Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կոմիտասի դերն ու նշանակությունը հայ մշակույթում

Ազգային դասականները համաշխարհային գեղարվեստական արժեքների համատեքստում

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայ առաքելական ուղղափառ ս. եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20—22—ը Մոսկվայում գումարված «Ազգային դասականները համաշխարհային գեղարվեստական արժեքների համատեքստում» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսում (նյութի սկիզբը՝ «ՀՀ»—ի նախորդ համարում) իր աշխատանքներով փայլել է նաեւ «Կոմիտասի ստեղծագործության դերն ու նշանակությունը հայ մշակույթում» մասնաճյուղը, որի համակազմակերպիչն էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը։
Ինչպես հայտնի է, ինստիտուտն իր ծանրակշիռ ներդրումն ունի կոմիտասագիտության սկզբնավորման ու զարգացման գործում։ Ուստի տրամաբանական էր, որ արվեստի ինստիտուտը մեծ պատվիրակությամբ մասնակցեց կոնֆերանսի աշխատանքներին։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում աննախադեպ իրադարձություն որակեց գիտական կոնֆերանսը. «Կոմիտասագիտության մեջ առաջին դեպքն է, որ Մոսկվայում կազմակերպվում է միջազգային գիտական կոնֆերանս, որի զեկուցումները նվիրված էին բացառապես Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում սրանից 95 տարի առաջ՝ 1924 թվականին, Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանը, Լեւոն Օհանջանյանը, Միքայել Տերյանն ու Սարգիս Ասլամազյանը կոնսերվատորիայի պրոֆեսոր Եվգենի Գուզիկովի ղեկավարությամբ կատարեցին առաջին քայլերը հայկական առաջին լարային կվարտետի ստեղծման ուղղությամբ, որը 1932 թ. մայիսից՝ դեռեւս Կոմիտասի կյանքի օրոք, անվանակոչվեց նրա անունով։ Քառյակ, որն իր կատարողական բարձր վարպետության շնորհիվ ստացել է միջազգային ճանաչում, հաջողությամբ մասնակցել Մոսկվայում 1939 եւ 1956 թվականներին կազմակերպված հայ արվեստի եւ գրականության տասնօրյակներին։ Հենց Մոսկվայում 1969 թ. հանդիսավորությամբ նշվեց Կոմիտասի 100—ամյա հոբելյանը. դեկտեմբերի 3—ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի ունեցած համերգին նախորդած հանդիսավոր նիստը բացեց համամիութենական հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ Տիխոն Խրեննիկովը, իսկ զեկուցումով հանդես եկավ Արամ Խաչատրյանը»։
Ա. Ասատրյանն ընդգծեց, որ թեեւ Կոմիտասը Մոսկվայում երբեք չէր եղել, սակայն ռուսերենին տիրապետում էր ազատ, ինչի մասին է վկայում սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական—հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Միխայիլ Գնեսինը։ Նրա վկայությամբ՝ ռուս երաժշտության դասական Ն. Ա. Ռիմսկի—Կորսակովի որոշ ստեղծագործություններ ու նրա «Հարմոնիայի դասագիրքը» Կոմիտասի սեղանի գրքերն էին։
Երաժշտագետը հատկանշական է համարում, որ Թուրքիայում ծնված, Գերմանիայում կրթված Կոմիտասն իր ժողովրդի ապագան տեսնում էր Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի հետ, ինչի մասին գրել է Արշակ Չոպանյանին ուղղված իր 1912 թ. դեկտեմբերի 25—ի նամակում։
«Խորհրդանշական է, որ մոսկովյան առաջին գիտական կոնֆերանսը կազմակերպեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանձին Հայ առաքելական ուղղափառ ս. եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջեւանի թեմի թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս սրբազանի։ Չէ՞ որ դժվար է գերագնահատել այն մեծ դերը, որ կատարեց հայ եկեղեցին Կոմիտասի անձնական ու ստեղծագործական կյանքում։ Հենց Գեւորգ վարդապետ Դերձակյանի շնորհիվ որբուկ Սողոմոնը հայտնվեց Էջմիածնում եւ Գեւորգ IV կաթողիկոսի շնորհիվ դարձավ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սան։ Հետագայում նա կխոստովանի. «Եթե բախտն ինձ չժպտար եւ ես չտեղափոխվեի սկզբում՝ Սուրբ Էջմիածին, այնուհետեւ՝ իմ անգին բարերարի՝ Ալեքսանդր Մանթաշյանի շնորհիվ Գերմանիա, ապա այսօր կապրեի իմ հարազատ Կուտինայում եւ կլինեի կոշկակար, քանի որ իմ խնամակալը՝ Հարություն հորեղբայրս, նույնպես կոշկակար էր»։ Նկատենք, որ Մանթաշյանն արտասահմանում Կոմիտասի ուսումը ֆինանսավորեց հենց Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ I Խրիմյանի խորհրդով»,–նշեց Ասատրյանը։
Նրա խոսքով՝ հենց Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում ուսումնառության տարիներին նախանշվեցին եւ բյուրեղացան այն ոլորտները, որոնցում հետագայում ծավալվեց Կոմիտասի բազմակողմանի ու բազմարդյուն գործունեությունը։ Վերադառնալով կոնֆերանսի բուն աշխատանքներին՝ Ասատրյանը պատմեց, որ գիտական նստաշրջանում բացման խոսքով հանդես է եկել Հայ առաքելական ուղղափառ ս. եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մասնակիցներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անունից ողջունել է Անուշավան արքեպիսկոպոս Ժամկոչյանը։
Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաեւ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Իվանովիչ Զենկինը, Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Դինա Կոնստանտինովնա Կիրնարսկայան եւ այլք։ Վերջիններս բարձր են գնահատել Կոմիտասի վաստակն ու կարեւորել գիտական նստաշրջանի դերը։ Լիագումար նիստի (նախագահել է ՀՀ ԳԱԱ հայագիտության ու հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը) առաջին զեկույցը եղել է Աննա Ասատրյանի «Կոմիտասի դերն ու նշանակությունը հայ մշակույթում» թեմայով զեկուցումը։ Բանախոսը մի կողմից բացահայտել է, որ Կոմիտասն իր ստեղծագործական ոչ երկարատեւ կյանքի ընթացքում ծավալել է բազմակողմանի ու արդյունաշատ գործունեություն՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտության զարգացման հետագա ուղիները, մյուս կողմից ներկայացրել նաեւ հայ մշակույթում ունեցած նրա բացառիկ տեղն ու դերը։
«Հայ երաժշտության մեջ ստեղծվեցին նրան նվիրված արժեքավոր ստեղծագործություններ։ Կոմիտասի կերպարը խթանեց հայ գրականության առաջընթացը եւս։ Նրան են նվիրվել բազմաթիվ չափածո եւ արձակ ստեղծագործություններ։ Կոմիտասը նպաստեց եւ հայ կերպարվեստի զարգացմանը։ Նրա կերպարին են անդրադարձել հայ նկարիչներից ու քանդակագործներից շատերը՝ թե՛ իր կենդանության օրոք, թե՛ հետագայում»,–ասաց Ասատրյանը՝ նշելով, որ կոնֆերանսի լիագումար նիստում հենց այս թեմայի լուսաբանմանն է նվիրված եղել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների եւ քանդակագործների աչքերով» զեկուցումը, որտեղ առաջին անգամ համակողմանիորեն ուսումնասիրվել ու լայնորեն ներկայացվել է Կոմիտասի կերպարը հայ նկարիչների եւ քանդակագործների ստեղծագործության մեջ։
«Ճեմարանում ուսումնառության շրջանում արդեն ապագա բանահավաքը զբաղվում է հայ ժողովրդական երգերի հավաքմամբ ու գրառմամբ։ 1891 թ. հոկտեմբերի 13—ին Էջմիածնում Սողոմոն Գեւորգյանը ճեմարանի ծառա մշեցի Մուշեղից ձայնագրում է «Մշեցոց Բինգյոլը», որի ուսումնասիրությանն էր նվիրված ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանի «Բինգյոլ» վիպերգը Կոմիտասի գրառումներում» զեկուցումը»,–տեղեկացրեց Ասատրյանը։
Ուշագրավ զեկույցներով են հանդես եկել նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը՝ «Կոմիտաս վարդապետը եւ ռուսական մշակույթը» բանախոսությամբ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, երաժշտագետ Անի Հակոբյանը՝ «Հայ ժողովրդական օրորները. Կոմիտասից մինչեւ մեր օրերը» բանախոսությամբ (անգլերեն) եւ այլն։ Կոմիտասին նվիրված մասնաճյուղի աշխատանքները եզրափակվել են Աննա Ասատրյանի «Կոմիտասը «Անահիտ» հանդեսի էջերում» զեկուցումով։
Հատկանշական է, որ կոնֆերանսի աշխատանքներին միայն երաժշտագետներ չէ, որ մասնակցել են։ Այնտեղ են եղել նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն իր «Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերը Կոմիտասի մասին» եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը «Կոմիտասին նվիրված հայկական ճարտարապետական հուշարձանները» բանախոսություններով։ «Ներկայացված զեկուցումներն աչքի ընկան գիտական բարձր մակարդակով։ Առաջիկայում կհրատարակվի կոնֆերանսի զեկուցումների ժողովածուն, որը կարեւոր քայլ կդառնա բեղմնավոր ճանապարհ անցած կոմիտասագիտության ասպարեզում։ Ի դեպ, սեպտեմբերի 20—ի երեկոյան Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Կոմիտասի հոբելյանին նվիրված փառահեղ համերգ՝ հայ եւ օտարազգի երաժիշտների մասնակցությամբ»,–եզրափակեց երաժշտագետը։

02-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO