Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է

Հայաստանը կողմ է մարդասիրական գործողություններին, բայց ոչ՝ անպատժելիությանը

Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից առաջարկված «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի նկատմամբ։ «Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը եւ մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի եւ մարդասիրական իրավունքի խախտումները։
Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների եւ միջազգային իրավունքի խախտումների։ Եվ ատելության հողի վրա հանցագործությունների հերոսացումը եւ դրանց կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երեւույթ է»,–ընդգծեց նա՝ հիշեցնելով լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունը, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն արտահանձնումից հետո հերոսացվեց եւ դարձավ պաշտամունքի առարկա միայն նրա համար, որ հայի էր սպանել։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբդուլաեւան հայտարարել էր, որ գրեթե 90%—ով պատրաստ է Ադրբեջան—ԵՄ համաձայնագիրը, նաեւ անդրադարձել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցին՝ նշելով, որ այդ փաստաթղթում ընդգրկված են Արեւելյան գործընկերության նախորդ փաստաթղթերի հղումները, որտեղ ԵՄ—ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նաղդալյանը նկատեց, որ այդ գործընթացում Հայաստանը որեւէ ներգրավվածություն չունի, որովհետեւ հանդիսանում է երրորդ կողմ, իսկ Ադրբեջան—Եվրամիություն համաձայնագիրը կարգավորում է Ադրբեջանի եւ ԵՄ—ի միջեւ երկկողմ հարաբերությունները։ Թեեւ դրանք բոլորը երկկողմ հարաբերությունների հարթակում են, բայց հայկական կողմի դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի առնչությամբ հայտնի է միջազգային գործընկերներին, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ ամրագրված արցախյան հիմնախնդրի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերում։ ԵՄ—ի պարագայում խոսքը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, նաեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին է։ «Այս առնչությամբ մենք ուղղակի ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումը»,– շեշտեց Նաղդալյանը։
Առաջիկայում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որի շրջանակներում նրանք կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու։ ԱԳՆ մամուլի խոսնակը օրակարգի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա մշտապես ասվում է հանդիպման ավարտից հետո։ «Բնականաբար, քննարկվելու են առաջիկա քայլերը եւ ծրագրերը, բայց որեւէ մանրամասն չեմ կարող հայտնել»,–ասաց նա։
Անդրադառնալով Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե «ժամանակն աշխատում է ընդդեմ ագրեսոր Հայաստանի», Աննա Նաղդալյանը նշեց, որ նման բանավեճի մեջ ներգրավվելու անհրաժեշտություն չունենք, քանի որ խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Իսկ կարգավորումն ընդունելի պետք է լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավար երկիր եւ կարողացել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում նման շրջանակի հասնել անգամ չլուծված հակամարտության պարագայում, եւ Հայաստանի անվտանգության եւ զարգացման ապահովումը շարունակում է մնալ մեր գերակայությունը։
Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը ապահովված է գործով եւ շարունակելու է մնալ որպես գերակայություն։ Մենք նման դասախոսությունների կարիք, թե ինչն ում է ձեռնտու՝ չունենք։ Սակայն գիտենք, որ խաղաղությունը բխում է տարածաշրջանում բոլոր ժողովուրդների շահերից։ Հիմնախնդրի կարգավորումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում նաեւ Ադրբեջանի տնտեսության եւ ժողովրդավարական զարգացման համար։ Սակայն տարածաշրջանում ժողովրդավարության ձեւավորումը եւ ամրապնդումը նույնպես բխում են տարածաշրջանում կայունության, զարգացման եւ բարգավաճման դիրքերից»,– մեկնաբանեց ԱԳՆ ներկայացուցիչը։
Ադրբեջանն առանց նախապես ծանուցելու ԵԱՀԿ—ին՝ հերթական լայնածավալ զորավարժություններն է անցկացնում, ինչը ԵԱՀԿ հանձնառության խախտում է։ Նաղդալյանի խոսքով, այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ, բնականաբար, այդ հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ—ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ «Այս ամենի առնչությամբ մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք նախ եւ առաջ ապավինում ենք մեր ուժերին, եւ այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաեւ հանդես գալու խաղաղության դիրքերից»,–շեշտեց նա։
Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումներ ունեցան Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում՝ Փարիզում եւ Մոսկվայում։ ԱԳՆ մամուլի խոսնակը չբացառեց, որ առաջիկա հանդիպումը կարող է լինել Վաշինգտոնում կամ մեկ այլ մայրաքաղաքում։ «Այս առումով մենք պետք է սպասենք, որ հրավիրող կողմն ինքը հստակեցնի իր համար եւ նաեւ մեզ ներկայացնի տեխնիկական մանրամասները՝ հատկապես կապված վայրի եւ ժամկետների հետ։ Մենք դա միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով, այդ սկզբունքը մենք երբեւէ չենք խախտել ու չենք խախտելու»,–տեղեկացրեց Նաղդալյանը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի օրակարգում ներառված հարցեր, այդ թվում՝ այն հարցերը, որոնք առնչվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը եւ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական այդ բացի լրացմանը։ «Այս առումով մի հստակեցում անեմ. այն, որ գլխավոր քարտուղարը նշանակվելու է 2020թ. հունվարի 1—ից եւ լինելու է Բելառուսի թեկնածությունը, դա մենք կարող ենք ենթադրել, բայց ոչ պնդել, քանի որ չկա համապատասխան որոշում։ Երբ որ կլինի Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշում, այդ ժամանակ մենք կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան դրա հետ կապված»,–ասաց Նաղդալյանը։ Ինչ վերաբերում է Ստանիսլավ Զասի թեկնածությանը, ապա հայկական կողմը գնահատում է իր գործունեությունը՝ որպես անվտանգության խորհրդի քարտուղարի, նաեւ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեում, եւ իր գործընկերների կողմից արձագանքը՝ համարելով այն դրական։ «Դա պետք է ավելի մանրամասն ուսումնասիրենք. այժմ ես չեմ կարող ասել, ինչ դիտարկում կլինի։ Մենք դեռեւս գտնում ենք այն փուլում, որ քննարկում ենք նշանակման կարգը եւ, ինչպես ասացի, իրավական բացերը»,–հավելեց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

22-05-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO