Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Տատյանա Չեռնիգովսկայա. լեզվի եւ ուղեղի կապը

Տատյանա Չեռնիգովսկայան ծնվել է 1947 թվականի փետրվարի 7—ին՝ Լենինգրադում։ Հայտնի խորհրդային եւ ռուս գիտնական է նեյրոգիտության, հոգելեզվաբանության եւ գիտակցության տեսության ոլորտում։ Չեռնիգովսկայան Ռուսական կրթության ակադեմիայի թղթակից անդամ է, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Մեզ շրջապատող ամենը մեր ուղեղի արգասի՞քն է

Ցավոք, ուղեղն այժմ նորաձեւ է. դրա գործառույթներով սկսել են հետաքրքրվել գիտությունից հեռու մարդիկ։ Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ ցանկանում ենք իմանալ, թե ով ենք մենք։ Ավելի բարդ բան, քան ուղեղն է, պատկերացնել անգամ չենք կարող։ Արդեն քանի տարի է՝ ակադեմիկոս Վլադիսլավ Լեկտորսկու «ուղեղն աշխարհի մեջ է, իսկ աշխարհն՝ ուղեղի» արտահայտության տպավորության տակ եմ։ Ի՞նչ հիմքեր ունենք կարծելու, թե ամենը, ինչ տեսնում եք, մեր ուղեղի արգասիքը չէ։ Հալյուցինացիաներ ունեցող մարդու համար իր տեսիլքները նույնքան իրական են, եւ անհնար է նրան ապացուցել, որ դրանք գոյություն չունեն։ Լեկտորսկու արտահայտությունը վտանգավոր է. չգիտես՝ ինչ մտածես։ Այնպես որ, ավելի լավ է այդ մասին գիշերը չխոսել։

Մարդիկ աշխարհի տիրակալնե՞րն են

Մենք կարծում ենք, թե բնության տիրակալներն ենք՝ աշխարհում ամենալավը, եւ այդպես էլ կմնանք, բայց մենք դեռ այնքան երկար չենք ապրում երկրի վրա, օրինակ, դելֆինի եւ նրա անհավանական ուղեղի համեմատ, որը նույնիսկ ավելի բարդ է, քան մերը։ Դելֆիններն ի հայտ են եկել 60 միլիոն տարի առաջ, իսկ մենք՝ 250 հազար, ինչը միլիվայրկյանից էլ քիչ է էվոլյուցիոն սանդղակում։ Այնպես որ, հպարտանալու բան այստեղ չկա՝ էլ չասած այն մասին, որ ոչ ոք չի պնդել, թե էվոլյուցիան ավարտված է։ Պարզ չէ, թե ուր ենք շարժվելու՝ կիբօ՞րգ ենք դառնալու, ինչը շատ հավանական է, թե՞ կենսաբանական արարած, բայց հստակ է, որ զարգանալու է ուղեղը, այլ ոչ ականջները։

Մարդ ծնվու՞մ ենք, թե՞ դառնում

1970 թվականին էկրան բարձրացավ հանճարեղ ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Վայրի երեխան» ֆիլմը։ Սյուժեն հիմնված է իրական դեպքի վրա. հայտնվում է 8—10 տարեկան տղա, որին լիարժեք մարդ չես կարող անվանել։ Այդպիսի մարդկանց անվանում ենք Մաուգլի՝ նկատի ունենալով, որ ձեւավորվել են սոցիումից եւ լեզվից դուրս։ Ֆիլմի հիմնական հարցը հետեւյալն է. «Մարդ ծնվու՞մ ենք, թե՞ դառնում»։ Այսինքն՝ դրա համար անհրաժեշտ է աշխատե՞լ, թե՞ ի ծնե ունենք այդ իրավունքը։ Չեմ պատմի ֆիլմը, բայց այն լավ ավարտ չի ունենում. մենք այնպես ենք կառուցված, որ որոշակի գործընթացներ պետք է տեղի ունենան իրենց ժամանակին։ Դա վերաբերում է լեզվին եւ մյուս բարձր գործառույթներին։
Տարիներ առաջ ներկա էի «Չարախոսության դպրոց» հաղորդմանը՝ Տատյանա Տոլստայայի եւ Դունյա Սմիռնովայի հետ։ Դունյան արագ լռեց, սակայն մարտական Տատյանան շատ խելացի բան ասաց. «Համեմատե՛նք գենը սրճեփի հետ։ Սրճեփն արդեն գնել ենք, դրել ենք խոհանոցում, սակայն որպեսզի այն աշխատի անհրաժեշտ է ա) ջուր լցնել, բ) սուրճ լցնել, գ) սեղմել կոճակը, այլապես ոչինչ տեղի չի ունենա»։ Նա շատ ճիշտ նկատեց. եթե գեները վատն են, ոչինչ անել չես կարող, բայց եթե լավ գեներ ունես, դա դեռ ամենը չէ։ Անհրաժեշտ է ժամանակին հայտնվել սոցիալական եւ լեզվական տիրույթում եւ միայն դրա շնորհիվ դառնալ մարդ։ Ի՞նչ է նշանակում ժամանակին։ Դա, իհարկե, լղոզված հասկացություն է։ Լավ կլինի, որ դա տեղի ունենա մինչեւ 3 տարեկանը, սակայն անհրաժեշտ է՝ մինչեւ 6։ Կա երկու խաղացող՝ գենը եւ փորձը, որը կա՛մ թույլ կտա, որ ի ծնե ունակություններն իրացվեն, կա՛մ՝ ոչ։ Կարելի է Մոցարտ ծնվել, բայց երբեք այն չդառնալ։

Բոլոր մարդկանց համար ընդհանուր գենետիկական մեխանիզմ

Այսօր աշխարհում կա մոտ 6000 լեզու։ Դրանք կառուցվածքով բավականին տարբեր են, սակայն միավորվում են ընդհանուր գենետիկական մեխանիզմով, որը ցանկացած առողջ երեխայի թույլ է տալիս տիրապետել մայրենի լեզվին։ Երեխայի ուղեղը պետք է վիթխարի աշխատանք կատարի՝ բարդագույն կոդ վերծանի։ Նա հայտնվում է լեզվական միջավայրում եւ պետք է ապակոդավորի այն։ Ուղեղն իր համար դասագիրք է գրում, եւ մենք շատ կուզենայինք տեսնել, թե ինչպես է դա կատարվում։ Եթե դա մեզ հաջողվեր, կփոխվեր դաստիարակությունը եւ կրթությունը։ Դրա ըմբռնմանն են ուղղված այս պահին գոյություն ունեցող ճանաչողական գիտությունների ողջ ջանքերը, քանի որ դրանից է կախված մնացյալը։ Ով հաղթի ուղեղի հետ այս խաղում՝ միանգամից կստանա ամեն ինչ, սակայն չեմ կարծում, թե դա հնարավոր է։

Գոյություն ունի՞ հիշողության գեն

Մարդն ունի ահռելի քանակությամբ գեներ, որոնք աշխատում են ուղեղի համար. հենց այն է ողջ էվոլյուցիայի արդյունքը։ Այդ թեմայով լիքը հիմար գրքեր եւ սպեկուլյացիաներ կան. մարդիկ փնտրում են հիշողության գեն, մտածողության, սակայն դա անհեթեթություն է։ Ցանկացած թեկուզ տարրական կրթություն ունեցող մարդ հասկանում է, որ նման բարդ բաները չեն կարող կապված լինել միայն մեկ գենի հետ։

Ինչպե՞ս է ի հայտ եկել գիտակցությունը

Մենք գիտենք, որ ուղեղում կա 49 հատված, որոնցում էվոլյուցիան ինչ—ինչ պատճառներով շատ արագ է տեղի ունեցել. փոփոխությունները 70 անգամ ավելի ակտիվ են կատարվել, քան մնացյալ հատվածներում։ Նշյալի պատճառը հայտնի չէ, սակայն փաստ է, որ մեր ուղեղի ճակատային եւ առաջային հատվածները, որոնք պատասխանատու են բարդ մտածողության եւ լեզվի համար, սկսել են սրընթաց զարգանալ։ Կրկին հիմար հարց տամ. մենք ի՞նչ պետք ենք տիեզերքին։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է, էլեկտրոնները եւ մոլորակները գիտեն՝ ինչպես պտտվել։ Բնության ինչի՞ն էր պետք արարած, որը պետք է ճանաչեր իր օրենքները։ Մենք ոչ մի լավ բան չենք արել. շատ բան ոչնչացրել ենք եւ շարունակում ենք։ Եվ ինչու՞ ենք սկսել գիտակցել մեզ որպես անհատականություն։ Գուցե համակարգը զարգանում եւ բարդանում է՝ հասնելով մի շեմի, որում ինքնաբերաբար ի հայտ է գալիս գիտակցությունը։ Եվ եթե այդպես է, որեւէ հիմք չունենք ենթադրելու, որ արհեստական ինտելեկտը, որ այդքան թեթեւամտորեն խաղում ենք, ի հայտ չի գա։

Ինչու՞ է ուղեղը հիշում ամեն ինչ

Մեզանից յուրաքանչյուրը ծնվում է իր նեյրոնային ցանցով։ Ավելին՝ փոքր երեխաների մոտ նեյրոններն ավելի շատ են, քան մեծահասակների, որոնք անպետքության պատճառով հետագայում վերանում են։ Այդ նեյրոնային ցանցի վրա գրվում է մեր կյանքի տեքստը։ Երբ գա Արարչի հետ հանդիպման պահը, ամեն մեկը կներկայացնի իր տեքստը, եւ այնտեղ ամեն ինչ կերեւա. ինչ է կերել, խմել, ում հետ է շփվել։ Եթե չունես Ալցհայմերի կամ Պարկինսոնի հիվանդություն, ապա ուղեղը պահպանում է ողջ տեղեկատվությունը, որի կողքով անցել է, շնչել է, փորձել է, ըմպել է եւ այլն. այդ ամենը մեր գլխում է։ Եթե չենք հիշում, դա դեռ չի նշանակում, որ ուղեղում չի պահպանվել։ Դա ապացուցելու բազմաթիվ եղանակներ կան, որոնցից ամենահասարակը հիպնոսն է։ Դրա համար անընդհատ կրկնում եմ՝ չի կարելի կարդալ հիմար գրքեր, շփվել ապուշների հետ, լսել վատ երաժշտություն, ուտել անորակ կերակուր, դիտել անտաղանդ ֆիլմեր։ Եթե խելքներս գցենք եւ փողոցում շաուրմա ուտենք, այն հնարավոր կլինի դուրս բերել ստամոքսից, բայց գլխից՝ երբեք. ընկածը կորած է։

Ինչու՞ է լեզուն փրկություն

Մարդկային լեզուն մեզ համար փրկություն է։ Ամեն նանովայրկյան տեղեկատվության վիթխարի քանակություն է ստացվում ամեն տեղից. տեսողական, լսողական, շոշափողական, համային, հոտային։ Լեզուն այդ մղձավանջային քաոսին դիմակայելու գործիքներից է, քանի որ հնարավորություն է տալիս այդ ամենը տեղավորել դարակներում։ Հենց լեզուն է կազմակերպում դասերն ու հայեցակարգերը։ Մարդկանց 99%—ը կարծում է, թե լեզուն հաղորդակցություն է, բայց, ինչպես երեւում է, դա լեզվի գլխավոր առաջադրանքը չէ։ Աշխարհի խոշորագույն լեզվաբան Նոամ Չոմսկին վստահ է, որ լեզուն ստեղծվել է ոչ թե հաղորդակցության, այլ մտածողության համար, իսկ շփումը կողմնակի արդյունք է։ Հաղորդակցման համար կարեւոր է, որպեսզի ստացվի հենց այն, ինչ փոխանցվում է, այդ պատճառով դրա իդեալական տարբերակը Մորզեի այբուբենն է, իսկ լեզուն բազմիմաստ է. դրանում նույն բառերը կարող են հակառակ իմաստներ ունենալ՝ կախված ունկնդրից։ Դա նշանակում է, որ հաղորդակցման համար այն վատ է։

Ուղեղում որտե՞ղ է գտնվում հիշողությունը

Մարդկային լեզվի կառուցվածքը տարբերվում է աշխարհի մյուս հաղորդակցման տեսակներից։ Այն հիերարխիկ է, կազմված մանրագույն տարրերից՝ հնչույթներից, որոնք միանալով կազմում են վանկեր, ձեւույթներ, բառեր եւ այլն։ Գիտությունները, որոնցով զբաղվում եմ, փորձում են հասկանալ այդ կառուցվածքը։ Օրինակ՝ ի՞նչ հիմքեր ունեմ ենթադրելու, որ կան գոյականներ եւ բայեր։ Աշխատելով հիվանդների հետ՝ տեսնում եմ, որ նրանց մի մասը մոռացել է գոյականները, մյուսը՝ բայերը։ Դա ապացուցում է, որ դրանցով զբաղվում են ուղեղի տարբեր գոտիներ։ Ընդ որում՝ ուղեղի յուրաքանչյուր հատվածը կատարում է իր առաջադրանքը, սակայն ուղեղը միշտ ամբողջությամբ է աշխատում։ Հիշողությունն ուղեղի մեջ գտնվում է ամենուր։ Խոսակցությունները, թե մենք օգտագործում են դրա 5 կամ 10 տոկոսը, դատարկություն են։ Ուղեղը վիթխարի նեյրոնային ցանց է, դինամիկ է եւ տեղայնացված չէ։ Միեւնույն բանը չես կարող հիշել երկու անգամ, քանի որ երկրորդ անգամ վերարտադրում ենք հիշելու վերջին գործընթացը։ Այդ ֆայլն արդեն վերագրված է եւ նորից է վերագրվելու։

Ուղեղի համար վտանգավո՞ր են մեծ ծանրաբեռնվածությունները

Նախագծերից մեկի ժամանակ հետեւում էինք, թե ինչ է կատարվում ուղեղում ինտենսիվ աշխատանքի ժամանակ, երբ այն պետք է մեծ արագությամբ տարբեր առաջադրանքներ կատարի։ Մենք հասկացանք, որ այն հայտնվում է սարսափելի վիճակում, երբ որքան վատ է՝ այնքան լավ. սթրեսի չափավոր քանակություններն ուղեղի համար օգտակար են։ Անընդհատ պայքարում ենք սարսափելի հրեշ վերջնաժամկետի դեմ։ Երբ ինձ մնում են վերջին ժամերը, հավաքվում եւ ամեն ինչ անում եմ։ Բայց եթե կարելի էր անել այդքան կարճ ժամանակում, ինչու՞ չարեցի երեկ։ Ի՞նչ պետք էր այդ միջուկային պատերազմ սարքելը։ Սակայն անձամբ ինձ (իսկ դա շատ անհատական է) պետք է, որ ինչպես հարկն է ժամանակը սեղմի։ Բոլորի մոտ չէ, որ այդպես է, սակայն քեզ պետք է ճանաչես։

Նյարդային բջիջները վերականգնվում են

Ոմանք դեռեւս կրկնում են, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում, սակայն դա ճիշտ չէ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք ստիպում ենք, որ ուղեղը մշտապես աշխատի. միշտ պետք է դժվարություն հաղթահարենք։ Եթե մկաններին ծանրաբեռնություն չտանք, ապաճում են։ Նույնն էլ ուղեղի դեպքում է։ Այն չպետք է թուլանա։ Եթե լարված ինտելեկտուալ աշխատանք ենք կատարում, Ալցհայմերը տարիներով կհետաձգենք։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Ուսուցումը ֆիզիկական փոփոխությունների է ենթարկում ուղեղը. մեծանում է նեյրոնային ցանցի խտությունը, լավանում է որակը, աճում են դենդրիտները եւ աքսոնները։ Ինձ հարցնում են. «Իսկ սուրճն ազդու՞մ է ուղեղի վրա»։ Իհարկե, ազդում է՝ ե՛ւ սուրճը, ե՛ւ կանաչ թեյը, ե՛ւ վիսկին. ազդում է ամեն բան։

Ռուսերենից թարգմանեց
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

05-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO