Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պետության եւ ազգի խնդիրը

Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

…Իհարկե, մենք առայժմ թույլ ենք եւ պետք է կարողանանք առնվազն կենդանի մնալ ու ամրապնդվել, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ մեր ուրույն պետականության հստակորեն մշակված հայեցակարգի հիման վրա կառուցված ուժեղ պետություն։
Սակայն ամբողջ հարցն այն է, թե ի՛նչ ասել է «ուժեղ պետություն»։ Աշխարհում կան (եւ միշտ էլ եղել են) արտաքնապես հզոր ամբողջատիրական պետություններ (օրինակ՝ նախկին Խորհրդային Միությունը), որոնց ուժը, սակայն, հիմնված է եղել ոչ թե ազատ քաղաքացիների ազատ համախմբվածության ու նվիրվածության, այլ ստրկաբարո թվացյալ «քաղաքացիների»՝ արտաքուստ ընկալած կազմակերպվածության ու ստիպողական (լավագույն դեպքում՝ ինքնաստիպողական) ազդակներին ենթարկվելու վրա։ Ներքնորեն ուժեղ պետությունները շատ ավելի հազվադեպ են հանդիպում։ Նրանք խարսխված են ազատ ընտրության ու նվիրվածության եւ, հատկապես, այն բանի գիտակցման վրա, որ նման հայրենիքով արժե հպարտանալ, եւ այն արժե պաշտպանել անգամ կյանքի գնով. այդպիսին, բնականաբար, կարող էին լինել միայն գիտակցականորեն, ժողովրդավարական, բացարձակորեն անկաշկանդ քաղաքացիներ ունեցող պետությունները։ Պետության նշված երկու տեսակների դասական օրինակներ են, համապատասխանաբար, Հին Պարսկաստանն ու Հին Հունաստանը, ընդ որում՝ պետականության երկրորդ տարատեսակի՝ առաջինի հանդեպ ունեցած առավելության ապացույցն այն է, որ պետականության «արեւմտամետ» կաղապար ունեցող հունական դեմոկրատիային՝ ժողովրդի իշխանությանը, այնուամենայնիվ, հաջողվեց ետ մղել պետականության «արեւելամետ» կառուցվածքը մարմնավորող, ընդ որում՝ անհամեմատ ավելի զորեղ պարսկական թեոկրատիայի՝ «աստվածիշխանության» ծավալապաշտական ոտնձգությունները։ Առհասարակ, աստվածիշխան կամ անձնիշխան մեծ կայսրությունները հիշեցնում են Լաֆոնտենի հայտնի առակից այն հավակնոտ գորտին, որը, ցուլին չափսերով գերազանցելու փափագից դրդված, այնքան փքվեց, որ վերջիվերջո պատառ—պատառ եղավ. այնինչ ազգիշխան հունատիպ պետությունները միեւնույն ժամանակ «մարդիշխան» են՝ ոչ փքվող ցուլ—գորտի նման խղճալի, ոգեմետ ու ոգեթաթախ, սկզբունքով խորունկ եւ անսասանելի։
Ազգը եւս ըմբռնելի է ոչ թե որպես վերացական միաչափ կաղապար, որը պարտադրվում է նրա բոլոր ներկայացուցիչներին, այլ որպես մի հանրություն, որն իրականում գոյություն ունի միայն այն կազմավորող անհատների յուրակերպության՝ նրանց կատարյալ ինքնության տեսքով։ Չի կարող լինել, ասենք, Հայաստան՝ ամեն մի առանձին, «լավ» կամ «վատ» հայից դուրս, ավելի ստույգ՝ կա նաեւ այդպիսին, սակայն միայն իբրեւ մեռյալ ու մեռցնող վերացարկում՝ ժողովրդային հոգու ու սրտի, այսպես ասած, սպանված աղավնի։ Մենք հոգնել ենք նման «ներկայացուցչությունից», այդ թվում՝ ամեն մարդու մեջ ինչ—որ ազգի «ներկայացուցիչ» տեսնելու՝ զուտ խորհրդային սովորույթից։ Անհատ հայը առաջին հերթին հայ անհատ է, եւ միայն այդքանով, միայն երկրորդաբար, այլ ոչ թե ուրվականաբնույթ «հայությամբ» է որոշվում նրա հայ լինելը։
Ի դեպ, ազգի նշանավոր կամ սովորական լինելու հարցում հնարավոր չէ համաձայնել մեր հանրապետության ղեկավարների ունեցած հայտնի ըմբռնումներից («մենք սովորական ազգ ենք». թե «մենք համաշխարհային ազգ ենք») եւ ոչ մեկին։ Այս հարցը եւս կարոտ է զուտ առարկայական ձեւակերպման ու պատասխանի։ Ե՞րբ (ի՞նչ պայմաններում) եւ ի՞նչ առումով է այս կամ այն ազգը բնութագրելի որպես մեծ կամ էլ, ընդհակառակը, չնչին ազգ. սա է խնդիրը։ Անցյալ դարի սկզբում գերմանացիները, թերեւս, ամենամեծ ազգն էին մարդկության ողջ պատմության հաշվառմամբ, այնինչ այս դարի կեսերին նույն գերմանացիները միառժամանակ վերածվել էին ազգերից գրեթե ամենաողորմելիին. սա, բնականաբար, վերաբերում է ոգեղենության դրսեւորվածության աստիճանին, այլ ոչ թե, ասենք, ռազմական հզորությանը։ Ավստրիան վաղուց ի վեր համարվում է աշխարհի երաժշտական սիրտը, բայց միշտ էլ չնչին դեր է կատարել մարդկության քաղաքական ու տնտեսական կյանքում, ինչի հակապատկերն է ներկայացնում այսօրվա Միացյալ Նահանգները։
Մենք, անշուշտ, մեծագույն ազգ էինք 88—ի վսեմ ու ողբերգական օրերին՝ թե՛ ոգեղեն վերելքի վեհության եւ թե՛ հոգեթռիչքի տեւականության առումով։ Այդ օրերին մենք հիրավի դարձել էինք «սովորական համաշխարհային» ազգ։
Իսկ ի՞նչ ենք մենք այժմ։ Մի այնպիսի առերեւույթ, որի մասին կարելի է միայն ասել. տա՜ Աստված, որ այս վիճակը շատ երկար չտեւի։
Ինչ վերաբերում է «ազգ—կազմակերպություն» հայտնի դրույթ—կարգախոսին, ապա այն եւս հարկ է վերցնել հարաբերական իմաստով։ Ազգ—կազմակերպությունը լիովին ընդունելի գաղափար է, երբ մեկնաբանվում է որպես ազգ—օրգանիզմ՝ ներուժ ու ներդաշնակ, անսպառ ինքնազարգացման ընդունակ «բաց համակարգ»՝ անհատի հանդեպ ոչ թե ճնշող, այլ նրա ներունակ բովանդակությունը ազատ արձակող մի կազմավորում, անցյալի ազնվագույն մտածողների երազանք։ Բայց նույն գաղափարը ստանում է ճիշտ հակառակ գունավորում, երբ աչքի առաջ հառնում է, ասենք, Կամպուչիա անվամբ համակենտրոնացման ճամբարը՝ իր դասական «գերկազմակերպվածությամբ», որում իսպառ կլանվում էր որեւէ ազգային եւ, առհասարակ, մարդկային նկարագիր։
Եվս նվազ չափով հրապուրիչ, թեպետեւ մարդկայնորեն քիչ թե շատ տանելի է «ազգ—կազմակերպությունը»՝ ընկալված որպես մի տեսակ ցանց կամ «կառուցվածք»՝ 20—րդ դարի՝ այսպես կոչված «կառուցվածքաբանություն» զուտ քանակական (մաթեմատիկական), ուստի եւ զուտ արտաքին ըմբռնմամբ, որը տարածված է հատկապես անգլոսաքսոնյան երկրներում։ «Խորհրդային բարբարոսները եւս կարող են յուրացնել ոչ միայն անգլերենը, այլեւ նոր տեխնոլոգիաներ։ Բայց անմարդկային քաղաքակրթությունը կրկնակիորեն վտանգավոր է» (Վերա Նովոդվորսկայա)։ Նովոդվորսկայան նշում է անգլերենի համընդհանուր տարածման ու տեխնոլոգիական առաջընթացի ներքին կապը եւ մարդու ներաշխարհի պարզունակացման՝ այդ երկու երեւույթներից սպառնացող վտանգը։ Ցավոք, անգլերենը շատերին գայթակղում է ոչ թե որպես գրչի մեծագույն վարպետների լեզու, այլ որպես զբոսաշրջության—առեւտրական «փիջին ինգլիշ», այն է՝ ոչ թե իր իմաստային զարմանահրաշ նրբերանգավորմամբ եւ բանաստեղծության մեջ՝ հնչյունային շքեղ գունապնակով, այլ բավականին պարզունակ կառուցվածքային կազմակերպվածությամբ, որը ներդաշնակ է (եթե դիմենք Շպենգլերի մշակած եզրաբանությանը) քաղաքակրթական (կառուցվածքային) պետականությանը՝ ի հակադրություն պետականության մշակութային (օրգանական) տարբերակի։
Բացի այդ ամենից, պետության նշված «կառուցվածքային» ըմբռնմանը հատուկ է մարդու՝ որպես «անվակի ու պտուտակի» (Ի. Վ. Ստալին) նկատմամբ «բոնապարտյան» արհամարհանքը. վերաբերմունք, որից կատարելապես ազատ է (եւ չի կարող ազատ չլինել) հիրավի ուժեղ անհատականությունը, որը հասկանում է, որ անգամ ամենաչնչին (հիմար, ստոր եւ այլն) մարդն ինքնին անհունորեն խոր ու գրավիչ կենսատիեզերք է, անընդօրինակելի ճակատագրի ու անմար գիտակցության տիեզերակենտրոն՝ բնույթով աստվածային էակ, ավելի իրական, քան սեղանը, երկիրը կամ ողջ նյութական աշխարհը, ընդ որում, այդ բացարձակի առջեւ զրոյի է ձգտում Նապոլեոնի եւ որեւէ ֆելլահի միջեւ եղած տարբերությունը։ Եթե իսկապես ուժեղ մարդը վերից վար է նայում, ապա առաջին հերթին՝ հենց ինքն իրեն, եւ նման ինքնապահանջկոտությունն այն միակն է, որ նրան հիմք է տալիս պահանջկոտ լինելու նաեւ ուրիշի հանդեպ. իսկ թշվառների ու մոլորյալների նկատմամբ նրա վարվելակերպը օգնությունն ու փրկությունն է։ Նա քրիստոնեության, բայց վերջինիս ոչ թե թույլ ու թուլացնող, այլ հզոր ու վեհացնող տարբերակի կրողն է։
Եվ, ի վերջո, մենք երեւի ոչնչից այնքան չենք հոգնել, որքան սովորական համաշխարհային խորհրդային երկիր—կազմակերպության մարդաշարերում ուս ուսի տված չգիտես թե ուր արշավելուց։ Առավել եւս հայը՝ այդ բացարձակ անհատապաշտը, չի կարող ճնշում հանդուրժել (թեեւ որքա՛ն է հանդուրժել) ոչ միայն վերեւից, այլեւ՝ կողքից։ Թերեւս միայն իրեն հանգիստ թողնելու դեպքում նա կզգա մյուսների կարիքը կամ, գոնե, կհանդուրժի նրանց եղբայրակցական ներկայությունը։
Ընդգծելի է նաեւ քննարկվող հարցի մի այլ կողմը։ Ժողովուրդը (ինչպես նաեւ որեւէ անհատ) կարող է իրականորեն (ոչ ձեւականորեն) մեծ լինել միայն այն դեպքում, եթե հատուկ չի ձգտում իր «մեծությունից» բխող ինչ—որ «գերխնդրի» իրագործմանը (ինչը կարող է միայն խանգարիչ ու ներքնորեն քայքայիչ լինել նրա համար), այլ պարզապես՝ կյանքում իրեն դրսեւորում է լիարժեքորեն ու ստեղծագործաբար։ Փորձե՛ք ապա պատկերացնել մի իսկապես արտառոց իրադրություն, երբ Սոկրատեսը, Բրունոն կամ Սախարովը, Հայաստանում՝ Նժդեհը, իրենց թանկագին ժամանակը վատնում են սեփական վեհանձնությամբ պատճառած զմայլանքներում՝ փոխանակ առանց երկար վարանման նետվելու անգամ ոչ թե կյանքի, այլ մահվան հորձանուտը՝ հանուն աշխարհիս երեսին ճշմարտության կամ բարու կամ էլ գեղեցկության հաստատման՝ տիեզերաչափ հրթիռի պես մեկ ակնթարթում լուսավորելով մարդկության ոգեղեն երկնակամարը։ Իսկական մեծությունը, ինչպես եւ իսկական սերը, այդպիսին է, քանի դեռ մնում է հոգու խորքում՝ չգիտակցված եւ դրանով իսկ չպղծված։ Մեծամոլությունն էլ խորտակվում է այն պահին, երբ ինքնավստահությունը իր տեղը զիջում է անողոք ինքնավերահսկողությանը խոսքի, մտքի ու գործի բնագավառներում։
Ուրիշի փոխարեն մտածելն ու որոշումներ կայացնելը, ուրիշին աբսուրդ արգելքների սարդոստայնում ներփակելը՝ հանուն իբր թե վեհ ազգայինի՝ թե՛ անհատի, թե՛ պետության, թե՛ ժողովրդի եւ թե՛ լեզվի բնագավառներում անձամբ ինձ ներկայանում է որպես 70 տարվա ընթացքում խորհրդառուս մտայնությունից փոխառած եւ մեր ժողովրդի խառնվածքին ամենեւին չհամապատասխանող վարվելաձեւ… եւ եթե համատարած աղքատությամբ ուրվագծած սահմաններում հավասարությանն ու ազատությանը եղբայրությունը գերադասող ռուսի համար նշված հոգեբանությունն օրինաչափ է, ապա հայոց կաթողիկոսի դիպուկ բանաձեւմամբ՝ հային ամենից առաջ հատուկ է «ազատ մտածելն ու ազատ գործելը»։
1991
Պատրաստել է Թ. Խ.
t.khachatryan@hhpress.am

12-06-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO