Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մայր օրենքն այսօր փոփոխության կարիք ունի՞, թե՞ ոչ

Տեսակետներ եւ կարծիքներ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներից

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։ Հայտնի է, որ դեռեւս մ. թ. ա. 4-րդ դարում հունական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչ Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, դրա՝ ժողովրդավարական եւ արդարացի լինելու մասին խոսելիս։
Սահմանադրության մասին ուրվագծված արիստոտելյան այս տրամաբանությունը, ըստ էության, լիովին արտացոլված է նաեւ մեր երկրի Մայր օրենքում, որտեղ ՀՀ—ն սահմանված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն, ամրագրված են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան։ ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունները կատարվեցին 2015 թ. դեկտեմբերի 6—ի հանրաքվեով, որով Հայաստանը նախկին կիսանախագահական կառավարման ձեւից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի։ Խորհրդարանական կառավարման ընթացքում որքանո՞վ են կիրարկվել գործող Սահմանադրությամբ ամրագրված դրույթները, որպես երկրի հիմնական օրենք՝ ի՞նչ փոփոխությունների կարիք ունի ներկայումս, Բարձրագույն դատական խորհրդի մեկ տարվա գործուներությունը ի՞նչ դեր ունեցավ դատական համակարգի կայացման, դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում։
Ազգային ժողովի պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հիշյալ հարցերի շուրջ «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանում Սահմանադրությունը չի կառուցվել այն տրամաբանությամբ, որով երկրի բնակչությունը կլիներ պահանջատեր։ Իր պատկերացմամբ՝ Մայր օրենքում պետք է ամրագրված լինեին բնակչության նկատմամբ պետության միակողմանի պարտավորությունները. «Գոհ չեմ գործող Սահմանադրության տրամաբանությունից։ Օրինակ, այն օրենքով կարող է որոշ հարցեր կարգավորել, այնուհետեւ օրենքը թույլ է տալիս հարցը կարգավորել կառավարության որոշմամբ, վերջինս էլ իր հերթին հղում է տալիս նախարարի հրամանին եւ վերջում պարզվում է՝ նախարարի հրամանը չկա, եւ ստացվում է, որ այդ սահմանադրական նորմը ուղղակի չի գործում։ Եթե Մայր օրենքը թողնում են այն նույն տրամաբանության մեջ, որով այս պահին է գործում, ապա պետք է գնանք տեխնիկական բարեփոխման։ Մինչ քաղաքական հարցերի լուծմանն անցնելը՝ սահմանադրագետները, իրավաբանները Սահմանադրության առաջին հոդվածից մինչեւ վերջին հոդվածը պիտի դիտարկեն որպես իրավական ակտի տեխնիկական հարցի լուծում։ Հոդվածներում բազմաթիվ սխալներ կան՝ բառերի, ձեւակերպումների, մտքերի»։
Խոսելով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության մասին, պատգամավորը նկատեց՝ ԲԴԽ—ի յուրաքանչյուր անդամ ԱԺ—ին պետք է ներկայացնի խորհրդի գործունեության մասին իր տեսլականը։ Սակայն այս մշակույթը Հայաստանում, նրա խոսքով, ցավոք, դեռեւս չի ձեւավորվել։ Այս պահին գործող ԲԴԽ—ն պետք է հրապարակի մոտակա 3—5 տարվա դատական իշխանության զարգացման իր տեսլականը, որպեսզի խորհրդի գործունեությունը ընկալելի լինի ե՛ւ դատական, ե՛ւ գործադիր ու օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների համար։ Ամփոփելով կառույցի մեկ տարվա գործունեությունը՝ բարեփոխումների տեսանկյունից, Նիկոլայ Բաղդասարյանն այս պահին դրական գնահատական տալ չի կարող. «Կառույցի գործունեությունը համընկավ հեղափոխության հետ, որի ընթացքում որոշ մարմինների, այդ թվում ԲԴԽ—ի աշխատանքը պարալիզացված էր»։
Պատգամավորը գտնում է, որ այժմ այն պահն է, երբ խորհրդի անդամները պետք է ինքնակազմավորվեն եւ հանդես գան դատական իշխանության զարգացման մասին հայտարարությամբ։ Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց, որ կիսում է այդ առթիվ Վահե Գրիգորյանի հիմնավորումները եւ չսահմափակվելով դրանով՝ մոտ օրերս լրացուցիչ հիմնավորումներ կներկայացնի նաեւ ինքը. «Այո, ՍԴ—ում այս պահին ճգնաժամ է, եւ դրա լուծումը պետք է վերապահված լինի դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությանը»։ Խոսելով դատական համակարգի բարեփոխումներից, նշեց, որ դա պատկերացնում է անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման արդյունքում։
Նույն հանձնաժողովի եւ նույն խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրությունն այն փաստաթուղթն է, որի վրա հիմնված է պետությունը։ Հայաստանի Հանրապետությունն առանց ՀՀ Սահմանադրության, ըստ նրա, անհնար է պատկերացնել. «Սահմանադրական փոփոխությունների թեման ամենաչարչրկվածն է վերջին երկու—երեք տարիներին, ուստի այս մասին խոսել չեմ ցանկանա։ Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ինչ ունենք՝ ի դեմս Սահմանադրության, գործի ամբողջությամբ, ողջ ծավալով, որպեսզի հասկանանք, թե որ դրույթների ուղղությամբ պետք է գնանք բարեփոխումների։ Սահմանադրությունն ընդամենը մեկ տարի է, որ ողջ ծավալով գործում է։ Մինչեւ անցած տարվա ապրիլի 9—ը որոշ գլուխների եւ հոդվածների մասով չի գործել»։
Սահմանադրական դատարանում ծագած ճգնաժամի մասին գործընկերների տեսակետը նա եւս կիսում է. «Հարցը օր առաջ պետք է լուծել։ ՍԴ—ն գործում է չափից ավելի խոցելի պայմաններում, դատարանի որոշումներին հանրությունը վերաբերվում է կասկածանքով։ Այս իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հստակ լուծում չի առաջարկվել»։ Հարցին, թե՝ Բարձրագույն դատական խորհուրդը մեկ տարվա գործունեության ընթացքում դատական համակարգում ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել, պատգամավորը պատասխանեց, որ կառույցի գործունեությունը իր եւ շատ քաղաքացիների համար եղել է աննկատ. «Դա արդեն լավ չէ։ Կազմը ձեւավորվում է նորովի, անդամներից 5—ին ընտրում է Ազգային ժողովը։ Ակնկալում ենք, որ նոր կազմով ԲԴԽ—ն կգործի օրենսդրությամբ նախատեսված բոլոր լիազորություններով, ինչպես նաեւ լուրջ ներդրում կունենա դատական համակարգի բարեփոխման գործում։ Կառույցի դերակատարումն այդ առումով ամենամեծը կարող է լինել»։ Անդրադառնալով ԲԴԽ անդամների հրաժարականներին, նման իրավիճակը պայմանավորեց հանրային վստահության բացակայությամբ։ Մեկ տարվա գործունեության ընթացքում խորհուրդը, ըստ նրա, հանրության կողմից վստահություն չի վայելել։
Նույն հանձնաժողովի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ Սահմանադրությունը, ինչպես եւ ցանկացած օրենք, պետք է կարողանա համաչափ, զուգահեռ ընթանալ կյանքի պահանջներին։ Այս իմաստով ամենալավ օրենքն էլ, ասում է, մեկ օր հետո կարող է փոփոխությունների անհրաժեշտություն ունենալ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նկատում է, որ ՀՀ Սահմանադրությունն այսօր գլոբալ փոփոխությունների կարիք չունի. «Եթե եղածը պահպանվի՝ լավ կլինի։ Չգիտեմ՝ ով ինչ անհրաժեշտություն է տեսնում, բայց այս պահին մեր երկրի հիմնական անելիքը սահմանադրական փոփոխությունը չէ։ Մեր գործը համապատասխան օրենքների շրջանակներում պետության կողմից քաղաքացիների նկատմամբ պարտականությունների կատարումն է»։
Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ՍԴ—ում ճգնաժամ գոյություն չունի։ Շինծու խոսակցություններ է համարում. «Սահմանադրությունը շատ հստակ պատասխանում է այս խնդրի հետ կապված բոլոր հարցերին, եւ հեծանիվ հնարելու անհրաժեշտությունը չկա այս պահին»։ Պատգամավորը չի կիսում այն տեսակետը, որ Բարձրագույն դատական խորհուրդը մեկ տարվա գործունեության ընթացքում հասարակության կողմից վստահություն չի վայելել։ Ընդգծում է՝ խորհրդի նախկին կազմում, հրաժարական ներկայացրածների շարքում եղել են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց գործնական հատկանիշներով, ունակություններով եւ հմտություններով կարող էին մեծ օգուտ բերել անկախ դատական համակարգի կայացման գործընթացին. «Ազգային ժողովն այսօր ճիշտ դիրքորոշում չունի ԲԴԽ անդամների ընտրության հարցում։ Շատ լավ թեկնածուներ ենք ունեցել, որոնք զուտ քաղաքական նկատառումներից ելնելով՝ տապալվել են։ Նման կարծիք հայտնողները պետք է իրենց խղճի առաջ մաքուր լինեն՝ արդյոք, թեկնածուներին ընտրելիս անաչառ են։ Եթե հաշվի առնենք՝ մեկուկես ամսվա ընթացքում ինչպիսի թեկնածուներ են մերժվել ԱԺ—ում, պարզ կդառնա, թե նրանց նկատմամբ ցուցաբերված մոտեցումն ինչով է պայմանավորված՝ անձնական հատկանիշների հանգամանքով, թե զուտ քաղաքական շարժառիթներով»։
Խոսելով դատաիրավական բարեփոխումների մասին, նա կրկին շեշտեց՝ երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրն այս ոլորտի բարեփոխումները չեն։ Ըստ նրա՝ ինքնին հաջողություններ կարձանագրվեն, եթե տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության ընթացքում պահպանեն եղած օրենքները, եւ դատարանները ղեկավարվեն գործող օրենսդրության շրջանակներում. «Չեմ բացառում, որ դատական իշխանությունը փոփոխությունների, թարմացումների կարիք ունի, բայց մեր գլխավոր անելիքն այն բազմաթիվ սոցիալական խնդիրներն են, որոնք շարունակում են մնալ չլուծված»։
ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը գտնում է, որ ներկայիս Սահմանադրությունը մեծ փոփոխությունների կարիք ունի հիմնականում պետական կառավարման ապարատում։ Սահմանադրության ներսում գործող առկա լծակները, կարծում է՝ թույլ չեն տալիս խորհրդարանական կառավարման համակարգը բավարար մակարդակով իրականացնել։ Չի կարծում, որ ՍԴ—ում ճգնաժամ կա. «Նորմալ գործընթաց է, միշտ էլ կարող են շատ կարծիքներ լինել, եւ դա պետք է դիտարկել ոչ թե ճգնաժամ, այլ որպես սովորական իրավաբանական մեկնաբանություն»։ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ու կառույցի գործունեության մասին խոսելիս, նկատեց՝ ԲԴԽ—ի առաջնային առաքելությունը դատական համակարգի անկախության երաշխավորումը պետք է լինի։ Խորհրդի մեկ տարվա պրակտիկան բավարար չի համարում՝ դատողություններ անելու, գնահատական տալու համար։ Հույս ունի, որ նոր կազմավորվող Բարձրագույն դատական խորհուրդը կզարգանա եւ կգործի այնպես, որ այս տարվա վերջին կամ հաջորդ տարի դրական միտումներ կարձանագրեն. «ԲԴԽ—ն իր հիմնական առաքելությունը՝ արդարադատության համակարգի անկախության ապահովումը, հուսով ենք, կիրականացնի»։

05-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO