Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն

Ի՞նչ կարծիքի են գիտնականն ու գյուղատնտեսության փոխնախարարը

Խորհրդային Հայաստանում մշակում էին բամբակ, հետո այդ մշակույթը աստիճանաբար դուրս եկավ գյուղատնտեսությունից, եւ գրեթե կես դար անց Հայաստանի Հանրապետությունում կրկին մշակվում է այդ բույսը։ Նախորդիվ նշել ենք, որ այն արժեքավոր է, բազմաթիվ առավելություններ ունի, բայց, այնուամենայնիվ, դրա մշակումը Հայաստանի պարագայում միանշանակ չի ընկալվում։ Ո՞րն է խնդիրը, ի՞նչ են ասում կողմերը։
Մեր բանախոսներից մեկը հայ գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, 1969—1975թթ. ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների եւ հիդրոպոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում, հետագայում «Փարիզ—7» համալսարանի անտառի էկոլոգիայով զբաղվող լաբորատորիայում եւ գերմանա—ֆրանսիական քիմիական—դեղագործական ընկերությունում աշխատած Հենզել Գեղամյանն է։ Մյուս բանախոսը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն է։

Հանցագործություն եւ արկածախնդրություն

Հենզել Գեղամյանը, որը Խորհրդային Միության տարածքում փորձարկումներ է արել ու բույսերի եւ կենդանիների պաշտպանության համար նախատեսված դեղանյութեր ներդրել, գիտաժողովների մասնակցել Մոսկվայում, Լենինգրադում, Կիեւում, Փարիզում, Պրահայում, Բեռլինում, միանշանակ պնդում է՝ մեր երկրի հողերը պետք չէ «դնել բամբակի տակ»։ Մեր երկրում բամբակը լավ կաճի Արարատյան դաշտում, խորհրդային տարիներին էլ է այստեղ աճել, բայց մենք մեզ Արարատյան դաշտի հողերը վատնելու շռայլությունը չենք կարող թույլ տալ։ «60—ականներին, կարծեմ վերջնականապես 1966թ., Հայաստանի ղեկավարությունը կարողացավ համոզել Մոսկվային, որ այդ կուլտուրան մշակելու համար ավելի հարմար է Ադրբեջանը, եւ որ Արարատյան դաշտում ավելի ձեռնտու է խաղող աճեցնել ու մեր նշանավոր կոնյակը ստանալ։ Մոսկվան համաձայնեց, եւ Արարատյան դաշտից հանվեց բամբակը,—ասաց գիտնականը՝ միանգամից շարունակելով.–Կարճ ասեմ, թե ինչու չի կարելի բամբակ աճեցնել Արարատյան դաշտում։ Բամբակենին շատ է սիրում ջերմություն, լույս, արգավանդ հող եւ խոնավություն, այսինքն, շատ—շատ ջուր է պահանջում, իսկ Արարատյան դաշտի ոռոգման ջրի աղբյուրները երկուսն են՝ Սեւանը եւ արտեզյան ջրերը։ Սեւանա լճից ջրառի չափաքանակը ավելացնելու դեպքում Սեւանին սպառնում է ճահճացում, իսկ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների սպառման հետեւանքով Արարատյան դաշտում ստեղծվել է աղետալի վիճակ։ Ներկայումս Արարատյան դաշտի բնակիչներն օգտվում են միայն արտեզյան հորերից, որովհետեւ ոռոգման համակարգ չկա։ Արարատյան դաշտում ջրերի հանքայնացումը բարձրացել է, եւ դա անխուսափելիորեն հանգեցնելու է հողերի աղակալմանը։ Այս պայմաններում փոխանակ արգելելու Արարատյան արտեզյան ավազանի ջրի բարբարոս շահագործումը ձկնաբուծության համար (ինքս եմ տեսել, թե ինչպես են հզոր պոմպերով ջուրը հանում խորքային հորատանցքերից, եւ մեզ համար այդքան թանկարժեք այդ ջուրը գնում լցվում է Արաքսը), ուզում են բամբակ մշակել»։
Հետո Հենզել Գեղամյանը հավելեց մեկ այլ հանգամանք։ Այն է՝ բամբակի մշակումը պահանջում է ագրոտեխնիկական լուրջ միջոցառումներ։ Հատկապես դժվար է դա պաշտպանել հիվանդություններից ու վնասատուներից։ Պաշտպանելու համար հարկ է լինում օգտագործել մեծ քանակությամբ թունաքիմիկատներ։
«Երկար տարիներ աշխատելով այդ նյութերն արտադրող գերմանաֆրանսիական մի մեծ ընկերությունում, ես ինքս մասնակցել եմ միջինասիական հանրապետություններ բամբակի պաշտպանության համար անհրաժեշտ թունաքիմիկատներ արտահանելով։ Այսինքն, եթե բամբակենին նորից մուտք գործի Հայաստան, անխուսափելիորեն հարկ կլինի ներմուծել եւ գործածել Արարատյան դաշտում թունաքիմիկատների նշանակալի քանակություններ»,—շեշտեց գիտնականը։
«Լավ, հապա ի՞նչ անել,—հարցնում եմ,–չէ՞ որ ուզում ենք երկրի թեթեւ արդյունաբերությունը զարգացնել»։
«Եթե ցանկություն կա զարգացնել հանրապետությունում թեթեւ արդյունաբերությունը, թող մետաքսագործությունը վերականգնեն։ Սա բոլորովին անվտանգ է եւ շատ ավելի եկամտաբեր, ընդ որում՝ նաեւ Արցախի համար, ուր եւս մտադիր են բամբակ աճեցնել»,–հնչեց Հենզել Գեղամյանի պատասխանը։
Ի դեպ, հայ գիտնականը այս խնդրի հետ կապված նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում գիտնականը մանրամասն ներկայացնում է, թե ինչու է Արարատյան դաշտում մասնագիտական լեզվով ասած ծանր կուլտուրա համարվող բամբակի մշակումն անթույլատրելի (ինչը հակիրճ ներկայացրինք)։ «Փոխանակ ճանապարհներ որոնելու փրկելու համար Արարատյան դաշտը, խնդիրն ուզում են շատ ավելի բարդացնել՝ վերադառնալով բամբակագործությանը։ Դա կնշանակի կրակի վրա յուղ լցնել, եւ պետք է անհապաղ դադարեցնել այդ ավանտյուրիզմը։ Ես Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ բամբակը հանվեց Արարատյան դաշտից շնորհիվ խորհրդային շրջանի մեր մեծ հայրենասեր ու տաղանդավոր քաղաքական գործիչ Յակով Զարոբյանի։ Այդ մարդը կարողացավ փրկել Սեւանը, եւ նա փրկեց նաեւ Արարատյան դաշտը։ Նա կարողացավ համոզել Մոսկվային, որ 8—րդ հնգամյակում (1966—1970) Հայաստանից հանեն բամբակի պլանը, եւ փոխարենը հայ գյուղացիներն աճեցնեն խաղող, ծիրան, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Հատկապես ծիրանի վերաբերյալ ես պետք է ասեմ, որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է, որ ծիրանի չրով թուրքերը կարողանում են ողողել ամբողջ եվրոպական շուկան, իսկ մենք, լինելով ծիրանի հայրենիքը, ունենալով մեր աննման «Prunus armeniaca»–ն, ցանկանում ենք այն փոխարինել բամբակով։ Նույն Յակով Զարոբյանն ասում էր՝ «Ամբողջ Հայաստանը ավելի քիչ բամբակ է տալիս, քան Ուզբեկստանի մեկ սովխոզը»,–մասնավորապես ընդգծել է հայ գիտնականը։
Հենզել Գեղամյանը ինձ հետ զրույցում միանշանակ պնդեց. «Բամբակի մշակման վերականգնումը Արարատյան դաշտում հանցագործություն է։ Մեր այս տարածքը միայն ու միայն խաղողի, ծիրանի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի տակ պետք է դրվի։ Որոշակի տարածություններում լավ արդյունքներ կարող է տալ խորդենին (առանց ավելորդ համեստության նկատեմ, որ գիտնականը գնահատեց խորդենու հետ կապված իմ հոդվածաշարը,—Ա.Մ.), բայց ոչ բամբակը։ Սա պետք է արգելել անմիջապես։ Ես կոչ եմ անում ամեն բան անել՝ դադարեցնելու համար այս անհեռատես արկածախնդրությունը։ Այն մեծ վնաս կարող է պատճառել մեր հանրապետությանը»։

Ինչու ոչ, եթե…

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը կտրականապես ոչ կողմ է, ոչ էլ դեմ Հայաստանում բամբակի մշակությանը։ Նրա խոսքերով՝ եթե ուզում ենք մեր երկրում զարկ տալ թեթեւ արդյունաբերությանը, ապա այո, որպես հումք, մատչելի բամբակի մատակարարման անհրաժեշտությունը լինելու է։ «Այլ խնդիր է, թե ինչքանով արդյունավետ կլինի մեզ մոտ կազմակերպել արտադրությունը։ Հստակ հաշվարկել է պետք, ներկրե՞լն ավելի ձեռնտու կլինի, թե՞ տեղում արտադրելը»,—ասաց փոխնախարարը՝ միաժամանակ հավելելով մեկ այլ խնդիր։
Բանն այն է, որ, ըստ Գառնիկ Պետրոսյանի, բամբակի մշակումն արդեն մոռացված մշակույթ է մեզ մոտ, մասնագետների խնդիր կա, փորձի պակաս, չկան հետազոտություններ վերջին տարիների ընթացքում։ Հայտնի է, որ բամբակենին տարբեր հիվանդություններով է վարակվում, ինչքանո՞վ ենք մենք հիմա ունակ դիմակայելու դրա հետ կապված խնդիրներին։ Եթե դրանց հետ կապված լուծումը տրվում է, կա տեխնիկայով ապահովվածություն (ցանքի մեքենաներ, բերքահավաքի մեքենաներ), ապա կարելի է փորձել, ինչու ոչ։ «Եթե հաջողվում է այս ամենը կազմակերպել, որեւէ խնդիր չեմ տեսնում»,–ասաց պաշտոնյան։
–Բամբակի մշակման հետ կապված խնդիրներից մեկն էլ ոռոգման ջրով ապահովվածությունն է։ Մենք դրա հետ կապված լրջագույն հիմնախնդիր ունենք։ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում ստորերկրյա ջրերի բնական հավասարակշռությունը խախտված է, մի բան լինում է՝ Սեւանա լճի հաշվին ենք անում։
–Ձեր հարցի տողատակը հասկանում եմ,–դիտարկմանս ի պատասխան միանգամից արձագանքեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը,— բայց բամբակի մշակումը Սեւանի հաշվին չի կարող լինել։ Անթույլատելի կլինի դա։ Սեւանից բացթողնման հարցը վարչապետի կողմից խիստ է դրվել։ Հավելյալ ջրառը բացառելու ցուցում էլ կա։ Բացի այդ՝ Սեւանի ջուրը ամեն տեղ չէ, որ հասանելի է։ Մի քանի ուղղություններով է գնում, եւ մոտավորապես 35 հազ. հա է հնարավոր լինում ոռոգել։ Հիմա լավ օրինակ կա ոռոգման։ Ձկնաբուծարաններից դուրս եկող ջուրը մղվում է ոռոգման…
—Միջազգային փորձը հուշում է, որ այնտեղ, որտեղ բամբակ են աճեցնում, շրջակա հողտարածքներում ձեռնտու չի լինում այլ մշակաբույսեր ցանելը, քանզի բամբակի դաշտերը մեծածավալ թունանյութեր են պահանջում։ Մենք Հայաստանում կարո՞ղ ենք այլ տեղ բամբակ աճեցնել։
–Ոչ, Արարատյան դաշտն է նպատակահարմար։ Բամբակը ջերմասեր է։
–Մենք Արարատյան դաշտում կարո՞ղ ենք մեզ այդ՝ ծիրանի ու խաղողի կողքին բամբակ աճեցնելու «շռայլությունը» թույլ տալ։ 1960—ականներից հասկացանք, որ հարմար չէ՝ թեկուզ հենց ասածս թունանյութերի գործոնով պայմանավորված…
–60—ականներից աշխարհում գյուղատնտեսության ոլորտում շատ բան է փոխվել։ Նոր գաղափարներ, նոր մտքեր, արդի միջոցներ ու մեթոդներ կան վնասատուների դեմ պայքարի։ Բացասական կարծիք միանշանակ տրամադրելը ճիշտ չէ։ Կարելի է փորձել, ուսումնասիրել եւ իրականում հասկանալ՝ հնարավո՞ր է կազմակերպել բամբակի մշակումը առանց շրջակա միջավայրը վնասելու, հողերը դեգրադացնելու։ Շարունակության մասին մտածելու համար նախ պետք է հասկանանք՝ ինչ է լինելու։ Եթե տնտեսապես արդյունավետ լինի՝ ինչու ոչ։
–Տնտեսական արդյունավետության համար անհրաժեշտ չէ՞, որպեսզի բամբակը ամբողջական մշակվի, այսինքն՝ ոչ միայն մանրաթել ստանալու, այլ՝ յուղ, քուսպ եւն։ Իսկ մեր երկրում հիմա կա՞ այդ փորձը։
–Դա փոքրի խնդիր է եւ իրենից դժվարություն չի ներկայացնում։ Ներդրողը հազիվ թե դա չանի։ Դժվարը ճիշտ արտադրություն կազմակերպելն է։
–Փաստորեն, եթե ամփոփենք, դուք դեմ չեք Հայաստանում բամբակի մշակմանը։
–Կտրականապես դեմ կամ կողմ լինել չեմ կարող։ Դեմ չեմ, եթե կիրառվեն ագրոտեխնիկական եւ մնացած միջոցառումները։ Եթե դրա մշակությունը բնապահպանական վնաս չառաջացնի, շրջակա միջավայրի վրա բացասաբար չազդի։ Ի դեպ, նաեւ ասեմ, որ ամենամեծ ցանկության պարագայում էլ մենք բամբակի մշակմանն այդքան հողատարածքներ տալ չենք էլ կարող։ Մենք այդքան հողային պաշարներ չունենք։ Այն հողատարածքները, որտեղ հիմա բամբակ է մշակվում, հիմնականում չօգտագործվող հողեր են։

Վերջաբանի փոխարեն

Մենք այս թեման, այսպես ասած, բաց ենք պահում՝ դրա կարեւորությունն աչքի առաջ ունենալով։ Այո, մենք հողային քիչ պաշարներ ունենք, եւ, հետեւաբար, արդի աշխարհի մտածողությամբ անհրաժեշտ է ոչ միայն դրանից առավելագույն օգուտ քաղելը, այլեւ տիրոջ մտածողությամբ ու զգացողությամբ այդ օգուտը չվնասելո՛վ քաղելը։ Քանզի հողից միայն չեն վերցնում, նաեւ տալիս են։ Հակառակ դեպքում ունենում ենք ձեւախեղված հողեր՝ բացասական հետեւանքներով հանդերձ…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

30-05-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO