Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն

Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս բույսը

1966-70-ականներին Խորհրդային Հայաստանի ղեկավարները կարողացան Մոսկվային համոզել՝ Հայաստանի մասով չեղարկելու բամբակի պլանը։ Հետխորհրդային Հայաստանում կրկին խոսվեց բամբակ աճեցնելու մասին՝ 2010թ. հետո։ Ավելի ստույգ՝ 2013թ. Բաղրամյան գյուղից ոչ հեռու՝ «Տերաս դը Արմենիա»—ի գյուղատնտեսական հողերում (20 հա մակերես) արդեն երկրորդ անգամ բամբակ ցանելու մասին խոսվում էր։ Եվ այդ գործով զբաղվող ընկերության ղեկավարն ասում էր, որ դա (բամբակի աճեցումը) «ավելի շուտ ոգեւորվածության, ոչ թե բիզնես—պլանի հետեւանք է»։ Իսկ բիզնես—պլանի հետեւանք չէ, որովհետեւ (ընկերության տնօրենի խոսքերով) մեծ մակերեսով չեն էլ կարող ցանել, բամբակին ջուր եւ ջերմություն է անհրաժեշտ։ Այսինքն՝ միայն Արարատյան դաշտավայրում է կարելի ցանել։ Իսկ այնտեղ էլ լավ հողատարածքները զբաղեցված են։ Ու պարզապես ցանկանում են փորձել, թե ինչ դուրս կգա։
2018թ. արդեն հայտարարվեց, որ Արմավիրի մարզում մեկնարկել է բամբակի մշակման ու վերամշակման ծրագիրը։
Փաստորեն, համարյա կես դար հետո Հայաստանում վերսկսվում է բամբակի մշակությունը։ Ինչ ընթացք այն կունենա, արդարացվա՞ծ է արդյոք դրա մշակումը Արարատյան դաշտավայրում, թե՞ ոչ, փորձել եմ հասկանալ տարբեր մասնագետների լսելով, խորհրդային տարիների արխիվները քրքրելով, միջազգային փորձն ուսումնասիրելով։
Այս հարցերի պատասխանը ստանալու համար պետք է հասկանանք՝ ինչ թուփ է սա, ինչ արդյունավետությամբ եւ օգտակարությամբ, ինչ լավ ու վատ կողմեր ունի դրա մշակումը եւն։

Բազմօգուտ թուփը

35 տեսակով հայտնի այս թուփը արժեքավոր տեխնիկական, թելատու, ձիթատու եւ մեղրատու բույս է (պարբերաբար ներկայացնում են Հայաստանում երբեւէ մշակված արժեքավոր բույսերը՝ համապատկերում քննարկելով դրա հեռանկարները մեզ համար)։ Մշակովի տեսակներից ամենաարժեքավորը եւ տարածվածը 3—ն են. սովորական կամ մեքսիկական բամբակենին տալիս է բամբակի համաշխարհային հումքի 70 տոկոսը։ Այս բամբակենին մշակվում է ԱՄՆ—ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հնդկաստանում, Չինաստանում, Աֆրիկայի եւ Ավստրալիայի որոշ շրջաններում։ Կա նաեւ պերուական բամբակենի, որ եգիպտական եւ խորհրդային նրբաթել բամբակենին է, որից ստացվում է երկարությամբ, բարակությամբ ու ամրությամբ լավագույն թելը։ Մշակվում է Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Պերուում։ Հնդկաչինական բամբակենին էլ մշակվում է Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, միջինասիական պետություններում, Ադրբեջանում։ Հայաստանում բամբակենին մշակվել է մինչեւ 1966թ.։
Ջերմություն, լույս, արգավանդ հող ու խոնավություն սիրող այս բույսը ընդհանրապես (Հայաստանի պարագան դեռ չենք քննարկում) բազմօգտակար է. նախ՝ բամբակից պատրաստում են պլաստմասսա, թաղանթանյութ, լուսանկարչական ժապավեն, թուղթ, հետո՝ բամբակենու սերմերից քամում են ձեթ, որն օգտագործում են պահածոների արդյունաբերության, մարգարինի եւ օճառի արտադրության մեջ։ Ձեթը քամելուց հետո մնացած քուսպը խտացրած անասնակեր է՝ մինչեւ 40 տոկոս սպիտակուց պարունակող։ Ձեթը քամելու ընթացքում էլի մնացորդներ են մնում։ Դրանցից էլ անջատում են հանքաձյութ։ Սա էլ, գիտենք, օգտագործում ենք ջերմակայուն լաքեր պատաստելու ու ճանապարհային ամուր ծածկույթների համար։ Ի դեպ, սերմերի կեղեւն էլ է կիրառվում էթիլ ու մեթիլ սպիրտների արտադրության համար։ Վառելանյութ ու շինանյութ է համարվում ցողունը, տերեւներից էլ կիտրոնաթթու եւ խնձորաթթու են արտադրում։
Եթե այս ամբողջը հասկանանք թվային պատկերով, ապա 1 տ բամբակի հումքից ստացվում է 290—400 կգ բամբակաթել (դրանից կարելի է պատրաստել 3 հազար մ գործվածք) եւ 500—700 կգ սերմ։ Իսկ 1 տ սերմից ստացվում է 170—190 կգ ձեթ, 400—420 կգ քուսպ, 300—400 կգ բամբակակեղ, 30 կգ բամբակի աղվամազ։
Դեռ մ.թ.ա. Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Միջին Ասիայի, Պերուի, Մեքսիկայի այժմյան տարածքում հռչակված բամբակագործությունը Եվրոպա 10—11—րդ դարերում է հասել։ ՍՍՀՄ բամբակագործական շրջաններն են եղել միջինասիական հանրապետություններն ու Ադրբեջանական ՍՍՀ—ն։ ՍՍՀՄ—ում 1972թ. բամբակենու ցանքատարածությունը եղել է 2 մլն 770 հազ. հա, համախառն բերքը՝ 7,1 մլն տ, մեկ հա միջին բերքատվությունը՝ 25,6 ց։ ՍՍՀՄ—ում բամբակենու մշակության հիմնական աշխատանքները մեքենայացված են եղել։

Այդ թփի հետ ծանոթությունը

Գանք Հայաստանի ու բամբակի «ծանոթությանը»։ Ըստ գիտական աղբյուրների՝ Հայաստանում հնագույն բնակավայրերի (Շենգավիթ, Լճաշեն, Մեծամոր, ուրարտական քաղաք ամրոցներ) պեղումներից բամբակե գործվածքներ չեն հայտնաբերվել։ Այսպես, ուրարտական Թեյշեբանի ամրոցի պեղումներից գտնված ածխացած գործվածքներն առանց բացառության պատրաստված են բրդից կամ բուսական այլ թելերից, բայց ոչ բամբակից։ Սակայն դա դեռ չի ապացուցում, որ Հայաստանի տարածքում հնում բամբակե գործվածքներ չեն եղել։ Բանն այն է, որ ի տարբերություն բրդյա եւ մյուս գործվածքների, բամբակե գործվածքները հողում ամենեւին չեն պահպանվում, քայքայվում ու ոչնչանում են։ Պահպանված գրավոր աղբյուրը 7—րդ դարին է վերաբերում։ Որ Փայտակարանում մշակվել է բամբակենի, Անանիա Շիրակացին է վկայում։ Վկայություններ ունեն Մխիթար Գոշը, Մովսես Կաղանկատվացին եւ ուրիշներ։ 10—13—րդ դարերում հայերեն ձեռագրերի կազմերի տակ բամբակե գործվածքներ կան փակցված։ Արձանագրություններում եւ տարբեր աղբյուրներում պահպանվել են հիշատակություններ նաեւ բամբակե գործվածքների պատրաստման եղանակների վերաբերյալ։ Անիի Երազահանում մյուս արհեստավորների, մասնավորապես «Բամբակածախի» կողքին հիշատակվում է նաեւ «Գզողի» արհեստը (սխալ գրչությամբ նշված է «Գող»)։ Բամբակը գզել են գզրարի աղեղով, մանել իլիկներով, որոնց քարե, կավե, ոսկրե գլուխներ մեծ քանակությամբ գտնվել են Անիի, Դվինի, Գառնիի պեղումների ժամանակ։
19—րդ դարի 2—րդ կեսից սկսած Հայաստանում ավելացավ բամբակի արտադրությունը։ 1870թ. Հայաստանում արտադրվել է 14 հազ. 720 ց բամբակ։ 1913թ. Հայաստանում բամբակենու ցանքատարածությունը 15.3 հազ. հա էր։ Հետո տուժեց (1—ին աշխարհամարտի տարիներին) եւ 1919թ. հասավ 600 հա—ի։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո կրկին վերականգնվեց։ 1932թ. 27.4 հազ. հա ցանքատարածություն ունեինք։ Հետո, մինչեւ 1956թ. այն տատանվեց 16—18 հազ. հա—ի սահմաններում։ Դրանից հետո աստիճանաբար կրճատվեց։ 1969—ից բամբակենի այլեւս չէր մշակվում։
Տեղեկացնենք, որ բամբակ աճեցնելուց զատ նաեւ բամբակազտիչ արդյունաբերություն ենք ունեցել։ Տվյալները վկայում են (Հ. Պողոսյան), որ Հայաստանում փոքր հզորությամբ բամբակազտիչ մասնավոր գործարաններ եղել են մինչեւ սովետական կարգերի հաստատումը։ Սովետական Հայաստանի կառավարությունը ազգայնացրեց դրանք եւ 1922—ին ՀՍՍՀ Հողժողկոմատին կից կազմակերպեց «Հայբամբակկոմը», որը 1923—ին վերակազմվեց «Գրախտի»։ 1924թ. Երեւանում գործարկվեց առաջին մեքենայացված բամբակազտիչը՝ տարեկան 1200 փութ զտված բամբակի հզորությամբ, եւ հիմնադրվեց 2—րդ բամբակազտիչ գործարանը։ 1925թ. Թուրքմենիայից ստացված սարքավորումներով գործարկվեց Հոկտեմբերյանի (Սարդարապատի) բամբակազտիչը (ՀՍՍՀ 3 բամբակազտիչ գործարանների ընդհանուր հզորությունը տարեկան հասցվեց 52 հազ փթի)։ 1923թ. կազմակերպվեց ռուս—հայկական բամբակամշակող ընկերություն, որի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ զտված բամբակի քանակը 1925—26թթ. կազմեց 4319,6 տ։ Համեմատության համար ասենք, որ դրանից առաջ՝ 1923—1924թթ. 899,7 տ էր արտադրվել։ Հետագայում, 1956—ից սկսած, Հայաստանի գյուղատնտեսությունից աստիճանաբար հանվեց բամբակի մշակույթը, որը փոխարինվեց հանրապետության կլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար բերքատու կուլտուրաներով՝ խաղողի եւ պտղատու այգիներով ու խորդենու ցանքատարածություններով։

Ի վերջո

Ինչո՞ւ խորհրդային Հայաստանում դադարեց այս արժեքավոր բույսի մշակումը, ի՞նչ հիմնավորմամբ։ Եվ արդյո՞ք այդ նույն հիմնավորմամբ է, որ այսօր բամբակի մշակումը Հայաստանի պարագայում միանշանակ չի ընկալվում։ Ի վերջո՝ ինչ են ասում կողմերը՝ պե՞տք է մեզ այն, թե՞ ոչ եւ ի՞նչ պատճառներով։ Կողմերի տեսակետները առանձին կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-05-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO