Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ըմբշամարտի ակտիվը խիստ հակադարձեց Միհրան Հարությունյանին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությունն ու ակտիվը եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը երեկ ասուլիսով արձագանքեցին 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին։ Հնչեց շատ կոշտ պատասխան մարզիկի այն պնդմանը, որ անկախ գլխավոր մարզչի կամքից, ինքը պատրաստվում է ինքնուրույն մարզվելով ներգրավվել հաջորդ տարվա օլիմպիադայի ուղեգրի համար պայքարին, քանի որ ՀԱՕԿ—ի նախագահն իրեն խոստացել է ընձեռել նման հնարավորություն։
Առավել ծավալուն մեկնաբանությամբ հանդես եկավ հենց Լեւոն Ջուլֆալակյանը, որը մասնավորապես նշեց. «Չգիտեմ, թե նա որքանով է պատկերացնում իր արտահայտած նախադասությունների իմաստը, բայց, ամեն դեպքում, կան հարցեր, որոնց պետք է խիստ պատասխան տրվի։ Արդեն 20 տարուց ավելի գլխավորում եմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, եւ արդյունքներին ու իմ մոտեցմանը բոլորդ լավ տեղյակ եք։ Երբեք իմ աշխատանքում չեմ թերացել, պարտաճանաչ կատարել եմ իմ գործը եւ, բնականաբար, ունեմ իրավունքներ։ Ցանկացած մարզիկ նույնպես ունի իրավունքներ եւ պարտականություններ։ Ի՞նչ է նշանակում, որ մի մարզիկ իրեն դնում է անհասանելի հզոր ըմբիշի տեղ այն դեպքում, երբ ունի ընդհանուր առմամբ 2 մեդալ եւ քննադատում է մեր հավաքականին՝ նշելով, որ մեդալները չի հաշվում եւ իր համար նշանակություն չունեն տասնյակ մեդալներ նվաճած ըմբիշները, որոնք պարտաճանաչորեն մասնակցել են բոլոր հավաքներին ու ենթարկվելով ազգային թիմի կարգուկանոնին՝ հաստատել իրենց տեղը թիմում։ Այլ մոտեցում մեր հավաքականում երբեք չի եղել եւ չի լինի։ Քանի դեռ գլխավորում եմ հավաքականը, որեւէ մեկն իրավունք չունի կայացնելու ինքնագլուխ որոշումներ եւ կատարելու օրենքից դուրս քայլեր։ Կա աշխարհում ընդունված կարգ, որին բոլորը պարտավոր են ենթարկվել։
Անցնենք Միհրան Հարությունյանին։ Ամիսներ առաջ ասում էր, թե օլիմպիական խաղերից առաջ գումար չի ստացել։ Համար առաջին սուտն է։ Օլիմպիական խաղերից հետո՝ 2016—ի սեպտեմբերից մինչեւ հաջորդ տարվա մայիս վարձատրվել է առանց հավաքների եւ մրցումների մասնակցելու։ Ասում է՝ ինձ չգնահատեցին։ Նրան դիմավորեցին որպես օլիմպիական խաղերի չեմպիոնի, բայց փաստ է, որ նա օլիմպիական չեմպիոն չէ։ Հաջորդը. ասում է կարող եմ գալ պարապել եւ մասնակցել, եթե ինձ վճարեն 3 հազար դոլար եւ ավելի, որից հետո կմտածեմ հավաքներին մասնակցելու մասին։ Երեք տարի է ոչինչ չի արել, բայց նախապայման է դնում։ Ցանկացած մարզիկ նախ պետք է ապացուցի իր պատրաստականությունը, որից հետո կգնահատվի եւ կկարողանա պահանջներ ներկայացնել։ Եվս մեկ կետ. ասում է, որ ինձ Ռուսաստանում չէին ընդունում, դրա համար եկա Հայաստան։ Միգուցե լրագրողները փորձեն հասկանալ, թե ինչու նրան չեն ընդունել Ռուսաստանում։ Հայաստանի հավաքականն ընդունել եւ ընդունելու է այն բոլոր լավ մարզիկներին, ովքեր սրտացավ են եւ ցանկանում են մեդալներ բերել երկրին ու ենթարկվում են օրենքներին ու կանոններին։ Նշում է, որ միայն Ռիոյից առաջ է մարզումներ անցկացրել Հայաստանի հավաքականի հետ։ Իրականությունն այն է, որ շատ խնդրելուց հետո նրան ընդառաջեցինք, որպեսզի 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ իր անձնական մարզիչների հետ (իսկ նրանց թիվն անցնում է 10—ից) անհատական մարզումներ անցկացնի տարբեր տեղերում։ Ու բոլորս տեսանք այդ մասնակցության արդյունքը՝ մեկ գոտեմարտ եւ պարտություն։ Նաեւ նշեմ, որ իր լավագույն արդյունքը մինչեւ Ռիոյի օլիմպիադան եղել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալը։ Իսկ 2015 թվականի Հայաստանի առաջնությունում չի կարողացել ապահովել պահանջվող քաշը։ Բոլոր նորմալ հավաքականներում դա համարվում է ավելի մեծ խայտառակություն, քան պարտությունը։ Եվ այդքանից հետո հայտարարում է, թե մեկնեցի Բաքու։ Դա յուրաքանչյուրի անձնական որոշումն էր։ Մենք էլ ենք 2007—ին թիմով հանդես եկել Բաքվում։ Այնպես որ, դա հերոսություն չէ ու չպետք է մատի փաթաթան դարձնել։ Չի կարելի առանց հավաքների մասնակցելու ասել, թե ես ամենուժեղն եմ ու գնալու եմ աշխարհի առաջնության։ Այլեւս երբեք չեմ պատասխանելու նրան, բայց թող լավ հասկանա իր տեղն ու դիրքը եւ երբեք չափերը չանցնի»։
Անդրադառնալով ՀԱՕԿ—ի նախագահի հետ պայմանավորվածություն ունենալու մասին Մ. Հարությունյանի պնդմանը՝ Լ. Ջուլֆալակյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը մինչ օրս երբեք չի միջամտել հավաքականի կազմը որոշելու հարցին՝ դա թողնելով մարզիչների հայեցողությանը։ Միաժամանակ, գլխավոր մարզիչը նշեց, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է ընդունելու այն բոլոր ուժեղագույն մարզիկներին, որոնք բոլորի հետ հավասար մասնակցում են մարզումներին, սահմանված մրցումներին եւ թիմի կանոնակարգին։ Սակայն, ըստ մարզչի, Մ. Հարությունյանը պետք է պատրաստ լինի նաեւ բացատրություն տալու թիմակիցներին՝ հավաքականին վիրավորելու համար։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն էլ իր կողմից նշեց. «Մեր հավաքականներում ունենք օլիմպիական չեմպիոն, բարձրակարգ մարզիկներ, որոնք միշտ հանդես են գալիս խելոք եւ համեստ դիրքորոշումով։ Խնդրում եւ պահանջում եմ մեր բոլոր մարզիկներից, որ հանկարծ իրենց չափի զգացումը չկորցնեն։ Լրագրողներին խնդրում եմ, որ ըմբշամարտում եւ սպորտում ինտրիգներ ման չգան։ Զրուցել եմ ՀԱՕԿ—ի նախագահի հետ, որը երբեւէ իրեն թույլ չի տվել միջամտելու հավաքականներին առնչվող մասնագիտական հարցերին»։
Ինքնին հասկանալի է, որ յուրաքանչյուր թիմում, ինչպեսեւ ընտանիքում, պետք է տիրի փոխադարձ հարգանք, պահպանվեն ներքին փոխհարաբերությունների նորմեր եւ պարկեշտություն, առանց որոնց անհնար է խոսել միասնական դիրքերից հանդես գալու մասին։ Այդքանով հանդերձ, այս հեռակա բանավեճն առաջացնում է նույնքան ոչ հռետորական հարցեր։ Օրինակ, եթե Մ. Հարությունյանին իսկապես ընկալում եք որպես օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, այլ ոչ թե չեմպիոնի (ինչը որ կա իրականում), ապա ինչու ժամանակին չէիք ընդդիմանում, երբ սպորտի նախարարությունում նրա դիմանկարը փակցրեցին օլիմպիական չեմպիոնների լուսանկարների կողքին։ Գուցե՞ այն ժամանակ դա ձեռնտու մոտեցում էր։ Կամ ինչո՞ւ է նոր խոսվում այն մասին, որ նշված ըմբիշը մոտ 8 ամիս վարձատրվել է առանց մարզումների եւ մրցումների մասնակցելու։ Կամ անձնական մարզիչների պահը. ինչպե՞ս հասկանանք, որ երեկվա ասուլիսի մասնակիցներից մեկը տեւական ժամանակ ներկայացվում էր որպես Միհրանի անձնական մարզիչ եւ գուցե՝ գուցե նաեւ պարգեւատրվում դրա համար։ Համաձայնեք՝ ամենեւին էլ առօրյա հարցադրումներ չեն։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

15-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO