Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար»

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին

Աշխատանքայն այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո։
Լիագումար նիստին մասնակցել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին եւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Նախագահ Սի Ծինփին,
Նախագահ Ռադեւ,
Վարչապետ Պելեգրինի,
Գլխավոր քարտուղար Գուտերեշ,
Ես կսկսեմ իմ ելույթը երախտագիտության ավանդական խոսքով՝ այս հանդիպման կազմակերպման, ինչպես նաեւ մեր երկրի զարգացման ճանապարհների ու այդ ուղղությամբ մեր կառավարության կատարած քայլերի մասին մտքերով կիսվելու հնարավորության համար։
Այսօր Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարեւորագույն ժամանակաշրջանում։ Քաղաքական կայունության եւ իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ։ Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն եւ ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության եւ օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա։
Ո՞րն է այդ փոփոխությունների էությունը։ Հակիրճ կարելի է ասել, որ դրանք ուղղված են մեր քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական եւ բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք։ Այս բոլոր դժվարությունները որոշակի ձեւով խթանում են մեզ մրցունակության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների։
Ի՞նչ է դա նշանակում մեզ համար։
Առաջին հերթին դա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ առումով մեզ արդեն հաջողվել է շոշափելի արդյունքների հասնել։ Արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Երկրում նվազագույնին է հասցվել արհեստական մենաշնորհների եւ օլիգոպոլիաների գործունեությունը։
Այնուամենայնիվ, մեր երկրի տնտեսական եւ քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ գործողությունների ընթացքում մենք բախվեցինք մի հիմնարար խնդրի։
Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր եւ օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որեւէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել։ Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել։ Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար։
Կապիտալի պաշտպանության, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը չեն բերի ցանկալի արդյունքի, եթե դատական համակարգը որակապես չփոխվի։
Հետեւաբար, իսկապես անկախ, կոռուպցիայից ազատ դատական համակարգի ստեղծումն այսօր մեր հասարակության համար հրատապ խնդիր է եւ Հայաստանի կառավարության բարեփոխման ռազմավարության առաջնահերթություն։
Երկրորդն արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժի լիարժեք օգտագործումն է եւ միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը։ Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսական կենտրոններին։
Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը։ Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը եւ ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը։ Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման եւ մեր միության անդամների միջեւ ինտեգրացիան խորացնելու համար։ Սա հավասարապես վերաբերում է նաեւ մեր անդամակցությանը ՀԱՊԿ—ին։
Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը։ Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում։
Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարեւորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների եւ նախագծերի միջեւ։ Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ—ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը։ Դա բավական տրամաբանական է եւ ռացիոնալ։
Ես նաեւ հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ—ի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման քաղաքականությունը։ Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում նման համագործակցությունն իրագործելի է եւ նույնիսկ անխուսափելի։
Հայաստանը ԵՄ—ի հետ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման եւ իրականացման համար։ ԵՄ—ի հետ գործընկերությունը որեւէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով։
Երրորդը՝ պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է։ Մեր հիմնական կապիտալը մարդիկ են։ Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր եւ գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն։ Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար։
Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ։ Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք։ Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը։ Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը։ Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի լավ դպրոց, եւ այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու եւ օգտագործելու համար։
Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ։ Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը եւ նրա ամենախոստումնալից ոլորտը։
Կրթություն եւ նորարարություն, համագործակցություն եւ ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում եւ լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները եւ հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների։
Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղու վրա է։ Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ—ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի։ Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք՝ հարստացեք եւ հարստացրեք։
Շնորհակալություն»։
Մինչ լիագումար նիստը Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը։
Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա նովոստի» գործակալությանը եւ չինական CGTV հեռուստաընկերությանը։

08-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO