Երեկ Բեյրութում Անթիլիասի Մայրավանքում մեկնարկել է Հայ մամուլի համահայկական համագումարը։
Համագումարի բացման արարողությանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը։
Նա նկատել է, որ հայ մամուլի ծառայությանը նվիրված մշակների ներկայությունը վկայում է հայ ժողովրդի կյանքում մամուլի ներկայացրած համահայկական կարեւորության եւ դրան վիճակված ճշտորոշիչ դերի մասին։ Նա նշել է, որ ներկա տարին հռչակել են որպես Հայ մամուլի տարի։ Այդ առիթով նա ներկայացրել է հայ մամուլի անցյալի, ներկայի հետ աղերս ունեցող հատկանշական երեւույթներ, լուրջ մտահոգություններ։
«Գլոբալ մշակույթի ազդեցությունը հատկապես համացանցային մամուլի վրա տիրապետող է։ Լուրերի հետեւողների նախասիրությունը հստակորեն դեպի համացանցն է, դեպի կարճ ու գրավիչ լուրերը։ Համացանցային լրատվության լեզուն, ոճը, որակը էական չեն, կարեւորն ընթերցողին կամ ունկնդրին արագ հասցնելն է, գրավելն է, մեծաթիվ ընթերցող ունենալն է։ Էլեկտրոնային լրատվությունը եւ հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող եւ անորակ լուրերով ու մեկնաբանություններով»,–ասել է Արամ Առաջին կաթողիկոսը։
Նա նկատել է, որ աննախընթաց արագությունից մինչեւ բացարձակ ազատությունը իրենց առաջ լայնորեն բացել են անպատասխանատու եւ անմակարդակ լրագրության դռները՝ հետզհետե մեկուսացնելով տպագիր մամուլը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ընթերցել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։
Իր ելույթում կարեւոր հարցադրումներ է արել Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով հայ մամուլի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Նրա խոսքով, չնայած բոլոր տեսակի տեխնոլոգիական զարգացումներին՝ մամուլի կոչումը մնում է նույնը՝ վստահելի տեղեկատվության հայթայթումն ու տարածումը։ Սակայն մասնավորապես Հայաստանում՝ «վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է, այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված չակերտավոր փաստերի մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին»։
Աննա Հակոբյանը օբյեկտիվ պատճառներից նշել է ֆինանսավորման աղբյուրները, որովհետեւ լրատվամիջոցները որեւէ տեղեկատվություն հրապարակելիս հաշվի են առնում, թե դա որքանով է իրենց ֆինանսավորողի քիմքին հաճելի։ «Այս իրավիճակի լուծումը իմ կարծիքով մեկն է, հանրությունը ինքը պետք է իր լրատվամիջոցի ֆինանսավորողը դառնա։ Այլ ճանապարհ չկա։ Մեր օրերում հսկայական անվստահություն է առաջացել ընթերցողի, այսինքն լրատվությունը սպառողի եւ լրատվությունը մատակարարողի, այսինքն՝ մամուլի միջեւ»,–ասել է նա։
Երկրորդ խնդիրը, ըստ Աննա Հակոբյանի, «սոցիալական ցանցերում օր օրի սնկի նման աճող անհասկանալի ծագման չակերտավոր լրատվամիջոցներն են, որոնք կարողանում են անորակ եւ ֆեյք լրատվության շնորհիվ լսարան հավաքել եւ ավանդական մամուլին այլընտրանք դառնալ. անորակ սակայն այնուամենայնիվ՝ այլընտրանք»։
Համագումարին մասնակցում են լրատվադաշտի ներկայացուցիչներ, այդ թվում «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։
