջանի հիմնական խոսակցությունը ուղղված է փոքր—ինչ մթնոլորտի առողջացմանն ու փոխվստահության մեխանիզմների խորացմանը, թեեւ վերջին շրջանում նկատելի է որոշակի ակտիվացում Ադրբեջանի կողմից»,–ասաց պատգամավորը։
Դեռեւս ժամկետների մասին հստակ հայտարարություններ չեն արվում, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ԱՄՆ—ում կայանալիք հանդիպման ընթացքում հասկանալի կդառնա, թե որքանով է հնարավոր այդ հումանիտար նախաձեռնությունների իրագործումը, միեւնույն ժամանակ հնարավոր կլինի կրկին խոսել Արցախի բանակցային գործընթաց հնարավոր վերադարձի մասին։ «Մենք պետք է հասկանանք, թե որքանով է Ադրբեջանն իսկապես պատրաստակամ դրանք իրագործելու, նաեւ պետք է շարունակենք խոսել հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին եւ միաժամանակ քննարկելու ձեւաչափի վերականգնման հարցը, ինչին ադրբեջանական կողմը շատ ցավոտ է վերաբերվում»,–նշեց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ դրա համար բազմաթիվ ներքին պատճառներ կան։
Ադրբեջանում հումանիտար համագործակցությանն ուղղված առաջարկները միանշանակ չեն ընդունվել։ Ներիշխանական դաշտում որոշակի օղակներ խիստ քննադատության ենթարկեցին Մամեդյարովին, որին անմիջապես հաջորդեց նրա այն հայտարարությունը, թե իրենք քննարկել են «Լավրովի պլանը», ինչը ժխտվեց։ Մամեդյարովին քննադատում էին՝ ասելով, որ Արցախ ոտք կդնեն միայն զենքով, եւ որ նման հումանիտար բնույթի միջոցառումներ ընդհանրապես չեն կարող իրականացվել։ Հետեւելով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին՝ պատգամավորը փաստեց, որ բացասական, այդ թվում ռազմատենչ հայտարարություններն ու արձագանքները շարունակվեցին մինչեւ այն պահը, երբ Միլի մեջլիսի խոսնակը կոչ արեց զերծ մնալ նման հայտարարություններից։ «Ադրբեջանը տարիներ շարունակ խոսել է բացառապես պատերազմից եւ հազիվ թե մի քանի ամսում կտրուկ շրջադարձ կատարեր եւ խոսեր խաղաղությունից։ Ոչ իշխանությունն է փոխվել, ոչ էլ նոր ուժեր են ի հայտ եկել, այսինքն՝ գործընթացը ցույց է տալիս, որ Բաքուն շարժվում է Երեւանի թելադրած օրակարգով։ Փաստացի դրա մասին է վկայում նաեւ այն, որ խոսվում է թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացված հումանիտար նախաձեռնությունների մասին»,–մեկնաբանեց զրուցակիցս։ Նրա խոսքով, բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում Ադրբեջանում՝ պայմանավորված սպասվելիք խորհրդարանական ընտրություններով, որի ընթացքում անկասկած կշահարկվի արցախյան թեման։ «Այդ երկրի ազգայնական ուժերը շարունակ պնդում են, որ նախագահ Իլհամ Ալիեւը ձախողում է գործընթացը եւ որեւէ ձեւով չի փորձում «վերադարձնել իրենց հողերը»՝ կոչ անելով շատ ավելի համարձակ գործողությունների դիմել։ Ալիեւն էլ փորձում է ամեն կերպ չեզոքացնել այդ զանգվածին, ինչն այնքան էլ հեշտ չի լինելու»,–ասաց Հայրապետյանը։
Հունիսին Արցախում կանցկացվի չճանաչված պետությունների ֆուտբոլի առաջնությունը։ Պատգամավորի կարծիքով, վերջին շրջանում սահմանին նկատվող ակտիվությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ միգուցե փորձ է արվում միջազգային հանրության եւ սպասվող հյուրերի շրջանում վախի մթնոլորտ առաջացնել՝ Արցախը ներկայացնելով որպես հակամարտության ակտիվ գոտի։ Իր անձնական փորձից ելնելով գիտի, որ երբ միջազգային հյուրերը գալիս են Արցախ, նկատում են, որ այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես պատկերացրել են մինչեւ Արցախ այցելելը։ Սահմանին լարվածության պատճառներից կարող է լինել նաեւ Ադրբեջանի ներքին լսարանին ցույց տալը, թե տեսեք՝ ինչ—որ բան անում ենք։ «Իրականում Ադրբեջանը գտնվում է փնտրտուքների գործընթացի մեջ, թե ինչպիսի քաղաքականություն որդեգրի։ Մի կողմից՝ աշխարհի համար կարեւոր են խաղաղության օրակարգը, հումանիտար նախաձեռնությունները, մյուս կողմից՝ Ադրբեջանը պետք է կարողանա այդ ամենը մատուցել իր հասարակությանը։ Խաղաղությունն իրենց օրակարգը չէ։ Նրանք չունեն համապատասխան քաղաքական բառապաշար, որպեսզի արձագանքեն Նիկոլ Փաշինյանի եւ Զոհրաբ Մնացականյանի կոչերին։ Տարիներ շարունակ բոլորովին այլ ձեւով եւ բնութագրումներով են հայտարարություններ արել»,–մեկնաբանեց Հայրապետյանը՝ շեշտելով, որ շարունակելու են աշխատել տարբեր խողովակներով Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ, իսկ թե որ փուլում կլինի դա, դժվար է ասել՝ հաշվի առնելով ամենատարբեր գործոններ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը նույնպես կարեւորեց ամբողջ ներուժի համակարգված եւ փոխլրացնող աշխատանքը։ «Հարցն օրակարգում կա։ Պաշտոնական բոլոր օղակները այդ մասին են պնդում։ Այս փուլում չհավատալու որեւէ հիմք չկա, հետեւաբար պետք է սպասել, տեսնելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվում։ Այստեղ կարեւոր է, որ այս գործընթացում ներգրավվի ամբողջ զինանոցը՝ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական կորպուսը եւ Ազգային ժողովը որպես խորհրդարանական դիվանագիտության մաս, որպեսզի մեր միջազգային գործընկերներին կարողանանք բացատրել, թե որն է դրա անհրաժեշտությունը, ինչու պետք է Արցախի Հանրապետությունը ներգրավված լինի բանակցային գործընթացում,–նշեց Գորգիսյանը, ապա շարունակեց.–Մենք պետք է համատեղ աշխատենք՝ փոխլրացնելով միմյանց եւ ծառայելով նույն նպատակին։ Եթե այս փուլում դա Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելն է, ուրեմն պետք է հստակ դրվի այդ խնդիրը, եւ բոլորս աշխատենք այդ ուղղությամբ»։
ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից հետո առաջ քաշվեց հումանիտար նախաձեռնությունների անհրաժեշտությունը։ Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ԱՄՆ—ում կայանալիք հանդիպումից, խմբակցության քարտուղարը նկատեց, որ պետք է սպասենք պաշտոնական հաղորդագրությունների եւ չփորձենք կանխատեսումներ անել։ Ինչ վերաբերում է մարդասիրական նախաձեռնություններին, Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ դրա տակ կարող են թակարդներ լինել։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը փորձում է անհայտ պայմաններով ադրբեջանական կողմում հայտնված, ապա նաեւ 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացուն փոխանակել լուրջ հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինծառայողների հետ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-05-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO