Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Չեստերտոն. Օմար Խայամը եւ սուրբ գինին

Այսպես կոչված նոր բարոյականությունը մոլեգնորեն կառչել է հարբեցողության խնդրից։ Էնտուզիաստները հանգիստ չունեն՝ 12։30 մարդկանց ռեստորանից վռնդողներից մինչեւ ամերիկյան բարերը կացնով ջարդուփշուր անող բորբոքուն տիկինը, բայց նրանք բոլորը գրեթե միշտ ընդունում են, որ խմել կարելի է միայն մեկ դեպքում՝ առողջության ամրապնդման, ինչպես խմում են դեղը։
Դրան ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի։ Խմելն անբարոյական եւ վտանգավոր է միայն այն դեպքում, երբ խմիչքը քեզ համար դեղ է։ Եթե խմում ես հաճույքի համար, նշանակում է ինչ—որ հազվագյուտ բանի ես ձգտում։ Չէ՞ որ, երբ սթափ ես, չես սպասում, որ ամեն ժամը քեզ հաճույք պետք է պատճառի։ Իսկ երբ խմում ես առողջության համար, ձգտում ես բնական բանի՝ առանց որի, իրոք, չես կարող։ Էքստազի գայթակղություն զգացածը դեռ կարող է դիմակայել, սակայն դժվար թե դիմակայի նա, ով զգացել է նորմալության գայթակղությունը։
Պատկերացրե՛ք, որ մարդուն տալիս եք կախարդական դարման եւ ասում եք. «Խմի՛ր եւ արձանի վրայով կցատկես»։ Անկասկած, նա կխմի եւ կցատկի, սակայն դժվար թե նա սկսի օր ու գիշեր ցատկել համաքաղաքացիներին զվարճացնելու համար։ Իսկ եթե կույրին դարման տաք եւ ասեք. «Խմի՛ր եւ կսկսես տեսնել», գայթակղությունը շատ ավելի մեծ կլինի։ Ինչպե՞ս նա կարող է զսպել իրեն՝ լուսադեմին լսելով թռչունների դայլայլը կամ սմբակների դոփյունը։ Զվարճանքից հրաժարվելն այնքան էլ դժվար չէ, սակայն կյանքի նորմալ պայմաններից հրաժարվելը գրեթե անհնար է։
Ցանկացած բժիշկ գիտի, թե որքան վտանգավոր է հիվանդին ալկոհոլ տալը՝ նույնիսկ առողջության ամրապնդման համար։ Ամենեւին չեմ ցանկանում ասել, թե հիվանդին չի կարելի մի կում գինի տալ առույգության համար, բայց, իմ կարծիքով, շատ ավելի բնական եւ անհամեմատ օգտակար է այն տալ առողջներին՝ հենց այնպես։
Խմիչքի նկատմամբ առողջ տեսակետը պարադոքս կթվա, ինչպեսեւ շատ առողջ մտքեր։ Խմե՛ք ուրախությունից, բայց ոչ երբեք՝ տրտմությունից։ Երբեք մի՛ խմեք, եթե առանց դրա լավ չեք զգում, այլապես կնմանվեք գորշադեմ տականքի։ Խմե՛ք, երբ առանց դրա էլ լավ եք զգում եւ կնմանվեք իտալացի ուրախ հողագործներին։ Մի՛ խմեք, որովհետեւ ձեզ պետք է հարբել. դա գիտակցված հարբեցողություն է, որը տանում է մահվան եւ դժոխքի։ Խմե՛ք, որովհետեւ ձեզ պետք չէ. դա չմտածված գինեմոլություն է եւ աշխարհի հնագույն առողջությունը։
Մի քանի տասնամյակ է, ինչ անգլիական բանահյուսության վրա իր փառավոր ստվերն է գցել արեւելյան պոետը։ Ֆիցջերալդի թարգմանած «Օմար Խայամ. Ռուբայաթ» գիրքն իր մեջ կենտրոնացրել է մեր դարաշրջանի ողջ մռայլ, պասիվ հեդոնիզմը։ Այս գրքի գրական արժանիքների մասին չարժե խոսել. աշխարհում քիչ են բանաստեղծությունները, որոնցում նման ուժով կմիավորվեին էպիգրամի ուրախ սրությունը եւ երգի աղոտ թախիծը։ Բայց դրա փիլիսոփայական, էթիկական եւ կրոնական ազդեցության մասին, որը պակաս չէ գրական արժանիքներից, ես կցանկանայի խոսել եւ խոստովանեմ՝ ամենեւին ոչ հանդարտ տոնով։
Շատ բան կարելի է ասել «Ռուբայաթի» ոգու եւ կախարդական իշխանության մասին։ Սակայն գլխավոր չարիքը այն է, որ այս մեծ գիրքը ջախջախիչ հարված է հասցրել զրուցասիրությանը եւ ուրախությանը։ Մեկը Խայամի մասին ասել է. «Թախծոտ եւ երջանիկ ծեր պարսիկ»։ Նա թախծոտ եղել է, բայց երջանիկ չի եղել բառի ոչ մի իմաստով։ Նա ուրախության հանդեպ ավելի թշնամական է, քան պուրիտանները։
Իմաստուն եւ հիանալի պարսիկը պառկած է վարդագույն թփի տակ՝ բանաստեղծությունների թղթագլանով եւ գինու գավաթով։ Դժվար է պատկերացնել, թե, նայելով նրան, ինչ—որ մեկը հիշի խավար սենյակ, որտեղ բժիշկը կոնյակ է լցնում անհույս հիվանդին։ Ավելի դժվար է պատկերացնել, որ այդ տեսարանը կարող է ինչ—որ մեկին հիշեցնել գինետանը ջին լակող հարբած տականքի։ Այնուամենայնիվ, այս երեքը կապված են ոչ ուրախ հանգույցներով։
Վատն այն չէ, որ Խայամը գինի է գովերգում. վատն այն է, որ նա գովերգում է գինու թմրեցուցիչ հատկությունները։ Նա կոչ է անում խմել վշտից։ Նրա համար արբեցումը ոչ թե բացում, այլ փակում է աշխարհը։ Նա պոետական չի խմում՝ ուրախ եւ անխոհ։ Նա խմում է խելամտորեն, իսկ դա ավելի բանաստեղծական չէ, քան բանկային գործարքը, եւ ավելի հաճելի չէ, քան լուծողականը։ Զգացմունքային առումով, բայց ոչ ոճային, շատ ավելի բարձր է հին խնջույքի երգը.
Մենք բաժակ ենք պտտում,
Թող գետի պես հոսի խնձորագինին։
Այն երգում էին երջանիկ մարդիկ՝ փառք տալով հիրավի լավ բաներին. սրտագին զրույց եւ եղբայրություն, աղքատների կարճատեւ հանգիստ։ Իհարկե, Խայամի նկատմամբ գրեթե բոլոր բարձր բարոյական հարձակումները միամիտ են եւ սխալ, ինչպես միշտ։ Մի գիտնական, օրինակ, այնքան հիմար էր, որ մեղադրեց նրան աթեիզմի եւ մատերիալիզմի մեջ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը գրեթե աներեւակայելի են արեւելյան մարդու համար. Արեւելքում շատ լավ են հասկանում մետաֆիզիկան։ Իրականում, Խայամ կարդացող քրիստոնյան կասի, որ նա Աստծուն, ընդհակառակը, չափից դուրս շատ տեղ է տալիս։ Օմար Խայամը դավանում է այն սարսափելի թեիզմին, որի հետեւորդները չեն կարող Աստծուց բացի որեւէ բան պատկերացնել եւ չեն ճանաչում ո՛չ մարդկային անհատականություն, ո՛չ մարդկային կամք.
Գնդակը նետելիս թույլտվություն չեն հարցնում,
Խաղացողն է այն տնօրինում դաշտում,
Միայն Նա, ով քեզ այստեղ նետել է,
Միայն նրան է հայտնի, նա գիտի ամենը։
Քրիստոնյա մտածողներ Օգոստինոսը կամ Դանտեն չեն համաձայնի այս տողերին, որովհետեւ դրանք բացասում են ազատ կամքը, հոգու պատիվը եւ արժանապատվությունը։ Քրիստոնեական բարձրագույն միտքը չի ընդունի այդպիսի թերահավատությունը ոչ թե այն պատճառով, որ այն խախտում է Աստծո նկատմամբ հավատը, այլ՝ որ խախտում է մարդու նկատմամբ հավատը։
«Ռուբայաթն» ամենաբարձրը գովերգում է հաճույքի տրտում որոնումները, սակայն այն միակը չէ։ Մեր ժամանակների ամենափայլուն մարդիկ էլ մեզ դրդրում են նույն՝ հազվագյուտ հաճույքների գիտակցական պաշտամունքին։ Ուոլտեր Փեյթերն ասում է, որ մենք բոլորս դատապարտված ենք մահվան եւ մեզ մնում է վայելել պահի հաճույքը՝ հենց հանուն պահի։ Նույն բանն էր սովորեցնում Ուայլդի համոզիչ եւ մռայլ փիլիսոփայությունը։ Այդ հավատքի նշանաբանն է՝ carpe diem (ապրիր ներկայով–լատ.), սակայն այն դավանում են ոչ թե երջանիկ, այլ շատ դժբախտ մարդիկ։
Մեծ ուրախությունը չի քաղում վարդագույն կոկոնները. դրա հայացքն ուղղված է հավերժական վարդին, որը տեսնում էր Դանտեն։ Իրական ուրախությունը լցված է անմահության ոգով։ Բոլոր մեծ կատակերգությունները, օրինակ՝ Տրիստրամի եւ Պիկվիկի մասին պատմող գրքերը, ընդարձակ են եւ անվախճան։ Դրանք կարդալով՝ զգում ենք, որ հերոսներն անմահ են, իսկ պատմությունը չունի ավարտ։
Իհարկե, սուր ուրախությունը հաճախ կարճ է տեւում, սակայն դա չի նշանակում, որ մենք պատկերացնում ենք այն որպես կարճ, անցողիկ եւ վայելում ենք՝ «հանուն տվյալ պահի»։ Նա, ով այդպես անի, կփորձի իմաստավորել ուրախությունը եւ այդպիսով կվերացնի այն։
Պատկերացնենք, որ մարդն իսկական ուրախություն է ապրում։ Խոսքը թանկարժեք էմալին նայող էսթետի մասին չէ, այլ կատաղի, գրեթե տանջող ուրախության. առաջին սիրո բերկրանքի ակնթարթը կամ ճակատամարտի հաղթանակի։ Սիրահարվածն այդ պահին ուրախանում է ամենեւին ոչ «հանուն պահի»։ Նա ուրախանում է հանուն սիրեցյալի կամ, առնվազն, հանուն ինքն իրեն։ Ռազմիկն ուրախանում է ոչ թե պահի համար, այլ դրոշակի։ Նա կարող է կռվել հիմար, անպետք բանի համար, իսկ սիրահարվածը 5 օրից կարող է էլ չսիրել։ Սակայն այդ պահին զինվորի համար դրոշակը հավերժ է, իսկ սիրահարվածի համար սերը՝ անմահ։
Այդպիսի պահերը լցված են հավիտենականությամբ եւ ուրախացնում են հենց այն պատճառով, որ անցողիկ չեն թվում։ Եթե դրանց նայենք Փեյթերի տեսանկյունից, միանգամից կդառնան սառը՝ ինչպես Փեյթերը եւ իր ոճը։ Մարդը չի կարող սիրել մահացողը, թեկուզ կարճ ժամանակով։
Փեյթերի սխալը հասկանալու համար հիշենք նրա հայտնի արտահայտությունը։ Նա ցանկանում է, որ այրվենք սուտակի պես կարծր բոցով, սակայն բանը հենց այն է, որ բոցը չի կարող կարծր լինել. այն ո՛չ կարող ես թրաշել, ո՛չ շտկել։ Այդպես էլ մարդկային զգացմունքները կարծր չեն եւ քարի նման չեն. դրանք կրակի պես վտանգավոր են, վտանգավոր է դրանց դիպչելը եւ նույնիսկ ուսումնասիրելը։
Որպեսզի մեր կրքերը կարծրանան, ինչպես թանկարժեք քարերը, դրանք պետք է դառնան սառը, ինչպես այդ քարերը. այլ ճանապարհ չկա։ Եվ մարդկային պարզ ուրախություններին ամենաուժեղ, ամենամահացու հարվածն էսթետների carpe diem կոչն է։ Առանց բացառության՝ բոլոր հաճույքների եւ ուրախությունների համար անհրաժեշտ է լրիվ այլ ոգի՝ երկչոտության ոգին, անվստահ հույսի, երեխայական վախի համը։ Կիրքն անհնար է, եթե չկա մաքրություն եւ պարզություն. խոսքը վերաբերում է նաեւ վատ կրքերին։ Նույնիսկ արատն է անմեղություն պահանջում։
Չխոսենք այն մասին, թե Խայամը (կամ Ֆիցջերալդը) ինչպես է ազդել այն աշխարհի գործերի վրա։ Կարեւորն այն է, որ այս աշխարհին ահագին վնասել է։ Պուրիտաններն, ինչպես արդեն ասել եմ, նրանից շատ ավելի ուրախ են։ Նոր ասկետները, Թորոյի եւ Տոլստոյի կողմնակիցները շատ ավելի կենսուրախ են։ Չէ՞ որ որքան էլ դժվար լինի գինուց եւ ճոխությունից հրաժարվելը, նրանց մնում են պարզ ուրախությունները, իսկ գլխավորը՝ նրանք չեն կորցնում ուրախանալու ունակությունը։
Թորոն առանց մի բաժակ սուրճի էլ կարող է ուրախանալ մայրամուտով։ Տոլստոյին չի ուրախացնում ամուսնությունը, սակայն նա բավականաչափ առողջ է հոգեպես, որպեսզի ուրախանա սեւահողով։ Հրաժարվելով ամենապրիմիտիվ հարմարություններից՝ կարելի է վայելել բնությունը։ Թուփը լավ է եւ սթափի համար։ Սակայն ո՛չ բնությունը, ո՛չ գինին, ո՛չ էլ աշխարհում որեւէ այլ բան ձեզ չեն ուրախացնի, եթե ճիշտ չեք հասկանում ուրախությունը, իսկ Խայամի (կամ Ֆիցջերալդի) մոտ հենց այդ դեպքն է։ Նա չի հասկանում, որ ուրախությունն անհնար է նրա համար, ով չի հավատում հավերժական ուրախությանը, որն իրերի բնույթի մեջ է։ Մեզ պադեկատրն էլ չի ուրախացնի, եթե չենք հավատում, որ աստղերը պարում են մեր ռիթմով։ Ոչ ոք չի կարող իսկապես ուրախ լինել՝ բացի լուրջ մարդկանցից։ Վերջիվերջո, մարդը կարող է ուրախանալ միայն իրերի էությանը։ Նա կարող է ուրախանալ միայն հավատին։
Մի ժամանակ մարդիկ հավատում էին, որ աստղերը պարում են իրենց շվիի տակ եւ այնպես էին պարում, որ այդ ժամանակից ի վեր ոչ ոք չի պարել։ Իմաստուն «Ռուբայաթն» այդ հին հեթանոսական համակվածության հետ կապված է ոչ ավելի, քան քրիստոնեության։ Բաքոսատոնի ոգին նրա մեջ ավելին չէ, քան սրբության ոգին։
Դիոնիսիոսը եւ նրա հետեւորդները գիտեին կյանքի ուրախությունը՝ լուրջ, ինչպես Ուիթմենի մոտ։ Դիոնիսիոսի համար գինին ոչ թե դեղ էր, այլ խորհուրդ։ Հիսուս Քրիստոս նույնպես գինին խորհուրդ է դարձրել։ Իսկ Խայամի համար գինին դեղ է։ Նա քեֆ է անում, որովհետեւ կյանքն անուրախ է։ Նա խմում է վշտից. «Խմի՛ր,–ասում է նա,–քանզի չգիտես՝ որտեղից ես գալիս եւ ինչու։ Խմի՛ր, քանզի չգիտես՝ երբ եւ ուր ես գնալու։ Խմի՛ր, քանզի աստղերը դաժան են, եւ աշխարհն անիմաստ է պտտվում, ինչպես հոլը։ Խմի՛ր, քանզի ո՛չ հավատալու, ո՛չ պայքարելու բան կա։ Խմի՛ր, քանզի ամեն ինչ միանման զզվելի է եւ միանման անիմաստ»։ Այդպես է ասում նա՝ պարզելով գավաթը։
Սակայն բարձր զոհասեղանին կանգնած է Ուրիշը՝ նույնպես գավաթը ձեռքին. «Խմի՛ր, ասում է Նա,–քանզի աշխարհն, ինչպես այս գինին, հուրհրատում է սիրո բոսորով եւ Տիրոջ զայրույթով։ Խմի՛ր, քանզի հրեշտակը բարձրացրել է փողը, խմի՛ր մարտից առաջ։ Խմի՛ր, Ես գիտեմ՝ երբ եւ ուր ես գնալու։ Խմի՛ր այս գինին՝ արյունն Իմ Նոր Կտակարանի, որ թափվում է ձեզ համար»։

Անգլերենից թարգմանեց
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

30-07-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO