Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Ես հարյուր տոկոսով հայ եմ եւ հարյուր տոկոսով ռուսաստանցի»

Նիկիտա Սիմոնյանը լավագույնն է մաղթել հայկական ֆուտբոլին եւ հայ ժողովրդին

Անվանի ֆուտբոլիստ եւ մարզիչ, անմոռանալի «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, չնայած վերջերս սրված առողջական խնդիրներին, շարունակում է ծառայել հարազատ մարզաձեւին եւ ջերմագույն ողջույններ է հղում բոլոր հայրենակիցներին։ Դրանք նա փոխանցեց «ՀՀ»-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում, որը սկսեցինք Հայաստանի նախագահի հրամանագրով նրան պետական հերթական պարգեւը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի շքանշան շնորհելու մասին հարցից (ի դեպ, պարգեւը առաջիկայում հանդիսավորությամբ կհանձնվի անվանի մասնագետին)։ Կարծում ենք, ֆուտբոլի մեծ վարպետին ներկայացնելու կարիք չկա, սակայն չնշել նրա գոնե հիմնական նվաճումներն ու տիտղոսները նույնպես չենք կարող։ Եվ այսպես, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ քառակի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ։ Նրա գլխավորությամբ Երեւանի «Արարատը» դարձել է երկրի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, իսկ Մոսկվայի «Սպարտակը»՝ կրկնակի չեմպիոն ու եռակի գավաթակիր։
–Նախ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ հայրենիքի հերթական պարգեւին արժանանալու համար։
–Շնորհակալություն։ Իհարկե, հպարտ ու երջանիկ եմ, քանի որ դա լինելու է Հայաստանից 4—րդ պարգեւը։
–Դուք ունեք նաեւ ՄՕԿ—ի, ՖԻՖԱ—ի, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի բարձրագույն ու պետական պարգեւներ։ Համադրելի՞ են արդյոք հույզերն այն ժամանակ, երբ նման գնահատանքի եք արժանանում Հայաստանից։
–Հայկական պարգեւներն, ինչ խոսք, առանձնահատուկ են ինձ համար։ Նման դեպքերում միշտ հիշում եմ Շառլ Ազնավուրի խոսքերը, որոնք ձեւափոխել եմ եւ կուզենամ հայերեն ասել (մենք զրուցում էինք ռուսերեն–Հ. Ն.). «Ես հարյուր տոկոսով հայ եմ եւ հարյուր տոկոսով ռուսաստանցի»։
–Մեկ ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին Ձեր ինքնազգացողության կտրուկ վատացման մասին։ Ինչպե՞ս եք հիմա զգում ձեզ։
–Վերջին ամիսներին իրոք որոշակի առողջական խնդիրներ ունեմ։ Հավանաբար, գիտեք, որ մեկ ամիս առաջ հիվանդանոց էի տեղափոխվել, եւ բժիշկներն ասացին, որ արյան շրջանառության թուլացում է եղել։ Դժվարությամբ եմ շարժվում, բայց չեմ հանձնվում՝ շարունակում եմ աշխատել։ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահը լինելուց բացի, նաեւ «Կաշվե գնդակ» ակումբի նախագահն եմ, ինչպես նաեւ գլխավորում եմ ՌՖՄ տեխնիկական կոմիտեն եւ մարզիչների արտոնագրման հանձնաժողովը։ Զբաղվում եմ նաեւ ընդհանուր կարգի այլ հարցերով, օրինակ, ֆուտբոլային վետերաններին մարզական թոշակի նշանակմամբ։
–Քանի որ առողջության մասին հարցից դիվանագիտորեն անցաք աշխատանքայինին, ապա, օգտվելով առիթից, չեմ կարող չհարցնել Ձեր կարծիքը Ռուսաստանում հայաստանցի ֆուտբոլիստներին լեգեոներ համարելու մասին։ Վերջիվերջո ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը։
–Չգիտեմ, թե ինչ մակարդակով է դա լուծվելու, որովհետեւ որոշվել է լեգեոներ չհամարել բելառուս խաղացողներին։ Եվ նշվեց, որ այդ հարցով հաստատ կդիմեն նաեւ Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը, որոնք նույնպես անդամակցում են ԵԱՏՄ—ին։ Առայժմ պարզ չէ ու, անկեղծ ասած, ինքս էլ չեմ պատկերացնում, թե ինչ կորոշվի։
–Ինչ եք կարծում, նման որոշումը կանդրադառնա՞ ռուսական ֆուտբոլի զարգացմանը։
–Որոշ առումով՝ այո։ Սակայն, տաղանդները միեւնույն է իրենց տեղը կգտնեն։ Հայերս լավ խոսք ունենք՝ տաշած քարը գետնին չի մնա։ Վառ օրինակ է Հենրիկ Մխիթարյանը։ Եթե նման խաղացող հայտնվի, ապա ընդհանրապես խոսքերն ավելորդ են։ Ցավոք, չեմ հանդիպել Հենրիկին եւ անմիջականորեն ծանոթ չեմ նրան, բայց նրա հայրը իմ թիմում էր խաղում։ Հրաշալի ֆուտբոլիստ էր, որը ցավալիորեն շատ վաղ հեռացավ կյանքից։ Ամեն դեպքում, ուրախ եմ Հենրիկի համար, որ կարողացավ նման բարձունքների հասնել։
–Ի դեպ, կարո՞ղ եք համեմատել Համլետ եւ Հենրիկ Մխիթարյանների խաղաոճերը։
–Գեներն, իհարկե, փոխանցվում են հորից որդուն։ Այստեղ չես վիճի։ Բայց մնացածը, անշուշտ, Հենրիկի տաղանդի արդյունքն է։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու հարց չկա, որովհետեւ Դորտմունդի «Բորուսիայում», «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում» խաղալն ինքնին ցուցանիշ է։
–Ձեր կարծիքով, նա ամբողջությա՞մբ է բացահայտել իր տաղանդը։
–Կարծում եմ՝ այո, բայց այլեւս բացահայտելու տեղ չկա, որովհետեւ տարիքը կխանգարի։ Նա քանի՞ տարեկան է՝ 30։ Իսկ ես կարիերաս ավարտել եմ 33—ում։ Հիմա պետք է պահի այդ մակարդակը։ Կարեւորն այն է, որ ամենից առաջ արագության հատկանիշները կարողանա պահպանել, իսկ մնացածը կստացվի, որովհետեւ նա պայծառ գլուխ ունի։
–Իսկ Հայաստանի ազգային հավաքականի խաղերին հետեւո՞ւմ եք։
–Վերջին հանդիպումները չի հաջողվել դիտել։ Բայց, ելնելով նախորդ խաղերից ստացած տպավորություններից՝ կարող եմ ասել, որ այդ թիմին պակասում էր եւս մեկ Հենրիկ Մխիթարյան, նաեւ Արկադի Անդրեասյանի, Էդուարդ Մարգարովի, Հովհաննես Զանազանյանի, Նիկոլայ Ղազարյանի, Լեւոն Իշտոյանի եւ մեր մյուս փառապանծ ֆուտբոլիստների պես խաղացողներ։ Ի դեպ, լսել եմ, որ Կոլյան հիվանդ է։ Լավագույն մաղթանքներս փոխանցեք նրան։ Եվ ընդհանրապես, ողջունում եմ մեր հայկական ֆուտբոլի բոլոր տղաներին։ Թող հաջողությունն ուղեկցի նրանց, որովհետեւ դա շատ կարեւոր է կյանքում եւ սպորտում։ Գիտեմ, որ հիվանդությունը չի շրջանցել նաեւ Հովհաննես Աբրահամյանին։ Դիմացի՛ր, Օնիկ։
Նաեւ ուզում եմ ասել՝ հիշատակդ պայծառ լինի Սաքո՝ Սարգիս Հովիվյան։ Գիտեք, որ մենք համաքաղաքացիներ էինք՝ երկուսս էլ ծնվել ենք Սուխումում։ Նա իսկապես վառ անհատականություն էր։ Անգամ այսօր քիչ կհանդիպեք ֆուտբոլիստների, որոնք ունակ են պարբերաբար միայնակ խաբս տալ մրցակցի մի քանի ֆուտբոլիստների, եթե չասեմ թիմի կեսին…
–«Արարատում» աշխատելու տարիներից Ձեր ամենավառ հիշողությունը 1973 թվականի գավաթի խաղարկության եզրափակիչ խա՞ղն է, թե՞, այնուհանդերձ, առաջնության վերջին հանդիպումը։
–Երկուսն էլ։ Բայց, հասկանում եք, առաջնեկը, ինչպես կյանքում, ամեն դեպքում առանձնահատուկ է։ Իսկ առաջին մրցանակը գավաթն էր։ Թեպետ՝ մարզական նշանակությամբ, չեմպիոնի տիտղոսն, իհարկե, բարձր է գավաթակրի կոչումից։ Չգիտեմ, թե հիմա ինչպես է Հայաստանում, բայց Ռուսաստանում, ցավոք, որոշ ակումբներ լուրջ չեն վերաբերում գավաթին։ Մեր ժամանակ ոսկե մեդալներն ու գավաթը գրեթե հավասար էին դասվում։ Խոշոր հաշվով՝ երկուսն էլ մարզական մրցանակներն են, որոնք նվաճելն էլ հենց յուրաքանչյուր թիմի գլխավոր նպատակն է։
–Պատմական 1973—ից կա՞ որեւէ հուշ, որի մասին դեռ չեք բարձրաձայնել կամ գուցե հազվադեպ եք պատմել։
–Գիտեք, կա այդպիսի մի պատմություն։ Եզրափակիչի հիմնական ժամանակի ավարտին 80 վայրկյան էր մնում, երբ Լեւոնիկը (նկատի ունի Իշտոյանին–Հ.Ն.) հավասարեցրեց հաշիվը։ Իսկ դրանից 1 րոպե առաջ Կիեւի դինամոյականները, ամբողջովին վստահ լինելով վերջնական հաղթանակին, փոխարինել էին Լեոնիդ Բուրյակին եւ Օլեգ Բլոխինին։ Դա արել էին միայն այն նպատակով, որ դաշտ մտած երկու երիտասարդներն առնվազն 3 րոպե մասնակցելով եզրափակիչ խաղին՝ սպորտի վարպետի կոչում ստանան։ Այդ տարիներին թիմերը լրացուցիչ ժամանակին պատրաստվում էին ոչ թե խաղադաշտում, ինչպես հիմա, այլ հանդերձարանում։ Եվ ահա, ճանապարհին լսեցի Բլոխինի բամբ ձայնը, որը կոպտորեն դիմելով իրենց գլխավոր մարզիչ Սեւիդովի օգնականին՝ գրեթե գոռում էր, թե այդ ինչ արեցիր, ինչու փոխարինում կատարեցիր, ում հետ ես հիմա շարունակելու հանդիպումը։ Մտնելով մեր հանդերձարան՝ տղաներին ասացի, որ մրցակիցը կորցրել է ինքնատիրապետումը, ուստի խաղի ելքը պետք է վճռեք առաջիկա 30 րոպեներին, այլապես վերախաղարկման դեպքում, իսկ այն ժամանակ հետխաղյա 11—մետրանոցների հարվածաշար չէր նշանակվում, շատ դժվար կլինի։ Հասկանում էի, որ ֆիզիկապես մերոնց գերազանցող կիեւցիներն արագ կվերականգնվեն, իսկ մենք չենք հասցնի։ Եվ ահա, 103—րդ րոպեին Իշտոյանը խփեց հաղթական գոլը։ Մինչեւ հիմա չեմ կարողանում առանց ժպիտի հիշել այդ պահը։ Իսկ ես ախր ցուցում տալուց առաջ կատակել էի, թե ամբողջ թիմը թող նստի եւ լսի, իսկ Լեւոնիկը կարող է գնալ։ Իսկ նա, պարզվում է, ամենահասը գտնվեց։
–Ի՞նչ կմաղթեք Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին։
–Այն, ինչ հիմա կասեմ, պարզ մարդկային ճշմարտություններ են, որոնք չէի ցանկանա, որ ընկալվեն որպես հերթապահ մաղթանք։ Ձեր ցավը տանեմ, հայ ժողովուրդն արժանի է պայծառ կյանքի։ Մաղթում եմ, որ բոլոր հայրենակիցներս առողջ լինեն ու բացարձակապես ոչնչի կարիք չունենան։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO