Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԼՂՀ


«Հայերն Արաքսից կարող էին անցնել մինչեւ Քուռ»

25 տարի առաջ ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը

25 տարի առաջ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց մի փաստաթուղթ, որը ղարաբաղյան հակամարտության գոտում տեւական հրադադարի հիմքը դարձավ։ Հատկանշական է այն հանգամանքը, որպես լիիրավ կողմ, Բիշքեկի հայտնի պայմանագրի տակ իր ստորագրությունն է դրել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազորված ներկայացուցիչը։ Իսկ մայիսի 12—ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի միջնորդությամբ Մոսկվայում տեղի ունեցած հակամարտող բոլոր երեք կողմերի պաշտոնական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, հաստատվեց կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունը՝ ընդհուպ մինչեւ լիամասշտաբ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Թեպետ պատերազմում իրար հետեւից կրած ծանր պարտություններին եւ այն իրողությանը, որ ադրբեջանական զինված ուժերը ջլատվել ու բարոյալքվել էին տեւական անհաջող ռազմագործողություններում, այնուամենայնիվ, Բաքվի իշխանությունների «համարձակությունը» չէր հերիքում (թեկուզեւ ժամանակավոր) «խաղից» դուրս գալու նպատակով դիմելու միջազգային կազմակերպություններին։ Ու, ինչպես ասում են, «դանակը ոսկորին հասավ» միայն այն ժամանակ, երբ Արցախի պաշտպանության բանակը շարունակելով իր հաղթարշավը, թշնամուն ի վերջո ստիպեց հաշվի նստել իրողության հետ։ Ու ադրբեջանական կողմը, ահաբեկված հայկական ուժերի հետագա առաջխաղացման մտադրությունից, հուսալի միջնորդներ որոնեց Մոսկվայում։ Արդեն 1994—ի փետրվարի 18—ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կողմերի ռազմական գերատեսչությունների՝ հակամարտությունը դադարեցնելու մասին ձեռք էր բերվել համաձայնություն։ Հրադադարի անհրաժեշտությունն ընդգծվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ապրիլի 14—ին ընդունված հռչակագրում, ուր հայերին ու ադրբեջանցիներին կոչ էր արվում դադարեցնել կրակը եւ անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ բանակցությունների։
Խաղաղության հաստատման գործում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունում, անշուշտ, վճռական դեր է պատկանում ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համաժողովին, որը քիչ ջանքեր չգործադրեց հակամարտությունը մեղմելու համար։ Համաժողովի կողմից ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը բարի առաքելությամբ մի քանի անգամ այցելեց տարածաշրջան եւ ուսումնասիրեց հրադադարի հաստատման հնարավորությունները։ Ու փաստորեն ԱՊՀ (մասնավորապես՝ Մոսկվայի) ճնշմամբ հաջողվեց Ադրբեջանին ստիպել նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ, որքան էլ ադրբեջանական կողմի համար անցանկալի լիներ պարտության խայտառակ փաստը, այնուամենայնիվ, ստիպված էր «հաշտության ձեռք մեկնել» հայերին (խոսքը՝ զինադադարի վերաբերյալ փաստաթղթին է վերաբերում)։ Թեեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Ա. Ջալիլովը փութաջանորեն հրաժարվում էր իր ստորագրությունը դնել պայմանագրի տակ, Բիշքեկի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ մեջլիսի նախագահ Ռ. Ղուլիեւը, միջնորդների ճնշմամբ, ստորագրել է փաստաթուղթը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Բիշքեկի արձանագրության մեջ Ղարաբաղը ճանաչվում է ոչ միայն հակամարտության լիիրավ կողմ, այլեւ ներկայացվում է որպես հաղթող երկիր։ Ըստ որում, փաստաթուղթը ստորագրել են ինչպես Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ խորհրդարանների ղեկավարները, այնպես էլ՝ Ղրղզստանի մեջլիսի եւ ՌԴ պետդումայի նախագահները։ Պակաս կարեւոր չէ եւ այն հանգամանքը, որ հակամարտության երեք կողմերի ղեկավարների ստորագրությունները վավերացվել են Ռուսաստանի Դաշնության պետդումայի եւ Ղրղզստանի խորհրդարանի վերին պալատի նախագահների կողմից, ինչը ավելի է արժեւորում փաստաթուղթը։ Ու ահա արդեն 25 տարի է, ինչ շարունակվում է «երկխոսությունը»։ Չնայած Ադրբեջանի ղեկավարների՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վտանգավոր հայտարարություններին, հակառակորդի դիրքերից արցախյան սահմանամերձ պահակակետերի ուղղությամբ հնչող կրակահերթերին, զինադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ պահպանվում է։
Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները բազմիցս են իրենց պաշտոնական դիրքորոշման մեջ ընդգծել, թե հակամարտությունը պետք է բացառապես լուծվի խաղաղ ճանապարհով։ Դրան են միտված հայկական երկու հանրապետությունների ղեկավարների՝ հրադադարի պահպանմանը միտված ջանքերը միջազգային հարթակներում։ Այդ առումով որոշակի լավատեսություն է ներշնչում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ ծավալված երկխոսությունը։
2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած զինված նոր ագրեսիայից հետո պատերազմի եւ խաղաղության թեման ավելի մեծ հրատապություն է ձեռք բերում։ Մասնավորապես վերջին շրջանում զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը վերստին ընդգծում են 1994—1995թթ. հրադադարի համաձայնագրին, 2016թ. Վիեննայում Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25—ամյակին էր նվիրված Ստեփանակերտում հրավիրված խորհրդաժողովը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից։ Խորհրդաժողովին, որպես պատվավոր հյուր, ներկա էր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
Իր ելույթում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը նշեց, որ համաձայնագրի 25—ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու նշանակալի իրադարձությանը, ինչպես նաեւ ամփոփելու որոշ արդյունքներ եւ ուրվագծելու այն անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաեւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։
Ընդգծելով Կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարեւորությունը, Մ. Մայիլյանը, մասնավորապես ասաց. «1994թ. մայիսի 12—ի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական—դիվանագիտական դաշտ։ Այդպիսով՝ պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա։ Արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12—ի համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, ինչպես նաեւ բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով»։ Եվ որպես ասվածի վկայություն, ԱԳ նախարարը շեշտեց Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները։ Նա այդ համատեքստում կարեւորեց նաեւ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
ԱԳՆ ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծեց «հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը», որը բոլոր երեք կողմերը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ, ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս։ «Հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաեւ կողմերի միջեւ համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից»,–նշեց Մ. Մայիլյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով «դիվանագիտական եւ ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի եւ Հարավային Կովկասում տեւական կայունության ապահովման համար»։
Խորհրդաժողովում ելույթ ունեցան եւ համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ուրիշներ։
Իր խոսքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը անաչառ գնահատական տալով 1994թ. մայիսի 12—ի զինադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի ստորագրումից առաջ՝ պատերազմի վերջին փուլում ռազմաճակատում ստեղծված իրավիճակին, մասնավորապես նշեց. «Պատերազմի վերջին փուլում միանգամայն այլ իրավիճակ էր։ Հայերը հարավում բավականաչափ խորացել էին, ու կարող էին Արաքսից հասնել մինչեւ Քուռ գետը եւ հատել Ադրբեջանի հյուսիս—արեւմտյան հատվածը։ Եվ եթե ադրբեջանցիներն սկզբում ձգձգում էին ռազմական գործողությունների դադարեցումը՝ անտեսելով ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերը, ինչպես նաեւ խաղաղարարական բոլոր առաջարկները, ապա վերջին փուլում նրանց պահվածքն ուրիշ էր»։
Վլադիմիր Կազիմիրովը Բիշքեկից մեկնեց Բաքու եւ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ։ Դրանից հետո Բիշքեկի արձանագրությունում իր տեղը զբաղեցրեց մեջլիսի նախագահ Ռասուլ Գուլիեւի ստորագրությունը։ Հրադադարի ռեժիմն ուժի մեջ պիտի մտներ մայիսի 9—ի գիշերը։ Ռուսաստանն, ինչ խոսք, պատահական չէր հրադադարի հաստատման համար խորհրդանշական օր ընտրել։ Դա հիշեցնում էր գերմանական ֆաշիզմի դեմ Խորհրդային Միության ժողովուրդների հաղթանակը։
Բաքվում գտնվելու ժամանակ՝ մայիսի 9—ին, Կազիմիրովը պատրաստեց կրակի դադարեցման մասին փաստաթուղթը՝ համաձայնեցնելով այն Երեւանի եւ Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովն այն ստորագրեց նույն օրը։ Մայիսի 10—ին ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հաջորդ օրը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ մայիսի 12—ին։
Մայիսի 16—17—ը Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հանդիպումը, որի ընթացքում կողմերը պետք է ստորագրեին մայիսյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը։ Փաստաթուղթը վավերացրին Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը եւ ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

14-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO