Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Սահմանվել է սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը

«Հիպոֆիզային գաճաճության» եւ հեպատիտ Ց-ի դեղերը լրիվ կփոխհատուցվեն

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց սահմանել բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։
Սահմանվեց նաեւ այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ։
Զուգահեռ սահմանվել է բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի եւ հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության նախարարության, ինչպես նաեւ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման ու փոխհատուցման կարգը։
Այլեւս ուժը կորցրած է ճանաչվում կառավարության 2006թ. «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշումը։ Իսկ երեկվա որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակիրճ ներկայացրեց որոշման հիմնավորումը։ Մենք մեր ընթերցողի համար կմանրամասնենք փոփոխությունները, քանզի այն հանրության մեծ շերտի է վերաբերում։

Դեղերը՝ լրիվ փոխհատուցմամբ

Այսպիսով՝ բնակչության սոցիալական կամ հատուկ այս խմբերին պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը կհատկացվեն լրիվ փոխհատուցմամբ։
Նրանք են՝ 1—ին եւ 2—րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչեւ 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները, Հայրենական պատերազմի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ երեխաները (մինչեւ 18 տարեկան), բազմազավակ (մինչեւ 18 տարեկան չորս եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները, ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաները (մինչեւ 18 տարեկան), մինչեւ 7 տարեկան երեխաները, ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները։

Դեղերը՝ 50 տոկոս զեղչով

Բնակչության սոցիալական կամ հատուկ այս խմբերին պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ՝ 50 տոկոս զեղչով։
Նրանք են՝ 3—րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, բռնադատվածները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները, միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքները, միայնակ մայրերի երեխաներ (մինչեւ 18 տարեկան)։
Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը կտրվեն մասնակի փոխհատուցմամբ՝ 30 տոկոս զեղչով։

Այս հիվանդությունների դեպքում՝ լրիվ փոխհատուցում

Տեղեկացնենք, որ որոշ հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին կհատկացվեն դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ։
Այդ հիվանդություններն են տուբերկուլոզը (թյուրըմբռնման տեղիք չտալու համար ասենք, որ հակատուբերկուլոզային դեղերի մասին է խոսքը), հոգեկան հիվանդությունները (հոգեմետ դեղեր), չարորակ նորագոյացությունները (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր), շաքարային եւ ոչ շաքարային դիաբետը (հակադիաբետիկ դեղեր), էպիլեպսիան (հակացնցումային դեղեր), սրտամկանի ինֆարկտը (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր), պարբերական հիվանդությունը (կոլխիցին եւ կամ այլ դեղեր), սրտի փականների արատները (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո), մալարիան (հակամալարիային դեղեր)։
Դեղերը լրիվ փոխհատուցմամբ կհատկացվեն նաեւ քրոնիկ երիկամային անբավարարության դեպքում (երիկամային փոխպատվաստման եւ (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ եւ (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)։
Այդ հիվանդություններից են նաեւ ֆենիլկետոնուրիան (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշը (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր), մարդու իմունային անբավարարությունը (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր), հիպոֆիզային գաճաճություն ախտանիշը (հորմոնային դեղեր), վիրուսային հեպատիտ Ց հիվանդությունը (հակավիրուսային դեղեր)։

Դեղերի հատկացման կարգը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշյալ հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են նախարարության կողմից՝ ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող եւ դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակեպությունների միջոցով, համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են առողջապահության նախարարի հրամաններով։
Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումը իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում՝ ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով։ ԱԱՊ կազմակերպությունը կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին։
Ի դեպ, ԱԱՊ կազմակերպությունը կարող է դեղեր ձեռք բերել եւ պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով։ Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում։ Դեղատոմսում նշված դեղերը գնահատվում են դեղատան կողմից՝ նշելով դեղի գինը, զեղչը եւ վճարման ենթակա գումարը, դեղատոմսի ետեւի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի անվանման, քանակի կամ վճարած գումարի մասին։ Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատունն ամփոփում է անվճար եւ զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, եւ ամփոփ տվյալները ներկայացվում են ԱԱՊ կազմակերպությանը։

Փոխհատուցման մեխանիզմը

Վերոհիշյալ հիվանդությունների դեպքում շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է առողջապահության նախարարության եւ ԱԱՊ կազմակերպությունների միջեւ կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով՝ բժշկական օգնության ծառայությունների մատուցման պետական պատվերի պայմանագրի շրջանակներում։ Այնուհետեւ հաշվետվություններ կներկայացվեն առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն։
Նախարարությունը հստակեցնում է, որ հաշվետվությունները առնվազն պետք է ներառեն տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առեւտրային ու համընդհանուր անվանումների, քանակների եւ փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ։ ԱԱՊ կազմակերպությունն էլ դեղատներին մատակարարված դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջեւ կնքված պայմանագրի համաձայն։

Խնդիր եւ լուծում

Հիմա գանք այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ այս որոշման ընդունումը, եւ ինչ չկար գործող որոշման մեջ, որ հարկ եղավ փոխելու։
Նախ՝ ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, որոշման ընդունումը պայմանավորված է բնակչության առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաեւ համապատասխան դեղերի տրամադրման ծառայությունները մատչելի ու հասանելի դարձնելուն։
Մասնավորապես՝ գործող որոշման 1—ին ցանկում (երբ դեղերը լրիվ փոխհատուցմամբ էին տրվում) ներառված չէին ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամները։ Իսկ 2—րդ՝ հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում ամբուլատոր—պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը պացիենտներին տրվում են անվճար, ներառված չէին հիպոֆիզային գաճաճություն ախտանիշը եւ վիրուսային հեպատիտ Ց—ի հիվանդությունը։
Բանն այն է, որ «վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են եւ ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում եւ զգալի սոցիալ—տնտեսական բեռ»։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2018թ. տվյալների՝ աշխարհում շուրջ 257 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ Բ վիրուսով, 71 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով։ Չնայած բուժման արդյունավետ մեթոդների առկայությանը, ներկայումս հեպատիտ Ց—ի վիրուսով վարակված անձանց թիվը փաստորեն աճում է։ Հեպատիտները լյարդի ախտաբանությամբ պայմանավորված մահվան հիմնական պատճառներից են։ Տարեկան 1.34 մլն մարդ մահանում է սուր վիրուսային հեպատիտներից եւ քրոնիկ վիրուսային հեպատիտների հետեւանքով առաջացած լյարդի ցիռոզից եւ լյարդի առաջնային քաղցկեղից։
Ինչ վերաբերում է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշին։ Աճի հորմոնի անբավարարության կլինիկական դրսեւորումներից է արտահայատված կարճահասակությունը, որի բուժման բացակայության դեպքում պացիենտների վերջնական հասակը կազմում է 126—130 սմ։ Աճի հորմոնի անբավարարությունը նաեւ զուգորդվում է մի շարք մետաբոլիկ խանգարումներով, ինչպիսին են հիպոգլիկիմիան, հիպերխոլեստերինեմիան, օստեոպորոզը, մկանային թուլությունը, քաշի ավելցուկը, սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումները։ Նշված մետաբոլիկ խանգարումները բերում են հիվանդացության բարձրացման, վաղ հաշմանդամության եւ հետեւաբար՝ մահացության բարձրացման։ Այս փոփոխությունները, ըստ Արսեն Թորոսյանի, սկսվում են ձեւավորվել վաղ մանկական տարիքից, ու, բնականաբար, աճի հորմոնի անբավարարության վաղ հայտնաբերումն ու բուժումը կարող են կանխել նշված ախտաբանական փոփոխությունները։
Մի խոսքով, կան խնդիրներ, բայց որո՞նք են լուծումները։
Գործող որոշման շահառուների (տես դեղերը՝ լրիվ փոխհատուցմամբ) թիվը շուրջ 864 հազար է։ 2018թ. նշված շահառուներին նախատեսվել է տրամադրել 1,215.0 մլն դրամի դեղեր։ Առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին փաստացի տրամադրվել է մոտ 300 հազար դեղատոմս՝ ընդհանուր 809,3 մլն դրամի կամ մեկ դեղատոմսի միջին արժեքը 2,7 հազար դրամ։ Նոր նախաձեռնությամբ շահառուների ցանկում առաջարկվում է ընդգրկել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01—ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին։ Նշված շահառուներին, համաձայն կառավարության 2004թ. որոշման, այո, տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն։ Բայց, միաժամանակ, այս շահառուները ներկայիս գործող կարգով չեն օգտվում ամբուլատոր պայմաններում անվճար հատկացվող դեղերից, ինչը բերել է նրան, որ այս շահառուները ոչ բարդացած հիվանդությունների բուժման նպատակով գերադասում են դիմել հիվանդանոցային (իմա՝ ավելի թանկարժեք) անվճար բժշկական օգնության, քանի որ հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառում է նաեւ դեղերով ապահովումը։
Նախարարը համոզված է, որ նախաձեռնության շնորհիվ կթեթեւանա հիվանդանոցային բեռը։ Առաջարկվող լրացուցիչ շահառուների թվաքանակը կազմում է շուրջ 200 հազար։ Հիմք ընդունելով 2018թ. փաստացի տրամադրված դեղատոմսերի քանակը, ինչպես նաեւ այս շահառուների սոցիալական վիճակն ու բժշկական օգնության դիմելիության բարձր մակարդակը, դեղերի պահանջարկը գնահատվում է շուրջ 1,5—1,7 անգամ ավելի բարձր, քան գործող որոշմամբ նախատեսված շահառուների մոտ։
Այս ամենին անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուր են դիտարկվում 2019թ. պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի «Ամբուլատոր—պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման գծով կանխատեսվող տնտեսումները։

Ֆինանսավորման աղբյուրը

Հարց է ծագում՝ ի՞նչ կարժենա ցանկում «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշի ու վիրուսային հեպատիտ Ց—ի հիվանդությունն ավելացնելը։
Նույն աղբյուրի տվյալների համաձայն, «Հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշով ՀՀ—ում հաշվառված է 43 պացիենտ, որոնց բուժման համար անհրաժեշտ է աճի հորմոն։ 1 պացիենտի համար 1 ամսվա կտրվածքով միջինում անհրաժեշտ է 3 գրիչ՝ դեղի դեղաչափը կախված է երեխայի քաշից։ 1 սրվակ նախալցված ներարկչի շուկայական գինը կազմում է 58 500 դրամ, ամսական ընդհանուր գումարը 1 պացիենտի համար 2 գրիչ ձեռքբերելու դեպքում կկազմի 117 000 դրամ, իսկ 3 գրիչի ձեռք բերման դեպքում՝ 175 500 դրամ։ Մեկ տարվա կտրվածքով մեկ երեխայի համար անհրաժեշտ դեղի գումարը՝ 2 գրչի համար՝ 1 մլն 404 հազ. դրամ, իսկ 3 գրչի համար՝ 2 մլն 106 հազար դրամ։ ՀՀ—ում հաշվառված 43 երեխայի համար ընդհանուր գումարը մեկ տարվա կտրվածքով 2 գրչի համար կլինի 60 մլն 372 հազար, իսկ 3 գրչի համար՝ 90 մլն 558 հազար դրամ։
Իսկ վիրուսային հեպատիտ Ց—ի հիվանդության հակավիրուսային բուժումը դեղերով տեւում է 3 ամիս եւ բոլոր գենոտիպերի համար կկազմի շուրջ 85 հազար դրամ, բացառությամբ՝ գենոտիպ 3, ֆիբրոզ 3—4 ստադիայում, որը պահանջում է 6 ամսյա հակավիրուսային դեղերով բուժում։
«Հիպոֆիզային գաճաճության» եւ վիրուսային հեպատիտ Ց—ի դեղերի ձեռքբերման ծախսերը նախատեսվում է կատարել «Առողջապահություն» բաժնի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր—պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրով, 2019թ. պետբյուջեի տնտեսումների եւ 2019—2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

31-05-2019





19-06-2019
Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին
ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական ...


19-06-2019
Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով
Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ ...


19-06-2019
Առաջին հերթին՝ որպես համազգային վստահության ինստիտուտ
ՀՀ նախագահի ելույթը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական ...


19-06-2019
Հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն
Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ համատեղ ...


19-06-2019
Ատամնաբուժարան, բուժկետ, աղի քարանձավ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը նոր շունչ է ստանում



19-06-2019
Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում
Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին ...


19-06-2019
Հերթը հաջորդինն է
Օտար լեզուների քննական արդյունքները հայտնի են

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Հունիսի ...



19-06-2019
Լեւոն Անանյան
Ոչ միայն մարդկային, այլեւ ...

19-06-2019
Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց
Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ...

19-06-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի ...

19-06-2019
Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO