Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Մեր հասարակությունը նման է լարից ընկած դաշնամուրի»

Արվեստի նպատակն ու առաքելությունը մարդուն ազնվացնելն է, կատարելագործելը

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
v.sargsyan@hhpress.am


Հայրենիք, մշակույթ, երաժշտարվեստ, կրթություն, հասարակություն, մատաղ սերնդի հայեցի դաստիարակություն, հայրենի բնաշխարհ, համամարդկային արժեքներ. այս եւ այլ թեմաների շուրջ է «ՀՀ» օրաթերթի զրույցը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ եւ հասարակական գործիչ Դանիել Երաժիշտի հետ։
–Ձեր գործունեությունն առանձնահատուկ է, եթե նկատի ունենանք, որ Հայաստանում առաջինն եք հոգեւոր երաժշտության համույթ ստեղծել եւ այսօր էլ ջանադրաբար շարունակում եք այդ ազգանվեր առաքելությունը։
–Խորհրդային տարիներին արգելված էր հոգեւոր երաժշտություն սերմանել, քարոզել, եւ չնայած դրան՝ դժվարությամբ ստեղծված «Շարականը» մասնակցեց միջազգային փառատոների։ Միայն պատկերացնել է պետք, թե այն տարիներին ինչ էր նշանակում հոգեւոր երգ երգել, մորուք պահել, մոմ վառել, ինչի համար մեզ ճնշում, «քարկոծում» էին։ Հոլանդիայից հոգեւոր երաժշտության փառատոնից վերադառնալուց հետո ինձ կանչեցին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Կարլեն Դալլաքյանի մոտ։ Մոսկվայից զանգել ու ասել էին, որ անսամբլի գործունեությունը չի համապատասխանում սովետական գաղափարախոսությանը։ Շատ լավ հիշում եմ Կենտկոմի քարտուղարի սենյակի մթնոլորտը, ծխամորճից տարածվող «ոսկե գեղմի» բուրմունքը… Դալլաքյանը, որ գրագետ, լուրջ մարդ էր, առաջարկեց՝ քանի որ Կոմիտասի գծին հավատարիմ ես, արի անսամբլին չվնասելու նպատակով նրա անունը փոխենք։ Այդպես «Շարականը» դարձավ «Տաղարան»՝ պահպանելով առաքելությունը։ Մեզ համար մաշտոցյան գիրը ի՞նչ է… Որքանով մարդուն անհրաժեշտ է ապաշխարությունը, այնքանով էլ մեզ անհրաժեշտ են շարականը եւ առհասարակ հոգեւորը։ Գիտեմ, որ երեսով դեպի Աստված ենք արդեն շրջվել, եւ հոգեւորի նկատմամբ այդ սերը կա, բայց կուզենայի, որ այդ սերը ոչ թե մոդա դառնա, այլ դառնա ապրելակերպ։ Շատերը պարզապես հոսանքի հետ գնում են, բայց հոգեւոր երաժշտությունը եւ հոգեւոր արժեքները պետք է իմաստավորեն մեր կյանքը։ Նարեկացու խոսքով՝ ամենամեծ հրաշքն այն է, երբ մարդու սրտում տեղի են ունենում այդ դարձը, փոփոխությունը, նորոգումը։ Ինչպես Բախն է ասում՝ երաժշտության առաքելությունները երկուսն են, մեկը՝ փառաբանել Աստծուն, մյուսը՝ նպաստել մարդկային հոգու փրկությանը։ Քանի որ երաժշտությունն ունի բազում հատկություններ՝ գեղագիտական, վայելչական եւ այլն, սակայն հոգեւորն է, որ վեհացնում է՝ ինքը լինելով խոնարհ, իմ բնավորությանը համահունչ։ Հոգեւորն Աստծո հետ խոսելու լեզու է…
–Ցավալի է, ինչ խոսք, որ Նարեկացի, Կոմիտաս, Թումանյան, Խաչատրյան եւ այլ մեծություններ ունեցող ազգն այսօր տեղի է տալիս՝ հաճախ նախընտրելով մշակութային անճաշակ, էժանագին «շոուները», որ մենք ցավալիորեն հեռանում ենք իսկական արվեստի բուն ակունքներից։
–Ռաբիս երաժշտությունը, առհասարակ, այսօրվա «շոու բիզնես» կոչվածը խեղդել են մեր հասարակությանը, որը նման է լարից ընկած դաշնամուրի, եւ որի նույնիսկ ճիշտ նվագելու դեպքում արդյունքը, միեւնույն է, կեղծ ու խաթարված է լինելու։ Պիտի նախ լարել այդ դաշնամուրը, Հայաստանից էլ մի քանիսին «լարել», որպեսզի մոլախոտերը չխանգարեն ծաղիկներին։ Ռոմեն Ռոլանն ասում էր, որ Արվեստի առաջին պատվիրանն է՝ եթե երգել չգիտես, լռի՛ր, իսկ Հայաստանում ով լռել չի կարող, երգում է։ Երաժշտության բազմաթիվ գործառույթներից (օրինակ՝ ճանաչողական, միաբանող, դաստիարակչական, հայտնագործական, հաճոյաբանական) այսօր առանձնացրել են հաճույքը, ֆետիշացրել այն ու դարձրել պաշտամունք։ Մինչդեռ, ինչպես Նժդեհն է ասել. «Եթե կյանքիդ նպատակը հաճույքը համարեցիր, վախճանդ կորուստն է»… Ինչո՞ւ են մեր դեռահասները հափշտակված այդ «չարվեստով»։ Որովհետեւ կրքեր բորբոքող թմրանյութի պես մի բան է, ապրանք, որը զոմբիացնում է մարդկանց եւ դարձնում լոկ «շոու բիզնեսի» հաճախորդ, պատանդ։ Մեզանում այդ «ալքիմիկոսները» ամեն ինչ վերածում են փողի, եւ ցավալի է, որ առաջին հարվածն ստանում են մանուկները, մատաղ սերունդը, նրանց սիրտն ու հոգին։ Այլեւս տեղ չի մնում մեր ոսկեղենիկ, խնկաբույր արվեստին։ Կոմիտասը, ազգային, ժողովրդական երգը պետք է գերիշխեն, այսինքն, այն երգերը հնչեն, որոնք հային հայ են դարձնում եւ հայ պահում։ Գոյություն ունեն միջազգային ընդունված, հաճախ՝ պարտադրված պահանջներ, եւ այդ պայմաններում մենք չենք կարող «ստերիլ» կամ այլմոլորակային լինել։ Շարունակվում է այն, ինչը Թոմաս Հոբսն է բնորոշել. «Պատերազմ բոլորի՝ ընդդեմ բոլորի», իսկ այսօր մոլեգնում է նաեւ մշակութային պատերազմը։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, միջազգային ասպարեզի վայրիվերումների ուղղակի կամ անուղղակի արտացոլանքն է։ Միկրոտիեզերքն արտացոլում է մակրոտիեզերքը։ Ո՞րն է ելքը… Նախ՝ անհրաժեշտ է հնարավորինս ձերբազատվել արտաքին ուժերի տնտեսական եւ մշակութային պատանդ լինելու պարտադրանքից, իրավական, ժողովրդավարական պետություն դառնալ։ Կա՛մ պիտի Հայաստանը կորցնենք, կա՛մ պիտի առաքինի, բարոյական՝ քրիստոնեական ապրելակերպ սերմանվի, այլապես, ինչպես Կոստան Զարյանն էր ասում, կդառնանք «խանութպան»…
–Հաճախ ենք լսում, թե գերտերությունների քաղաքականության առաջնահերթություններից է փոքր ազգերի մշակույթների կլանումը, ինչը նրանց զրկում է մշակութային ինքնավարությունից եւ, առհասարակ, ազգային դիմագծից ու նկարագրից։
–Համահարթեցում ասածը բերում է ազգային ինքնության կորստյան, պատկերավոր ասած, ծիածանը դարձնում է միագույն։ Յոհան Հերդերը մարդկությունը համեմատում է վիթխարի տավիղի հետ, իսկ ամեն ժողովուրդ այդ տավիղի մի լարն է։ Համահարթեցման ժամանակ այդ տավիղի բոլոր հնչյունները վերածվում են մեկ նույն հնչյունի, բազմազանությունը կորչում է։ Գերտերություններին ձեռնտու չեն ուժեղ պետություններ, որովհետեւ գլխացավանք են ազգային ինքնություն, մշակույթ, հետո՝ տարբեր ազգություններ, ժողովուրդներ. այդ քաշքշուկը հոգնեցնում է այս աշխարհի զորեղներին։ Նրանք ուզում են շուկա կամ հումքային բազա ունենալ, այսինքն՝ երկրորդական պետություններ, որոնք պետք է իրենցից կախման մեջ լինեն, ինչին հասնելու ամենակարճ ճանապարհն ազգային ինքնությունից, արմատներից կտրելն է։ Այսօր հեռուստասերիալները խեղդում են մեզ, իսկ կեղծ, արհեստածին երգերը, որ վարակիչ բնույթ ունեն, մարդկանց դարձնում են պարզունակ, «ենիչերի»։ Եթե մեզանում «տրոյական ձի» չներդնեն, այն է՝ ներսից մեզ չթուլացնեն, մեր կենաց ծառը չսղոցեն, մեզ հաղթել չեն կարող։ Ցավն այն է, որ Հայաստանում սղոցի մի ծայրը բռնողներ են լինում, մյուս ծայրն էլ, բնականաբար, դրսից են բռնում, այսինքն՝ մարդկանց փոքրուց կրթում են իբրեւ անդեմ զանգված։ Նժդեհը շատ դիպուկ է նկատում. «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». դեռ օրորոցից պետք է սկսվի ճշմարիտ դաստիարակությունը։ Սա պետք է մեր կրթական համակարգի հիմքը դառնա։ Այսօր մեզ ոչ թե մշակույթ տարածելով են հաղթում, այլ հակամշակույթ ներարկելով։ Ունենալով փառահեղ ժառանգություն, ոսկեդարյան հանճարներ՝ մենք շատ քիչ ենք օգտվում այդ կենարար աղբյուրից։ Հայաստանում ամեն երկրորդը, ինչպես մեզ արդարացիորեն կշտամբում են, «Տիգրան Երկրորդ է», այստեղ չես կարող միայնակ քո նվիրական մտահղացումները լիովին իրագործել, քանի որ, ինչպես Սայաթ—Նովան էր ասում, «…շատացիլ է խալխի սուտըն», իսկ ես միայն երաժիշտ եմ, Դանիել Երաժիշտ…
–Հայտնի է, որ Ձեր ստեղծագործական գործունեությունը նախ ծավալել եք հեռու շրջաններում, գյուղական բնակավայրերում։ Հայրենի բնաշխարհը, գյուղը՝ Ձեր ընկալմամբ։
–Գյուղը, բնությունն իմ երազանքն են եղել, եւ ես ափսոսում եմ, որ թողել եմ դրանք։ Բնության երաժշտությունը, բնության «գիրքը» անսխալական են։ Մարդկանց կտրել ազգային ինքնությունից, նույնն է թե՝ կտրել բնությունից։ Բնությունը լքելը եւ քաղաքներում վանդակվելը մարդուն, արվեստագետին կարող են դարձնել ռոբոտ։ Բնությունը կործանելով՝ քաղաքներ են բազմացնում։ Արվեստ սիրող մարդը չի կարող բնություն չսիրել։ Բեթհովենի «Հովվերգական» համանվագը, Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը բնության մի մասն են։ Մարդն առանց բնության հետ երկխոսության կես մարդ է։ Ես նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես է չար ուժերին հաջողվել ատելություն ներշնչել բնության, հայրենի բնաշխարհի հանդեպ։ Կարծես երկփող հրացան են ուղղել մեզ վրա՝ մեկով մշակույթին, մյուսով բնությանը, մեկով հոգուն, մյուսով մարմնին՝ խաթարելով ե՛ւ հոգու, ե՛ւ առհասարակ բնության էկոլոգիան, ներդաշնակությունը։ Կրկին մեջբերենք Նժդեհին. «Երկիրը՝ դա հայրենիքի աշխարհագրական զրահն է։ Հայրենիքը՝ այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»…
–Ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա օրվանից եւ ի՞նչ եք ակնկալում մարդկությունից։
–Տիեզերքը եւ մարդը Արարչի ստեղծագործությունն են, եւ, ինչպես Նարեկացին է ասում, մարդն ի զորու չէ խաթարել Աստծո ստեղծագործությունը։ Իմ լավատեսության աղբյուրը սա է։ Միեւնույն է, Լույսը կհաղթի… Ռաբինդրանաթ Թագորը հոյակապ տեսարան է պատկերում. արեւը մայր է մտնում եւ հարցնում է՝ ես մայր եմ մտնում, ո՞վ կարող է ինձ փոխարինել։ Անկյունից մի ձայն է լսվում, ասում է՝ ես, Ձերդ պայծառափայլություն, ինչո՞վ կարող եմ։ Մոմն էր… Այսօր մենք պիտի կարողանանք գոնե մոմի պես լինել, «այրվելով, ուրիշին լուսավորել», ջերմացնել, ինչպես երգում է ասվում՝ «մինչեւ նոր արեւ ծագե, մինչեւ գա հայոց գարուն», որի շողերն արդեն, փառք Աստծո, կան. մեր թավշյա հեղափոխությունն է…

04-09-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO