Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


Սպիտակեղեն ու կոշկեղենից մինչեւ խաղալիք ու գրքեր

Պետությունը կվերահսկի խնամատարին տված գումարի շարժը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ նախատեսվում է նոր թափ հաղորդել հանրապետությունում խնամատար ընտանիքների ձեւավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես շուրջօրյա խնամքի եւ պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձեւ, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում։ Սա պաշտոնական ձեւակերպումն է։
Այլ կերպ՝ «մանկատնից ընտանիք» քաղաքականությունն է տարվում։ Որպեսզի այն երեխաները, որոնք կենսաբանական ընտանիքներում չեն, գոնե խնամատար ընտանիքներում զգան ընտանեկան ջերմությունը։ Դեռ 2005—2009թթ. Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (ՀՕՖ ԵԱԿՀ), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՄԱԿ—ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ իրականացրել է խնամատարության պիլոտային ծրագիր։ Ծրագրի շնորհիվ 32 երեխա տեղավորվեց 30 խնամատար ընտանիքներում։ Ծրագրի մեկնարկից սկսած՝ 10 տարվա ընթացքում խնամատար ընտանիքներում խնամվել է շուրջ 80 երեխա։ 2008թ. ցայսօր Հայաստանում 95 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում։
Նախորդիվ տեղեկացրել ենք, որ կառավարությունը խնամատարության նոր կարգ է հաստատել, եւ ինչպես պնդում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, նախորդ՝ 2008թ. համապատասխան որոշումում բացակայել են խնամատար ծնողների վերապատրաստման եւ ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները…
Ինչեւէ, փորձենք հասկանալ, թե նոր կարգի համաձայն ինչպես է վերահսկվելու խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքը։
Նախ ասենք, որ այդ խնամքի նկատմամբ վերահսկողությունը խնամատարության պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում է լինելու, եւ վերահսկելու է բնակության վայրի աշխատակազմը. Երեւանում՝ քաղաքապետարանինը, մարզերում՝ մարզպետարաններինը։ Վերահսկողությունը մի ընթացակարգ է, որով պարզվելու է, թե արդյոք խնամատար ընտանիքում հոգեզավակի առողջության, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, հոգեւոր եւ բարոյական զարգացման, կրթության համար անհրաժեշտ պայմաններ կան, թե արդյոք խնամատար ընտանիքին հոգեզավակին պահելու համար պետության կողմից տրվող գումարները նպատակային են ծախսվում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է, որ բնակության վայրի աշխատակազմը այդ վերահսկողությունն անելու է հանդիպումների, հարցազրույցների եւ այցերի միջոցով։ Եվ այցերի համար նախապես ժամկետներ կպայմանավորվեն խնամատար ծնողների հետ։ Հասկանալի է, որ կարող են լինել նաեւ չպայմանավորված այցեր, եթե հոգեզավակի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքը կանխելու անհրաժեշտություն կա։ Կամ ընդհանրապես՝ այնպիսի տեղեկություն կա, որ հրատապ միջամտություն է ենթադրում։
Խնամատար ընտանիք այցելող վերահսկող խումբը բազմամասնագիտական է լինելու։ Նայելու են տան սանիտարահիգիենիկ պայմանները, բնակելի տարածքի չափն ու սենյակների թիվը, ջրամատակարարման եւ ջրահեռացման, ջեռուցման, օդափոխման համակարգերի, սանհանգույցի առկայությունն ու դրանց վիճակը։ Խնամատար ծնողի առողջական վիճակին էլ են ծանոթանալու, նաեւ հոգեզավակի՝ առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիությանը, բուժզննության պարբերականությանը, կանխարգելիչ պատվաստումների առկայությանը (անհրաժեշտության դեպքում)։ Իսկ մասնագիտացված եւ արձակուրդային խնամատար ընտանիքներում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող հոգեզավակների խնամատարության դեպքում՝ նաեւ վերականգնողական, տեխնիկական միջոցների ու այլ օժանդակ սարքերի ձեռքբերման խոչընդոտներն են դիտարկելու։
Ամենակարեւորը՝ վերահսկող խումբը պարտավոր է նաեւ հասկանալ, թե խնամատար ընտանիքում միջանձնային ինչ հարաբերություններ են, բարոյահոգեբանական մթնոլորտն ինչպիսին է, հանկարծ չլինի այնպես, որ երեխան հաստատությունից ընտանիք տեղափոխվելով՝ այստեղ էլ հոգեբանական ճնշումների ենթարկվի։
Հետաքրքիր է, իսկ երբ ասվում է, թե վերահսկվելու է գումարների նպատակային ծախսը, հատկապես ի՞նչն են ստուգելու։ Պարզվում է՝ վերահսկող խումբը նայելու է՝ երեխան ունի՞ անհրաժեշտ սպիտակեղենն ու հագուստը, կոշիկը, անձնական հիգիենայի պարագաները, խաղալիքները, գրքերը, գրենական պիտույքները, սնունդը։ Բայց արդյո՞ք տրվող գումարների չափը բավարար է դրա համար (գումարների չափի մասին՝ նախորդիվ,—Ա. Մ.)։
Այս բոլոր տեղեկություններն աշխատակազմն ամփոփում է, կազմում արձանագրություն, որ ստորագրում են այցելած խմբի անդամները։ Եթե հարկ է լինում, ապա խնամատար ծնողին խորհուրդներ են տալիս։ Եթե խումբը զգա, որ խորհրդով բան դուրս չի գա, դե, ասենք, երեխայի խնամքի պայմաններն անբարենպաստ են, ապա վաղաժամկետ կդադարեցնի պայմանագիրը։ Իսկ եթե իրավիճակը անբարենպաստից էլ «այն կողմ է», այսինքն՝ բռնության հիմնավոր կասկած կա, ապա անհապաղ պետք է տեղեկացնի ոստիկանությանը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ նշյալ՝ բազմամասնագիտական խմբում լինելու է բժիշկ, իրավաբան, սոցիալական աշխատող, մանկավարժ, հոգեբան։ Ու որպեսզի տեղեկություններն ամբողջական լինեն, խումբը կարող է զրուցել նաեւ խնամատար ծնողի ամուսնու եւ մերձավոր ազգականների, խնամատար ընտանիքի հարեւանների, հոգեզավակի մերձավոր ազգականների հետ։

Ընտանեկանի ու բարենպաստի արանքում

Հավելենք մի նրբություն, որ չափազանց կարեւոր է. անհատական մոտեցումը։ Ասենք՝ ծնողը իր երեխաներից զատ նաեւ ուզում է խնամատարություն ստանձնել՝ ֆինանսական որոշակի աջակցության համար։ Բայց նա իր տանը չունի ժամանակակից լոգարան. գյուղում է ապրում, կա բաղնիք, իր երեխաներին է սիրով մեծացնում, լողացնում տաշտակում։ Կարո՞ղ է երեխայի խնամատարություն ստանձնել եւ նրան էլ սիրով լողացնել տաշտակում, թե՞ դա կհամարվի «անբարենպաստ պայման»։ Կամ՝ չունի օդափոխման արհեստական համակարգ։ Ասենք՝ համակարգը բնական է, լուսամուտները բաց է թողնում, օդափոխում է սենյակը։ Իր երեխաներն էլ են այդ սենյակում քնում։ Կարո՞ղ է խնամատարություն ստանձնել, թե՞ «անբարենպաստ պայմաններ» ունենալու համար կմերժվի։ Ի վերջո՝ առաջնահերթությունը ընտանեկան միջավայրի եւ բարենպաստ պայմանների միջեւ որի՞ն է տրվելու։ Սրանք հարցեր են, որոնցից երեխաների ճակատագրեր են կախված լինելու…

27-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO