Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Սպորտի «գեներալը»՝ իր օրինակով

Կամքի ուժ ու ցանկություն, եւ «չես կարողը» անիմաստ է

«Ամեն ինչ անում եմ, բացի տանը մնալուց»,–Գեւորգ Աֆրիկյանի համար ֆիզիկական կարողությունները երբեք խոչընդոտ չեն եղել։ Կարեւորը ցանկութունն է, կամքի ուժը, աշխատասիրությունը։ Այդ հատկանիշների պակաս նա չունի։ Նշվածի վկայությունը սպորտի ոլորտում մարզիկի հաջողություններն են։
Ամենաթարմ նորությունը Ուկրաինայից է. վերջերս հաղթանակ է արձանագրել Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձեւում։ Մինչ այդ՝ նախորդ տարի, Աֆրիկյանը հաղթել էր նաեւ Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում։ Առջեւում նոր մրցումներ են։ Հաջորդ ամիս մասնակցելու է Վրաստանում կայանալիք առաջնությանը, դեկտեմբերին էլ՝ Լեհաստանում Եվրոպայի առաջնությանը։ Երկու դեպքում էլ հաղթանակ տոնելու տրամադրվածությամբ է։
Վճռական տրամադրվածության մասին օրերս Գեւորգը խոսել է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հյուրընկալության ժամանակ։ Շուտով Արմեն Սարգսյանին էլ Գեւորգն է հյուրընկալելու։ Հանրապետության նախագահը խոստացել է այցելել նրան ու տեսնել՝ ինչպես ու ինչ պայմաններում է մարզվում։ Մարզիկը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ ինչպես է դիմավորելու նախագահին ու ինչ համարներ է պատրաստելու։ Բայց մոտ օրերս կսկսի պատրաստվել հանդիպմանը։
«Նախագահի հետ հանդիպումը իմ կարիերայում ու կյանքում ամենակարեւոր դերակատարումն ունեցավ։ Իր քայլերից ես ավելի եմ ոգեշնչվել ու իմ քայլերում ինձ ավելի ինքնավստահ եմ զգում»,—նշեց մեր զրուցակիցս։
ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի (Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա) նախագահ Գագիկ Սարոյանն ընդգծում է Գեւորգի կամքի ուժն ու ավելացնում, որ նրան պատրաստում է, որպեսզի աշխարհին, մասնավորապես սփյուռքահայերին իր օրինակով ցույց տա՝ ինքն ուժեղ է ու կարող է հասնել ուզածին։ Դա մարզիկի բնավորության անկյունաքարերից է համարում։ «Մրցույթներին մասնակցելով, Գեւորգը լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորման»,—նշեց Սարոյանն ու որպեսզի ասվածը պարզ լինի՝ ավելացրեց՝ լեյտենանտից ու գեներալից գեներալն է։
Պատմելով իր մասին, սպորտի ոլորտի «գեներալը» նկատում է, որ տեղում հանգիստ նստել չի սիրում։ Ու նաեւ չի սիրում, երբ իրեն ասում են՝ «չես կարող». «Երբ այդպես են ասում, նշանակում է՝ դա անպայման պետք է անեմ»։ Հավատում ու հավատացնում է, որ եթե մի բան շատ ես ուզում, խոչընդոտներին չես նայում, իսկ հաջողության դեպքում դրանք ուրախությունից մոռանում ես։
Գեւորգի՝ սպորտի հետ կապը հաստատվել է սիրողական մակարդակով։ Մարզումների է հաճախել ոտքերի համար, հետո բժիշկների թույլտվությամբ սիրողականից անցում է կատարել պրոֆեսիոնալ մակարդակի։ Նա հատկապես ոգեշնչվել է մրցման մասնակցելու առաջին առաջարկից ու արձանագրած հաղթանակից։ Հետո արդեն ինքն իրեն ուղղած հարցադրմամբ՝ «եթե նա ստացվեց, այս մեկը ինչո՞ւ չանեմ» առաջ է անցել ու հասել այնտեղ, որտեղ հիմա է։
«Երկրից դուրս երկրի անունն եմ ջանում բարձր պահել, երկրի ներսում՝ իմ մարզի ու քաղաքի։ Ինչ անում եմ, ինձ համար չեմ անում։ Ես իմ բաժինն արել եմ։ Դա ինձ լիովին բավարար է։ Ես անում եմ իմ նախկին կարգավիճակն ունեցողների համար, որպեսզի ոգեշնչեմ, կարողանամ օգնել, որովհետեւ ժամանակին էլ ինձ են օգնել»,—բարձրաձայնում է՝ շարունակելով, որ նաեւ Հայաստանի ալպինիստների ֆեդերացիայի անդամ է, միաժամանակ զբաղվում է ժայռամագլցությամբ ու ձիավարությամբ։
Սպորտով չզբաղվելու դեպքում զգում է, որ կյանքում ինչ—որ բան պակաս է։ Զգացել է նաեւ, որ շարժունակությունը եւս ընկնում է։ Բայց բացը լրացնում է, օրինակ, սարերում 40 կմ քայլարշավով։
Նա հպարտությամբ ու ուրախությամբ է արձանագրում՝ վազելուց բացի, ամեն ինչ անում է. «Հաշմանդամություն ունենալը վերջը չէ։ Հաշմանդամություն ունեցող մարդը շատ բան կարող է անել, անգամ հաշմանդամություն չունեցողից ավելին»։
Նա ասվածն ապացուցում է իր օրինակով՝ հանդիպելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Գեւորգի թիրախը նաեւ այն ծնողներն են, ովքեր իրենց երեխաներին չեն թողնում տանից դուրս գալ՝ պայմանավորված հաշմանդամությամբ։ Եվ ուրախությամբ տեղեկացնում է, որ ծնողներից 10—ից 1—ին կարողանում է հակառակը համոզել։ Մյուս կողմից էլ նրանք գիտակցում են, որ սպորտը դրական տեղաշարժ կարող է առաջացնել՝ պայմանավորված առողջությամբ։
Գեւորգ Աֆրիկյանը հենաշարժողական խնդիր է ունեցել, քայլակով է քայլել։ Հիմա դրանք փոխարինում է հենակներով։ Գ. Սարոյանը վստահեցնում է, որ ուժային եռամարտը նպաստում է առողջական խնդիրների կարգավորմանը։ Գեւորգից բացի, իրենց մարզիկներից Հակոբ Ղազարյանի օրինակն էլ է բերում։ Իսկ ահա մրցույթները, ըստ նրա, թույլ են տալիս ի հայտ բերել լավագույն մարզիկներին։ Հաշմանդամություն ունեցողները մրցում են խնդիրներ չունեցողների հետ կողք կողքի (հաշվարկներն առանձին են կատարվում) ու ոչ պակաս արդյունք են արձանագրում։ «Նրանք իրենց մյուսների հետ հավասարը հավասարի պես են զգում։ Ոտքը «խփում» են գետնին ու ասում՝ ռեկորդ է՝ գնում եմ սահմանեմ»,—բարձրաձայնեց ֆեդերացիայի նախագահը՝ պատմելով ֆեդերացիայի ստեղծման պատմությունը։
Ֆեդերացիան ծնվել է Սպիտակի երկրաշարժից։ Գագիկ Սարոյանը Սպիտակից է, բայց Ուկրաինայում էր սովորում։ Աշխարհի բազմակի չեմպիոն է։ Աղետից հետո, սակայն, տեսնելով վիճակը, որոշում է կայացրել վերադառնալ Սպիտակ։ Իր ջանքերն ու գործն ուղղել է սթրեսային հոգեվիճակով երեխաներին, հաշմանդամություն ունեցողներին, սոցիալապես անապահովներին կյանքին ինտեգրելուն։ «Որպեսզի մյուսների հետ հավասարը հավասարի պես զգան, պարապեցի նրանց հետ ու տարա մրցումների, որ ցույց տան՝ իրենք ոչ ոքից հետ չեն։ Չեմպիոն, մեդալակիր դառնալով, իրենք էլ գիտակցեցին, որ հավասար են մյուսներին։ Եվ ամեն օր մի քար դնելով, հասանք այս օրվան»,—Գ. Սարոյանը պատմեց նաեւ նոր նախաձեռնության մասին։ Շուտով այն կյանքի կկոչեն։ Հիմա սցենարն է գրվում։ Սեւանի ափին բացօթյա մեծ մրցում է լինելու՝ համերգային ծրագրով։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

11-06-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO