Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Առաջընթացի ուղին փոխգործակցությունն է բոլորի հետ

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները եւ Կամբոջայի թագավորը։ Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը՝ աշխարհի 47 երկրից։
Մինչ համաժողովի մեկնարկը Սի Ծինփինը դիմավորել է երկրների առաջնորդներին, այնուհետեւ տեղի է ունեցել տեսալուսանկարահանում։
Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում՝ տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով։
Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ջերմորեն ողջունել բոլոր հյուրերին եւ հույս հայտնել, որ համաժողովը նոր ազդակ կհաղորդի մասնակից պետությունների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ ՉԺՀ նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջեւ ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու համագործակցությունը իրավահավասարության եւ փոխադարձ շահերի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո նախագահ Սի Ծինփին,
Պետությունների եւ կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ հնագույն քաղաքակրթության օրրան Չինաստանում եւ մասնակցել այս կարեւոր իրադարձությանը։
Ըստ իս, բազմազան է մեր մոլորակի գեղեցկությունն ու մարդկային քաղաքակրթությունը։ Բազմազանությունը ծնում է երկխոսություն, իսկ երկխոսությունը հանգեցնում է մշակութային փոխանակման եւ փոխադարձ հարստացման, որն էլ, ի վերջո, պայմաններ է ստեղծում առաջընթացի համար։
Հայաստանում եւ հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների եւ կրոնների հետ փոխգործակցության համար։
Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Իմմանուիլ Կանտը. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առեւտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ՝ առեւտուր անելու համար... եւ գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» (մեջբերման ավարտ)։ Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում եւ Ստամբուլում, Թբիլիսիում եւ Բաքվում, Հոնկոնգում եւ Կալկաթայում, Սինգապուրում եւ Դաքայում՝ այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում։
Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին։ Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել ձեզ այդ նպատակին միտված ջանքերում։
Բացախոսությունը, երկխոսությունը եւ միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջեւ ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու ճշմարիտ ուղին են։
Հարգելի մասնակիցներ,
Այս տարի նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70—ամյակը, եւ ես կցանկանայի մեր ջերմ շնորհավորանքները հղել նախագահ Սի Ծինփինին եւ Չինաստանի ժողովրդին այս պատմական տարեդարձի առթիվ։
Չինաստանն իր պատմության այս կարեւորագույն իրադարձությունը դիմավորում է բազմաթիվ ձեռքբերումներով՝ տպավորիչ տնտեսական զարգացում, սոցիալական ու մշակութային առաջընթաց։
Արդյունավետ կառավարումը, ինչպես նաեւ Չինաստանի ժողովրդի անսպառ եռանդն ու նվիրումը մշտապես եղել են շարժիչ ուժ այդ պատմական նվաճումների ճանապարհին։
Հարգելի մասնակիցներ,
Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համար։
Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան եւ օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսավարողների համար։
Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն եւ ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության եւ օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։
Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն եւ ժամանակակից բազմակարծ հասարակություն։
Միեւնույն ժամանակ, Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է։ Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ եւ շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ։ Հետեւաբար, այսօր, ինչպես եւ նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ։
Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին եւ փակ սահմաններին, որոնք թեեւ անհեթեթ են համարվում 21—րդ դարում, սակայն դեռեւս պահպանվում են մեր հարեւանների կողմից՝ ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ։
Հայաստանը ներգրավված է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան՝ լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին։
Խաչաձեւվող համագործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը։
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանին այս կարեւորագույն իրադարձությանը հրավիրելու համար եւ խորհրդաժողովին մաղթել լիակատար հաջողություն։
Շնորհակալություն ուշադրության համար»։

16-05-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO