Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ինչ կանեն Սեւանի հետ անաբենա ցեղի ջրիմուռները

Գերմանիայի ԿԳՆ-ն լճի ճահճացման գնահատման 1D մոդել կմշակի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Վերջին օրերին Սեւանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40—ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964թ. եւ տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաեւ այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաեւ 2018թ.։ Շրջակա միջավայրի նախարարությունը օրեր առաջ տեղեկատվություն ներկայացրեց Սեւանա լճի բնապահպանական վիճակի մասին։
Դրա համաձայն, ըստ մասնագետների, կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ. Սեւանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրերից կեղտաջրերի մուտքը լիճ, լճի ափամերձ տարածքներում գործող սպասարկման եւ ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ, գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի եւ ազոտի մուտքը լիճ, ջրածածկ եւ ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայական փոփոխությունները, տեղումների սակավությունը։ Ի դեպ, վերջինիս մասով (դարձյալ ըստ նախարարության) մայիսին լճում 36 մլն խմ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբեւէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն խմ)։
Այս բոլոր գործոններին գումարվում է նաեւ քամու ինտենսիվությունը։ Դրա պատճառով ապրիլին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը։
Լավ, իսկ ի՞նչ է անում նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն, «լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել եւ իրականացնում է մի շարք գործողություններ»։
Օրինակ՝ 1. ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման եւ Սեւանից ջրառի նվազեցման ուղղությամբ, ջրառի ծավալները մոնիթորինգի են ենթարկվում դաշտային ուսումնասիրությունների միջոցով։ 2. Շարունակական մոնիթորինգ է իրականացվում լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով եւ աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար։ 3. Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ—ին՝ Սեւանա լճին եւ հարակից տարածքին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ—ից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ 4. Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի եւ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սեւանա լճի ջրի որակի մոնիթորինգի ու հատակային նստվածքների 1D մոդելավորում։
5. Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ հունիսի 26—ին պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացնելու նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում եւ սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման (ճահճացման,—Ա.Մ.) գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլանկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում եւ ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում եւ այլն։ Աշխատանքներին կներգրավվեն Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելհոլցի կենտրոնը, լճերի հետազոտությունների բաժինը, Լեյբնիցի բալթյան ծովի ուսումնասիրության ինստիտուտը, Գերմանիայի Երկրի ուսումնասիրության եւ շրջակա միջավայրի ծառայությունների ընկերությունը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ—ը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը։
Շրջակա միջավայրի նախարարությունը իբրեւ 6—րդ գործողություն նշում է այն, որ 5 մլն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սեւանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար։ 7. Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը, որոնք որոշ հատվածներում, հատկապես բնակավայրերի մոտ, վերածվել են աղբավայրի։ 8. Հստակեցվել է մինչեւ 1901.5 մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770 հա), հայտարարվել է մրցույթ եւ նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019—22թթ։ 9. Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ—կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։ 10. Սեւանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող նախարարության պահանջով իրենց սպասարկման եւ ժամանցի կետերում արդեն տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։ Եվ 11. Մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սեւանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկը։

Ուլունքաշար, որի հատիկները բնավ էլ մարգարիտներ չեն

Այս ամենից մեզ երկու հարց հետաքրքրեց (մյուսներին անդրադարձ եղել է). ինչ տեսակի ջրիմուռ է այդ anabaena—ն եւ ինչպես է կողակի վերականգնման ծրագիրը դառնալու լճի մաքրման հիմնական գործոններից մեկը։
Նախ գանք anabaena—ին։ Դատելով համացանցային՝ մասնագիտական հարթակի տեղեկատվությունից՝ anabaena—ն կապտականաչ ջրիմուռների ցեղ է։ Նայելով լուսանկարներին՝ ուլունքաշարի տպավորություն ես ստանում, բայց «արտադրածն» ամենեւին էլ մարգարիտներ չեն։ Հայտնի է 100, ՀՀ—ում՝ 10 տեսակ։ Ընդհանրապես տարածված է ամենուրեք։ Բնակվում է քաղցրահամ եւ աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Մարմինը թելանման է, ուղիղ կամ ոլորված։ Ազատ լողում է ջրում։ Որոշ տեսակներ զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում են ջրի «ծաղկում» եւ արտադրում նյութեր, որոնք թունավոր են ձկների ու ջրլող թռչունների համար, իսկ որոշ տեսակներ յուրացնում են օդի ազատ ազոտը։
Ըստ Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանի, կապտականաչ ջրիմուռներին երբեմն անվանում են նաեւ ցիանոբակտերիաներ։ Հայտնի է մոտ 2000, ՀՀ—ում՝ 160 տեսակ՝ նոստոկ (nostoc), անաբենա (anabaena), սպիրուլինա (spirulina), օսցիլատորիա (oscillatoria) եւ այլն։ Բնակվում են քաղցրահամ եւ աղի ջրերում, հողում, ձյան եւ սառցի վրա, տաք հանքաղբյուրներում, քարանձավներում։
Բարակ պեկտինային թաղանթով (որը խիստ լորձնանում է) պատված միաբջիջ, գաղութային կամ թելանման օրգանիզմներ են, որոնք ընդունակ են յուրացնելու օդի ազատ ազոտը։ Պրոտոպլաստում պարունակվում են ավելի քան 40 տարբեր գունակներ, որոնց շնորհիվ ունեն տարբեր գունավորում՝ կապտականաչ, մանուշակագույն, վարդագույն, դեղնականաչ, գրեթե սեւ։ Բազմանում են հիմնականում վեգետատիվ ճանապարհով։ Մասնակցում են հողագոյացման, ջրամբարների էվտրոֆացման գործընթացներին, նպաստում տիղմի առաջացմանը։ Շատերն արտադրում են թունավոր նյութեր։ Առանձին տեսակների զանգվածային բազմացման ժամանակ ջուրը թվում է ներկված (կանաչ, կապույտ եւ այլն). երեւույթն անվանում են ջրի «ծաղկում»։ Որոշ տեսակներ ուտելի են, որոշները՝ անասնակեր, պարարտանյութ, դեղահումք եւ այլն։ Սեւանա լճում ջրի «ծաղկում» են առաջացնում անաբենա ցեղի տեսակները։
Թունավո՞ր են արդյոք սրանք, որ մեր լճում են։ Մասնագիտական տեղեկատվությունը հուշում է՝ անաբենա ցեղի տեսակներն ունեն տոքսիկ եւ ոչ տոքսիկ շտամներ։ Ի դեպ, մեզ հետ զրույցում այս տեսակետը հաստատեց նաեւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը։
Մասնագիտական տեղեկությունները հուշում են նաեւ, որ երբ ծաղկման հետեւանքով ջրիմուռներն արտադրում են տոքսիկ նյութեր, դրանք վտանգավոր են մարդկանց առողջության (օրինակ առաջացնում են երկարատեւ փորլուծություն), նաեւ ոռոգման համար։ Գուցե պարադոքս է, բայց նույն տեղեկությունները ասում են նաեւ, որ դա չի նշանակում, որ մարդիկ ջուրը մտնելով կթունավորվեն։ Միով բանիվ՝ ամեն ինչ կախված է շտամներից։
Մասնագիտական հարթակներում այլ մոտեցումներ էլ կան. մեկ՝ որ ջրիմուռները իրենց շրջանից հետո (նշվում է՝ մայիս, հուլիս, հոկտեմբեր) ոչ թե «անհետանում» են, այլ նստում ջրի հատակին՝ վերանալու խաբկանք ստեղծելով եւ զուգահեռաբար հատակին նստելով շարունակում են աղտոտել ջուրը։
Համապատկերում հիշեցնենք, որ կառավարությունում նախորդ շաբաթ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, թե ջրում առկա ֆոսֆորը նվազում է եւ առաջիկա 7—10 օրվա ընթացքում լճի կանաչ գույնը կանհետանա։
Ինչեւէ, մասնագիտական տարբեր տեսակետների պարագայում էլ հայտարարը մեկն է՝ Սեւանը վտանգված է, մասնագիտական ճիշտ վերլուծություն է պետք, եւ քայլերը պետք է արագ անել։
Իսկ թե ինչպես է կողակի վերականգնման ծրագիրը դառնալու լճի մաքրման հիմնական գործոններից մեկը (նախարարության ձեւակերպմամբ), առանձին կխոսենք։

10-07-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO