Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հաղթանակած, հպարտ ու խրոխտ

Բաշ Ապարանի ճակատամարտի հայտնի ու անհայտ հերոսների անօրինակ սխրանքը

«…Կռիվների առաջին օրերին Ապարանը նման էր Մսրա Մելիքի մոբիլիզացիային՝ ծերունիներ, միջահասակներ, դեռ մազերը երեսներին չբուսած երեխաներ, որոնց թիվը մոտ երեք հարյուր էր։ Երիտասարդների խումբը մի կողմում կանգնած՝ սպասողական դրության մեջ էր։ Սեդրակ աղան հանկարծ տեսավ այդ ոչ բեղ ու մորուքով կտրիճներին, աչքով արեց երիտասարդներին, ու գնացին … Գնացին կրակագիծ, որտեղից մայիսյան անձրեւից հետո լսվում էր կրակոցի ձայնը … Իսկ մեր աղջիկնե՜րը … Ապարանում կռվում էին բոլորը, կռվում նվիրական…»,–սա փոքրիկ մեջբերում է Ապարանի հերոսամարտի մասնակից Վահան Մարտիրոսյանի գրառումներից։
Ինչպես «ՀՀ»—ին պատմել է Ապարանի ժողկրթության երախտավոր Հովհաննես Մկրտչյանը, 1918 թ. մայիսյան հերոսամարտը իր ողջ դրամատիզմով ու տագնապներով հանդերձ՝ Ապարանի աստեղային ժամն էր։ Այստեղ հայոց պատմության առաջաբեմում գործող 3 անձից մեկն ապարանցին է՝ հաղթանակած, հպարտ ու խրոխտ կեցվածքով։ Նրա հավաքական կերպարը կազմված է ճակատամարտին մասնակցած հարյուրավոր հայտնի ու անհայտ հերոսների կերպարներից։ Այդ կերպարի մեջ մտնում են նաեւ Ապարանի մամիկները, կանայք, պատանիներն ու աղջիկները, որոնք հաց էին թխում, կռվողներին փամփուշտ, հաց ու ջուր հասցնում։ Մոտավոր հաշվարկներով, ճակատամարտին մասնակցել է Ապարանի եւ գյուղերի ավելի քան 2000 ներկայացուցիչ։
Թուրքերին Ապարանի տարածքում, իրենց գյուղերի մատույցներում առաջինը զինված դիմադրություն են ցույց տվել Դանագիրմազի (Նիգավան) եւ Մելիքքյանդի (Մելիքգյուղ) գյուղացիները՝ Սարգիս Պողոսյանի (տեր Տաճատ) եւ Հարություն Հակոբյանի (Հագե Հարթեն) գլխավորությամբ։ Այդ կռիվները ճակատամարտի նախերգանքն էին։
Պատմում են, որ մելիքգյուղցիների զինված ջոկատը գիշերով շարժվում է Ղոնդախսազ (Ռյա թազա), որտեղ տեղակայվել էր թուրքական զորաջոկատը։ Մելիքգյուղցիները դիմում են անակնկալ հարձակման։ Ղոնդախսազի վրա իշխող բարձունքների տարբեր մասերում դիրքավորված մոտ երկու տասնյակ մարդ գնդակոծում են գյուղը՝ ստեղծելով այն տպավորությունը, թե իբր հարձակվողները մեծաթիվ են։ Մյուսները ներխուժում են գյուղ։ Հանկարծակի հարձակումն անակնկալի է բերում թուրքերին՝ նրանց շարքերում խուճապ առաջացնելով։ Մանավանդ որ գրոհողները բարձրաձայն ռուսերեն հրամաններ են արձակում։ Թուրքերին թվում է, թե իրենց վրա հարձակվել է մեծաքանակ կանոնավոր զորք, որի մեջ նաեւ ռուսներ կան։ Ականատեսների վկայությամբ, խուճապահար թուրք հրամանատարը, դուրս պրծնելով մի տնից, պատրաստվում է հեծնել ձին ու ճողոպրել։ 18—ամյա Գառնիկ Ասատրյանը (Փարու Գառնիկ) դիպուկ կրակոցով սպանում է նրան …
Թուրքերի դեմ հիմնական մարտն աշխարհազորայինները տվեցին Դավաբոյին («Կովկիթ») կոչվող բարձունքին։ Բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար իր 20 հեծյալի հետ Ապարան է գալիս արագյուղցի Արսեն Տեր—Պողոսյանը (Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանի նախատիպ Սամսոն Տեր—Պողոսյանի որդին)։ Գալիս են նաեւ քասախցի Սեդրակ Ջալալյանը եւ քուչակցի Մաթեւոս Հովհաննիսյանը՝ իրենց ջոկատներով։ Նրանց գալով բարձրանում է ժողովրդի տրամադրությունը, ամրապնդվում մարտական ոգին ու հաղթանակի հավատը։ Կազմակերպվում են աշխարհազորային նոր ջոկատներ։ Մինչեւ մայիսի 24—ը թուրքերի դեմ կռվում են միայն աշխարհազորայինները։
Ճակատամարտի հազարավոր աշխարհազորայինների թվում էր նաեւ Ապարանի դպրոցի հիմնադիր—տնօրեն Եղիշե Տեր—Հովհաննիսյանը (Եղիշե վարժապետ), որի տարիքը թեեւ մոտենում էր 50—ին, սակայն այդ տագնապի օրերին նա կռվողների շարքում էր։ Ավելին, կազմավորաված ջոկատներից մեկի հրամանատարն էր։ Նրա ջոկատում հիմնականում իր նախկին սաներն էին, որոնք անվերապահ հավատում էին ուսուցչին եւ կատարում նրա առաջադրանքները։ Նրանցից Վարդան Ասլանյանը (Մինասի Վարդան) սովորել է Էջմիածնի ճեմարանում։ Առաջին աշխարհամարտի տարիներին հայկական կամավորական ջոկատներից մեկի կազմում մասնակցել է Արեւմտյան Հայաստանի ազատագրմանը։ Ղարաբաղցի պորուչիկ Ղազար Ջագարովի հրամանատարությամբ հասել է մինչեւ Սարիղամիշ։ Ապա Սարդարապատի ճակատից 40 մարտիկի հետ 1918—ի մայիսին տեղափոխվել է Ապարան։ Խիզախ մարտիկի մասին մինչեւ օրս էլ ակնածանքով են հիշում …
Մայիսի 24—ին գեներալ Մ. Սիլիկյանի հրամանով Ապարան են գալիս 6—րդ հրաձգային գունդը, որի կազմում մեծ թիվ էին կազմում ապարանցի զինվորները, Զեմլյակի, Կուռոյի, Մակեդոնի, Մարտիրոսի եւ այլ խմբեր։ Հետագայում Ապարան են գալիս Զալինյանի 2—րդ հեծյալ գունդը, Կորոլկովի, Իգիթխանյանի, Սակելյարիի ղեկավարած զորամիավորումները, հրետանային մարտկոցները։ Ապարան է գալիս եզդիների հեծելազորը՝ Ջհանգիր աղայի հրամանատարությամբ։ Տեղ են հասնում Աշտարակի Դովրի եւ Փարպի գյուղերի ջոկատները՝ քահանաներ տեր Գրիգորի եւ տեր Գեւորգի առաջնորդությամբ։ Ապարանի ռազմաճակատի հրամանատարությունը Սիլիկյանը հանձնարարում է Դրաստամատ Կանայանին (Դրո)։
…Գրիգոր Մուրադյանը (Մուրադի Գրիգոր) ապարանցի այն գնդացրորդների խմբում է եղել, որ 1918—ի մայիսին Սարդարապատի ճակատից առաջինը եկավ Ապարան։ Եկան ու պաշտպանեցին հայրենի օջախը, կասեցրին թուրքերի առաջխաղացումը։ Երկու խմբի են բաժանվել գնդացրորդները։ Կռվել են այնքան, մինչեւ Սարդարապատից տեղ են հասել կանոնավոր զորաջոկատները։ Ականատեսների պատմելով, մարտի վճռորոշ պահերից մեկի ժամանակ փամփուշտները վերջացել են։ Շուտով ապարանցի երկու կինարմատ՝ Նախշունն ու Մաթանը, փամփուշտ են հասցնում։ Գալիս են նոր համալրումներ …
Մայիսի 25—27—ը տեղի են ունենում կատաղի մարտեր ռազմաճակատի ողջ երկարությամբ։ Կասեցնելով թուրքերի հարձակումը՝ մայիսի 28—ին հայկական զորամասերն անցնում են հարձակման։ Թշնամուց մաքրվում են Նիգավանը, Միրաքը, Մելիքգյուղը, Ղոնդախսազը։ Թուրքական զորքերը նահանջում են Սանգյառ, Հաջիխալիլ։ Մայիսի 29—ին ճակատամարտն ավարտվում է հաղթանակով։
Ահավասիկ, իմ հայրենի Վարդենուտ (Շիրաղալա) գյուղում պատմում են հայ ժողովրդի համար այդ բախտորոշ ճակատամարտին զինվորագրված Մարութի Հակոյի զարմանահրաշ քաջության մասին։ Ինչպես ներկայացրեց 73—ամյա Խաչիկ Իսրայելյանը, նա զինվորական իր օրաբաժին հացը Ալագյազ (Արագած) լեռան փեշերով մի կերպ հասցնում է տուն, ընտանիքի տարեց անդամներին։ Գիշերը գաղտնի, իրեն անծանոթ ու անհայտ ճանապարհներով հետ վերադառնալիս, շփոթվում է եւ թիկունքից «դուրս գալիս» թուրք գնդացրորդի վրա՝ այն պահին, երբ սա ուզում է կրակ թափել հայկական դիրքերի վրա։ Սառնասրտորեն սպանում է նրան եւ տիրանալով գնդացրին՝ այն ուղղում թուրքերի կողմը …
Շիրաղալեցի աշխարհազորայինների թվում էր նաեւ գյուղի բնակիչ, արմատներով մշեցի Բագրատ Մանուկի Շագոյանը։ Նրա հետ կապված մի հետաքրքիր պատմություն «ՀՀ»—ին փոխանցեց նրա կրտսեր ժառանգներից Վահե Շագոյանը։
Սովորական գյուղացի, հողագործ լինելով, Բագրատը երբեւէ չէր մասնակցել կռվի եւ, բնականաբար, չուներ կռվելու, առավել եւս՝ մարդ սպանելու փորձ։ Պատմում են, որ ճակատամարտի ժամանակ նա տեսնում է վիրավոր թուրք զինվորի, որ սողալով փորձում էր գլուխն ազատել ու փրկվել։ Խղճալով ծանր վիճակում հայտնված հակառակորդին, Բագրատը նրան օգնում է տեղափոխվել մի մեծ քարի հետեւ, որտեղ ավելի անվտանգ ու ապահով էր։ Բայց դե, ինչպես ասում են, թուրքը մնում է թուրք։ Երբ Բագրատը շրջվում է, որ հեռանա, լսում է իր հասցեին թուրքի հայհոյանքը։ Նա բնակվել էր Թուրքիայում եւ, պարզ է, որոշ չափով ծանոթ էր հարեւանների լեզվին։ Այլ բան չէր մնում անելու գյուղացի հասարակ մարդուն՝ շրջվում եւ ձեռքի եղանով, որը նրա միակ զենքն էր, թուրքի վերջը տալիս է …
Մի այսպիսի պատմություն էլ ինձ բոլորովին վերջերս համագյուղացիս՝ Մկրտիչ Թադեւոսյանը պատմեց, որը ժամանակին լսել է, պարզ է, իր ավագ սերնդակիցներից։ Ահա այդ պատմությունը. «Բաշ Ապարանի ճակատամարտի մասնակիցների թվում եղել են նաեւ մեր՝ Թաթոսի ազգից իմ պապ Ասպատուրը (Ասպո) եւ նրա եղբայր Քրիստափորը (նրան գյուղում ավելի շատ Գոդե անունով գիտեն)։ Կռիվ են տվել իրենց հողի համար եւ պաշտպան կանգնել սեփական օջախին։ Ինչպես ադե Յալդուզն էր պատմում, պապս այդ ժամանակ 20 տարեկան է եղել, իսկ Գոդեն՝ 18։ Կռվի բաց դաշտում, պարզ է, գարնան ցուրտն ավելի զգացնել է տվել, եւ ամի Գոդեն դիմել է պապուս, թե ոտքերս մրսում են։ Ափոն իր ոտքերի թաթերը (գուլպաներ) հանում տալիս է եղբորը։ Հետո նրա ոտքերը սառչում են, ինչպես մենք ենք ասում՝ ցուրտը տանում է։ Ահա այդպես էլ պապս կորցրել է երկու ոտնաթաթերը՝ ըստ էության, ողջ կյանքում հաշմանդամ մնալով...»։
Որն է, ի վերջո, Բաշ Ապարանի ճակատամարտի խորհուրդը, նրա ֆենոմենը։ Ինչպես պատահեց, որ Ապարանի քար ու քռի մեջ, որտեղ թվում է՝ թշնամուն դիմակայելու հնարավորություն ու պայմաններ չկային, առօրյա հոգսերի ու կարիքի մեջ կքած ապարանցի գեղջուկը կասեցրեց թշնամու առաջխաղացումը։ Իրոք, կասեցրեց ու առաջինը դիմակայեց ոսոխին։ Այս մասին խորհելիս հանգում ես այն եզրակացության, որ եւÕ Ապարանում, ե՛ւ Սարդարապատում դանակը հասավ ոսկորին, որ ժողովուրդը՝ գյուղացուց մինչեւ կաթողիկոս, շարքային զինվորից մինչեւ հրամանատար, հասկացավ, որ սա վերջին սահմանագիծն է, որից այն կողմ նահանջելը հավասարազոր է կործանման։
Ապարանցին թույլ չտվեց, որ թուրքի ոտքը պղծի իր անաղարտ լեռնաշխարհը։ Նա երկիր ու հայրենիք պաշտպանեց։ Ահա սա է պատմական այս ճակատամարտի հայտնի ու անհայտ հերոսների կատարած ամենամեծ սխրանքը, որով իրավամբ հպարտացել ու հպարտանում ենք …
Խորհրդանշական է, անշուշտ, եւ խոր իմաստ կա այն բանում, որ Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված «Վերածնունդ» հուշարձանի (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան) հարեւանությամբ ամփոփված են Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիների աճյունները։ Այո՛, այնպես, ինչպես 1918 թ. արցախցիներն էին կռվում Ապարանում, այնպես էլ ապարանցիները կռվեցին Արցախի ազատագրության համար։ Քանզի նրանք պաշտպանում էին մեկ հայրենիք, մեկ երկիր …
«...Հիշում եմ՝ մեր գրոհները հաճախ տեղի էին ունենում մութ գիշերներին, կայծակ—որոտի տակ։ Եվ զարմանալի բան. ամեն թուփ ու քար, արահետ ու կածան տեսանելի էր մեզ, ինչպես ցերեկը։ Տղաները երբեմն կատակով ասում էին, թե Արագածի գխին անպարան կախված Լուսավորչի կանթեղն է լույս տալիս մեզ։ Իրոք, մեր հոգին լուսավորված էր հայ ժողովրդի հազարամյակների պատմության իմաստնությամբ, մտքի անմարելի լույսով, որ հանճարեղ առասպել դարձած՝ լուսավորում էր հայոց քարավանի ծանր երթը մթին գիշերներից մինչեւ այս լուսապայծառ ներկան...»,–սա էլ՝ որպես վերջաբան, ճակատամարտի մեկ այլ ակտիվ մասնակից Դ. Մելիքսեթյանի խոսքից պահպանված մի հատված։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

28-05-2019





13-12-2019
Արդարացվա՞ծ է, արդյոք, պետության կողմից 131.4 մլն եվրո գումարի վարկ վերցնելը
Որ ուղղություններով կծախսվեն բյուջետային աջակցության համար տրամադրված գումարները

Լուսինե ...


13-12-2019
Ի՞նչ են փաստում վերջին միասնական քննությունները
Աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա հատկապես միջնակարգ դպրոցներում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




13-12-2019
Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները
Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք ...


13-12-2019
Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ...


13-12-2019
Կգար հայրենիք, եթե կարողանար ապրել այստեղ իր արվեստով
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Մեր հայրենակից, ֆրանսահայ ճանաչված տենոր Ռուբեն Էլբակյանը, ...


13-12-2019
Արեւելքի եւ հայ արվեստի մերձեցման գաղտնիքները
ՀԱՊ-ում բացվեց «Արեւելքը եւ հայ արվեստը» ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am



13-12-2019
Հանրակրթության նոր չափորոշիչները միտված են քննական մտածողության զարգացմանը
Հաջորդ ուսումնական տարում այն կփորձարկվի հանրապետության մարզերից մեկում

Լուսինե ...



13-12-2019
Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը
Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ...

13-12-2019
Տարեվերջին մեդալները համալրվում են
Մրցաշրջանի վերջին օրերին հայ մարզիկները ...

13-12-2019
Զինծառայությունից խուսափածներին ժամկետ տրվեց մինչեւ դեկտեմբերի 31-ը
Պարտքը կատարածները չպետք է անարդար ...

13-12-2019
Առանց մեղադրական դատավճռի
Ապօրինի ծագում ունեցող գույքի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO